Ճանաչում և ամոթ. Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը

Ճանաչում և ամոթ. Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը

Հոդվածի առանցքում

  • Մերկելին պետք էր այս համաձայնությունը փախստականների ճգնաժամի գրագետ, կոկիկ և «եվրոպական» լուծում տալու համար
  • Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մերկելի ջանքերը որպես թուլություն է մեկնաբանում
  • 2007 թվականին Մերկելն այլ եվրոպացի առաջնորդների հետ իրականում փակեց դուռը ԵՄ-ին Թուրքիայի միանալու ցանկությունների դիմաց
  • 2007 թվականին Մերկելն այլ եվրոպացի առաջնորդների հետ իրականում փակեց դուռը ԵՄ-ին Թուրքիայի միանալու ցանկությունների դիմաց:

Ուշադրությանն արժանի

Թուրքիան ավելի քան 1 միլիոն հայերի և այլ քրիստոնյաների՝ Օսմանյան կայսրության զանգվածային սպանությունները համարում է ողբերգություն, բայց ոչ որպես ցեղասպանություն: Հայաստանը և շատ պատմաբաններ ասում են, որ դա ցեղասպանություն էր: Թուրքիան հանդիմանում է ցանկացած երկրի, Ֆրանսիայից մինչև Վատիկան, որն օգտագործում է այդ բառը:

Հունիսի 2-ին Գերմանիայի հերթն էր, երբ Բունդեսթագն ընդունեց բանաձև, որը սպանությունները «ցեղասպանություն» է կոչում։

Այդ քվեարկությունը չէր կարող լինել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համար ավելի վատ ժամանակահատվածում:

Նա է մարտին Թուրքիայի և Եվրամիության միջև ներգաղթյալների վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրի գլխավոր ճարտարապետը: Մերկելին, ավելի քան ԵՄ ցանկացած այլ առաջնորդի, պետք էր այս համաձայնությունը. նա ցանկանում է փախստականների ճգնաժամի գրագետ, կոկիկ և «եվրոպական» լուծում, այլ ոչ առանձին անդամ պետությունների կողմից սահմանները փակելու կոպիտ որոշումներ:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մերկելի ջանքերը որպես թուլություն է մեկնաբանում:

Համաձայնության ձեռքբերումից ի վեր նա շարունակել է առաջ ընթանալ ավտոկրատ դառնալու իր ցանկություններում՝ մերժելով Եվրոպայից հնչող քննադատությունը և սպառնալով տապալել փախստականների վերաբերյալ համաձայնագիրը և թույլ տալ հարյուր հազարավոր փախստականների մուտքը Հունաստան: Սա Մերկելի նկատմամբ քննադատության պատճառ է դարձել Գերմանիայում, որտեղ նրան մեղադրել են բռնապետին ծախվելու համար: Նրա սեփական կոալիցիայի անդամներն անգամ նրան մեղադրում են Էրդողանին ենթարկվելու համար։ Այդ մտավախություններն են կիսում նաև ընտրողները:

Ապրիլին անցկացված հարցումները ցույց են տվել, որ բնակչության 68 տոկոսը դեմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, իսկ 79 տոկոսը նշել է, որ Թուրքիային «չի կարելի վստահել»:

Որոշները վատթարացող հարաբերությունները տեսնում են որպես Մերկելի՝ անցյալում գործած դիվանագիտական սխալների հատուցում: Նա «զրո հետաքրքրություն է ցույց տվել Թուրքիայի նկատմամբ, մինչև վերստին չի հայտնաբերել այն՝ փախստականների ճգնաժամի ֆոնին», ասել է Ջեմ Օզդեմիրը՝ թուրք ներգաղթյալների որդին և Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հետևում կանգնած Կանաչների կուսակցության համանախագահը: 2007 թվականին Մերկելն այլ եվրոպացի առաջնորդների հետ իրականում փակեց դուռը ԵՄ-ին Թուրքիայի միանալու ցանկությունների դիմաց: Այդ ժամանակ վարչապետ Էրդողանը դեռ մտադրություններ էր հայտնում արդիականացնել Թուրքիան և քաղաքացիական ազատությունների հարցում համապատասխանեցնել ԵՄ նորմերին: Մերկելի մերժումից դրդված՝ Էրդողանը շրջվեց Արևմուտքի դեմ և, փոխարենը, որոշեց դառնալ նեոօսմանյան սուլթան, կարծում է նախկին արտգործնախարար Յոշկա Ֆիշերը:

Այդ հոգեբանությունը բացատրում է Գերմանիա-Թուրքիա՝ վերջին շրջանի հարաբերությունները: Դրեզդենում նվագախումբը մի շարք համերգներ է ունեցել «Աղետ» խորագրով: Այս նախագծի համար 200 000 եվրո է տրամադրել Եվրոպական հանձնաժողովը, թուրքական բողոքներից հետո Հանձնաժողովը հեռացրել է իր կայքից «Աղետի» գովազդները:

Շատ գերմանացիների զայրացնում է, որ Թուրքիան փորձում է իր երկրի սահմաններից դուրս էլ սահմանափակել ազատ խոսքը:

Թուրքիան կարձագանքի Բունդեսթագի բանաձևին իր սովորական զայրույթով: Այն անցած տարի նման հայտարարություններից հետո հետ էր կանչել Ավստրիայի, Լյուքսեմբուրգի և Վատիկանի դեսպաններին: Էրդողանը սպառնացել է Բեռլինի հետ հարաբերությունների վատթարացմամբ, սակայն չի նշել փախստականների վերաբերյալ գործարքի մասին։

Օզդեմիրը ցանկանում էր ցեղասպանության մասին բանաձևը քվեարկության դնել 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին: Փորձելով խուսափել Թուրքիային զայրացնելուց՝ Մերկելն անընդհատ փորձում էր հետաձգել այն, ասել է նա, չնայած նոր պահն է՛լ ավելի անհարմար ստացվեց: Այս գարնանն Օզդեմիրը կրկին առաջ մղեց բանաձևը: Եթե Թուրքիան ազնիվ լիներ իր անցյալի և իր փոքրամասնությունների հետ, այն արդեն կարող էր ԵՄ անդամ լինել, հավելել է նա:

Աղբյուրն` այստեղ:

Թարգմանությունը` Tert.am-ի

Write a comment