Հինգ տարի անց Պուտինը վճարում է Ղրիմի համար

Հինգ տարի անց Պուտինը վճարում է Ղրիմի համար

Հոդվածի առանցքում

  • Ղրիմյան գործողության չարաբաստիկ փայլը Պուտինի համար իր նկատմամբ անվստահության ծուղակ դարձավ: Ռուսաստանը, աշխարհը սպասում են Պուտինի հեռանալուն, նույնիսկ եթե ոչ ոք նրան չպարտադրի այդ քայլն անել: Հավանաբար առանց նրա հնարավոր կլինեն գործարքները, բանակցությունները, փոխադարձ զիջումները և իրական քաղաքականության հետ տարբեր խաղերը, ինչպես դա եղավ 2014թ.-ի գարնանը: Մինչդեռ Ռուսաստան ամրոցը փակ է և ոչ ոք չի գնում բանակցելու:

Ուշադրությանն արժանի

 

Հաջող բռնակցումից հետո Պուտինի ինքնավստահությունը նրան թակարդը գցեց, նա կորցրեց բանակցային բոլոր հնարավորությունները:

Հինգ տարի առաջ, 2014 թ. մարտի 16-ին, Կրեմլը կեղծ հանրաքվե անցկացրեց Ղրիմում, որ արդարացնի թերակղզու անջատումն  Ուկրաինայից: Այն փոխեց պատմության ընթացքը. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թակարդն ընկավ, ինչից Ռուսաստանը դեռ կարող է դուրս գալ, բայց Պուտինը՝ ոչ:

Ղրիմի գործողությունը Պուտինի համար լավ անցավ, եթե հաշվի չառնենք միջազգային իրավունքն ու մարդկային արժանապատվությունը: Բռնակցման ժամանակ զոհեր քիչ եղան: (Ճիշտ թիվը դժվար է որոշել, բայց նույնիսկ ուկրաինական աղբյուրներում նշվում է զոհված կամ անհետ կորած մոտ մեկ տասնյակ զինծառայողների ու ակտիվիստների մասին): Համաձայն 2016թ.-ին հրապարակված Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի միաժամանակյա արձանագրություններին, ԱՄՆ-ն և նրա եվրոպացի դաշնակիցները Կիևի իշխանությունից  պահանջել են ուժ չկիրառել ռուսական առգրավմանը դիմակայելու համար: Մարտից հունիս ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրամիության ներկայացրած պատժամիջոցներն անատամ էին: Ռուսաստանի աջակցությամբ արևելյան Ուկրաինայի անջատման փորձը շարունակվում է:

Ժամանակը ցույց տվեց, որ Ղրիմին և  ռազմածովային նավահանգստային քաղաք Սևաստոպոլին նախատեսված ուղղակի ծախսերն ընդունելի են Ռուսաստանի համար:  2014 թ.-ին  մեկ շնչի համախառն տարածաշրջանային արտադրանքի հարցով տարածքը ռուսական բոլոր շրջանների հետ համեմատած աղքատ էր: Ղրիմ հոսող սուբսիդիաները տարեկան տատանվում են 1 մլրդ.-ից մինչև 2,7 մլրդ. Դոլարի սահմաններում, ինչը կառավարելի գումար է 1,6 տրիլիոն դոլարի ռուսական տնտեսության համար:

Այս սուբսիդիաներն ու մյուս ներդրումները ներառում են 3.7 միլիարդ դոլար արժողության կամուրջը, էլեկտրաէներգիայի արտադրության և փոխանցման նոր հզոր միջոցները, ռուսական ռազմական ներկայության համար ծախսած գումարները, ինչպես նաև տարածաշրջանի զբոսաշրջության ու գինեգործության ոլորտում որոշ մասնավոր կապիտալի ներհոսքը, որը  2014 թ.-ից սկսած `23 տոկոսով խթանել է համախառն տարածաշրջանային արտադրանքը: Ղրիմը և Սևաստոպոլն այլևս երկրի ամենաաղքատ շրջանները չեն, բայց դրանք դեռ մոտ են դասակարգման աղյուսակի ստորին հատվածին:

Ղրիմի բնակիչները, հատկապես բնիկ թաթարները, դրա համար վճարել են իրենց հիմնական իրավունքների խիստ սահմանափակումներով և զրկվել են ռուսական ու արևմտյան ցանցային բրենդներ մուտք գործելու իրավունքից: Պատժամիջոցների վախից դրանք խուսափում են թերակղզուց: Սակայն մեծամասնության համար կյանքը ռուսական օկուպացիայի ներքո նախկինից ավելի վատ չէ: Ոչ պարբերաբար անցկացվող անկախ հարցումները, որոնք իհարկե,  անցկացվում են ռեպրեսիվ ռեժիմի ներքո, ցույց են տալիս, որ գուցե Ղրիմի ժողովրդի ճնշող մեծամասնությունը երջանիկ  չէ,  բայց նրանց համար հիմնականում հարմար է լինել Ռուսաստանի քաղաքացի:

Ռուսաստանի պետական ֆինանսների փոքր արտահոսքի և արևմուտքի զսպված վրդովմունքի դիմաց Պուտինի ռեժիմը հազվագյուտ գանձ է ստացել. իրական, հուզական ժողովրդական աջակցություն: «Լևադա» կենտրոնի տվյալով, որը Ռուսաստանում մնացած  վերջին անկախ ազգային հարցախույզն է, Պուտինի աջակցությունը 2014 թ. հունվարին կազմել է 65 տոկոս, իսկ երկու ամիս անց `82 տոկոս: Դա մանդատ էր, որը նրան հնարավորություն էր տալիս անել այն, ինչ ուզում էր հայրենիքում կամ միջազգայնորեն:

Ես չեմ ուզում խորանալ պատճառների մեջ, որոնցով ռուսաստանցիների մեծամասնությունը այդ մանդատը տվեց Պուտինին, ես կտրականապես դեմ եմ այդ մեծամասնությանը մինչև օրս: Ղրիմի բռնակցման պատճառով ինձ վտարեցին Ռուսաստանից, քանի որ ես գրում էի այդ մասին:  Ինչևէ, ժողովրդական ոգևորությունը «Ղրիմը մերն է» կարգախոսով և բռնակցման հարցում տնտեսական, քաղաքական կամ ռազմական ծախսերի գրեթե բացակայությունը Պուտինին հաղորդեցին անպարտելիության զգացողություն, որը ծանոթ է ցանկացած խաղամոլի:

Անեքսիան հանցագործություն էր: Այն ինչ հետևեց դրան, իրական քաղաքականության տեսանկյունից սխալ մտածողություն էր: Պուտինը ոգևորված զինվորական ու հետախուզական վերլուծաբաններով, որոնք ենթադրում էին, որ Ուկրաինան բաժանված է անհամատեղելի ռուսախոս և ուկրաինախոս դաշտերի, որոշեցին փորձել Արևելյան Ուկրաինայի անջատումը: Պուտինն արեց դա և որպես վրեժխնդրություն 2014 թվականի Արժանապատվության հեղափոխությանը, որը նա ընդունեց որպես ԱՄՆ-ից ուղղորդված պետական հեղաշրջում, և որպես բուֆեր ընդդեմ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու ուկրաինական նոր ղեկավարության ձգտմանը:

Ենթադրվում էր, որ դա կլինի քիչ ծախսեր պահանջող ևս մեկ գործողություն: Ուղարկելով զենք և կարգադրիչների, Կրեմլը  մտածեց, որ տեղացի ապստամբներն ու նրանց օգնականները ռուսական ծայրահեղական շարժումից, կբաժանեն Ուկրաինայի ռուսախոս արևելքն ու հարավը: Արևմուտքն ուժեղ ընդդիմություն չի լինի, ինչպես չեղավ Ղրիմի դեպքում: Տնտեսական ծախսերն էլ նվազագույն կլինեն, քանի որ Ուկրաինայի արդյունաբերությունը կենտրոնացած է ռուսախոս շրջաններում:

Սակայն այս անգամ Ուկրաինայի կառավարությունը մտավ պայքարի մեջ: Իհարկե, այն թույլ էր, քանի որ երկրի զինված ուժերը չէին սպասում, որ ստիպված կլինեն կռվել: Բայց շուտով պարզ դարձավ, որ ուկրաինացի «գլխակերներն» ու ռուս զինվորական վերակառուցողները պարտություն են կրել առանց Ռուսաստանի օգնության: 2014 և 2015 թթ. Ռուսաստանը զորք ուղարկեց առանցքային կետերում ուկրաինական զինուժին պարտության մատնելու համար: Ուղարկեց նաև հրթիռային համակարգ, որը պատահաբար 2014թ.-ի հուլիսի 17-ին խփեց մալազիական ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը: 298 ուղևորի և անձնակազմի անդամների մահը հաստատեց, որ Ուկրաինայում Պուտինի երկրորդ խաղն էժան չի նստի:

Ես նույնիսկ չեմ խոսում այն պատժամիջոցների մասին, որոնք ավելի լուրջ են դառնում Արևելյան Ուկրաինայի արկածախնդրությունից և MH17 ողբերգությունից հետո: Ըստ վերջին մի քանի հետազոտության,  դրանք զգալի ազդեցություն չեն ունեցել տնտեսական աճի վրա: Շատ տնտեսագետներ համաձայն են, որ պատժամիջոցները վնասում են Ռուսաստանին, սակայն դա շատ ավելի քիչ է, քան նավթի գնի ցնցումները: Պատժամիջոցները սահմանափակել են ռուսական պետական բանկերի և կորպորացիաների մուտքը կապիտալ, վախեցրել են օտարերկրյա ներդրողներին և ռուսական կառավարությունում ու կենտրոնական բանկում իրավասու տնտեսական մենեջերներին ստիպել են կիրառել ֆիսկալ խստության և պահուստային կուտակման ձևը, որը  տնտեսական աճի լավագույն դիրքորոշումը չէ: Բայց ստանալով ժողովրդի աջակցությունը որպես թշնամական Արևմուտքի դեմ Ռուսաստանի պաշտպանի, դրանք նաև օգնեցին Պուտինին հաղթահարել  դժվարություններն ու նավթի գները:

Ռուսաստանի վրա այդ հակասությունը թանկ կնստի ոչ նրա համար, որ կրճատվել է Ուկրաինայի հետ առևտուրը: Չնայած, ըստ գնահատումների, ռուսական պաշտպանության արդյունաբերությունից 10 միլիարդ դոլար պահանջվեց, որպեսզի Ուկրաինային դուրս բերի առաքումների շղթայից և Ռուսաստանը կորցրեց արդյունաբերական ապրանքների արտահանման մեծ շուկան, ինչն ուրիշ տեղ դժվար է վաճառել:

Ոչ, Ռուսաստանի համար ավելի կարևոր է բանակցային ուժը, քան փողը: Ղրիմից անմիջապես հետո Պուտինի համար դեռ աշխարհաքաղաքական գործարքների հնարավորություն կար: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր վերջին հարցազրույցում ասել է, որ 2014թ.-ին, երբ Պորոշենկոն դեռ Ուկրաինայի նախագահ չէր, իրեն ասել է, որ հնարավոր է Ղրիմը փոխանակի ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հետ: Դրա ճշմարտությունը պարզ չէ, բայց Պուտինը Ղրիմից հետո կարող էր գործարք կնքել  արևմտյան համառ առաջնորդների, հատկապես եվրոպացիների հետ, սակայն Արևելյան Ուկրաինայի արկածախնդրությունից և հատկապես MH17 օդանավի կործանումից հետո, որոնց հետևեցին Ռուսաստանի ծիծաղելի հերքումները, նրա հեղինակությունը խաթարվեց: Ոչ ոք չգիտեր, արդյոք նա կպահպանի ցանկացած գործարքի ավարտը:

Դա միայն արևմտյան առաջնորդներին չի վերաբերում: Պուտինի նկատմամբ վստահության պակասն է պատճառը, որ նա չի կարող դաշինքներ ստեղծել, նույնիսկ Չինաստանի կամ ուրիշ զարգացող պետությունների հետ: Եթե նույնիսկ Ռուսաստանին, որպես բավական մեծ ու համեմատաբար բաց տնտեսություն ունեցող երկրի, դժվար է մեկուսացնել, Պուտինի մեկուսացումն ակնհայտ է զենքի գլոբալ վաճառքում Ռուսաստանի բաժինը կրճատելով, Սիրիայում քաղաքական լուծում ստանալու հարցում նրա անկարողությամբ, նաև ավելի սերտ կապ ստեղծելու համար  Բելառուսի բռնակալ Ալեքսանդր Լուկաշենկոյին համոզելու անկարողությամբ, ինչպես նաև Ռուսաստան չինական ուղղակի ներդրումներ չապահովելով: Բառացիորեն բոլոր գործարքները խոսափողական են:

Միաժամանակ ռուսաստանցիների հետղրիմյան ոգևորությունն անհետացավ, կապված եկամուտների վեցամյա անկման հետ: Այժմ մոտենում են Պուտինի ֆինանսական ծախսերը: Սոցիալական և ենթակառուցվածքային ծախսերի ավելացումն անհրաժեշտ է, որպեսզի պահպանի իրեն ուղղված հետագա աջակցությունը: Հաշվի առնելով  արձագանքների բացակայությունը Պուտինի վերջին խոստումներին, ինչպես նաև վերջին ընտրությունների ժամանակ տիրող անտարբերությունը, ռուսները նրան չեն վստահում:

Ղրիմյան գործողության չարաբաստիկ փայլը Պուտինի համար իր նկատմամբ անվստահության ծուղակ դարձավ: Ռուսաստանը, աշխարհը սպասում են Պուտինի հեռանալուն, նույնիսկ եթե ոչ ոք նրան չպարտադրի այդ քայլն անել: Հավանաբար առանց նրա հնարավոր կլինեն գործարքները, բանակցությունները, փոխադարձ զիջումները և իրական քաղաքականության հետ տարբեր խաղերը, ինչպես դա եղավ 2014թ.-ի գարնանը: Մինչդեռ Ռուսաստան ամրոցը փակ է և ոչ ոք չի գնում բանակցելու:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment