Արեւելյան Եվրոպայի գարունը

Արեւելյան Եվրոպայի գարունը

Հոդվածի առանցքում

  • Երբ Ռումինացիները նախագահ ընտրեցին ծագումով գերմանացի Կլաուս Յոհանիսին, փշրվեցին արեւելյան Եվրոպայի քաղաքականության մասին մի շարք պատրանքներ:
  • Ռումինիայում ընտրությունների արդյունքները վկայում են, որ արեւելյան եվրոպացիներն իրեն դժգոհությունն ուղղում են ոչ թե ազգային փոքրամասնություններին, այլ իրենց կառավարություններին` կոռուպցիայի ու անարդյունավետ աշխատանքի համար:
  • Արեւելյան եվրոպացիները շարունակում են ԵՄ-ն տեսնել, որպես իրենց երկրների կոռուպցիայի դեմ առավել արժանահավատ հակաթույնի:
  • Պյոտր Պորոշենկոն երեք օտարերկրացիների է նշանակել իր նոր կառավարությունում:
  • Կոռուպցիայի դեմ շատ դժվար է պայքարել, նույնիսկ` անհնար, հատկապես դրսից: Սակայն արեւելյան եվրոպացիները փրկության հույս ունեն:

Ուշադրությանն արժանի

Նոյեմբերի 16-ին, երբ ռումինական ժողովուրդը նախագահ ընտրեց ծագումով գերմանացի Կլաուս Յոհանիսին, որը եռանդուն արշավ էր սկսել ընդդեմ կոռուպցիայի, փշրվեցին արեւելյան Եվրոպայի քաղաքականության մասին մի շարք պատրանքներ: Սառը պատերազմի վերջում արեւմտյան վերլուծաբաններն ու լրատվամիջոցները արեւելյան Եվրոպան ներկայացնում էին, որպես մի տարածաշրջան, որտեղ առաջին պլանում ազգայնական այլատյացությունն էր: Ոչ քաղաքակիրթ ընտրողը դժվարությունների ժամանակ արագ դիմում էր էթնո-ազգայնական կուսակցությունների աջակցությանը: Չնայած, Հունգարիայի ավտորիտարիզմին անցումը հաստատում է այդ տեսակետը, Յոհանիսը հաղթանակը, ինչպես նաև հետկոմունիստական մի շարք պետությունների վերջին ընտրությունները հակառակն են ապացուցում:

Ռումինիայում ընտրությունների արդյունքները վկայում են, որ արեւելյան եվրոպացիներն իրեն դժգոհությունն ուղղում են ոչ թե ազգային փոքրամասնություններին, այլ իրենց կառավարությունների դեմ, որոնց քննադատում են կոռուպցիայի ու անարդյունավետ աշխատանքի համար: Յոհանիսի մրցակիցը` վարչապետ Վիկտոր Պոնտան, քարոզարշավի ժամանակ փորձում էր սիրաշահել ազգայնական ընտրողներին՝ խոստանալով աջակցել Ռումինիայի ավանդական արժեքները`«բանակը, եկեղեցին եւ ընտանիքը», պնդում էր, որ հարեւան Մոլդովան պետք է ներառել Ռումինիայի կազմում: Սակայն, ընտրություններին նա ջախջախիչ պարտություն կրեց: Պոնտայի փոխարեն ռումինացիներն ընտրեցին ԵՄ քաղաքականության կողմնակից, օտարազգի թեկնածուին, որը խոստացավ լավ կառավարում:

Ռումինացիներն այս հարցում մենակ չեն: Արեւելյան եվրոպացիները շարունակում են ԵՄ-ն տեսնել, որպես իրենց երկրների կոռուպցիայի դեմ առավել արժանահավատ հակաթույնի: Դա են վկայում Սլովենիայի եւ Ուկրաինայի վերջին ընտրությունները: Հուլիսին սլովենիացիներն ընտրեցին Միրո Ցերարին` բարոյագիտության պրոֆեսորին, որը վարչապետ դառնալու համար օգտագործում էր հակակոռուպցիոն հարթակը: Ցերարը պարտության մատնեց ձախ եւ աջ կենտրոնամետ ուժերին` խոստանալով տնտեսական անկում ապրող երկրում վերականգնել արդար կառավարման համակարգը: Սլովենացիները, հոգնած քաղաքական էլիտայից, որը ճարպակալել է ստացած եկամուտներից, երբ երկրի մյուս մասը լճացած վիճակում է, հետեւեցին ռումինացիներին` ընտրելով ԵՄ-ի կողմնակից քաղաքական «աութսայդերի»: Հոկտեմբերին խորհրդարանական ընտրություններում ուկրաինացիներն ընտրեցին նույն ուղղությունը: Եվրամայդան շարժումը, որի մեջ ներառված կուսակցությունները մեծամասնություն կազմեցին խորհրդարանում և ձեւավորում են կառավարություն, խոստացել է արմատախիլ անել կոռուպցիան, եւ երկիրն ինտեգրել Եվրոպային:

Իհարկե, բարեփոխիչների ընտրությունը անպայմանորեն չի երաշխավորում արդյունքները: Արեւլյան Եվրոպայում կաշառակերության դեմ պայքարող մի շարք կուսակցություններ իշխանության գալով ոչինչ չեն անում: Սա բացատրում է, թե ինչու թերահավատ քվեարկողները հաճախ ընտրում են այն թեկնածուներին, ովքեր քիչ են շփվել քաղաքական վերնախավի հետ: Դա էթնիկ գերմանացին է, իրավաբան պրոֆեսորը կամ Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն` նախկին բռնցքամարտիկը: Միայն անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեք օտարերկրացիների է նշանակել իր նոր կառավարության նախարարական պաշտոններում: Ամերիկացին կղեկավարի ֆինանսների նախարարությունը, լիտվացին` տնտեսական զարգացման եւ առեւտրի, վրացին` առողջապահության նախարարությունը: Շատերը կարծում են, որ օտարերկրացիներն ավելի լավ հնարավորություն ունեն հաղթահարելու անգործունեությունն ու տեղական ցանցերի կոռուպցիան:

Սառը պատերազմի ավարտից հետո, արեւմտյան վերլուծաբաններն ու լրատվամիջոցները արեւելյան Եվրոպան ներկայացրել են որպես տարածաշրջան, որտեղ իշխում է ազգայնական այլատյացությունը, սակայն Յոհանիսի հաղթանակը հակառակն է հաստատում:

Բայց նույնիսկ նրանք կարող են երերալ: Աշխատելով մեկ հարցի շուրջ` կոռուպցիայի դեմ պայքարող թեկնածուները հաճախ խուսափում են այլ խնդիրներից, որոնց իրենց երկրները բախվում են` լճացած տնտեսություն, օտարերկրյա ներդրումների անհրաժեշտություն, անկենդան քաղաքացիական ծառայություն: Նպատակին հասնելու համար պետք է իմանալ` ինչպես վերաբերվել մարդկանց եւ կոռումպացված համակարգին:

Սլովենիայում, օրինակ, Ցերարը կոռուպցիան վերացնելու իր պայքարում արդեն բախվել է երկու լուրջ խոչընդոտի: Առաջինը. նրա նոր կառավարությունում բարձր պաշտոններ են զբաղեցրել քաղաքական վերնախավի շատ ներկայացուցիչներ, որոնց դեմ Ցերարը քարոզարշավ էր մղում: Սա կասկածի տակ է դնում նրա ընտրական խոստումները: Երկրորդը. իրավական հաստատությունների մեծ մասը շարունակում է թերանալ օրենքի գերակայությունը պահպանելու հարցում: Սլովենիայի դատական համակարգն, օրինակ, շարունակում է համարվել երկրի ամենաանվստահելի հաստատություններից մեկը: Դա է վկայում վերջերս տեղի ունեցած աղմկահարույց գործը: Լյուբլյանայի վարչական դատարանը Յանեշ Յանշային` հիմնական ընդդիմադիր կուսակցության առաջնորդին, դատապարտեց երկու տարվա ազատազրկման պետական գնումների գործով կաշառք ստանալու համար: Ըստ երկրի սահմանադրական դատարանի արդարադատության նախկին աշխատակցի` գործը հիմնված էր անբավարար, չհիմնավորված ապացույցների վրա: Ցերարի կուսակցության ջանքերով Յանսան զրկվել է նաեւ պատգամավորական մանդատից, ինչն ընդգծում է հետապնդման քաղաքական բնույթը: Այն նաեւ վկայում է, որ Ցերարը չի կարող այնքան անկախ լինել, որքան ակնկալում էին ընտրողները:

Եվ այսպես, կոռուպցիայի դեմ շատ դժվար է պայքարել, նույնիսկ` անհնար, հատկապես դրսից: Սակայն արեւելյան եվրոպացիները փրկության հույս ունեն: Ռումինիայում, Սլովենիայում եւ Ուկրաինայում խաղաղ, չարտահայտվող մեծամասնությունը մերժեց աջ ազգայնականներին` հօգուտ համեստ, եվրոպամետ բարեփոխիչների: Լիբերալ հայացքներ պաշտպանող կուսակցություններն ամբողջ Արեւելյան Եվրոպայում, պետք է ձգտեն վերափոխվել` իրենց շարքերն ընդունելով «աութսայդերներին»:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment