Անկարայում երազում են նմանվել Ռուսաստանին
Հոդվածի առանցքում
- Թուրքիայի ժողովրդավարությունը հարձակման վտանգի տակ է: Երկրի իշխող քաղաքական կուսակցության՝ ԱԶԿ-ի պահպանողական հռետորությունը համատարած մտահոգություն է առաջացրել. իսլամական ռեժիմը կարող է շուտով դուրս մղել աշխարհիկ Թուրքիայի Հանրապետությանը: Շատերն անհանգստանում են, որ ի վերջո կստեղծվի շարիաթի օրենքով ռեպրեսիվ պետություն, ինչպիսին Իրանն է:
- Ավելի խորը նայելով Թուրքիայի քաղաքական ուղեծրին, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության ժամանակ, կնկատենք, որ նա Թուրքիան կառավարում է ավտորիտար, բայց աշխարհիկ ուղղությամբ, ստեղծելով պետություն, որը չի տարբերվում նախագահ Վլադիմիր Պուտինի Ռուսաստանից:
- Այնուամենայնիվ, ավելի քան 12 տարի իշխանության ղեկին լինելով, ԱԶԿ-ն այլևս նախկին կուսակցությունը չէ: Այն դարձավ Էրդողանի անհատական գործիքը, երբ նա սկսեց քաղաքական մրցակիցներին վերացնելու և իշխանությունն ամրապնդելու համակարգված քարոզարշավը:
- Այս զարգացումները, մասնավորապես կրոնական կրթության և ավանդական կնոջ գենդերային դերին ուղղված շեշտադրումները, հիմք են տվել որոշ դիտորդների կանխատեսել, որ աշխարհիկ Թուրքիան շուտով անցյալ կդառնա: Նրանք մտավախություն ունեն, որ նոր «բարեպաշտ սերունդ» մեծացնելու Էրդողանի ցանկությունը կարող է ի վերջո պարտադրել կանանց հիջաբ կրել և լրիվ արգելել ալկոհոլն ու հղիության արհեստական ընդհատումը:
- Բայց նման մռայլ կանխատեսումները բաց են թողնում մի առանցքային փաստ. Էրդողանի գործողությունները բխում են իշխանության հանդեպ սովից: Ի դեպ, այսօրվա Թուրքիան կարելի է համեմատել 1990-ականների սկզբի ու կեսի Ռուսաստանի հետ, երբ նրա անփորձ ժողովրդավարական սկզբունքները հարձակման ենթարկվեցին: Ռուսաստանի երերուն հետխորհրդային կառավարությունը արձագանքեց 1991 թվականի հեղաշրջման փորձին:
- Հավանաբար ենթարկվելով ԱԶԿ-ի ճնշմանը, Սահմանադրական դատարանը վերջերս բավարարել է 10 տոկոս ընտրական շեմը, որը քաղաքական կուսակցությունները պետք է հաղթահարեն խորհրդարանական ներկայացուցչություն ստանալու համար: Այս որոշումը հարված է հանրահայտ քրդական HDP կուսակցությանը, լիբերալ կազմակերպություն, որը շեշտը դնում է գենդերային հավասարության վրա և 50 տոկոս քվոտա ապահովում կին ներկայացուցիչների համար: ԱԶԿ-ն նաև քայլեր է անում հենց սկզբից խեղդելու նոր քաղաքական շարժումները:
- Թուրքիայի վերափոխումը Ռուսաստանի դեռ կարելի է դադարեցնել, բայց հնարավորության սահմանները փոքրանում են: Չնայած նրան, որ Էրդողանը մտադիր չէ մոտ ապագայում հեռանալ քաղաքականությունից, նա արդեն սկսել է քաղաքական դաշնակիցներից կադրեր պատրաստել, օրինակ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով աջակցում է իր ոչ լիբերալ ձգտումներին:
- Առաջին հերթին, չնայած թուրքական կառավարության նկատմամբ աճող ու հասկանալի հիասթափությանը, ԵՄ-ն և ԱՄՆ-ը պետք է շարունակեն զբաղվել այդ երկրով: Քաղաքական մեկուսացումը միայն կարագացնի Թուրքիայի անկումը դեպի բռնապետություն:
Ուշադրությանն արժանի
Արդյո՞ք Էրդողանը հետևում է պուտինյան քայլերին
Թուրքիայի ժողովրդավարությունը հարձակման վտանգի տակ է: Երկրի իշխող քաղաքական կուսակցության՝ ԱԶԿ-ի պահպանողական հռետորությունը համատարած մտահոգություն է առաջացրել. իսլամական ռեժիմը կարող է շուտով դուրս մղել աշխարհիկ Թուրքիայի Հանրապետությանը: Շատերն անհանգստանում են, որ ի վերջո կստեղծվի շարիաթի օրենքով ռեպրեսիվ պետություն, ինչպիսին Իրանն է:
Բայց կա մեկ ուրիշ աշխարհագրական նմանակ: Չնայած ԱԶԿ-ի պահպանողական հակումներին, Թուրքիան չի պատրաստվում դառնալ իսլամիստական: Ի դեպ, քաղաքական մրցակիցներին վերացնելուն ուղղված կուսակցության համակարգված քարոզարշավը կրոնական արմատներ չունի, դա իշխանությունը պահպանելու և ամրապնդելու աշխարհիկ ձգտում է: Ավելի խորը նայելով Թուրքիայի քաղաքական ուղեծրին, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության ժամանակ, կնկատենք, որ նա Թուրքիան կառավարում է ավտորիտար, բայց աշխարհիկ ուղղությամբ, ստեղծելով պետություն, որը չի տարբերվում նախագահ Վլադիմիր Պուտինի Ռուսաստանից:
Շրջադարձային քայլ
Պատճառը, որ շատ դիտորդներ կարծում են, թե ԱԶԿ-ն Թուրքիան մղում է իսլամացման, հավանաբար կուսակցության պատմական ժառանգությունն է: ԱԶԿ-ն թուրքական իսլամիստական շարժումների հետնորդն է: Կուսակցության երկու անմիջական նախորդներն էին Բարեկեցություն կուսակցությունը, որը գործեց 1983- 1998 թվականներին և Առաքինություն կուսակցությունը, որն ակտիվ էր 1998- 2001-ին: Երկուսն էլ իսլամամետ էին համարվում և դա հանգեցրեց նրանց վերջնական լուծարման: Այժմ էլ նրանց հիշում են որպես այդպիսին:
Բայց երկու կուսակցությունների իսլամիզմն ավելի շատ նրանց աշխարհիկ քաղաքական հակառակորդների ընկալման մեջ էր, քան իրենց փաստացի քաղաքական ու գաղափարական դիրքորոշումների: Ավելի շատ Բարեկեցություն կուսակցությունն է ունեցել իսլամիստական քաղաքականություն, առաջարկել է վերացնել բանկային տոկոսադրույքները և ամրապնդել տնտեսական կապերը մահմեդական մեծամասնությամբ երկրների հետ: Առաքինությունն ավելի աշխարհիկ էր:
Սակայն քաղաքական էլիտայի շատ ներկայացուցիչներ, հիմնականում ռազմական և դատական համակարգերում, կասկածում էին, որ կուսակցությունները թաքցնում են գոյություն ունեցող աշխարհիկ կարգը տապալելու իրենց ցանկությունը: Թուրքիայի Սահմանադրական դատարանը, ի վերջո, փակեց երկու կուսակցությունները պետության աշխարհիկության սկզբունքը խախտելու պատճառով:
Այդ ժամանակ, 2001-ին ծնվեց ԱԶԿ-ն: Թուրքիայի քաղաքական իսլամի պատմության մեջ մի քանի սերունդներ են անցել: ԱԶԿ-ն իր նախորդներից ավելի շատ էր աշխատում ստեղծել մի հարթակ, որն ընդգծված հենվում էր քաղաքացիների իրավունքների վրա և նվազագույնի էր հասցրել կրոնին ուղղված հղումները, ռազմավարություն, որը օգնեց շարժվել դեպի իշխանության: Իր ստեղծման պահից, ԱԶԿ-ն համարվում էր հետիսլամիստական կուսակցություն:
Ավանդական աշխարհիկ պետության համատեքստում այն կարելի է բնութագրել որպես աջ կենտրոնամետ: Թեև նրա առաջնորդներից շատերն, ըստ էության կրոնական էին, նրանց հրապարակած սոցիալական, քաղաքական և տնտեսական ծրագրերը կենտրոնացած էին կապիտալիզմի, լավ կառավարման և անհատի ազատությունների ընդլայնման վրա:
Այնուամենայնիվ, ավելի քան 12 տարի իշխանության ղեկին լինելով, ԱԶԿ-ն այլևս նախկին կուսակցությունը չէ: Այն դարձավ Էրդողանի անհատական գործիքը, երբ նա սկսեց քաղաքական մրցակիցներին վերացնելու և իշխանությունն ամրապնդելու համակարգված քարոզարշավը: Հույսերը, թե ԱԶԿ մյուս առաջնորդներին, ինչպիսին նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլն էր, կհաջողվի վիճարկել Էրդողանի բռնակալական շրջադարձը, պարզվեց ապարդյուն են: ԱԶԿ-ն, որտեղ գերակշռում են Էրդողանի կամայականությունները, ներառում է թուրքական քաղաքականության այն թերությունները, որոնք մի ժամանակ պարտավորվել էին վերացնել՝ քավոր-սանահերությունը, ազատությունների հալածանքները և օրենքի գերակայության անտեսումը:
ԱԶԿ-ի վերջին քաղաքական քայլերում ու ծրագրերում հստակ իսլամական երանգ կա: Նրանք ներառել են, օրինակ, ալկոհոլի սպառման և գովազդի մեծ սահմանափակումներ, հսկայական մզկիթի կառուցումը Ստամբուլի ամենաբարձր բլուրներից մեկի վրա: Իսկ Էրդողանի հռետորաբանությունը ստացել է ավելի ընդգծված կրոնական և սոցիալապես պահպանողական բնույթ. նա կտրականապես դեմ է արտահայտվել ծնելիության հսկողությանը, աբորտին և գենդերային հավասարություն հասկացությանը:
Այս զարգացումները, մասնավորապես կրոնական կրթության և ավանդական կնոջ գենդերային դերին ուղղված շեշտադրումները, հիմք են տվել որոշ դիտորդների կանխատեսել, որ աշխարհիկ Թուրքիան շուտով անցյալ կդառնա: Նրանք մտավախություն ունեն, որ նոր «բարեպաշտ սերունդ» մեծացնելու Էրդողանի ցանկությունը կարող է ի վերջո պարտադրել կանանց հիջաբ կրել և լրիվ արգելել ալկոհոլն ու հղիության արհեստական ընդհատումը: ԱԶԿ –ի հիմնադիր անդամներից մեկը, որը դարձել է նրա քննադատը՝ Դենջիր Միր Մեհմետ Ֆիրաթը վերջերս ներկայացրեց թուրք աշխարհականների գերակշռող տեսակետը: Խոսելով կրոնական դպրոցների թվի ավելացման մասին, նա հայտարարել է, որ « Նոր Թուրքիան … կլինի մի վայր, որտեղ գերակշռելու է իսլամական մտածողությունը»:
Իշխանության սով
Բայց նման մռայլ կանխատեսումները բաց են թողնում մի առանցքային փաստ. Էրդողանի գործողությունները բխում են իշխանության հանդեպ սովից: Ի դեպ, այսօրվա Թուրքիան կարելի է համեմատել 1990-ականների սկզբի ու կեսի Ռուսաստանի հետ, երբ նրա անփորձ ժողովրդավարական սկզբունքները հարձակման ենթարկվեցին: Ռուսաստանի երերուն հետխորհրդային կառավարությունը արձագանքեց 1991 թվականի հեղաշրջման փորձին (կազմակերպված հին քաղբյուրոյի անդամների կողմից) հետ մղելով մի քանի նոր քաղաքական ազատությունները: Այդ գործընթացում Կրեմլը դրեց քաղաքական ընդդիմության թուլացման և ի վերջո, Պուտինի ռեպրեսիվ քաղաքականությանդ հիմքը:
Նման ձևով Էրդողանը թուրքական պետության ներսում հակաժողովրդավարական տարրերի դեմ պայքարն օգտագործում է քաղաքական մրցակիցներին վերացնելու համար: Նրա կառավարության առաջին թիրախը դարձավ Գյուլենի՝ ԱԶԿ-ի նախկին դաշնակցի շարժումը: Այն մարտահրավեր էր նետել ԱԶԿ-ին և ամենայն հավանականությամբ, օգնել էր արագացնելու վերջին կոռուպցիոն գործի քննությունը (որի մեջ խառնված էին Էրդողանի շատ մերձավոր դաշնակիցներ, այդ թվում, նրա որդին):
ԱԶԿ-ն ընդհանուր պատերազմ հայտարարեց շարժմանն ու նրա առաջնորդին, ԱՄՆ-ում հիմնված թուրք հոգևորական Ֆեթհուլլահ Գյուլենին, զավթեց շարժման բանկը և կոչ արեց Գյուլենին հանձնվել: Այդ շարժման ազդեցության թուլացումից հետո էլ ԱԶԿ շարունակեց հակակառավարական գործունեության մեղադրանքներ ներկայացնել նաև այլ քաղաքական դերակատարներին, ինչպիսին դեռևս համեմատաբար անկախ դատական համակարգն է:
ԱԶԿ-ն շարունակում է հզորացնել կուսակցության աջակցության բազան: Թուրքերի մեծամասնությունը պահպանողական հայացքներ ունեն և իրենց բարեպաշտ մուսուլմաններ են համարում (թեև նրանց ճնշող մեծամասնությունը մերժել է շարիաթի օրենքը): Մեծ մասը, օրինակ, կարծում է, որ ալկոհոլի օգտագործումը բարոյապես սխալ է:
Օգտագործելով իսլամական հռետորաբանությունը, ԱԶԿ-ն խաղում է իր համախոհների զգազմունքայնության վրա, փորձելով շեղել ուշադրությունը բազմաթիվ հրատապ խնդիրներից, այդ թվում համատարած կոռուպցիայից և ոստիկանության և դատական համակարգում կատարվող զտումներից: Պուտինը նունպես, որպես քաղաքական գործիք օգտագործեց ուղղափառ եկեղեցին և հայտնի սոցիալական բարքերը, ինչպիսին էին հակամիասեռական տրամադրությունները:
Եվ ճիշտ այնպես, ինչպես Պուտինը անխոնջ աշխատեց ազատվել Ռուսաստանի լիբերալ հաստատություններից, Էրդողանն ու ԱԶԿ էլ ոչ մի հնարավորություն չեն տալիս իրենց պոտենցիալ մրցակիցներին: Հավանաբար ենթարկվելով ԱԶԿ-ի ճնշմանը, Սահմանադրական դատարանը վերջերս բավարարել է 10 տոկոս ընտրական շեմը, որը քաղաքական կուսակցությունները պետք է հաղթահարեն խորհրդարանական ներկայացուցչություն ստանալու համար: Այս որոշումը հարված է հանրահայտ քրդական HDP կուսակցությանը, լիբերալ կազմակերպություն, որը շեշտը դնում է գենդերային հավասարության վրա և 50 տոկոս քվոտա ապահովում կին ներկայացուցիչների համար:
ԱԶԿ-ն նաև քայլեր է անում հենց սկզբից խեղդելու նոր քաղաքական շարժումները: 2013-ին Գեզիի բողոքի ցույցերի աջակիցները հայտնվեցին կառավարության թիրախում: Բողոքի ակցիայի առաջնորդները և նույնիսկ ոչ քաղաքական շատ խմբեր, որոնք մասնակցել են ցույցերին, օրինակ, ֆուտբոլի ակումբների երկրպագուները, մեղադրվում են կառավարությունը տապալելու դավադրության մեջ:
Մեկ սերունդ հետո այս և այլ քաղաքական միջոցները կարող են Թուրքիան դարձնել միակուսակցական պետություն, ինչպես Ռուսաստանն է, պարզապես մահմեդական բնակչության մեծամասնությամբ: Այս նոր Թուրքիայում դեռևս գործող ազատ մամուլը կվերացվի, վերջ կդրվի խորհրդարանական բանավեճերին ու քաղաքական մրցակցությանը: Չնայած բարեպաշտությունը կխրախուսվի, հավատարմությունը Էրդողանի անձի պաշտամունքին, ավելի մեծ նշանակություն կստանա: Իշխանությունն ու շահույթը, ոչ թե իսլամը, կդառնան այս պետության կրոնը:
Ենթարկել պատասխանատվության
Թուրքիայի վերափոխումը Ռուսաստանի դեռ կարելի է դադարեցնել, բայց հնարավորության սահմանները փոքրանում են: Չնայած նրան, որ Էրդողանը մտադիր չէ մոտ ապագայում հեռանալ քաղաքականությունից, նա արդեն սկսել է քաղաքական դաշնակիցներից կադրեր պատրաստել, օրինակ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով աջակցում է իր ոչ լիբերալ ձգտումներին:
Արևմտյան երկրները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Թուրքիային դնեն ժողովրդավարական ուղղու վրա: Որպես առաջին քայլ, Եվրամիությունը պետք է նոր էջ բացի միությանը Թուրքիայի անդամակցության համար, որը տարիներ շարունակ փակուղի էր մտել: Նույնիսկ եթե ԵՄ-ին Թուրքիայի վերջնական անդամակցության հավանականությունը փոքր լինի, այն կօգնի հսկողության տակ պահել ներկա վարչակազմի թերությունները մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտներում:
Միջազգային հանրությունը պետք է նաև ուշադիր հետևի այս տարվա հունիսին կայանալիք թուրքական խորհրդարանական ընտրություններին և բողոքի իշխանությունը նախագահի ձեռքում ամրացնելու համար Սահմանադրությունը փոխելու ցանկացած ծրագրի դեմ:
Առաջին հերթին, չնայած թուրքական կառավարության նկատմամբ աճող ու հասկանալի հիասթափությանը, ԵՄ-ն և ԱՄՆ-ը պետք է շարունակեն զբաղվել այդ երկրով: Քաղաքական մեկուսացումը միայն կարագացնի Թուրքիայի անկումը դեպի բռնապետություն:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ