Մակրոնը և «դեղին ժիլետները»․ Կկարողանա՞ն համաձայնության գալ ապագայում

Մակրոնը և «դեղին ժիլետները»․ Կկարողանա՞ն համաձայնության գալ ապագայում

Հոդվածի առանցքում

  • Նախագահ Մակրոնի 13 րոպեանոց խոսքը լսելուց հետո սթափ իրականությունը սկսեց տարածվել Ֆրանսիայով մեկ բողոքի ցույցեր անցկացնող «դեղին ժիլետների» շրջանում։ «Դա բավարար չէ»,- վստահ հայտարարեցին նրանք նախագահի հեռուստատեսային ելույթից հետո։ 4 շաբաթվա ցույցերից հետո զայրացած քաղաքացիները տեսան, որ իրենց պահանջները հանկարծ լսելի դարձան Փարիզում, և ակնհայտորեն սա ոգևորեց նրանց

Ուշադրությանն արժանի

Սկզբում «դեղին ժիլետները» բողոքում էին ավելի բարձր գնողունակության և քաղաքական փոփոխությունների համար, բայց նրանց զայրույթը ստիպեց Էմանուել Մակրոնին զիջումների գնալ ավելի շատ հարցերում։ Կարո՞ղ են նրանք հետագայում էլ միասին աշխատել։

Նախագահ Մակրոնի 13 րոպեանոց խոսքը լսելուց հետո սթափ իրականությունը սկսեց տարածվել Ֆրանսիայով մեկ բողոքի ցույցեր անցկացնող «դեղին ժիլետների» շրջանում։ «Դա բավարար չէ»,- նրանք վստահաբար հայտարարեցին նախագահի հեռուստատեսային ելույթից հետո։ 4 շաբաթվա ցույցերից հետո զայրացած քաղաքացիները տեսան, որ իրենց պահանջները հանկարծ լսելի դարձան Փարիզում, և ակնհայտորեն սա ոգևորեց նրանց։

Իր ելույթում նախագահը հռետորական հարցադրում արեց՝ ասելով, որ հասկանում է երիտասարդ քաղաքացիների կրած դժվարություններն ու փորձությունները։ Մակրոնն ասաց, որ ընդունում է «պատասխանատվության մի մասը», և խնդրեց ֆրանսիայի քաղաքացիներին ներել իրեն «վիրավորական բառերի» համար։ Այնուհետև նա թվարկեց մի շարք միջոցառումներ, որոնք կթուլացնեին ներքին լարվածությունը, բայց ինչն, անշուշտ, նշանակում էր գլխացավանք իր վարչակազմի համար Եվրոպայում։

Կառավարությունը հիմա էլ ասում է, թե ծրագրում է հունվարի մեկից բարձրացնել միջին ամսական աշխատավարձը 100 եվրոյով։ Ֆրանսիայում ամսական միջին՝ 1185 եվրո աշխատավարձն արդեն իսկ ամենաբարձրն է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունում՝ հարուստ երկրների ակումբում։ Մինչև հայտարարությունը տնտեսական փորձագետները զգուշացնում էին Մակրոնին և վարչապետ Էդուարդ Ֆիլիպեին շարժման վտանգների մասին։

Մինչև այս կառավարությունն արդեն խոստացել էր բարձրացնել նվազագույն աշխատավարձը 1․8 տոկոսով, որը կազմում է 20 եվրո։ Եվս 20-ը կավելանա սոցիալական վճարների կրճատման հաշվին։ Ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին աստիճանաբար աջակցելու կառավարության ծրագիրը հիմա միանգամից կլինի 2019-ի հունվարի մեկից։ Այժմ պետք է հասկանալ՝ կօգնի՞ սա մեղմել «դեղին ժիլետների» զայրույթը։ Նրանց արձագանքը Մակրոնի առաջարկած պլանին առայժմ այդպիսի հույսեր չի տալիս։

Նախագահը նրանց ընկալումներում

Ֆրանսիայի քաղաքական էլիտայի կածիքները, կարծես, կիսվել են նախագահի մոտեցման նկատմամբ։ Մինչ ընդդիմության որոշ անդամներ անհատապես կոչ են արել դադարեցնել ցույցերը, Մակրոնի հիմնական հակառակորդը՝ ծայրահեղ ձախ քաղաքական գործիչ Ժան-Լյուկ Մելենկոնը, դրա համար որևէ պատճառ չի տեսնում։ Մելենկոնը վստահ է, որ սոցիալական նոր շարժումն արագ վերաճել է քաղաքական շարժման, որն իր մոտեցումներն ունի նախագահի վերաբերյալ։

Չնայած ցույցերը սկսեցին հիմնականում որպես արձագանք ծրագրվող վառելիքի հարկերի բարձրացմանը, շարժման մեջ եղած ռադիկալ խմբերը շատ ավելի վաղ Մակրոնին կոչել էին «հարուստների նախագահ»։

Քանի որ «դեղին ժիլետների» շարժումը չունի միասնական լիդեր և ինքնահամակարգվում է ինտերնետի միջոցով, սպասելիք չկա, որ այն կդադարի մեկ գիշերում։ Սա էլ առանցքային տարբերությունն է նախորդ շարժումներից, որոնք առաջնորդվում և վերահսկվում էին երկրի հզոր միությունների կողմից։

«Փրկել շարքային Մակրոնին»

Ինչպես ֆրանսիացի փորձագետ Հենրիկ Աթերուեդն է նկատում, «դեղին ժիլետների» շարժումը քննադատության ալիքի տակ է դնում Մակրոնի ղեկավարման ոճը․ «Դա ֆրանսիական քաղաքական համակարգի անկումն է։ Կենտրոնացնելով ամբողջ իշխանությունը վերևում՝ տպավորություն է, որ միայն նախագահը գիտի, թե ինչն է լավ երկրի համար։ Այդպես նախագահները ձգտում են երկիրը փոխել վերևից ներքև՝ առանց մարդկանց, միությունների, ասոցիացիաների, քաղաքական կուսակցությունների և նույնիսկ համայնքների համաձայնության»։

Այդպես էլ հստակ չէ, թե Մակրոնը որքան հեռուն է ուզում գնալ՝ Ֆրանսիայի քաղաքական համակարգի ռեֆորմներով։ Պարզ չէ նաև, թե որքանով կարող են լուծվել աճող տնտեսական խնդիրները։ Մտավախությունը, որ լիբերալ-սոցիալիստ նախագահի տապալումը կարող է սողանցքեր բացել ծայրահեղականների համար, երկար ժամանակ բարձրաձայնել են ֆրանսիացի հրապարակախոսները։ Այդպես լիբերալ Էսսեիստ Նիկոլաս Բավերեզը Le Figaro-ի կիրակնօրյա թողարկման մեջ արտահայտել է իր կրքոտ բողոքները, որոնք արտացոլում են այդ վախերը։ Այն վերնագրել է «Փրկել շարքային Մակրոնին»։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment