Ֆրանսիացի երգիչ և դերասան Շառլ Ազանվուրը մահացավ 94 տարեկանում

Ֆրանսիացի երգիչ և դերասան Շառլ Ազանվուրը մահացավ 94 տարեկանում

Հոդվածի առանցքում

  • 80-ամյակին Ազնավուրը երգեց Փարիզում և դուրս եկավ համերգային շրջագայության Ֆրանսիայով և Բելգիայով: 90-ամյակը նշեց Բեռլինում՝ համերգով:

Ուշադրությանն արժանի

Շառլ Ազնավուր… Ֆրանսիացի էստրադային երգիչ և դերասան, որի բեմական կարիերան ութ տասնամյակի պատմություն ունի: Յուրօրինակ տենոր, սրտին հասնող խոսք և էներգիա, որ հորդում էր բեմից, երբ նա էր այնտեղ կանգնած: Շառլ Ազնավուրը 94 տարեկան էր:

Ազնավուրը Ֆրանսիայի ամենաճանաչված դեմքերից էր, որի համերգներն անցնում էին լեփ-լեցուն դահլիճներում, ու չէր մնում գեթ մեկ չվաճառված տոմս: Հուշարարից օգտվեց միայն այն ժամանակ, երբ նրա երգերը հատեցին հազարի սահմանը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հարգանքի տուրք մատուցեց Ազնավուրին՝ գրելով. «Նրա գլուխգործոցները, նրա տեմբրը, նրա բացառիկ փայլը կապրեն երկար»:

«Խորապես ֆրանսիացի, բնազդաբար կապված իր հայկական արմատներին, ճանաչված ամբողջ աշխարհում՝ Շառլ Ազնավուրը մարմնավորում է երեք սերունդների ուրախությունն ու տխրությունը»,- գրել է Մակրոնը թվիթերում:

Արտիստ, որին հաճախ էին համեմատում Ֆրենկ Սինատրայի հետ, իր կարիերան սկսել է՝ երգեր գրելով Էդիթ Պիաֆի համար: Ֆրանսիացի երգչուհին իր թևի տակ առավ Ազնավուրին, ու նրա փառքն էլ, ինչպես Պիաֆինը, դուրս եկավ Ֆրանսիայի սահմաններից:

Բեմական 80 տարիներ, որոնց ընթացքում Ազնավուրը 180 միլիոնից ավելի ձայնագրություն վաճառեց՝ ներառյալ ինքնակենսագրությունը: Անցած մայիսին նա կոտրել էր թևը, բայց դա նրան չխանգարեց նոյեմբերին համերգային նոր շրջագայություն ծրագրել Ֆրանսիայով մեկ: Ըստ ֆրանսիական նորությունների ալիքի՝ նա նոր էր վերադարձել Ճապոնիայից:

Ազնավուրը հայկական սփյուռքի ամենաճանաչված ձայներից էր, որը երգում էր բազմաթիվ լեզուներով, հատկապես անգլերեն: ԱՄՆ-ում նա հռչակ էր վայելում ոչ թե մեկ, այլ մի քանի սերունդների շրջանում:

Հեռուստատեսային վերջին հարցազրույցի ժամանակ Ազնավուրն ասել էր, որ իրեն «կյանքով լի» է զգում՝ կատակելով, որ ինքն ու քույրը որոշել են հատել 100-ի սահմանը:

Կարիերայի ընթացքում Ազնավուրը երգեր է գրել Պիաֆի և ֆրանսիացի այլ հայտնի երգիչների համար: 1974-ին  նրա «She» սիրային բալլադը 4 շաբաթ գլխավորեց բրիտանական հիթ շքերթները, որն էլ կատարեց Էլվիս Կոստելոն «Նոթինգ հիլ» ֆիլմի համար:

Լայզա Մինելին Ազնավուրին հանդիպեց, երբ թինեյջեր էր, իսկ նա 40 տարեկան:

«Ինչ գիտեմ երգելու մասին, նա է սովորեցրել, թե ինչպես յուրաքանչյուր երգ մի առանձին կինո է»,- ասել է Մինելին 2013-ին տված հարցազրույցի ժամանակ:

Տասնամյակներ շարունակ նրանք մնացին մտերիմներ և հաճախ բեմ բարձրացան միասին:

Նա դիմադրում էր էստրադային երգիչ բնորոշմանը, չնայած տասնամյակներ շարունակ նրա երգերն ավելի ու ավելի էին ամրապնդվում ֆրանսիական բառապաշարում:

«Ես երգ գրող եմ, որը երբեմն կատարում է սեփական երգերը»,- սա իր նախընտրելի ինքնաբնորոշումն էր:

«Որո՞նք էին իմ մեղքերը: Ձայնս, չափերս, ժեստերս, մշակույթի և կրթության պակասը, ազնվությունը կամ անհատականության պակասը:»,- ինքնակենսագրականում գրում է 1.6 մ հասակով արտիստը,- «Իմ ձա՞յնը: Չեմ կարող փոխել այն: Բոլոր ուսուցիչները խորհուրդ էին տալիս չերգել, բայց ես շարունակեցի այնքան երգել, մինչև կոկորդս կցավեր»:

Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը ծնվել էր Փարիզում 1924 թվականի մայիսի 22-ին, հայ ծնողների ընտանիքում, որոնք Փարիզ էին գաղթել 1920-ականներին և ռեստորան բացել:  Նրա երգիչ հայրը, որի հայրն իր հերթին եղել էր Ռուսաստանի կայսր Նիկոլայ 2-րդի շեֆ խոհարարը, և դերասանուհի մայրը վաղ տարիքից նրա առաջ բացում էին բեմական արվեստի դռները, ու նրա առաջին բեմելը 9 տարեկանում էր:

Ազնավուրը, որն իր բեմական անունից կտրեց հայկական «յան» վերջավորությունը, որոշեց երգարվեստով զբաղվել, չնայած շարունակում էր խաղալ ֆիլմերում:

Կինոյի ասպարեզում նրա այցեքարտը դարձան Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակե՛ք դաշնակահարին» (1960), Ֆոլկեր Շլենդորֆի «Երկաթյա թմբուկը» (1979) և Ատոմ Էգոյանի «Արարատ» (2002) ֆիլմերը:

Վերջինը հայերի ցեղասպանության մասին է: Ազնավուրը միջազգայնորեն քարոզում էր, որ 1915-ին կատարված ոճրագործությունը որակվի ցեղասպանություն: Թուրքիան կտրականապես մերժում է այդ բնորոշումը և պնդում, որ այն Երկրորդ համաշխարհայինի ժամանակ տեղի ունեցած բռնությունների մասն է:

Ազնավուրը դարձավ դաշնակահար և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Պիաֆի հետ մեկնեց Նյու Յորք հյուրախաղերի, որտեղ Պիաֆը նրան քաջալերեց ներկայացնել սեփական երգերը: Այնտեղ նա բեմ բարձրացավ Մինելիի հետ: 1963-ին Կարնեգի հոլում անշլագ էր:

Նրա ոճը տասնամյակների ընթացքում քիչ է փոխվել, նրա պոեզիան ավանդական կառուցվածք ունի, նրա երաժշտությունը հիշվող էր և սահուն՝ ետևի ֆոնում ունենալով դյութիչ նվագախումբը և, ըստ որոշ քննադատների՝ երևակայության պակասով: Բայց բեմում կենդանի կատարումների ժամանակ նրա փոքր և ճկուն կերպարն էներգիա էր հորդում և հույզերի մի ամբողջ ալիք, որը նրա երգերին մի նոր, ուրիշ հմայք էր հաղորդում: Նրա դեմքին քմծիծաղ կար, բայց աչքերին կախված ունքերի խաղը հաճախ տխուր ներբերանգ էր հաղորդում:

Երգիչը երբեք չմոռացավ իր հայկական արմատները: Նա ստեղծեց «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո:

Երբ Հայաստանն անկախացավ ԽՍՀՄ-ից, Ազնավուրը հաճախակի էր Հայաստան այցելում: 1993-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նրան անվանեց Մարդասիրության շրջող դեսպան: Ազնավուրը դարձավ Հայաստանի մշտական դեսպանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում, 2009-ին նշանակվեց  Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, համատեղության կարգով Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

«Չեմ պարծենում, բայց պետք է ընդունեմ, որ ներգաղթյալների անուսում տղայի համար կարող էի ավելի քիչ բան արած լինել», – ասել է Ազնավուրը:

2001-ին երգիչն արժանացավ Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևի: 2002-ի ապրիլին այլ հայտնի ֆրանսիացիների հետ մարդկանց կոչ արեց երգել Ֆրանսիայի ազգային օրհներգը՝ ընդդեմ աջ ծայրահեղական քաղաքական գործիչ Ժան Մարի Լը Պենի հաղթանակի, որը հայտնի էր իր հակամիգրացիոն գաղափարներով:

«Եթե Լը Պենը լիներ իմ ծնողների ժամանակ, ես Ֆրանսիայում չէի ծնվի»,- ժամանակին ասել է Ազնավուրը:

2002-ին հարավ-արևելյան Ֆրանսիայում նա բացեց «Լա Բոհեմ» ռեստորանը: Հաջորդող տարիներին հրատարակեց երկրորդ հուշագրությունը՝ «Նախկին ժամանակները»: Առաջինը հրատարակել էր 1973-ին՝ «Ազնավուրը Ազնավուրի մասին»: 2009-ին նա արժանացավ Քվեբեկի ազգային պարգևին:

80-ամյակին Ազնավուրը երգեց Փարիզում և դուրս եկավ համերգային շրջագայության Ֆրանսիայով և Բելգիայով: 90-ամյակը նշեց Բեռլինում՝ համերգով:

Ազնավուրն ամուսնացել է 3 անգամ, ուներ 6 երեխա:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment