Եվրոպան կարծես փոխում է վերաբերմունքը «Հարևանության» նկատմամբ

Եվրոպան կարծես փոխում է վերաբերմունքը «Հարևանության» նկատմամբ

Հոդվածի առանցքում

  • ԵՄ-ի բարի մտադրությունները ձախողվեցին Արևելքում, քանի որ Պուտինը որոշեց ստեղծել ռուսական ազդեցության ոլորտ ԽՍՀՄ տարածքում:
  • Ըստ Կարնեգի հիմնադրամի, Հարեւանության քաղաքականությունը պետք է փոխի իր ներկա ձևը:
  • Եվրամիության վտանգված քաղաքականությունը ԵՄ-ի նոր արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի օրակարգում է:
  • Բրյուսելում մտավախություն կա, որ հին քաղաքականությանը կփոխարինի մոտեցումների անկապ մի խառնուրդ, որը կառաջնորդվի ԵՄ առանձին կառավարությունների շահերով:
  • Փորձագետների կարծիքով, պետք է վարել ընտրողական քաղաքանություն, կենտրոնանալ այն երկրների վրա, որտեղ ԵՄ կարող է փոխել իրադրությունը:
  • Կարնեգիի փորձագետները Արեւմտյան Բալկանները եւ Թուրքիան տեսնում են որպես երկու տարածքներ, որտեղ ԵՄ անդամակցությունը հնարավոր է:
  • ԵՄ-ն դժվար թե հայտարարի, որ հեռանում է Հայաստանից, նույնիսկ եթե քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներն անարդյունավետ լինեն:

Ուշադրությանն արժանի

Մեկ տասնամյակ առաջ մեկնարկեց Եվրոպական հարեւանության քաղաքականությունը, որի նպատակն էր ստեղծել արևելքի և հարավի լավ կառավարվող պետությունների դաշինք: Սակայն վերջին մի քանի տարիներին նախաձեռնությունը շատ արագ ցած է գլորվում: ԵՄ-ն այդ հարցում իրեն մեղավոր չի համարում, թեեւ որոշ քննադատներ պնդում են, որ անցյալ տարի Ուկրաինայի գործերին նրա անխոհեմ միջամտության պատճառով ճգնաժամը այդ երկրում աճել է: Բայց հիմա քաղաքականություն ուղղորդելը անարդյունավետ ծրագիր է:

Ախտորոշումը դժվար չէ. ԵՄ-ի բարի մտադրությունները ձախողվեցին Արևելքում, քանի որ Վլադիմիր Պուտինը որոշել է ստեղծել ռուսական ազդեցության ոլորտ նախկին Խորհրդային Միության տարածքում, սոցիալական հեղաշրջում ապրած արաբական աշխարհում եւ լիքը գրպաններով ու նավթով հարուստ Պարսից ծոցի երկրներում:

ԵՄ-ի հարեւանության քաղաքականությունը հաջողություն է ունեցել այն դեպքում, երբ սեղանին դրված է եղել ԵՄ անդամակցության հեռանկարը, ինչպես, օրինակ, նոր անդամ Խորվաթիան է: Իսկ երբ դա պայմանավորված է եղել խորհրդատվության եւ օգնության վերաբերյալ սովորական բաղադրատոմսերով, պայմաններով, որոնք հաճախ անընդունելի են եղել, ԵՄ լծակները դարձել են շատ աննշան:

Քաղաքականության ետեւում կանգնած սպասելիքները նույնպես վերացան: Ենթադրվում էր, որ Եվրոպայի շուրջ գտնվող պետությունները կանգնել էին «եվրոպական արժեքների» ճանապարհի վրա, որը նրանց, ի վերջո, տանելու էր ժողովրդավարական, շուկայական տնտեսության: Ոմանք,հնարավոր է, ավելի մոտ էին նպատակին, մյուսներն՝ ավելի հեռու, բայց նրանք բոլորը նույն ճանապարհին էին:

Արտաքին քաղաքականության մասնագետները խորապես համաձայն են, որ անհրաժեշտ է նոր մոտեցում:

«Հարեւանության քաղաքականությունը պետք է փոխի իր ներկա ձևը», – գրել են փորձագետները Կարնեգի Եվրոպայում: «Սկսվելուց 10 տարի անց Եվրոպական հարեւանության քաղաքականությունը սպառվել է:», – ասաց Միքայել Լեյը՝ ԵՄ նախկին պաշտոնյա, որն այժմ Միացյալ Նահանգների German Marshall հիմնադրամում է:

Այս դիրքորոշումը տարածվեց կառավարություններին: Անցյալ շաբաթ Բրյուսելում 28 երկրների դեսպաններից կազմված Քաղաքական եւ անվտանգության հարցերով հանձնաժողովը, որը պարբերաբար հավաքվում է արտաքին եւ անվտանգության հարցերը քննարկելու համար, կենտրնացել էր հարեւանության քաղաքականության ապագայի հարցի վրա: Իրենց տեսակետները ներկայացնելու համար հանդիպմանը մասնակցում էին հրավիրված փորձագետներ, այդ թվում պարոն Լեյը:

Եվրամիության վտանգված քաղաքականությունը ԵՄ-ի նոր արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի օրակարգում է: Հարց է առաջացել. ինչ անել:

Հին քաղաքականության մի առավելությունն այն էր, որ այն պարզ էր: Դա մեկ ձևաչափ չէր բոլորի համար, որովհետև կար տարբերակում, ինչպես օրինակ «Արեւելյան գործընկերության» երկրները` օրինակ Ուկրաինան եւ Միջերկրականի հարավային շրջանները: Բայց Բրյուսելում մտավախություն կա, որ հին քաղաքականությանը կփոխարինի մոտեցումների անկապ մի խառնուրդ, որը կառաջնորդվի ԵՄ առանձին կառավարությունների շահերով: Հարևանության քաղաքականության առաջնահերթություններն, ի վերջո, պայմանավորված են պետությունների գտնվելու վայրով: Օրինակ Էստոնիայի եւ Լեհաստանի շահագրգռվածոթյունը հարևաններով տարբերվում է Կիպրոսից ու Իտալիայից:

Փորձագետների կարծիքով, պետք է վարել ընտրողական քաղաքանություն, կենտրոնանալ այն երկրների վրա, որտեղ ԵՄ կարող է փոխել իրադրությունը եւ հրաժարվել այն պետություններից, որտեղ իր լծակներն անարդյունավետ են:

Ըստ նոր քաղաքականության՝ պետք է կենտրոնանալ այն հարեւանների վրա, որոնք ամենամոտն են: Կարնեգիի փորձագետները Արեւմտյան Բալկանները եւ Թուրքիան տեսնում են որպես երկու տարածքներ, որտեղ ԵՄ անդամակցությունը հնարավոր է:

Պետք է վճռականորեն աջակցել հարևան երկրներին, որոնք առաջընթաց են գրանցել: Կարնեգիի փորձագետները վկայակոչում են Վրաստանը, Մարոկկոն, Մոլդովան, Թունիսը եւ Ուկրաինան:

Ֆինանսական օգնությունը պետք է ավելի իրատեսական լինի, չպետք է սպասել կատարելության եւ պետք է պատրաստ լինել կասեցնելու աջակցությունը երկրներին, որոնք որևէ ջանք չեն գործադրում: Պետք է ազատ առևտրի համաձայնագրեր առաջարկել միայն այն պետություններին, որոնց հասարակությունները պատրաստեն փոփոխություններին:

Պետք է քաղաքականություն իրականացնել հատուկ հետաքրքրություն ներկայացնող երկրներում, օրինակ էներգակիրներ ունեցող շրջաններում: Այդ ընթացքում  պրագմատիկ երկխոսություն վարելով Ռուսաստանի հետ այն տարածքների շուրջ, որտեղ շահերը համընկնում են, չնայած ԵՄ ազդեցությունը թուլացնելու Մոսկվայի ջանքերին: Պարոն Լեյը պնդում է, որ մի քանի պետություն կբողոքի փոփոխությունների դեմ, չնայած ընթացիկ քաղաքականության ակնհայտ անհաջողությանը:

«Օրինակ, ԵՄ հարավային անդամ երկրները կարող են դեմ լինել անգործունակ Միջերկրական երկրների հետ հարաբերությունների նվազեցմանը», – ասում է նա, –«նույնիսկ եթե այդ հարաբերությունները ոչինչ չեն տալիս: Իսկ Սկանդինավյան երկրներն էլ կարող են առարկել էներգետիկ անվտանգության համակարգում ավտորիտար երկրների ներգրավելուն, ինչպիսին Ադրբեջանն է»:

Բազմաթիվ անդամ երկրներ կարող են պնդել, որ ԵՄ օգնություն տրամադրվի նաեւ առավել խիտ բնակեցված արաբական երկրներին, օրինակ Եգիպտոսին, որը նույնիսկ բարեփոխումների ճանապարհին չի: Հակազդեցության պատճառով տիկին Մոգերինին ստիպված կլինի մեծ աշխատանք տանել իր 6 նոր հանձնակատարների հետ, որոնք ամեն ամիս հանդիպում են քննարկելու եւ կոորդինացնելու Եվրամիության արտաքին հարաբերությունները: Նրանք պետք է օգնեն ձեւավորելու նոր քաղաքականություն, որը ներկայացնելու են 28 անդամ-երկրներին:

Ի վերջո, հռետորության փոփոխությունը չպետք է կտրուկ լինի: ԵՄ-ն դժվար թե հայտարարի, որ հեռանում է Ալժիրից, Հայաստանից, կամ հարևան այն երկրներից, որոնց քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներին սկզբունքորեն անտարբեր է: Սակայն կարևոր է, որ ԵՄ իր գործունեությունը կենտրոնացնի այն վայրերում, որտեղ կարող է իրադրություն փոխել:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment