Ինչու՞ է Էրդողանը դեռ պնդում, թե Ամերիկան Կոլումբոսից առաջ հայտնաբերել են մուսուլմանները

Ինչու՞ է Էրդողանը դեռ պնդում, թե Ամերիկան Կոլումբոսից առաջ հայտնաբերել են մուսուլմանները

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի նախագահ հայտարարեց, թե կա ապացույց, որի համաձայն մուսուլմանները Ամերիկա մայրցամաքը հայտնաբերել են մինչև Քրիստափոր Կոլումբոսը:
  • Ըստ Էրդողանի, մուսուլման առևտրականները բացել են Նոր Աշխարհը Կոլումբոսից 300 տարի առաջ:
  • Էրդողանի խոսքով, Կոլումբոսը Կուբայի ափին նույնիսկ մզկիթի ավերակներ է գտել:
  • Էրդողանի համառ հռետորաբանությունն ունի պարզ նպատակ` աշխուժացնել իր պահպանողական հենարանը և թուլացնել քաղաքական հակառակորդներին:
  • Ըստ հեղինակի, Էրդողանը հնարավոր է այդքան էլ լավ պատմաբան չէ, բայց նա միշտ էլ եղել է քաղաքական հմուտ գործիչ:

Ուշադրությանն արժանի

Այս շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնվեց հակասությունների (և ծաղրանքի) թիրախում` հեռուստատեսությամբ հայտարարելով, թե կա ապացույց, որի համաձայն մուսուլմանները Ամերիկա մայրցամաքը հայտնաբերել են մինչև Քրիստափոր Կոլումբոսը: Ելույթ ունենալով Լատինական Ամերիկայի մուսուլմանների առաջնորդների հավաքին` Էրդողանը նշեց, որ մուսուլման առևտրականները բացել են Նոր Աշխարհը Կոլումբոսից 300 տարի առաջ: Ըստ Էրդողանի, Կոլումբոսը Կուբայի ափին նույնիսկ մզկիթի ավերակներ է գտել:

Իր հայտարարությունից և դրան հաջորդած լայնածավալ ծաղրանքից ամաչելու փոխարեն թուրք առաջնորդը հակահարձակման անցավ և կրկնապատկեց իր պնդումը` նշելով, թե Նոր Աշխարհի բացահայտման գործում իսլամական պատմության դերը ժամանակին արհամարհվել է:

Անկարայում նոյեմբերի 18-ին մի դպրոցի մոտ տեղի ունեցած միջոցառման ժամանակ Էրդողանն ասել է. «Պատմության օբյեկտիվ ներկայացումը ցույց կտա Արևելքի` նաև Մերձավոր Արևելքի և իսլամի ներդրումը գիտության և մշակույթի մեջ: Որպես իմ երկրի նախագահ` ես չեմ կարող ընդունել, որ մեր քաղաքակրթությունը ստորադասվում է մյուսների քաղաքակրթություններին»:

Ըստ Հուրիյեթի, Էրդողանը այժմ ցանկանում է, որ Թուրքիայի կրթական հաստատությունները ընդգծեն մուսուլմանական աշխարհի ներդրումը ամբողջ աշխարհի պատմության մեջ, այդ թվում մուսուլման ծովագնացների ենթադրելի ժամանումը Ամերիկա մայրցամաք:

Իր կարծիքն ամրապնդելու համար Էրդողանը մեջբերել է հայտնի իսլամագետ, Ֆրանկֆուրտի Յոհան Վոլֆգանք Գյոթեի համալսարանի թուրք պատվավոր պրոֆեսոր Ֆուաթ Սեզգինի աշխատանքը: Իր գրքերից մեկում Սեզգինն ունի մի հատված` նվիրված Նոր Աշխարհը մուսուլման ծովագնացների հայտնաբերելու հավանականությանը: Հեղինակը սկզբում վարկաբեկում է թոշակի անցած բրիտանացի սպա Գևին Մենցիսին, որը հայտնի է դարձել լայնորեն հերքված այն թեզի շնորհիվ, թե չինացի գանձ որոնողները Ամերիկան բացել են դեռ 1420-ականներին:

Սեզգինը ուսումնասիրել է 15-րդ դարավերջի և 16-րդ դարասկզբի քարտեզները` եզրակացնելով, որ Կոլումբոսը պետք է «նավում ունենար Ատլանտյան օվկիանոսի քարտեզ, որտեղ պետք է նշված լինեին ամերիկամերձ որոշ կղզիներ»: Մեջբերելով այդ դարաշրջանի եվրոպացի ճանապարհորդների` զգալի թերություններով քարտեզները` Սեզգինը, կառչելով մանրուքներից, եզրակացրել է, թե Կոլումբոսի արշավախմբին օգնել են մուսուլման ճանապարհորդների փորձի և հստակության վրա հիմնված տեղեկությունները, որոնք Ամերիկայում են եղել իսպանացիներից առաջ: Սեզգինը նշել. «Ես չեմ տեսնում այլընտրանք և ենթադրում եմ, որ քարտեզները ստեղծել են մուսուլման ճանապարհորդները արաբաիսլամական մշակութային շրջանում, նրանք լավ էին կողմնորոշվում աստղագիտության և աշխարհագրության հարցերում»:

Սա իսկական հանելուկ է: Սեզգինի թեզը մեծ տարածում չունի քարտեզագետ պատմաբանների շրջանում, ու հնագիտական որևէ ապացույց չկա այդ թեզը իրական համարելու համար: Բայց դա չի նշանակում, որ այդ մոտեցումն ամբողջությամբ սխալ է: Ավելի վաղ հստակեցվել է, որ վիկինգները հասել են Ամերիկա մայրցամաք Կոլումբոսի իսպանական արշավախմբից դարեր առաջ: Եվ կան շատ պատճառներ հավատալու համար, որ նախակոլումբոսյան շրջանի այլ ծովայիններ նույնպես կարող էին հասնել մայրցամաքի Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների ափերին: Նրանցից ոմանք, իրոք, կարող էին լինել մուսուլման:

Սեզգինը խոստովանել է, որ այդ ճանապարհորդները կարող էին հայտնվել Նոր Աշխարհի մոտ «ավելի շատ պատահաբար, քան նպատակադրված»: Սեզգինի խոսքով` մուսուլման բացահայտողները, որոնց Էրդողանը այդքան մեծ եռանդով ցանկացել է փառավորել, «դժվար թե հասկացել էին իրենց ենթադրելի բացահայտման կարևորությունը»:

Ավելին, Սեզգինը իր աշխատանքում և ոչ մի տեղ չի նշել Կուբայի մզկիթի մասին, որը Էրդողանը ներկայացրել է որպես ապացույց: Թուրքիայի նախագահը հավանաբար հիմնվել է սիրողական մակարդակի պատմաբանի հնարած հետազոտության վրա, որը սխալ է հասկացել Կոլումբոսի օրագրի` այժմ արդեն գոյություն չունեցող այդ հատվածում փոխաբերական իմաստով ներկայացված ակնարկը: Անցած շաբաթվա էրդողանը, առանց կաշկանդվելու, առաջարկել է Կուբայում նոր մզկիթ կառուցել:

Թուրք գրող և գիտնական Փինար Թրեմբլեյը  վերլուծել է Էրդողանի պատմական վերաիմաստավորման քայլը, թուրք գիտունիկների և լրագրողների ցինիկ թվիթերը և մեկնաբանությունները: Էրդողանը դրանից դժգոհ է եղել: Էրդողանը երեքշաբթի նշել է. «Ինչու նրանք չե՞ն հավատում: Որովհետև նրանք երբեք չեն հավատացել, որ մուսուլմանը կարող է նման գործ անել, նրանք երբեք չեն հավատացել, որ մուսուլմանների նախնիները կարող էին ցամաքով նավեր տեղափոխել և հասցնել Ստամբուլի ծովածոց»: Նա նկատի է ունեցել Օսմանյան սուլթան Մեհմեթ 2-րդին, որն ի վերջո շրջապատեց Կոստանդնուպոլիսը և գրավեց այն 1453-ին:

Էրդողանը կարծիք է հայտնել. «Նրանք երբեք չեն հավատացել, որ իրենց նախնիները հաղթահարել են միջնադարն ու դուրս են եկել նոր դարաշրջան: Արևմտյան աղբյուրներին պետք չէ հավատալ և վերաբերել ինչպես սուրբ տեքստերի»:

Էրդողանի համառ հռետորաբանությունն ունի պարզ նպատակ` աշխուժացնել իր պահպանողական հենարանը և թուլացնել քաղաքական հակառակորդներին: Թրեմբլեյը նրան բնորոշում է այսպես. «Սա էրդողանի դասական մոտեցնումն է` խառնել իսլամական և թուրքական ինքնություններն ամեն անգամ, երբ ծանր իրավիճակ է: Նա հմտորեն կիրառում է այս մարտավարությունը` ի ցույց դնելու համար իր քաղաքական կշիռը, որը միտված է մուսուլմանական ինքնությունը պաշտպանելուն: Ներքին և արտաքին քաղաքական մի քանի ամոթալի ձախողումներից հետո, որոնք տեղի ունեցան Էրդողանի քթի տակ, նմանատիպ քննարկումը նրան թույլ է տալիս պղտորել ջուրը և ամրացնել դիրքերը իր հավատարիմ կողմնակիցների շրջանում: Նա դա անում է շատ պարզ. եթե դուք չեք հավատում, որ մուսուլմանները բացել են Ամերիկան Կոլումբոսից առաջ, դուք նաև չեն հավատա, որ մուսուլմանները կարող են առհասարակ հաջողության հասնել»:

Էրդողանը հնարավոր է այդքան էլ լավ պատմաբան չէ, բայց նա միշտ էլ եղել է քաղաքական հմուտ գործիչ:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

 

 

Write a comment