Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության հուշարձանի հիմնարկեքին մասնակցել են հարյուրավոր մարդիկ

Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության հուշարձանի հիմնարկեքին մասնակցել են հարյուրավոր մարդիկ

Հոդվածի առանցքում

  • Հուշարձանը պատրաստ կլինի մյուս տարի Հայոց ցեցասպանության 100-րդ տարելիցի օրը:
  • Միջոցառման հիմնական ուղերձը Հայոց ցեղասպանության մասին իրազեկումն էր:
  • Հուշարձանը նախագծել է տեղացի ճարտարապետ Փոլ Հալաջյանը: Այն բաղկացած կլինի 9 սյուներից:
  • Սյուները կխորհրդանշեն պատմական Հայաստանի 6 նահանգները, Կիլիկիան, Սփյուռքը և Հայաստանի Հանրապետությունը:
  • Սյուների գլխին կիսատ լուսապսակ կլինի` խորհրդանշելով ցեղասպանության հասցրած վնասն ու հայ ժողովրդի միասնությունը:

Ուշադրությանն արժանի

Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի Ֆրեզնոյի մասնաճյուղում հարյուրավոր մարդիկ մասնակցել են բացօթյա միջոցառմանը` նշելով Հայոց ցեղասպանության հուշարձանի կառուցման մեկնարկը: Հուշարձանը պատրաստ կլինի մյուս տարի Հայոց ցեցասպանության 100-րդ տարելիցի օրը:

Միջոցառմանը ներկա են եղել Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդները, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնախմբի անդամներ, Ֆրեզնոյի քաղաքական գործիչներ, Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի Ֆրեզնոյի մասնաճյուղի ղեկավարներ և հայ համայնքի անդամներ: Համալսարանը տրամադրել էր 40 աթոռ նստելու համար, բայց միջոցառման մասնակիցները հուշարձանի կառուցման վայրում նախընտրել են կանգնել:

Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի Ֆրեզնոյի մասնաճյուղի նախագահ Ջոզեֆ Կաստրոն նշել է.

«Մեր առաջնահերթ առաքելությունը կրթությունն է, որը նաև այս նախագծի հիմքում է դրված: Մենք ունենք հայ ուսանողների ներգրավվածության հարուստ պատմություն, համալսարանի անդամներ, շրջանավարտներ և ընկերներ, առանց նրանց մենք չենք կարողանա պահպանել մեր համալսարանի բարձր անունը»:

Միջոցառման հիմնական ուղերձը Հայոց ցեղասպանության մասին իրազեկումն էր: Համալսարանի հայագիտության բաժնի կոորդինատոր Բերլոու Դեր-Մուգրդեչյանի խոսքով ցեղասպանությունը խլել է 1.5 միլիոն հայերի կյանք 1915-1923 թվականներին: Դեր-Մուգրդեչյանը նշել է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան Թուրքիայի կառավարությունը սկսեց հայերի կրոնական, գիտական և քաղաքական հարյուրավոր առաջնորդների ձերբակալությունն ու մահապատիժը:

Քարե և բետոնե հուշարձանը նվիրված կլինի ապրիլի 24-ին` ցեղասպանության մեկնարկի 100-րդ տարելիցին: Հուշարձանը նախագծել է տեղացի ճարտարապետ Փոլ Հալաջյանը: Այն բաղկացած կլինի 9 սյուներից, որոնք կխորհրդանշեն պատմական Հայաստանի 6 նահանգները, Կիլիկիան, Սփյուռքը և Հայաստանի Հանրապետությունը: Սյուների գլխին կիսատ լուսապսակ կլինի` խորհրդանշելով ցեղասպանության հասցրած վնասն ու հայ ժողովրդի միասնությունը: Սա ցեղասպանությունը ոգեկոչող առաջին հուշարձանն է ամերիկյան համալսարանական տարածքում:

Հուշարձանը տեղադրված կլինի Maple Mall ծառուղում` Satellite ուսանողական միությունից հարավ` Կալիֆոռնիայի նահանգային համալսարանում: Կրթօջախի վարչական հարցերով փոխնախագահ Սինթիա Թենիենթ-Մեթսոնի խոսքով հուշարձանի կենտրոնական տեղակայումը թույլ կտա ցանկացած ուսանողի տեսնել այն և սովորել: Ելույթներից հետո հայկական եկեղեցու հոգևոր հայրերը և տեղական կրոնական առաջնորդները հոգևոր արարողություն են կատարել` անգլերեն և հայերեն` օրհնելով Հայաստանից բերված հողը:

Հայկական համայնքային Չարլի Քեյան վարժարանի երկու աշակերտներ` 11-ամյա Զարեհ Ապկարյանը և 10-ամյա Սեվանա Վասիլյանը, oրհնված հողը թափել են հիմնարկեքի վայրում` խառնելով այն բնական հողի հետ: Հողը խորհրդանշում է Կալիֆոռնիայի նահանգային համալսարանում Հայաստանի ներկայությունը:

Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչ Լևոն Մինասյանը շնորհակալություն է հայտնել համալսարանին և տեղի հայ համայնքին` նշելով.

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին այս հուշարձանի հիմնումը ապացուցում է, որ Ֆրեզնոյի հայ համայնքը կարևոր դեր ունի հայ-ամերիկյան կյանքում»:

Մինասյանը նշել է, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից է գրեթե երկու տասնամյակ: Պաշտոնյան հավաքվածներին ասել է, որ շատ երկրներ և ժողովուրդներ պաշտոնապես ճանաչել են ցեղասպանությունը և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են:

Ցեղասպանության ճանաչումը միջոցառման գլխավոր թեման էր, ելույթ ունեցողները խոսել են այն խնդիրների մասին, որոնք խոչընդոտում են ճանաչման գործընթացը շատ երկրներում, ինչպես Թուրքիայում և ԱՄՆ-ում: Ելույթ են ունեցել նաև Ֆրեզնոյից ընտրված կոնգրեսական Ջիմ Կոստան և Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանի անդամ Ջիմ Փեթերսոնը:

Հայոց  ցեղասպանության հարյուրամյակի հանձնախմբի Ֆրեզնոյի ներկայացուցիչներին Դեր Մուգրդեչյանը կոչ է արել շարունակել հետևողական ջանքերը ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշատակող միջոցառումներ կազմակերպելու ուղղությամբ: Հանձնախումբը ամբողջ Հովտում կրոնական, կրթական, սոցիալական և քաղաքական կառույցները համախմբող միություն է:

Ջոզեֆ Կաստրոն նաև նշել է, որ համալիրը կլինի ԱՄՆ-ում հայոց ցեղասպանության զոհերին նվիրված 30 հուշարձաններից մեկը:

Դեր Մուգրդեչյանը հուսով է, որ հուշարձանը կօգնի բուժել ցեղասպանության ցավերը` միաժամանակ տարածելով հետևյալ ուղերձը. «Մենք մեր պատմության նոր շրջանի ականատեսներն ենք: Սա կլինի մեր ոգին ի ցույց դնող հուշարձան»:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment