Ահա, թե մենք ի՞նչ իսկապես չգիտենք էբոլայի մասին

Ահա, թե մենք ի՞նչ իսկապես չգիտենք էբոլայի մասին

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ կոնգրեսը Պաշտպանության բյուջեից 750 մլն. դոլար է հատկացրել էբոլայի տարածումը կանխելու նպատակով:
  • Դեռ ոչ ոք չի պարզել այն կենդանիների տեսակները, որոնք համաճարակների միջև ընկած ժամանակահատվածում իրենց մեջ կրում են վարակի քնած հարուցիչը:
  • Էբոլայի աղբյուրը գտնելու համար պետք է հատուկ դաշտագնացության համար մասնագիտացած մարդկանց ուղարկենք բնության մեջ:
  • էբոլան վարակում է լեյկոցիտները՝ արյան սպիտակ գնդիկները, և բջիջները, որոնք կազմում են մեր լյարդը, մակերիկամները, շնչուղիները:
  • էբոլայի կենսաբանությունն հասկանալը հնարավորություն կտա պայքարել հարուցիչի մահացու ախտանիշների դեմ:

Ուշադրությանն արժանի

1976 թ. առաջին անգամ ի հայտ գալուց ի վեր, էբոլան գլխավորապես դիտարկվում էր որպես հեռակա վտանգ, զարգացող աշխարհին վերաբերող խնդիր: ԱՄՆ–ում այս վտանգավոր վիրուսի անվտանգ ուսումնասիրման համար համապատասխան սարքավորումներով հագեցած ընդամենը մի քանի օբյեկտներ կան: Մենք հանդիսանում ենք այս հիվանդության առավել ակտիվ հետազոտողներից մեկը: 2014 թ. Առողջության ազգային ինստիտուտը հատկացրել է ընդամենը 42 մլն. դոլար, որը նախատեսված է հիվանդության և´ պատվաստանյութերի, և´ թերապիայի համար:

Կառավարություններն ու օգնություն տրամադրող կազմակերպությունները էբոլայի համաճարակի բռնկման ամենաբուռն ամիսներին միայն սկսեցին մեծ արագությամբ հավաքագրել բժիշկների, բուժքույրերի, համաճարակաբանների և ռազմական անձնակազմի: Անցյալ ամիս ԱՄՆ կոնգրեսը Պաշտպանության բյուջեից 750 մլն. դոլար է հատկացրել էբոլայի տարածումը կանխելու նպատակով: Նրանք հիմնական ուշադրությունը կենտրոնացրել են Արևմտյան Աֆրիկայում վարակի պայթյունավտանգ տարածումը նվազեցնելու, մայրցամաքի սահմաններից դուրս տարածումը կանխելու և վարակվածների կլինիկական բուժման վրա:

Սակայն էբոլայի կենսաբանության մասին մեր գիտելիքներն ամբողջական չեն, և այդ չիմացությունը զգալիորեն նվազեցնում է վարակի դեմ պայքարի արդյունավետությունը և վարակի հետագա տարածման կանխումը: Դա դանդաղեցնում է նաև մահացության (որը դեռ գերազանցում է 70 տոկոսը) նվազեցման դեմ պայքարը: Մենք էբոլայի կենսաբանության մասին բավարար տվյալներ չունենք, որպեսզի կարողանանք վերահսկել վարակի տարածումը կամ չեզոքացնել այն վարակի դեպքերի ի հայտ գալուն պես: Մեզ հավասարակշռված մոտեցում է հարկավոր գործադրած ջանքերի և գիտության նվաճումների միջև :

Ի՞նչ չգիտենք էբոլայի մասին: Դեռ ոչ ոք չի պարզել էբոլայի «բնական տարածքը»՝ այն կենդանիների տեսակները, որոնք համաճարակների միջև ընկած ժամանակահատվածում իրենց մեջ կրում են վարակի քնած հարուցիչը: Վարակի թաքնված աղբյուրը գտնելը և դրա ոչնչացումը դեռ երկար ժամանակ կպահանջի: Սկզբում ուսումնասիրողները ենթադրում էին, որ վարակակիրները՝ շիմպանզեները, գորիլաներն ու այլ պրիմատներն են: Սակայն այժմ պարզ է, որ այս կենդանիները շատ արագ են հիվանդանում և մահանում՝ վարակի աղբյուրը երկար ժամանակ իրենց մեջ կրելու համար: Թեև, ինչպես լայնորեն հաղորդվում էր ԶԼՄ-ներով, հիվանդության հարուցիչը առանց արտաքին նշանների կարող է երկար ժամանակ գոյատևել չղջիկների մեջ, շարունակ առաջ են գալիս հնարավոր վարակակիր հանդիսացող այլ կենդանիների թեկնածություններ, օրինակ 2008 թ. Ֆիլիպիններում խոզերի մոտ վիրուսի տեսակ էր հայտնաբերվել:

Էբոլայի աղբյուրը գտնելու համար մենք պետք է հատուկ դաշտագնացության համար մասնագիտացած մարդկանց ուղարկենք բնության մեջ, որպեսզի վերջիններս ստուգեն, մեկուսացնեն, ապա ոչնչացնեն վարակված կենդանիներին՝ հանելով նրանց սննդային շղթայից և սահմանափակել վարակի տարածումը վերջիններիս միջոցով:

Նման գործելակերպի համար նախադեպ կա: 2005-2007 թթ. թռչնագրիպի համաճարակի ընթացքում ասիական շատ հավեր իրենց մեջ կրում էին գրիպի մահացու հարուցիչը: Հանրային առողջության չինացի պաշտոնյաները կարողացան հայտնաբերել և ոչնչացնել դրանց, հակառակ դեպքում հիվանդությունը կարող էր տարածվել մեծ արագությամբ: Դրանով իսկ զգալիորեն սահմանափակվեցին հիվանդության հետագա բռնկումները:

Թեև հայտնի է, որ մարմնի հեղուկները վարակիչ են, սակայն մենք հստակ պատկերացում չունենք, թե հարուցիչն ինչպես է ներթափանցում մարմնի բջիջների մեջ: Մինչդեռ էբոլայով վարակների կենսաբանության ուսումնասիրումը անհրաժեշտ է արդյունավետ դեղամիջոցների և պատվաստանյութերի ստեղծման և տարածման համար: Ի տարբերություն ՄԻԱՎ-ի, որը կարող է օրգանիզմում վարակել միայն որոշակի տեսակի բջիջների, էբոլան վարակում է լեյկոցիտները՝ արյան սպիտակ գնդիկները, և բջիջները, որոնք կազմում են մեր լյարդը, մակերիկամները, շնչուղիները: Ուսումնասիրությունների արդյունքում նշվում են էբոլայի հարուցիչի՝ մեր օրգանիզմ թափանցելու առնվազն երեք հնարավոր ուղիներ:

  1. Հնարավոր ուղիներից մեկը այն է, որ էբոլան կպչում է խոլեստերին տեղափոխող բջջի մակերևույթի սպիտակուցին: Երբ էբոլան ամրանում է սպիտակուցի վրա, այն ներթափանցում է բջջի մեջ և սկսում արագ բազմանալ: Փոխադրիչ սպիտակուցները օրգանիզմում ամենուր են, քանի որ մեր բոլոր օրգանները նորմալ գործելու համար խոլեստերին են պահանջում:

  2. Մեկ այլ ուսումնասիրության համաձայն էբոլայի հարուցիչը կարող է ներթափանցել TIM-1 կոչվող սպիտակուց, որը հանդիպում է կոպերի ներսույթում՝ շաղկապենիում (կոնյունկտիվա) և եղջերաթաղանթում: Չնայած պաշտպանության հնարավոր միջոցներ ձեռք առնելուն՝ ձեռնոցներին և դիմակներին, վարակված առողջապահական աշխակիցները կարող էին վարակված լինել պատահաբար մատն աչքին տանելով, որը հնարավորություն է տվել հարուցիչին՝ հասնել TIM-1-ին:

  3. Էբոլան կարող է ունենալ մարմնում տարածման երրորդ և առավել վատ ուղին: Արյան դենդրիտիկ կոչվող սպիտակ գնդիկների մի տեսակ կա, որը սովորաբար կլանում և ոչնչացնում է ներխուժող մանրէներին: Երբ էբոլան շփման մեջ է մտնում բերանի լորձաթաղանթի կամ վնասված մաշկի հետ, նրա դեմ սկսում են աշխատել դենդրիտիկ բջիջները: Սակայն էբոլան «զինաթափում է» այս բջիջներին և մարմնի այս կարևոր պաշտպաններին օգտագործում որպես իր բազմացման հիմնական վայր: Մեզ հարկավոր է հասկանալ այն մեխանիզմները, որոնց միջոցով էբոլան դենդրիտիկ բջիջների մեջ է ներխուժում, խուսափում է ոչնչացվելուց և իմունային համակարգը ինքն իր դեմ ուղղում: Դենդրիտիկ ուղու բացահայտումը հնարավորություն կտա նվազեցնել էբոլայի ավերիչ ազդեցությունը վարակակիր մարդու վրա:

Մենք ունենք համապատասխան տեխնոլոգիաներ և նոու-հաուներ՝ վարակի ներթափանցման հնարավոր այս երեք ուղիները համադրելու և այլ ուղիները գտնելու համար, որոնք կարող է օգտագործել հարուցիչը: Երբ մենք հասկանանք էբոլայի վարակման կենսաբանությունը, կկարողանանք շատ ավելի արագ աշխատել արդյունավետ դեղամիջոցներ և պատվաստանյութեր ստեղծելու ուղղությամբ և հստակ պատկերացում ունենալ ընթացիկ թերապիայի օգտակարության մասին, ինչպես օրինակ Zmapp-ն է: Այլ հիվանդությունների համար մենք առաջնակարգ տեխնոլոգիաների կիրառմամբ հակամարմիններ ենք ստեղծում, որոնք կարող են հարձակումներից պաշտպանել բջիջները: Եթե դա ներարկենք էբոլայի հիվանդներին, այս հակամարմինները կարող են սահմանափակել հարուցիչի տարածումը (այս մոտեցումն օգնել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարում, մենք գիտենք, որ ՄԻԱՎ-ը սկզբում արյան բջիջների մեջ է ներթափանցում սպիտակուցային երկու ուղիներով: Թերապևտիկ միջոցները, ինչպիսին օրինակ Maraviroc-ն է, ստեղծվել են, և հաջողությամբ փակում են այդ ուղիները): Ամենակարևորն այն է, որ էբոլայի՝ մարմին ներթափանցման ուղիները հստակ իմանալը հնարավորություն կտա ստեղծել պատվաստուկներ, որոնք կկանխեն վարակվելը: Պատվաստումները մանրէային համաճարակների դեմ լավագույն պատասխանն են:

Ի վերջո, էբոլայի կենսաբանությունն հասկանալը հնարավորություն կտա պայքարել հարուցիչի մահացու ախտանիշների դեմ: Շոկի, արյան շրջանառության անսպասելի և կտրուկ դանդաղեցման պատճառը, որը հաճախ մահացու է էբոլայով վարակված հիվանդների համար, ցիտոկիններ կոչվող բորբոքային մոլեկուլներն են, որոնք արտադրվում են վարակված դենդրիտիկ բջիջների կողմից: Այս մոդելի ստուգումն ու պարզելը, թե որ ցիտոկիններն են պատասխանատու, բուժման նոր հնարավորություններ կտա շոկը կանխելու համար: Մենք արդեն օգտագործում ենք դեղամիջոցներ, որոնք չեզոքացնում են թունավոր ցիտոկինները այնպիսի բորբոքային հիվանդություններ ունեցող հիվանդների մոտ, ինչպիսիք են կոլիտը և ռևմատոիդ արտրիտը: Դրանք կարող էին օգտագործվել նաև էբոլայով հիվանդների պարագայում:

Ներկայումս մենք էբոլայի կենսաբանության մասին միայն ընդհանուր պատկերացում ունենք, ինչը նշանակում է, որ պատկերացում չունենք հիվանդության այն առանձնահատկությունների մասին, որոնք թույլ կտային առավել արդյունավետ պայքարել:

Այս համաճարակը չպետք է դիտարկել որպես անվտանգ «որբ վարակ», հազվադեպ երևույթ առանց գլոբալ ազդեցության: Մոլեգնող համաճարակը արագ չի հաղթահարվի, և միլիարդավոր դոլարներ են հարկավոր վարակի տարածումը կանխելու համար: Այսօր գիտահետազոտական բնագավառում ներդրումները կփոխհատուցվեն փրկված կյանքերով: ԱՄՆ-ում էբոլայի համար հատկացված գումարները բիոահաբեկչության փորձերի շրջանակներում են եղել:

ԱՄՆ կոնգրեսում նոր ներկայացուցիչները հասկացել են դրա անհապաղելիությունը, և Կոնգրեսում երկու կողմից էլ առաջարկներ են հնչում միջանկյալ ընտրություններից հետո նոյեմբերին վերանայելու ուսումնասիրությունների համար նախատեսված գումարների չափը: Էբոլային վերջը կտրվի՝ մեր անգրագիտության վերջը տալով:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment