Սաբոտաժ Օմանի ծոցում. 4 նավթատար է հրդեհվել
Հոդվածի առանցքում
- Դեպքը տեղի է ունեցել Ֆուջեյրայի նավահանգստի մոտ, Հորմուզի նեղուցից դուրս, զոհեր չեն եղել: Սաուդյան Արաբիան հաստատել է, որ սաուդական նավթային երկու տանկերներ զգալի վնաս են կրել: Դրանք գրանցված էին Նորվեգիայում:
Ուշադրությանն արժանի
Չորս առևտրային նավեր դարձել են սաբոտաժային հարձակման թիրախ, հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳ նախարարությունը:
Դեպքը տեղի է ունեցել Ֆուջեյրայի նավահանգստի մոտ, Հորմուզի նեղուցից դուրս, զոհեր չեն եղել:
Սաուդյան Արաբիան հաստատել է, որ սաուդական նավթային երկու տանկերներ զգալի վնաս են կրել: Դրանք գրանցված էին Նորվեգիայում:
Իրանը, որը սահմանակից է հրդեհի տարածքին, կոչ է արել լիակատար քննություն իրականացնել:
Լարվածությունը տարածաշրջանում բարձր է, ընդ որում այս տարածաշրջանով է անցնում աշխարհում սպառվող նավթի մեկ հինգերորդ մասը:
Անցած ամիս Իրանը սպառնացել էր «փակել» Հորմուզի նեղուցը, եթե Թեհրանին արգելվի օգտվել ջրային այս ճանապարհից ամերիկյան պատժամիջոցներով, որոնց նպատակն իրանական նավթի արտահանումն արգելակելն է:
ԱՄՆ-ը վերջին օրերին մոտակայքում տեղակայել է ռազմանավեր՝ այդ քայլով հակազդելու Իրանի սպառնալիքներին:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երկուշաբթի չնախատեսված այց է կատարել Բրյուսել` եվրոպացի արտգործնախարարների հետ քննարկելու Իրանի հարցը:
Ենթադրյալ միջադեպի մասին հստակ մանրամասներ չեն հրապարակվել: Նշվում է, որ այն տեղի է ունեցել կիրակիի Երևանի ժամանակով 08:00-ին, ԱՄԷ-ի տարածքային ջրերում, Ֆուջեյրայի արևելքում:
ԱՄԷ ԱԳՆ-ն հայտարարել է, որ հետաքննում է միջադեպը: Նախարարությունը հերքել է Ֆուջեյրայի նավահանգստում հրեհի և պայթյունների մասին լուրերը:
Երկուշաբթի առավոտյան Saudi Press Agency-ն մեջբերել է երկրի էներգետիկայի նախարար Խալիդ Ալ-Ֆալիհի հայտարարությունը. «Երկու նավերից մեկը Ռաս-Թանուրայի նավահանգստից բեռնվել է Սաուդյան Արաբիայի նավթով և պետք է մեկներ ԱՄՆ»:
Նավթարդյունաբերության շուկայում BBC-ի աղբյուրները հայտնել են, որ հարձակման ենթարկված սաուդյան տանկերն են Ամջադը և Ալ Մարզաքահը:
Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն կատարվածի համար որևէ խմբավորում կամ երկիր չեն մեղադրում:
Այնուամենայնիվ նշվում է, որ հարձակման նպատակն է «վնասել նավատորմի նավարկության ազատությանը և ամբողջ աշխարհում սպառողների համար նավթի մատակարարման անվտանգությանը»:
«Միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում նավագնացության և նավթատարների անվտանգությունն ապահովելու համար», – ավելացրել է Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի նախարարը:
Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աբբաս Մուսավին հայտարարել է, որ «նման դեպքերը բացասաբար են անդրադառնում ծովային փոխադրումների անվտանգության վրա»: Նա խնդրել է տարածաշրջանիերկրներին «զգոն լինել օտարերկրյա գործակալների ապակայունացնող ծրագրերի նկատմամբ»: Միջադեպից հետո երկուշաբթի առավոտյան նավթի գներն աճել են:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ