Լինում է, չի լինում. ատելություն և հնարավորություն. Մելինե Թումանի

Լինում է, չի լինում. ատելություն և հնարավորություն. Մելինե Թումանի

Հոդվածի առանցքում

  • Ամսագիրը ներկայացնում է Մելինե Թումանիի նոր գիրը: Հեղինակը ծնվել է Իրանում և մեծացել Նյու Ջերսիում:
  • Նրա հայկական ծագումը ամրացել և պահպանվել է լեզվով, կրոնով և Թուրքիայի հանդեպ ամեն ինչում ի հայտ եկող ատելությամբ:
  • Թումանին արդեն որպես լրագրող, սկսում է ուսումնասիրել, թե որքանով է օբյեկտիվ ատելությունը Թուրքիայի նկատմամբ:
  • Հեղինակը մեկնում է Թուրքիա, հանդիպում Դինքին: Նրա սպանությունից հետո Թումանին որոշում է վերադառնալ Թուրքիա և ավելի երկար մնալ:
  • Երկու ամսով նախատեսված նրա այցը վերածվեց երկամյա հետազոտության, հեղինակը աստիճանաբար հասկացավ, որ թե գրողի, թե լրագրի մոտեցմամբ, միևնույնն է` այս հարցում անաչառ լինելն անհնար է:
  • Թումանիի փորձը, որը նա ձեռք է բերել Թուրքիայում, և ազնվությունը, որով նա նկարագրել է այն, ցույց է տալիս, որ պատմությունը միաժամանակ և՛ փաստերի և՛ զգացմունքների հարց է:

Ուշադրությանն արժանի

Մելինե Թումանիի հուշագրության վերնագիրը, նրա խոսքով, Թուրքիայում և Հայաստանում տարածված հեքիաթների ավանդական սկիզբն է: Ինչպես «Մի անգամ….» արտահայտությունը, այն, ի սկզբանե, ունկնդրին տրամադրում է, որ պատմությունը կապ չունի իրականության հետ. դա պատահել է և չի պատահել: Բայց ի տարբերություն արևմտյան հեքիաթների առաջին բառերի, որոնք պատմությունը ժամանակից դուրս են հանում, Թումանիի պատմությունը վերաբերում է հատուկ տարեթվին` 1915-ին, երբ, նայած թե ով է պատմում, եղել է և չի եղել ցեղասպանության մեկնարկը:

Սա փաստերի վերաբերյալ վեճ չէ: Թումանին պարբերությունները բաշխում է այսպես. 1915-ին «պատմությամբ անցնող հայերը» սպանվեցին կամ տեղահանվեցին մահացող Օսմանյան կայսրությունից: Նախքան ժամանակակից թուրքական պետության ստեղծումը 1923-ին, այդտեղ հազարամյակներ ապրող 2.5 միլիոն հայերից մնաց միայն 200 հազարը: Դրանից հետո Թուրքիան լռեց կամ հերքեց բռնությունները, և մինչև հիմա աշխարհով մեկ սփռված հայկական համայնքը, որի մաս է նաև Թումանին, պահանջում է, որ այդ իրադարձությունները ճանաչվեն «ցեղասպանություն», եզրույթ, որն ի հայտ է եկել Երկրորդ աշխարհամարտից հետո:

Ինչպես Թումանիի` ընդգծված նրբություններով լի գիրքը, ճանաչումը և մերժումը` եղել է և չի եղելը` նույն պատմության երկու կողմերը, ավելի կարևոր են, քան իրականությունը:

Թումանին ծնվել է Իրանում և մեծացել Նյու Ջերսիում: Նրա հայկական ծագումը ամրացել և պահպանվել է լեզվով, կրոնով և Թուրքիայի հանդեպ ամեն ինչում ի հայտ եկող ատելությամբ: Նա պատմում է, թե ինչպես է մանուկ հասակում այցելել Մասաչուսեթսի հայկական ամառային ճամբար, որտեղ ժամանակ է անցկացրել մարդկանց հետ, որոնք տեսքով և խոսքով իր պես էին, հավանություն էին տալիս թուրքական պետության դեմ ահաբեկչական հարձակումներին:

Բայց տարիների ընթացքում Թումանին դարձավ լրագրող, սկսեց հարցեր տալ իր համայնքի անդամներին և հետքրքրվել, թե  արդյոք որևէ քաղաքի կամ կառավարության ցեղասպանության ճանաչումը արժի «այն զգացմունքային և հոգեբանական գինը», որ կապում են դրա հետ:

Քուինսում հայկական հանգստարան այցելելու ժամանակ նա լսեց մեծերին, որոնք, իրար հերթ չտալով, հավաքված լրագրողներին պատմում էին սպանությունների մասին իրենց հեռավոր հիշողությունները: Տարիների ընթացքում այդ պատմությունները, որոնք հաճախ իրար էին խառնվում, բոլորն արդեն անգիր էին արել, «խառնվում էին բողոքների հետ»: Թումանին շուտով հասկացավ, որ այդ ականատես կանայք, որոնք հիմա 90 և ավելի տարեկան են, չեն կարող իրեն համոզել ընդունել թուրքական ծայրահեղական սատանայի կերպարը: Բայց առանց այդ որոշակիության և այդ ատելության, ո՞վ է նա:

Թումանին հասկացավ, որ եթե ցանկանանում է պատմել պատմություններ և պահպանել «ստեղծագործողի օբյեկտիվությունը», պետք է գնա դեպի իր թշնամին: Նրա առաջին այցը Թուրքիա նվիրված էր երկրի հարավարևելյան շրջաններում հայկական մշակութային կոթողների մնացորդներին, որոնք վերածվել են «բացօթյա հսկայական թանգարանի», որտեղ հայկական հուշարձանները տարածվում են ինչպես «հազարավոր փղերը սենյակում»:

Այս այցի ընթացքում` 2005-ին, Թումանին հանդիպեց Հրանտ Դինքին` Ստամբուլում հրատարակվող հայկական առաջադեմ թերթի խմբագրին: Այդ ժամանակ Դինքը հոդվածների շարք էր հրատարակում` բացահայտելու համար հայկական սփյուռքի հոգեբանությունը, որոնցում նա Թուրքիայի նկատմամբ հայկական ատելությունը անվանել էր «թույն արյան մեջ»: Նրա մեկնաբանությունները չհասկացվեցին, Դինքին մեղադրեցին թուրքերին վիրավորելու, նրանց արյունը թունավորված բնութագրելու համար: Դինքը պաշտոնապես գտնվում էր հետաքննության տակ: Մոտ երկու տարի հետո` 2007-ի հունվարին, Դինքին իր թերթի խմբագրության դիմաց` փողոցում, սպանեց 17-ամյա զինված երիտասարդը, ով համացանցում կարդացել էր, որ խմբագիրը վիրավորել է իր հայրենակիցների արյունը:

Դինքի սպանությունը Թումանիի համար շրջադարձային էր, որը դրդեց նրան վերադառնալ Թուրքիա, ապրել Ստամբուլում, սովորել թուրքերեն և հարցազրույցներ վերցնել բազմաթիվ թուրքերից և հայերից` փորձելով հասկանալ «հայկական հարցում» տեսակետների տարբերությունները: Երկու ամսով նախատեսված այցը վերածվեց երկամյա հետազոտության, հեղինակը աստիճանաբար հասկացավ, որ թե գրողի, թե լրագրողի մոտեցմամբ, միևնույնն է` այս հարցում անաչառ լինելն անհնար է:

Թուրքիայում սովորելու ընթացքում Թումանին մի անգամ դժկամությամբ նշել էր, որ հայ է: Այդ պահին ֆրանսիացի մի ուսանող հպարտությամբ ասել էր, որ ապրում է ժամանակին Էնվեր փաշային պատկանող տանը: Դա ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկն է` «սատանայի եռապետության» մի մասը, ումից Թումանին վախեցել և ում ատել է իր ամբողջ կյանքում: Նրա պատասխանը անորոշության խառնուրդն էր, տագնապն ու թաքնված ցասումը: Արդյոք սա արհամարհանք է, դիտավորյալ սադրանք կամ իշխանության խաղ: Թուրքիայում իր գտնվելու ամբողջ ընթացքում անընդհատ ի հայտ էր գալիս նմանատիպ կասկած, որը ճնշում էր նույնիսկ ամենօրյա  շփումներում` պարզ դարձնելով, որ «հայկական հարցին» անաչառ մոտեցում լինել չի կարող:

Թումանիի փորձը, որը նա ձեռք է բերել Թուրքիայում, և ազնվությունը, որով նա նկարագրել է այն, ցույց է տալիս, որ պատմությունը միաժամանակ և՛ փաստերի և՛ զգացմունքների հարց է: Չնայած այս գիրքը շատ խորն է, այնտեղ կան նաև զավեշտալի, մեղմ, հաճախ հիասթափեցնող դրվագներ: Թումանին գրքում շատ քիչ է անդրադարձել սփյուռքի բացառիկ մշակույթին, նրան չի մտահոգել, թե ինչն է մարդուն դարձնում հայ, թուրք կամ որևէ այլ ազգի ներկայացուցիչ, ավելի շատ հետաքրքրել է այն, թե ինչ կարող է լինել, երբ մենք սկսենք մտածել բոլոր այս ազգային ինքնությունների սահմաններից դուրս:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment