Ինչո՞ւ Երևանը չունի դիվանագիտական ներկայություն Էրբիլում

Ինչո՞ւ Երևանը չունի դիվանագիտական ներկայություն Էրբիլում

Հոդվածի առանցքում

  • Քուրդիստանի խորհրդարանում հայ պատգամավոր կա, Հայաստանում էլ` եզդիական մեծ համայնք, բայց Հայաստանն ու Իրաքի Քուրդիստանը չունեն դիվանագիտական հարաբերություններ:
  • Իրաքի քրդական դե յուրե ինքնավար շրջանը Երևանից մի քանի հարյուր կիլոմետր է հեռու: Իրաքյան Քուրդիստանը տարածաշրջանային առանցքային դերակատար է, ունի աճող տնտեսություն:
  • Պետք է մտահոգի Հայաստանի և Քրդական Տարածաշրջանային Կառավարության երկկողմ կապերի ակնհայտ բացակայությունը:
  • Պետք է հստակեցնել, թե ինչ կարող է Հայաստանն առաջարկել Քրդական Տարածաշրջանային Կառավարությանը, և ինչ կարող է հյուսիսային Քուրդիստանը առաջարկել Հայաստանին:
  • Հայաստանի քաղաքական ներկայությունն այստեղ կարող է խթանել հայ-քրդական փոխանակումները արդյունաբերության և ծառայության ոլորտներում:
  • Դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը ենթադրում է ֆինանսական պարտավորություններ և ծախսերի ու օգուտների վերլուծություն:
  • Հայկական դիվանագիտությունը վերջին տասնամյակում արձագանքող է, չունի նման բեռ կրելու հնարավորություն, քանի որ կենտրոնացած է հյուսիսային Իրաքում հայկական փոքր համայնքի վրա:

Ուշադրությանն արժանի

Քուրդիստանի խորհրդարանում հայ պատգամավոր կա, Հայաստանում էլ` եզդիական մեծ համայնք: Այս երկու փաստերը Հայաստանի կառավարության համար Հյուսիսային Իրաքում/Քուրդիստանում առնվազն ձևական ներկայություն հաստատելու առիթներ են, որոնք միավորում են կողմերին:

Հայաստան և Իրաքի Քուրդիստան. Ինչու՞ Երևանը չունի դիվանագիտական ներկայություն Էրբիլում

Իրաքի քրդական դե յուրե ինքնավար շրջանը Երևանից մի քանի հարյուր կիլոմետր է հեռու: Իրաքյան Քուրդիստանը տարածաշրջանային առանցքային դերակատար է և ունի աճող տնտեսություն: Մեզ պետք է մտահոգի Հայաստանի և Քրդական Տարածաշրջանային Կառավարության (ՔՏԿ) միջև երկկողմ կապերի ակնհայտ բացակայությունից:

26 երկրներ այժմ տարբեր ձևաչափերով ներկայացված են Էրբիլում` Իրաքի Քուրդիստանի մայրաքաղաքում: Հայաստանը` ոչ: Այս տարվա փետրվարին Բաղդադ կատարած այցի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Հայաստանը Էրբիլում ծրագրում է բացել գլխավոր հյուպատոսություն: Ութ ամիս անցել է, դա դեռ տեղի չի ունեցել:

«Հետքը» ԱՄՆ-ում Քուրդիստանի Տարածաշրջանային Կառավարության Ակադեմիական գործերի ներկայացուցչության տնօրեն Կարուան Զեբարիին ուղարկել է հարցեր` կենտրոնանալով Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վրա: Պարոն Զեբարիի պատասխաններն ու քաղաքական մի քանի հայտնի վերլուծաբանների տեսակետները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

Հարց. 26 երկրներ այս պահին ունեն դիվանագիտական ներկայություն Էրբիլում` Քուրդիստանի մայրաքաղաքում, Հայաստանը դրանց թվում չէ: Չնայած, փաստ է, որ Երևանի և Էրբիլի միջև հեռավորությունն ընդամենը 282 մղոն է:

Այս տարվա փետրվարին Բաղդադ կատարած այցի ժամանակ Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Հայաստանը ծրագրում է բացել գլխավոր հյուպատոսություն Էրբիլում` Իրաքի Քուրդիստանի մայրաքաղաքում: Դուք գիտե՞ք, թե ինչու դա դեռ տեղի չի ունեցել, կա՞ն դրա ուշացման հետ կապված խնդիրներ:

Պատասխան. Ես պաշտոնապես չեմ կարող մեկնաբանել ՔՏԿ-Հայաստան հարաբերությունները, քանի որ իմ լիազորությունները սահմանափակված են ԱՄՆ-ՔՏԿ կապերով: Եթե Դուք ցանկանում եք կոնկրետ հարցերի պատասխաններ ստանալ, ես խորհուրդ կտայի կապվել ՔՏԿ արտաքին հարաբերությունների քարտուղարության հետ: Նրանք կկարողանան հստակ պատասխան տալ դիվանագիտական առաքելությունների փոխանակման հարցերին:

Այժմ Քուրդիստանում շատ փորձնական շրջան է: Մենք պատերազմում ենք Իսլամական պետության դեմ և ընդունել ենք 1.4 միլիոն փախստական 5.3 միլիոն բնակչություն ունեցող մեր տարածաշրջանում, հասկանալի պատճառներով մենք կենտրոնացած ենք հենց այս հարցերի վրա: Ինչ վերաբերում է նախորդ պատվիրակությունների այցերին, ՔՏԿ-Հայաստան հարաբերությունները ես կբնութագրեի` շատ լավ: Կարծեմ, ամեն տարի մեր տարածաշրջան մեկ պատվիրակություն է գալիս, ինչն իմ կարծիքով շատ դրական է: Չեմ կարծում, որ այստեղ կա անտարբերության կամ ցանկության խնդիր, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը երկար գործընթաց է, և ես կարծում եմ, որ իրավիճակը կթելադրի այն արագությանը, որով մենք կկարողանանք ավարտել այդ գործընթացը: ՔՏԿ-ն և Հայաստանը միշտ էլ հետաքրքրություն են ցուցաբերել դիվանագիտական ներկայացուցչություն ունենալու հարցում, և ես կարծում եմ, որ մենք կտեսնենք դա մոտ ապագայում:

Հարց. Չնայած պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը ՔՏԿ-ի և Հայաստանի միջև, Երևանը ունի դեսպան Բաղդադում` Կարեն Գրիգորյանը: Նա երբևէ այցելե՞լ է իրաքյան Քուրդիստան կամ կապ հաստատե՞լ է ՔՏԿ ներկայացուցիչների հետ պաշտոնական մակարդակում:

Պատասխան. Ես տեղյակ չեմ գործող դեսպան Կարեն Գրիգորյանի այցերից, չնայած, գիտեմ, որ նախկին դեսպան Մուրադ Մուրադյանը առնվազն մեկ անգամ այցելել է քրդական շրջան, ներառյալ մեկ այց 2013-ի օգոստոսին, որպես Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանի պատվիրակության անդամ:

Հարց. Իսկ հակառակ ուղղությա՞մբ, ՔՏԿ-ն երբևէ կապ հաստատե՞լ է Հայաստանի կառավարության հետ, առևտրի, ներդրումների կամ որևէ այլ հարցերի շուրջ կա՞ փոխադարձ հետաքրքրություն:

Պատասխան. Նախորդ այցելություններից տպավորությունն այն է, որ կառավարությունները կապի մեջ են, բայց, ինչպես ասացի, այս թեմայի մասին ես ի պաշտոնե խոսել չեմ կարող: Այժմ` բազմաթիվ ճգնաժամերի պայմաններում, մենք միջազգային գործընկերների աջակցության կարիք ունենք: Սա կարող է լինել լավ հնարավորություն Հայաստանի համար` ցույց տալու իր աջակցությունը Քուրդիստանի ժողովրդին:

Հարց. Հայերը և քրդերն ունեն պատմական ընդհանուր կապեր: Ձեր գնահատմամբ, անցյալի խնդիրները պե՞տք է խոչընդոտեն հարաբերությունների զարգացմանը և ապագայում հնարավոր գործակցությանը, մասնավորապես, ՔՏԿ-ն ունի՞ դիրքորոշում 1915-ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Եթե այո, ո՞րն է այդ դիրքորոշումը:

Պատասխան. Մենք` քրդերս, հասկանում ենք ցեղասպանության սարսափները և դրա ժառանգությունը: Մենք միշտ դատապարտում ենք 1915-ի դեպքերը: Անցյալի ցավը չպետք է խոչընդոտի մեր ապագա գործակցությանը, այսօր այլ դարաշրջան է, և միակ ուղին նայել դեպի առաջ:

Հարց. ՔՏԿ-ի պաշտոնական կայքի համաձայն` հայերը ներառված են իրաքյան Քուրդիստանում բնակվող ժողովուրդների ցանկում: Դուք ունե՞ք հստակ թիվ, թե քանի հայ կա: Նրանցից շատերը ցեղասպանությունից փրկվածների ժառանգներ են, որոնք հեռացել են Օսմանյան կայսրությունից և պահպանել քրիստոնեական հավատքը: Նրանք ներկայացվա՞ծ են Քուրդիստանի խորհրդարանում:

Պատասխան. Քուրդիստանի Տարածաշրջանի սահմանադրությունը խորհրդարանում հայերի համար ապահովում է մեկ տեղ: Հինգ տեղ քաղդեացի, ասորի և սիրիացի թեկնածուներինն են: Քուրդիստանի Տարածաշրջանը չափազանց խայտաբղետ է, ինչը մենք շատ ենք գնահատում: Ցավոք, չունեմ հստակ տվյալներ հայ բնակչության քանակի վերաբերյալ:

Հարց. 2014-ի հուլիսի մեկին Իրաքի Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին հայտարարեց, որ Իրաքի քրդերը մոտակա ամիսներին անկախության հանրաքվե կանցկացնեն: Նավթի արտահանման հետևանքով տարածաշրջանի տնտեսությունն աճում է, Իրաքի կենտրոնական կառավարության հետ էլ նկատվում է հակաինտեգրվածություն, այս փաստերը թույլ են տալիս մտածել, որ Բարզանիի նման հայտարարությունը իրատեսական է: Ի՞նչ է կատարվում հիմա: Իսլամական պետությունից եկող վտանգը և Իրաքի դաշնայնացման ուղղությամբ ԱՄՆ ճնշումը հետաձգե՞լ են անկախության այդ շարժումը:

Չնայած անկախությունը երազանք է յուրաքանչյուր քրդի սրտում, այսօր մենք ընդունում ենք, որ Իսլամական պետությունը քաղցկեղ է, որը պետք է ոչնչացնել, և մեր քաղաքականությունը կենտրոնացած է այս ուղղությամբ: Մեր ընդհանուր սահմանը Իրաքի անվտանգության ուժերի հետ ընդամենը 15 կիլոմետր է, մնացած 1030 կիլոմետրով մենք սահմանակցում ենք Իսլամական պետության հետ: Սա մի իրավիճակ է, որն աշխարհում ոչ մի երկիր երկար հանդուրժել չի կարող: Կարճ ասած, մենք ունենք շատ ավելի մեծ խնդիր, որոնք լուծում են պահանջում այս պահին, և մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունը այս սատանայությանը դիմակայելու գործում:

Ժիրայր Լիպարիտյան, քաղաքական վերլուծաբան, պատմաբան, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդական արտաքին հարաբերությունների հարցերով. «Քրդական տարածաշրջանը Իրաքի հյուսիսում ոչ միայն փաստացի ինքնավար, այլև դե յուրե անկախ է, մեծ հաշվով, այն անկախ է դե ֆակտո: Կհասնի ՔՏԿ-ն անկախության, թե ոչ, այս հարցն այժմ երկրորդական է: Մենք (հայերս) ունենք բազմաթիվ պատճառներ Էրբիլում որոշակի բնույթի դիվանագիտական ներկայություն հաստատելու համար և մի քանի վատ պատճառ, թե ինչու չպետք է դա անել:

Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է հիմնվի  զգուշավոր ռեալիզմի և իրավիճակին հետևելու վրա: ՔՏԿ-ն քրդական ավելի լայն հարցի միայն մի մասն է: Մենք ավելի շատ խոսում ենք քրդական գործոնի մասին և ավելի քիչ գործ ենք անում այդ ուղղությամբ: Միշտ էլ ցանկալի է ունենալ անգամ ձևական կապ որևէ երկրի կամ քաղաքական միավորի հետ, որն ազդող գործոն է իր հարևանների վրա:

Ինձ համար պարզ չէ, թե ինչու Հայաստանը չունի դիվանագիտական ներկայություն Էրբիլում, ինչը կարող էր ծառայեր ՔՏԿ-ում բնակվող հայերին` ինչպես բնիկ, այնպես էլ փախստական, դիվանագիտական ներկայացուցչությունը նաև կարող էր գործակցություն հաստատել քուրդ պաշտոնյաների հետ տարածաշրջանի անվտանգության, կայունության և զարգացման հարցերի շուրջ»:

Հնարավոր է, պետք է նայել Հայաստանի արտաքին քաղաքականության անկախության մակարդակի վրա` հասկանալու համար հյուպատոսության հիմնադրման տապալումը, ինչը խոստացել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարը:

Վիգեն Չեթերյան, լրագրող, քաղաքական վերլուծաբան. «Հայաստանի պաշտոնական ներկայությունը Էրբիլում տասը տարով ուշացած է: Կա երեք պատճառ, թե ինչու Էրբիլի և Քուրդիստանի ներկայացուցիչների հետ ավելի լայն շփումները կարևոր են:

Քանի որ Իրաքի և Մերձավոր Արևելքի այլ համայնքները զոհ դարձան ծայրահեղ իսլամիստների բռնություններին, հայերը ձգտեցին ապաստանել քրդական տարածքներում: Հայաստանը ունի բարոյական պատասխանատվություն` ապահովել նրանց անվտանգությունը և բարեկեցությունը:

Քրդական քաղաքական գործոնը կարևորագույն հարց է տարածաշրջանում: Քրդերը Հայաստանի անմիջական հարևաններն են, քանի դեռ ՔՏԿ-ը ոչ անմիջական հարևան է` գտնվելով Թուրքիայի հետևում: Ցանկացած մարդ, նայելով քարտեզին, կարող է ասել, թե որքան կարևոր ռազմավարական նշանակությունի ունի ՔՏԿ-ն Հայաստանի համար, և դրա համար պարտադիր չէ ունենալ գիտությունների թեկնածուի աստիճան միջազգային հարաբերությունների ոլորտում:

Էրբիլը առաջարկում է հսկայական տնտեսական հնարավորություններ, քանի որ այն ունի իր սեփական հարուստ ռեսուրսները և Իրաքի բյուջեի 17%-ը: Հայաստանի քաղաքական ներկայությունն այստեղ կարող է խթանել հայ-քրդական փոխանակումները արդյունաբերության և ծառայության ոլորտներում»:

Ասբեդ Քոթչիկյան, Բենթլիի համալսարանի դասախոս, պրոֆեսոր. «Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կամ պահպանումը պետք է հիմնված լինի երկկողմ գործակցության վրա (տնտեսական և քաղաքական): Պետք է հստակեցնել, թե ինչ կարող է Հայաստանը առաջարկել Քրդական Տարածաշրջանային Կառավարությանը, և ինչ կարող է հյուսիսային Քուրդիստանը առաջարկել Հայաստանին:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պետք է խթանի այս բնույթի փոխազդեցությունները, բայց մնում է հարցը, թե ինչ մակարդակում և ինչ նպատակի համար: Ուղիղ չվերթների հաստատումը դեպի Էրբիլ կարող է ստեղծել տնտեսական և քաղաքական որոշակի երկարաժամկետ հեռանկար երկու կողմի համար: Ամեն դեպքում, պետք է լինի պարզ և հստակ մշակված (կամ առնվազն մտածված) ռազմավարություն, թե որոնք են այդ հարաբերություններից սպասվող ակնկալիքները: Ունենալով դիվանագիտական հարաբերություններ, պարզապես, հանուն հարաբերությունների հակաարդյունավետ է:

Ամեն դեպքում, Քուրդիստանի խորհրդարանում հայ պատգամավոր կա, Հայաստանում էլ` եզդիական մեծ համայնք: Այս երկու փաստերը Հայաստանի կառավարության համար Հյուսիսային Իրաքում/Քուրդիստանում առնվազն ձևական ներկայություն հաստատելու առիթներ են, որոնք միավորում են կողմերին»:

Վերջապես, դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը ենթադրում է ֆինանսական պարտավորություններ և ծախսերի ու օգուտների վերլուծություն: Հայկական դիվանագիտությունը վերջին տասնամյակում լինելով հիմնականում արձագանքող, չունի նման բեռ կրելու հնարավորություն, քանի որ այն կենտրոնացած է հյուսիսային Իրաքում հայկական փոքր համայնքի վրա և գործակցում է անհատների հետ, որոնք տիրապետում են տարածաշրջանում ընթացող զարգացումներին (զբաղվում են բիզնեսով կամ հաճախ են այցելում):

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment