Էրդողանը հայտարարել է Եփրատից արևելք զորք տեղակայելու մասին
Հոդվածի առանցքում
- Էրդողանը հայտնել է, որ տեղեկացրել է Վաշինգտոնին և Ռուսաստանին այս որոշման մասին, որին հանգել է, քանի որ այս շաբաթ շարունակվելու են բանակցությունները Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու վերաբերյալ: Այս քայլով Թուրքիան նախատեսում է կասեցնել իր սահմանին սպառնալիքները:
Ուշադրությանն արժանի
Թուրքիան այլևս չի կարող «լռել» ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող սիրիացի քուրդ մարտիկների առաջ քաշած սպառնալիքի վերաբերյալ և զորքը տեղակայելու է Եփրատից արևելք, կիրակի ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանը հայտնել է, որ տեղեկացրել է Վաշինգտոնին և Ռուսաստանին այս որոշման մասին, որին հանգել է, քանի որ այս շաբաթ շարունակվելու են բանակցությունները Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու վերաբերյալ: Այս քայլով Թուրքիան նախատեսում է կասեցնել իր սահմանին սպառնալիքները:
Էրդողանը, վկայակոչելով այդ տարածքում «ոտնձգությունները», ասում է, որ իր երկիրը «այլևս չի կարող լռել», և որ «համբերությունն սպառվել է»:
Վերջին շաբաթվա ընթացքում թուրք պաշտոնյաները հանդիպել են Միացյալ Նահանգների Սիրիայի հարցերով գլխավոր բանագնաց Ջեյմս Էֆրիի հետ՝ անվտանգության գոտի ստեղծելու հույսով: Հուլիսի վերջին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը զանգահարել է իր ամերիկացի գործընկերոջը և նախազգուշացրել, որ Թուրքիան միակողմանիորեն Սիրիայի տարածքում կստեղծի անվտանգության գոտին, եթե ԱՄՆ-ի հետ գործարք չլինի:
Հաջորդ շաբաթ Անկարայում սպասում են ԱՄՆ պատվիրակության՝ անվտանգ գոտու շուրջ բանակցությունների երկրորդ փուլի համար:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ