Ֆեթուլլահ Գյուլեն.Թուրքիայի քայքայվող ժողովրդավարությունը

Ֆեթուլլահ Գյուլեն.Թուրքիայի քայքայվող ժողովրդավարությունը

Հոդվածի առանցքում

  • Խորապես hիասթափեցնող է տեսնել, թե ինչի է վերածվել Թուրքիան վերջին մի քանի տարիներին: Շատ ժամանակ չի անցել այն օրերից, երբ Թուրքիան մուսուլմանական մեծամասնություն ունեցող երկրների նախանձի առարկան էր, Եվրամիության նոր անդամի տեսանելի թեկնածուն, որը քայլեր էր ձեռնարկում ժողովրդավարությունն ամրապնդելու ուղղությամբ:
  • Թուրքիայի ներկայիս առաջնորդները ընտրություններում հաղթելու հետևանքով, թվում է, հավակնում են բացարձակ մանդատ ձեռք բերել: Բայց հաղթանակը նրանց թույլ չի տալիս արհամարհել սահմանադրությունը, թույլ չի տալիս ճնշել այլակարծությունը, հատկապես, երբ ընտրություններում հաղթանակը հիմնված է կլանային կապիտալիզմի և լրատվամիջոցների կախվածության վրա:
  • Թուրքիայի իշխանությունը օտարացել է ոչ միայն Արևմուտքի համար, այն կորցնում է հեղինակությունը նաև Մերձավոր Արևելքում: Տարածաշրջանում Թուրքիայի դրական ազդեցություն ունենալու կարողությունը կախված է ոչ միայն տնտեսությունից, այլև իր ժողովրդավարության առողջությունից:
  • Ղուրանը պարզ ասում է, որ մարդիկ չպետք է լուռ մնան անարդարության դեմ. «Հավատացյալնե՛ր, եղե՛ք արդարության կողմնակիցներն ու դրոշակակիրները, վկայե՛ք ճշմարտության մասին հանուն Աստծո, եթե անգամ դա ձեր, ձեր ծնողների կամ երեխաների դեմ է»:
  • Շատ հիզմեթականներ, այդ թվում` ես, ժամանակին աջակցել ենք իշխող կուսակցությանը, կողմ ենք եղել 2005 թվականին Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ սկսված բանակցություններին: Մեր աջակցությունը հիմնված է եղել այն սկզբունքի վրա, որի համար մեզ այսօր քննադատում են: Դա կառավարության քաղաքականության մասին խոսելու մեր իրավունքն ու պարտականությունն է, որը մեծ ազդեցություն ունի հասարակության վրա:
  • Առանց իշխանության հավասարակշռությունն ապահովող համակարգի ոչ մի անհատ կամ կազմակերպություն ապահովագրված չէ իշխող կուսակցության ցասումից: Անկախ իրենց կրոնական ծեսերից, քաղաքացիները պետք է միավորվեն մարդու իրավունքների և համամարդկային ազատությունների շուրջը, նրանք պարտավոր են դա անել և ժողովրդավարական ճանապարհով դիմադրել նրանց, ովքեր բռնություն են կիրառում:

Ուշադրությանն արժանի

Խորապես hիասթափեցնող է տեսնել, թե ինչի է վերածվել Թուրքիան վերջին մի քանի տարիներին: Շատ ժամանակ չի անցել այն օրերից, երբ Թուրքիան մուսուլմանական մեծամասնություն ունեցող երկրների նախանձի առարկան էր, Եվրամիության նոր անդամի տեսանելի թեկնածուն, որը քայլեր էր ձեռնարկում ժողովրդավարությունն ամրապնդելու ուղղությամբ, որի միջոցով փորձում էր պաշտպանել մարդու համընդհանուր իրավունքները, պահպանել սեռերի հավասարությունը, օրենքի գերակայությունն ու ապահովել քրդական և ոչ մուսուլմանական քաղաքացիների իրավունքները:

Պատմական հնարավորությունն այժմ, թվում է, սպառվել է, քանի որ Թուրքիայի իշխող Արդարություն և Զարգացում կուսակցությունն այդ առաջընթացին հակառակ է գնում` ճնշելով քաղաքացիական հասարակությանը, սահմանափակելով լրատվամիջոցների գործունեությունը, վերահսկելով արդարադատության համակարգն ու գործարարությամբ ազատ զբաղվելու հնարավորությունը:

Թուրքիայի ներկայիս առաջնորդները ընտրություններում հաղթելու հետևանքով, թվում է, հավակնում են բացարձակ մանդատ ձեռք բերել: Բայց հաղթանակը նրանց թույլ չի տալիս արհամարհել սահմանադրությունը, թույլ չի տալիս ճնշել այլակարծությունը, հատկապես, երբ ընտրություններում հաղթանակը հիմնված է կլանային կապիտալիզմի և լրատվամիջոցների կախվածության վրա:

Արդարություն և Զարգացում կուսակցության ղեկավարներն իրենց հասցեին ուղղված  ժողովրդավարական ցանկացած քննադատություն այժմ ընկալում են որպես հարձակում պետության վրա: Քննադատող ցանկացած խոսք դիտարկելով թշնամական, կամ ավելի վատ` համարելով դավաճանություն` նրանք երկիրն ուղղորդում են դեպի բռնապետություն:

Ճնշումների վերջին զոհերն են անկախ լրատվամիջոցների աշխատակիցները, տնօրեններն ու խմբագիրները, որոնց ձերբակալել են և այժմ մեղադրանքներ են ներկայացնում, ինչը հնարավոր է դարձել օրենքների և դատական համակարգի վերջին փոփոխություններից հետո: Ամենահայտնի հեռուստաընկերություններից մեկի տնօրենը կալանավորվել է դեկտեմբերին, նա դեռ ճաղերի հետևում է:

Պատկան մարմինները ներկայացրել են նաև կոռուպցիոն բնույթի մեղադրանքներ, որից հետո նրանց ձերբակալել են ընդամենը իրենց աշխատանքը կատարելու համար:

Դատական անկախ համակարգը, քաղաքացիական գործող հասարակությունն ու լրատվամիջոցները հավասարակշռություն ապահովող համակարգեր են` ուղղված   կառավարության ապօրինությունների դեմ: Նման բռնություններն ուղերձ են բոլոր նրանց, ովքեր կփորձեն կանգնել իշխող կուսակցության ճանապարհին, հստակ ահազանգ, որ նման մարդկանց կվարկաբեկեն, կպատժեն և նույնիսկ սին մեղադրանքներ կառաջադրեն:

Թուրքիայի իշխանությունը օտարացել է ոչ միայն Արևմուտքի համար, այն կորցնում է հեղինակությունը նաև Մերձավոր Արևելքում: Տարածաշրջանում Թուրքիայի դրական ազդեցություն ունենալու կարողությունը կախված է ոչ միայն տնտեսությունից, այլև իր ժողովրդավարության առողջությունից:

Գործունակ ժողովրդավարության հիմնական սկզբունքներն են օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների ապահովումը, որոնք նաև իսլամական հիմնարար արժեքներ են` շնորհված Աստծո կողմից: Քաղաքական ու կրոնական և ոչ մի առաջնորդ իրավասու չէ դրանք անտեսել:

Տխուր է հետևել կրոնական առաջնորդների խոսքին, որոնք աստվածաբանական արդարացում են փնտրում իշխող կուսակցության բռնությունները, կոռուպցիան բացատրելու համար, նույնքան տխուր է տեսնել, թե ինչպես են նրանք պարզապես լռում:Նրանք, ովքեր օգտագործում են կրոնական հռետորաբանությունն ու խորհրդանիշները, բայց խախտում են իրենց իսկ կրոնի հիմնարար սկզբունքները, արժանի չեն կրոնական գործիչների նման հավատարմության:

Բռնությունների դեմ արտահայտվելը ժողովրդավարական իրավունք է, դա քաղաքացիական պարտականություն է նաև հավատացյալների համար, դա կրոնական պարտք է: Ղուրանը պարզ ասում է, որ մարդիկ չպետք է լուռ մնան անարդարության դեմ. «Հավատացյալնե՛ր, եղե՛ք արդարության կողմնակիցներն ու դրոշակակիրները, վկայե՛ք ճշմարտության մասին հանուն Աստծո, եթե անգամ դա ձեր, ձեր ծնողների կամ երեխաների դեմ է»:

Վերջին 50  տարիներին բախտ եմ ունեցել լինել քաղաքացիական հասարակության շարժման մասը, երբեմն ինձ անվանել են Հիզմեթական, որին աջակցել են Թուրքիայի միլիոնավոր քաղաքացիներ: Նրանք հանձնառություն են ստանձնել վարել միջկրոնական երկխոսություն, կատարել հասարակական աշխատանք, ջանք գործադրելով հասանելի դարձնել կյանքը փոխելուն միտված կրթությունը: Նրանք հիմնել են աշխարհիկ ավելի քան հազար դպրոցներ, փորձարարական կենտրոններ, ուսումնարաններ, հիվանդանոցներ և օգնություն տրամադրող կազմակերպություններ ավելի քան 150  երկրներում: Նրանք ուսուցիչներ են, լրագրողներ, գործարարներ և սովորական քաղաքացիներ:

Իշխող կուսակցության հռետորաբանությունը, որն ուղղված է հիզմեթականների դեմ,  բռնապետական կարգերն արդարացնելու առիթ է: Հիզմեթականները քաղաքական կուսակցություն երբեք չեն ստեղծել, քաղաքական հավակնություններ չեն ունեցել: Դրան հարելու շարժիչ ուժը ոչ թե արտաքին, այլ ներքին բավարարվածություն ձեռք բերելն է: Ես ծախսել եմ ավելի քան 50 տարի խաղաղության արժեքները, փոխադարձ հարգանքն ու հանդուրժողականությունը քարոզելու և սովորեցնելու վրա:

Ես հանդես եմ եկել կրթության, հասարակական աշխատանքների և միջկրոնական երկխոսության օգտին: Ես միշտ հավատացել եմ այլոց երջանկության մեջ երջանկություն փնտրելու գաղափարին, Աստծո բարեհաճությանը արժանանալու համար նրա ժողովրդին օգնելու փիլիսոփայությանը: Անկախ նրանից, թե ինչն է ինձ վրա ազդեցություն գործել, ես դա միշտ օգտագործել եմ կրթական և սոցիալական ծրագրեր իրականացնելու համար, որոնք օգնել են դաստիարակել տաղանդավոր անհատների: Ես որևէ հետաքրքրություն չունեմ քաղաքական իշխանության նկատմամբ:

Շատ հիզմեթականներ, այդ թվում` ես, ժամանակին աջակցել ենք իշխող կուսակցությանը, կողմ ենք եղել 2005  թվականին Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ սկսված բանակցություններին: Մեր աջակցությունը հիմնված է եղել այն սկզբունքի վրա, որի համար մեզ այսօր քննադատում են: Դա կառավարության քաղաքականության մասին խոսելու մեր իրավունքն ու պարտականությունն է, որը մեծ ազդեցություն ունի հասարակության վրա: Դժբախտաբար, ժողովրդավարական ընդվզումը կոռուպցիայի և բռնապետության դեմ մեզ դարձրել է վհուկների որսի թիրախ: Հիզմեթ շարժումն ու ես դարձել ենք ատելություն սերմանող հռետորաբանության զոհը, ենթարկվել ենք լրատվամիջոցների զրպարտանքի արշավին և դատական հետապնդումներին:

Ինչպես թուրքական հասարակության բոլոր շերտերը, հիզմեթականները նույնպես ներկայացված են կառավարական կառույցներում ու մասնավոր սեկտորում: Այդ քաղաքացիներին չեն կարող արգելել օգտվել իրենց սահմանադրական իրավունքներից, նրանք չեն կարող Հիզմեթին համակրելու համար դառնալ զրպարտանքի թիրախ: Բայց դա այդպես է, քանի դեռ նրանք չեն խախտում երկրի օրենքները, համակարգերի կանոնները և բարոյական հիմնարար սկզբունքները: Հասարակության բոլոր շերտերը ֆիլտրելը և նրանց որպես սպառնալիք դիտարկելը անհանդուրժողականության դրսևորում է:

Մենք Արդարություն և Զարգացում կուսակցության միակ զոհերը չենք: Շրջակա միջավայրի պահպանությունը պահանջող խաղաղ ցուցարարները, քրդերը, ալևիները, ոչ մուսուլման քաղաքացիները և սուննի մուսուլման որոշ խմբեր, որոնք կապված չեն իշխող կուսակցության հետ, նույնպես տուժել են: Առանց իշխանության հավասարակշռությունն ապահովող համակարգի ոչ մի անհատ կամ կազմակերպություն ապահովագրված չէ իշխող կուսակցության ցասումից: Անկախ իրենց կրոնական ծեսերից, քաղաքացիները պետք է միավորվեն մարդու իրավունքների և համամարդկային ազատությունների շուրջը, նրանք պարտավոր են դա անել և ժողովրդավարական ճանապարհով դիմադրել նրանց, ովքեր բռնություն են կիրառում:

Թուրքիան չի հասել այն մակարդակին, որտեղ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները կարելի կլիներ համարել վաղուց մոռացված: Հուսով եմ և աղոթում եմ, որ իշխանությունը կվերանայի իր ճանապարհը: Անցյալում Թուրքիայի ժողովուրդը մերժել է ընտրված առաջնորդներին, որոնք հեռացել են ժողովրդավարության ճանապարհից: Հուսով եմ` նրանք կրկին կօգտագործեն իրենց օրինական և ժողովրդավարական իրավունքները իրենց իսկ երկրի ապագան վերադարձնելու համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment