Էրդողան. Թուրքիան կանգ չի առնի ԵՄ սպառնալիքների պատճառով
Հոդվածի առանցքում
- Հունաստանի ու Կիպրոսի հանրապետության սուվերեն իրավունքները խախտողները կբախվեն հետևանքների, նախօրեին հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Թուրքիայի նախագահի հայտարարությունից հետո: Էրդողանն ասել է, որ դա չի դադարեցնի Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու (EEZ) տարածքում հորատման աշխատանքները Եվրամիությունից պատժամիջոցների սպառնալիքի պատճառով:
Ուշադրությանն արժանի
Հունաստանի ու Կիպրոսի հանրապետության սուվերեն իրավունքները խախտողները կբախվեն հետևանքների, նախօրեին հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Թուրքիայի նախագահի հայտարարությունից հետո: Էրդողանն ասել է, որ դա չի դադարեցնի Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու (EEZ) տարածքում հորատման աշխատանքները Եվրամիությունից պատժամիջոցների սպառնալիքի պատճառով:
Դիմելով Կիպրոսի Մալունդ գյուղում տեղակայված հույն զինվորականներին, Ցիպրասը նշել է, որ անհրաժեշտ է բոլորին փոխանցել ուղերձը, որ «հույները գործում են միայն միջազգային իրավունքի շրջանակներում և Հունաստանի ու Կիպրոսի հանրապետության սուվերեն իրավունքները խախտողները կբախվեն հետևանքների»:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Հունաստանի վարչապետը «ինքն իր հետ է խոսում, երբ ինչ-որ բան ասում է»:
Ցիպրասը նշել է. «Սա մեր տարածաշրջանի համար տագնապալի ժամանակաշրջան է, որի ընթացքում մարտահրավերները չեն նվազել և փոխարենը բազմապատկվել են»: Նա հավելել է, որ այդ զարգացումների կենտրոնում գտնվում են թե Հունաստանը, թե Կիպրոսը:
«Մենք ցանկանում ենք խաղաղություն և կայունություն: Մենք երկիր ենք, որը նպաստում է խաղաղությանը և երկխոսությանը: Միևնույն ժամանակ մենք վճռական ենք պաշտպանել մեր ինքնիշխան իրավունքները, քանի որ սովորել ենք դա անել մեր պատմությունից»:
Ցիպրասը նշել է, որ Թուրքիան իմաստուն որոշում կկայացնի, եթե դադարեցնի միջազգային իրավունքի խախտումը, հակառակ դեպքում թանկ կվճարի ԵՄ-Թուրքիա հարաբերությունների, խաղաղության, կայունության և համագործակցության բարձր գնով:
Հունաստանի զինված ուժերը հզոր, հուսալի վճակում են և պատրաստ են կատարել իրենց առաքելությունը միջազգային իրավունքի շրջանակներում, զգուշացրել է Ցիպրասը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան չի դադարեցնի Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում բնական գազի որոնումների նպատակով հորատումները Եվրամիությունից պատժամիջոցների սպառնալիքի պատճառով:
«Մենք ունենք չորս նավ, և մենք միջոցներ ենք ձեռնարկել: Հունաստանի վարչապետը խոսում է ինքն իր հետ, բայց անկախ նրանից, թե ինչ է ասում, մենք իրավունքներ ունենք այնտեղ», – հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանն արձագանքել է Ցիպրասի մեկնաբանություններին, թե Աթենքը «թույլ չի տա» Թուրքիային ընդլայնել իր ուսումնասիրության տարածքը Հունաստանի բացառիկ տնտեսական գոտում:
«Քանի դեռ Արևելյան Միջերկրածովյան երկրներում բնական պաշարներն արդարացի չեն բաշխվել, մենք կշարունակենք վճռականորեն շարժվել այդ տարածքում», – ասել է Էրդողանը:
Նա զգուշացրել է, որ Թուրքիան կանխելու է գազի հորատման գործողությունները, որոնք անտեսում են Թուրքիայի և Կիպրոսի հյուսիսում գտնվող անջատողական ռեժիմի իրավունքները:
Էրդողանը նաև անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որն այս ամսվա սկզբին Անկարային կոչ արեց կասեցնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում «անօրինական գործողությունները»:
«Ֆրանսիան այստեղ խոսքի իրավունք չունի: Այս հարցում Թուրքիան է խոսում, երաշխավորի ուժը Թուրքիան է: Խոսքի իրավունք ունի նաև Հունաստանը: Նաև Մեծ Բրիտանիան: Բայց դուք, Ֆրանսիա, դուք չեք կարող խոսել», – հայտարարել է Էրդողանը:
Երկուշաբթի նախագահ Նիկոս Անաստասիադեսը հայտարարել է, որ ինչ-որ պահի Թուրքիան կհասկանա, որ «Խաղաղությունը նախընտրելի է սպառնալիքներից և տագնապներից: Արդարությունը և համագործակցությունը նախընտրելի են ինքնաբուխ գործողություններից, ինչը չի բխում որևէ երկրի շահերից»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ