Թուրքիայում լրատվամիջոցների նկատմամբ բռնությունները սպառնում են ժողովրդավարությանը

Թուրքիայում լրատվամիջոցների նկատմամբ բռնությունները սպառնում են ժողովրդավարությանը

Հոդվածի առանցքում

  • Ռեջեփ Թայիփ Էրդողանի կազմակերպած բռնությունները իշխանությունը բացատրում է լրատվամիջոցների անազնիվ գործունեությամբ և դավադրությամբ«իշխանությունը զավթելու» փորձերով:
  • Բոլոր լրագրողներն անցնում են մի գործով, որը Էրդողանի պարանոյայի գլխավոր պատճառն է: Խոսքը սուննի հոգևորական Ֆեթուլահ Գյուլենի մասին է, ով ժամանակին Էրդողանի դաշնակիցն էր: Նրան ընկալում են որպես նախագահի հավակնորդ:
  • Ճգնաժամը սաստկացել է անցած տարվա կոռուպցիոն սկանդալի պատճառով, որում ներգրավված են եղել` այն ժամանակ դեռ վարչապետ Էրդողանի մտերիմները:
  • Գյուլենի հետ մրցակցությամբ էրդողանը արհամարհում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքները, ըստ որի մրցակցությունը ոչ թե թուլացնում, այլ ուժեղացնում է երկիրը:

Ուշադրությանն արժանի

Բռնապետները հաճախ զգում են, որ ստիպված են իրենց ընդդիմախոսներին ջախջախելու համար հնարել առիթներ` կարևոր չէ, թե որքան համոզիչ: Թուրքիայի իշխանությունը լրագրողների դեմ վերջին հարձակումները բացատրել է նրանով, որ լրատվամիջոցների աշխատակիցները վարել են անազնիվ գործունեություն, դավադրությամբ փորձել են «զավթել իշխանությունը», կամ աջակցել են ահաբեկիչներին` կազմավորելով զինված խմբավորումներ: Այս կեղծ մեղադրանքների նպատակը քննադատների և մրցակիցների նկատմամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կազմակերպած բռնություններից ուշադրությունը շեղելն է: Խաղատախտակին Թուրքիայի ժողովրդավարությունն է:

Դեկտեմբերի 14-ին թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Զաման օրաթերթի խմբագրին, Սամանյոլու հեռահաղորդակցման ընկերության ղեկավարին և լրատվադաշտի այլ ներկայացուցիչների: Ստամբուլում Զաման օրաթերթի խմբագրության մոտ բողոքի ցույց էր ընթանում, երբ ոստիկանությունը ձերբակալում էր լրատվամիջոցի աշխատակիցներին:

Ցուցարարների ձեռքում «Ազատ մամուլը չի կարող լռեցվել» կարգախոսով պաստառներ էին: Մոտ երկու տասնյակ մարդ ձերբակալվել է, նրանց թվում են լրագրողներ, պրոդյուսերներ, սցենարիստներ և  Թուրքիայի արևելյան նահանգներից մեկի ոստիկանապետը:

Ուրբաթ օրը իրավապահները ազատ են արձակել ութ լրագրողի, մյուսներին կալանավորել են: Բոլոր լրագրողներն անցնում են մի գործով, որը Էրդողանի պարանոյայի գլխավոր պատճառն է: Խոսքը սուննի հոգևորական Ֆեթուլահ Գյուլենի մասին է, ով ժամանակին Էրդողանի դաշնակիցն էր: Նրան ընկալում են որպես նախագահի հավակնորդ, իշխանությունը կասկածում է, որ Գյուլենը մտադիր է տապալել  Էրդողանին: Լրագրողների ձերբակալությունները երկրում Գյուլենի ազդեցությունը վերացնելու վերջին գործողությունն է: Սուննի հոգևորականը բնակվում է Փենսիլվանիայում և դեռ ազդեցություն ունի Թուրքիայում: էրդողանը, հնարավոր է, ցանկանում է ստեղծել բռնապետության այնպիսի տեսակ, ինչպիսին այսօր Ռուսաստանում է:

Ձերբակալություններից երկու օր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ Գյուլենի և նրա աջակիցների կողմից հեղաշրջում նախապատրաստելու վերաբերյալ ապացույցներ են հայտնվել:

Էրդողանը զայրացած է խոսել «զուգահեռ համակարգի մասին, որը զբաղված է դավաճանությամբ»` սպառնալով արմատախիլ անել Գյուլենի ազդեցությունը մինչև տարվա վերջ. «Մենք գտել ենք նրանց որջը և մենք կմտնենք այնտեղ ևս մեկ անգամ»: Անցած շաբաթ Թուրքիայում Գյուլենի ձերբակալության մասին որոշում է կայացվել:

Ճգնաժամը սաստկացել է անցած տարվա կոռուպցիոն սկանդալի պատճառով, որում ներգրավված են եղել` այն ժամանակ դեռ վարչապետ Էրդողանի մտերիմները: Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ այս տարվա ամռանը ուղիղ քվեարկությամբ էրդողանը ընտրվել է նախագահ: Այժմ նա ցանկանում է ավելացնել նախագահի լիազորությունները, բայց անցած տարի նրա ռազմատենչ վարքագիծը ստիպում է ենթադրել, որ նա Թուրքիան տանում է սխալ ճանապարհով:

Գյուլենի հետ մրցակցությամբ էրդողանը արհամարհում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքները, ըստ որի մրցակցությունը ոչ թե թուլացնում, այլ ուժեղացնում է երկիրը, աղմկոտ լրատվամիջոցները մութ դավադրություններ չեն իրականացնում, ոչ էլ մասնակցում են ներիշխանական խմորումներին, նրանք քննադատությամբ առողջացնում են քաղաքական համակարգը: Խեղդելով լրատվամիջոցներին` Էրդողանը ռիսկի է գնում, քանի որ կործանում է այն, ինչին Թուրքիան պետք է ձգտի: էրդողանը պետք է փոխի ուղղությունը, քանի դեռ ժայռից անդունդը չի գլորվել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment