Ինչու է դեռահասը սպառնալիք Էրդողանի համար

Ինչու է դեռահասը սպառնալիք Էրդողանի համար

Հոդվածի առանցքում

  • Լրատվական դաշտում բարձրացած աղմուկից հետո, 16-ամյա ավագ դպրոցի թուրք ուսանողին իշխանություններն ազատ են արձակել: Նրան ձերբակալել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար:
  • Նա Էրդողանին նկարագրել է որպես « ապօրինի պալատի գող սեփականատեր»: Շատ չանցած նրան կալանավորել են նախագահին վիրավորելու համար, ինչը քրեական հանցագործություն է Թուրքիայում: Ընդդիմադիր պատգամավորներն ասել են, որ դա «վախի, ճնշման և սպառնալիքի մթնոլորտի մի մասն է», որը ձևավորվել է Էրդողանի ավելի քան մեկ տասնամյակ ձգվող իշխանության ընթացքում:
  • Անցյալ տարի Էրդողանի կառավարությունը ներգրավված էր կոռուպցիոն սկանդալների մեջ, չորս նախարարների մեղադրեցին կաշառակերության և պաշտոնի չարաշահման համար: Էրդողանը խիստ քննադատեց ընդդիմությանը` գյուլենիստներին:

Ուշադրությանն արժանի

Լրատվական դաշտում բարձրացած աղմուկից հետո, 16-ամյա ավագ դպրոցի թուրք ուսանողին իշխանություններն ազատ են արձակել: Նրան ձերբակալել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար: Քննադատները դեռահասին կալանավորելը համարել են Թուրքիայի հակասական առաջնորդի  ավտորիտարիզմի ևս մեկ դրսեւորում:

Ուսանողը, որը հայտնի է իր սկզբնատառերով` Մ.Ի.Ա., չորեքշաբթի ելույթ է ունեցել կենտրոնական Անաթոլիայի Կոնիա քաղաքի ձախ թևի փոքր հանրահավաքի ժամանակ: Նրանք հավաքվել էին նշելու իսլամիստների ձեռքով զոհված  աշխարհիկ բանակի սպայի մահվան 84-րդ տարելիցը:

Ավագ դպրոցի ուսանողը ընթերցել է աշխարհիկ սկզբունքները, որոնք ամրագրել էր Թուրքիայի հանրապետության հիմնադիր հայրը`Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը և Էրդողանի իշխող Արդարություն և Զարգացում կուսակցությանը մեղադրել է կոռուպցիայի ու կաշառակերության մեջ:

Նա Էրդողանին նկարագրել է որպես « ապօրինի պալատի գող սեփականատեր»: Շատ չանցած նրան կալանավորել են նախագահին վիրավորելու համար, ինչը քրեական հանցագործություն է Թուրքիայում: Ընդդիմադիր պատգամավորներն ասել են, որ դա  «վախի, ճնշման և սպառնալիքի մթնոլորտի մի մասն է», որը ձևավորվել է Էրդողանի ավելի քան մեկ տասնամյակ ձգվող իշխանության ընթացքում:

Հինգշաբթի Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն պաշտպանել է ոստիկանության գործողությունը: «Պետք է հարգալից լինել նախագահի գրասենյակի հանդեպ, անկախ նրանից, թե ով է նա», – ասել է Դավութօղլուն:

Անցյալ տարի Էրդողանի կառավարությունը ներգրավված էր կոռուպցիոն սկանդալների մեջ, չորս նախարարների մեղադրեցին կաշառակերության և պաշտոնի չարաշահման համար: Էրդողանը խիստ քննադատեց ընդդիմությանը` գյուլենիստներին: Այս հզոր կրոնական շարժումը դաշնակիցներ ունի երկրի լրատվամիջոցներում, դատական մարմիններում և ոստիկանությունում ու այժմ հայտնվել է կառավարության թիրախում:

Ուսանողի նշած «անօրինական պալատը» Էրդողանի նոր նստավայրն է Անկարայում, որը տարածվող նեոօսմանիզմի կառույց է ավելի քան 1000 սենյակներով: Պալատը փոխարինում է հին շենքը, որը մի ժամանակ զբաղեցնում էր Աթաթուրքը:

Աթաթուրքից հետո Էրդողանը Թուրքիայի ամենաազդեցիկ առաջնորդն է և, որոշ առումներով, վերաձևում է նրա ժառանգությունը` պաշտպանելով երկրի իսլամական և Օսմանյան անցյալը, որն Աթաթուրքը տասնամյակներ շարունակ ճնշել էր իր աշխարհիկ քաղաքականությամբ:

«Մենք ահաբեկիչներ չենք », – ասել է դեռահասը ուրբաթ կալանքից ազատվելուց հետո` պահպանելով Էրդողանի կառավարության նկատմամբ իր կոշտ հռետորաբանությունը: «Երբ մենք ընտրեցինք այս ճանապարհը, խոստացանք, որ այլևս հետ չենք դառնա: Մենք չպետք է զիջենք  ֆաշիստական, ոչ առաջադիմական ճնշմանը»:  Եթե դեռահասին մեղավոր ճանաչեին նախագահին վիրավորելու հարցում, ապա նրան չորս տարվա ազատազրկում էր սպառնում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment