Թուրքերը շտապում են Ստամբուլ՝ հայ կինոռեժիսոր Փարաջանովի արվեստի առաջին ցուցահանդեսին

Թուրքերը շտապում են Ստամբուլ՝ հայ կինոռեժիսոր Փարաջանովի արվեստի առաջին ցուցահանդեսին

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայում հանգուցյալ հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների առաջին ցուցադրությունն ընդգծում է թե մարտահրավերները,  թե փակ սահմաններից  մշակութային փոխանակման անհրաժեշտությունը: Ցուցահանդեսը, որը բացվել է դեկտեմբերին Ստամբուլի «Պերա» թանգարանում՝ Թուրքիայի կարևորագույն մշակութային հաստատություններից մեկում, ավելի քան 45 հազար արվեստասեր է ընդունել: Երևանի Սերգեյ Փարաջանովի թանգարանից բերել են 76 արվեստի գործ, այդ թվում `կոլաժներ, կոստյումներ, գծանկարներ ու լուսանկարներ: Սա թանգարանի հավաքածուի ամենախոշոր  ցուցահանդեսն է արտերկրում:

Ուշադրությանն արժանի

 

Թուրքիայի ամենահայտնի թանգարաններից մեկում անցկացվում է մեծ կինոգործչի ստեղծագործությունների ցուցադրությունը:

Թուրքիայում հանգուցյալ հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների առաջին ցուցադրությունն ընդգծում է թե մարտահրավերները,  թե փակ սահմաններից  մշակութային փոխանակման անհրաժեշտությունը:

Ցուցահանդեսը, որը բացվել է դեկտեմբերին Ստամբուլի «Պերա» թանգարանում՝ Թուրքիայի կարևորագույն մշակութային հաստատություններից մեկում, ավելի քան 45 հազար արվեստասեր է ընդունել: Երևանի Սերգեյ Փարաջանովի թանգարանից բերել են 76 արվեստի գործ, այդ թվում `կոլաժներ, կոստյումներ, գծանկարներ ու լուսանկարներ: Սա թանգարանի հավաքածուի ամենախոշոր  ցուցահանդեսն է արտերկրում:

Դա հաջողվեց կազմակերպել, չնայած Թուրքիայի և Հայաստանի միջև պաշտոնական դիվանագիտական կապերի բացակայությանը: Այն ընդհատվեց քառորդ դար առաջ: 1993 թ.-ին Անկարան փակեց իր սահմանը՝ ցուցադրելով իր բողոքը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիային և աջակցությունն իր դաշնակից Ադրբեջանին: Հարաբերություններին խանգարում է նաև ավելի մեծ վերք: Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան Թուրքիայի տարածքում ապրող հայերի բռնի տեղահանումը վերացրեց հազարամյակների մշակույթը, իսկ հայերը, ինչպես նաև պատմաբանների մեծ մասը, կոտորածները բնորոշում են ցեղասպանություն: Թուրքիան ժխտում է, որ դրանք համակարգված են իրականացվել:

Սակայն արվեստագետների, գործարարների և քաղաքացիական հասարակության խմբերի փոխհարաբերությունները շարունակվում են: Այժմ Պերան Թուրքիային է ներկայացնում  Փարաջանովին՝ 20-րդ դարի կինոյի վարպետին, որը նաև բեղմնավոր պլաստիկ նկարիչ էր: Ցուցահանդեսը կտևի մինչև մարտի 17-ը: Այս տարի հունվարին լրացավ արվեստագետի 95-ամյակը:

«Արվեստը ցանկացած մեկի սիրտը գրավելու ամենակարճ ճանապարհն է», – ասաց Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, որը Պերայի ցուցադրության կազմակերպիչն է: «Սա թուրք ժողովրդին հնարավորություն է տալիս ծանոթանալ հայերի հետ: Ցավալի է, որ այստեղ հայերի անունները չեն լսվում: Բայց մենք կապ ենք հաստատում այս ցուցադրությամբ»:

Ցուցահանդեսը կրում է «Փարաջանովն ու Սարգիսը» անվանումը, որն ըստ էության, դուետ ցուցադրություն է թուրքական ժամանակակից արվեստի ամենակարևոր և յուրօրինակ ներկայացուցիչներից մեկի հետ: 80 տարեկանում էլ հայազգի Սարգիսը շարունակում է ստեղծագործել Փարիզի իր ստուդիայում, ուսումնասիրում է հիշողության, տեղաշարժի և ինքնության թեմաները ու  Փարաջանովին է վերագրում արդյունավետ ազդեցությունը:

Սարգիսի աշխատանքը զբաղեցնում է Պերայի վերին հարկը և դա հարգանքի տուրք է Փարաջանովին: Հայկական սցենարի վրա ռեժիսորի ստորագրությունը ցուցադրվում է նեոնային լույսի ներքո, նրա լուսանկարը զարդարված է ջրաներկով և վիտրաժներով, իսկ փայտից, կտորից ու VHS ժապավենից քանդակը կոչվում է «Փարաջանովի դիմանկար»:

«Իմ գործերը միշտ զրուցել են ուրիշ արվեստագետների, փիլիսոփաների, երաժիշտների և կինոգործիչների հետ, սակայն Փարաջանովը ինձ համար առանձին տեղ է զբաղեցնում», – ասել է Սարգիսը`նշելով, որ դիտել է Փարաջանովի ֆիլմերը ավելի քան 100 անգամ: «Նրա և իմ աշխատանքներում մշակույթները միահյուսվում են: Օրինակ, իր ֆիլմերում նա օգտագործում է ադրբեջաներենը, վրացերենը, հայերենն ու թուրքերենը: Ինքնությունների այս խառնուրդը բնորոշ է նաև իմ աշխատանքին»:

Փարաջանովը ծնվել է 1924 թ. Թբիլիսիում, նա հիացած էր Անդրկովկասի մշակույթների հորձանուտով: Վրաստանի մայրաքաղաքում դարձյալ  մեծ հայկական համայնք կա, Փարաջանովը  երաժշտություն ու պար է սովորել Թբիլիսիի կոնսերվատորիայում, հետո ընդունվել է ՎԳԻԿ՝ Մոսկվայի կինոդպրոցը:

Նրա վաղ շրջանի ֆիլմերը պետական աջակցություն ստացած ժանրային կինոնկարներ էին, սակայն 1962 թվականին Անդրեյ Տարկովսկու «Իվանի մանկությունը» տեսնելուց հետո Փարաջանովը հրաժարվեց նախկին գործերից և հետևեց իր երևակայությանը: Հաջորդ ֆիլմերը պարունակում են բարձրորակ դերասանական խաղ և գեղանկարչական միզանսցենաներ, որոնք առավելագույնի են հասցնում խորհրդային ժամանակաշրջանի կինոնկարների գունային հագեցվածությունը, ամեն ինչ դարձնելով ֆանտաստիկ:

Թեև նրա առանձնահատուկ բանաստեղծական իդեալները արժանացան Ֆեդերիկո Ֆելինիի ու Ժան Լյուկ Գոդարի նման վարպետների գովասանքին, տանը կասկածներ առաջացան նրա քաղաքական հայացքների վերաբերյալ, քանի որ նա անտեսում էր պետականորեն արտոնված արվեստը՝ սոցիալիստական ռեալիզմը:

Փարաջանովի մանրամասն մշակված կոստյումի նմուշները համարվում են արվեստի գործեր, դրանցից մի քանիսը ցուցադրվում են Պերայում, այդ թվում արևելյան գորգերի գույնզգույն կտորներից պատրաստված կովտան, որն օգտագործվել է 1988 թ.-ին ադրբեջանական հեքիաթի հիման վրա նկարահանված «Աշուղ ղարիբ» ֆիլմում: Դա Փարաջանովի նկարահանած վերջին ֆիլմն էր:

Սարգիսը կախում է իր թիկնոցը՝ զարդարված մանկական հագուստներով և հեքիաթային փայլուն լույսերով, որը Փարաջանովի կովտայից մի հարկ վերև է: Այն կախված է կովկասյան գորգերով պատված սենյակում, որտեղ հին հեռուստացույցներով ներկայացվում է  Փարաջանովի սյուրռեալիստական գլուխգործոցներից  մեկը՝«Նռան գույնը»:

1968 թ.-ին ստեղծվեց 18-րդ դարի հայ մեծ բանաստեղծ Սայաթ Նովայի կենսագրական ֆիլմը, որը գույնի և կոմպոզիցիայի լիրիկական, ավանգարդ մեդիտացիա է: Սակայն խորհրդային գրաքննիչները «Նռան գույնը» ընդունեցին կրոնական և էթնիկ-ազգայնական պատկերագրություն, ինչն, ըստ նրանց, վկայում էր Փարաջանովի քայքայիչ գործունեությունը: Դրա համար նրան ձերբակալում են և 1973 թ.-ին սեռական հանցագործությունների կեղծ մեղադրանքով չորս տարով ուղարկում Գուլագ:

Բանտախցում գրիչներով, եղունգների լաքով, ամսագրի կտրվածքներով և մետաղյա կտորներով ստեղծված Փարաջանովի արվեստը ցուցադրվում է Պերայում: Կալանավայրից դուրս գալուց հետո նրան արգելեցին ֆիլմեր նկարահանել և նա իրեն նվիրեց ուրիշ գեղարվեստական աշխատանքներին, որոնք ներառում էին ամենօրյա օգտագործման իրեր: Օրինակ, կաշվե պայուսակը նա վերածել է փղի գլխի, խոհանոցի աթոռները՝ բարոկկո ոճի առարկաների: «Երբ նրան թույլ չեն տվել ֆիլմեր նկարահանել, նա նոր ձևեր է գտել ինքնարտահայտման համար», – ասել է Սարգսյանը:

1982 թ.-ին Փարաջանովը նորից է հայտնվում բանտում, ինչը քայքայում է նրա առողջությունը: Նա մահացավ ութ տարի անց 66 տարեկանում: Գլասնոստի պայմաններում Փարաջանովը նորից է վերադառնում ֆիլմի նկարահանման, մահից մեկ տարի առաջ էլ նա այցելում է Թուրքիա` «Աշուղ ղարիբ» ֆիլմի համար Ստամբուլի կինոփառատոնի ժյուրիի մրցանակը ստանալու:

Ստամբուլի ցուցադրությունից հետո, ըստ տեղեկության, նրան ահաբեկել են Ղարաբաղի վերաբերյալ արած մեկնաբանությունների համար: Ցուցահանդեսը ներառում է Փարաջանովի չորս աշխատանք, որոնք ստեղծվել են Ստամբուլում:

Փարաջանովի արվեստի գործերն ու ֆիլմերը ճշմարտության և երևակայության եզրագծին են, կինոգործչի համար այդ գիծը միշտ խախտվում էր: 1988 թ.-ին «Աշուղ ղարիբի» պրեմիերայից առաջ կայացած հարցազրույցում Փարաջանովն ասել է. «Ես հարցնում եմ.« Ես դա հորինե՞լ եմ, թե դա ճշմարտություն է»: Բոլորն ասում են«Դա հորինված է»: Ոչ, դա պարզապես այն ճշմարտությունն է, որը ես ընկալում եմ»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment