Հայաստանի արժութային խնդիրները

Հայաստանի արժութային խնդիրները

Հոդվածի առանցքում

  • նոյեմբերի 24-ին դրամը դոլարի համեմատ արժեզրկվել է 4 տոկոսով, ինչը հարկադրել է հայկական մամուլում այդ օրն անվանել «Սև երկուշաբթի»:
  • Անցյալ տարվա համեմատ, այս տարվա ռուսական տնտեսական ծանր վիճակի պատճառով զգալիորեն կրճատվել է աշխատող միգրանտների ՌԴ-ից ՀՀ դրամական փոխանցումների ծավալ:
  • Անկում է գրանցվել Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալների մեջ: Արդյունքում կրճատվել են արտասահմանյան արժույթի հոսքերը, որն էլ հանգեցրել է դրամի դեվալվացիայի:
  • ՀՀ ԿԲ-Ն հաստատել է, որ ռուսական տնտեսական զարգացման անկումը հանգեցրել է աշխատավոր միգրանտների տուն ուղարկվող գումարների ծավալների շեշտակի կրճատմանը:
  • Հայաստանի խոցելի հատվածը ներմուծումից մեծ կախվածությունն է, որի վրա էլ ծախսվում է արտասահմանյան արժույթը:
  • Անցյալ տարի ներմուծման գումարները արտահանումից երեք անգամ ավելի էին, ինչի արդյունքում մեծ առևտրական դեֆիցիտ էր առաջացել:
  • Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը նշել է, որ արժույթի կտրուկ արժեզրկումը սպառնում է գործարարական ակտիվությանը:

Ուշադրությանն արժանի

Արտահանման եկամուտների ու Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազումը հանգեցնում են հայկական դրամի անկմանը: Անցյալ ամսվա ընթացքում հայկական արժույթի կտրուկ անկումը մտավախություն է առաջացրել, որ երկրում կարող է կրկնվել 2008 թ. տնտեսական ճգնաժամը:

Հայկական դրամը սկսեց անկայունանալ նոյեմբերի սկզբին, և ներկայումս այն ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է 11 տոկոսով: Միայն նոյեմբերի 24-ին դրամը դոլարի համեմատ արժեզրկվել է 4 տոկոսով, ինչը հարկադրել է հայկական մամուլում այդ օրն անվանել «Սև երկուշաբթի»: Դեկտեմբերի 10-ի դրությամբ դոլարի փոխարժեքը կազմել է 457 դրամ, ինչը վերջին տասնամյակում դրամի ամենացածր գինն է:

2008 թ. Հայաստանի տնտեսական ճգնաժամը գլոբալ ֆինանսական ճգնաժամի արդյունք էր, սակայն այս անգամ տնտեսագետները նշում են, որ դրամի արժեզրկումը պայմանավորված է ռուբլու կուրսի կտրուկ անկմամբ: Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրական գործընկերն է, բնական գազի հիմնական աղբյուրը, և, որ ամենակարևորն է, աշխատանքով է ապահովում հարյուր հազարավոր հայ աշխատավոր միգրանտներին, ովքեր աշխատած գումարները Հայաստան են ուղարկում:

Արևմտյան պատժամիջոցների արդյունքում ռուսական տնտեսությունը կորուստներ է կրում, բացի դրանցից նավթի գինը անկում է ապրում, որը կարող է Ռուսաստանին կանգնեցնել տնտեսական ճգնաժամի առաջ:

1994-1998 թթ. Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը լրագրողների հետ հարցազրույցում նշել է, որ դրամի արժեզրկումը մասնակիորեն հանգեցնում է Հայաստանի տնտեսական անկմանը, սակայն դա դեռ ողջ պատմությունը չէ:

«Այստեղ առկա է արտաքին գործոնը, որն առաջին հերթին Ռուսաստանն է»,-ասում է նա: «Անցյալ տարվա համեմատությամբ այս տարվա ռուսական տնտեսական ծանր վիճակի պատճառով զգալիորեն կրճատվել են աշխատող միգրանտների Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների ծավալները, միաժամանակ անկում է գրանցվել Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալների մեջ: Արդյունքում կրճատվել են դեպի մեր երկիր արտասահմանյան արժույթի հոսքերը, որն էլ հանգեցրել է դրամի դեվալվացիայի»:

Հայաստանի կենտրոնական բանկը հաստատում է, որ ռուսական տնտեսական զարգացման անկումը, որն ուղեկցվում է ռուբլու կտրուկ արժեզրկմամբ, հանգեցրել է աշխատավոր միգրանտների կողմից տուն ուղարկվող գումարների ծավալների շեշտակի կրճատմանը:

Դրամական փոխանցումները կազմում են դեպի Հայաստան հոսող արտասահմանյան արժույթների հիմնական մասը: Միայն անցյալ տարվա ընթացքում 2.3 միլիարդ դոլար է ուղարկվել Հայաստան, որը կազմում է Հայաստանի՝ արտահանումից ստացվող գումարների ուղիղ կեսը: Այս դրամական փոխանցումների ¾-ը գալիս է Ռուսաստանից:

Կենտրոնական բանկի տվյալով, Ռուսաստանից Հայաստան փոխանցված գումարների հանրագումարը, և հիմնականում աշխատավոր միգրանտների փոխացումները 2014 թ. արագ տեմպով նվազում են: 2013 թ մայիսի համեմատությամբ 2014 թ. մայիսի ցուցանիշը նվազել էր մեկ տոկոսով, օգոստոսին այս հարաբերակցությունը կազմել էր ինը տոկոս, իսկ հոկտեմբերին կրկնապատկվել՝ հասնելով 18 տոկոսի:

Միջազգային առևտուրը արտասահմանյան արժույթի հոսքի մյուս աղբյուրն է:

Ռուսաստանը ԵՄ-ից հետո Հայաստանի երկրորդ խոշոր առևտրական գործընկերն է: Պաշտոնական թվերի համաձայն դեպի Ռուսաստան արտահանումների ծավալը դրամական արտահայտությամբ 6.2 տոկոսով նվազել է հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում:

Հայաստանի հաջորդ խոցելի հատվածը ներմուծումից մեծ կախվածությունն է, որի վրա էլ ծախսվում է արժեքավոր արտասահմանյան արժույթը: Անցյալ տարի ներմուծման գումարները արտահանումից երեք անգամ ավելի էին, ինչի արդյունքում մեծ առևտրական դեֆիցիտ էր առաջացել:

Դրամի արժեզրկման պատճառով հայերը հարկադրված են արտասահմանյան ներմուծումների համար շատ ավելի վճարել: Տնտեսագետներն ու գործարարները մտավախություն ունեն, որ աննշան տնտեսական աճին զուգահեռ ապրանքների և ծառայությունների բարձր գները կարող են ավելացնել երկրում աղքատության ծավալները: Համաշխարհային բանկի տվյալներով 10 հայից 8-ը 2011 թ. սկսած՝ օրական ստանում է 5 դոլարից պակաս գումար:

Մայրաքաղաք Երևանի կենտրոնում նպարեղենի խանութ ունեցող Վարդան Հակոբյանը նշում է. «Հայաստանի տնտեսությունը կախված է ներմուծումից, և մենք ներմուծված ապրանքներ գնելու համար ունենք արտասահմանյան արժույթի՝ դոլարի և եվրոյի կարիքը: Եթե դոլարի նկատմամբ փոխարժեքային կուրսը ավելանա, դա կհանգեցնի ապրանքների և մասնավորապես սննդի մեծ գնաճի: Մարդիկ հարկադրված կլինեն սահմանափակել ծախսերը, ինչն էլ կհանգեցնի տնտեսական աճի և բիզնես եկամուտների կրճատմանը»:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) Միության նախագահ Արսեն Ղազարյանը նշում է, որ արժույթի կտրուկ արժեզրկումը սպառնում է գործարարական ակտիվությանը:

«Կանխատեսելիութունը շուկայի համար կարևոր գործոն է,-ասում է նա,- օրինակ, եթե երեք ամսվա ընթացքում դրամը 1-2 տոկոսով անկում է ապրում, դա խնդիրներ չի առաջացնում, սակայն այսօրինակ կտրուկ անկումը բիզնեսի համար խիստ վտանգավոր է: Մենք չենք ուզում 2009 թ մարտի 3-ի կրկնությունը, երբ դրամը մեկ օրում արժեզրկվեց ավելի քան 20 տոկոսով, ինչն հանգեցնում է ազգային արժույթի նկատմամբ վստահության կորստին»:

2008-2009 թթ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ զուգահեռները Հայաստանի համար հատուկ մտավախություն են առաջացնում, քանի որ այդ ճգնաժամի հետևանքները մինչև օրս հաղթահարված չեն: Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների համաձայն, Հայաստանի տնտեսությունը 2009 թ կրճատվել էր 14 տոկոսով՝ դրանով իսկ պայմանավորելով աշխարհում ամենաշատ տուժած պետությունների ցանկում Հայաստանի զբաղեցրած չորրորդ տեղը: Այս ժամանակվանից սկսած, Հայաստանի հարևանները՝ Վրաստանը և Ադրբեջանը, կարողացել են վերականգնել կորուստները, Վրաստանը՝ արդեն 2010 թ, Ադրբեջանը՝ 2011 թ.: Սակայն Արժույթի միջազգային հիմնադրամը ակնկալիքներ չունի, որ Հայաստանում դա կհաջողվի մինչև 2016 թ.:

Նախկին պատգամավոր և տնտեսագետ Վարդան Բոստանջյանը զգուշացնում է, որ կառավարությունը փորձում է հասնել իր ծրագրած 4 տոկոսանոց աճին, չնայած այն հանգամանքին, որ ներկայումս տնտեսական աճը կազմում է ընդամենը 2.6 տոկոս:

«Դրամի ընթացիկ դեվալվացիան վկայում է, որ, մեղմ ասած, տնտեսությունը լավ վիճակում չէ»,-նշում է նա:«Ես չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես են մտադիր հասնել այդ չորս տոկոսին: Ինչպես 2009 թ, ռուսական տնտեսության վիճակը կարող է լուրջ ազդեցություն ունենալ մեզ վրա»:

Իրավիճակը բարդանում է այն հանգամանքով, որ ռուսական տնտեսությունը կկրճատվի նաև հետագա ամիսների ընթացքում: Նոյեմբերի կեսերին Ռուսաստանի կենտրոնական բանկը կրճատեց 2014 թ. տնտեսական աճի իր ակնկալիքները՝ 0.4-ից իջեցնելով 0.3-ի, ինչը մինչև հաջորդ տարի կարող է զրոյի հավասարվել: Եթե նավթի գինը դառնա 60 դոլար մեկ բարելի դիմաց, ապա բանկի կանխատեսումների համաձայն, Ռուսաստանի տնտեսությունը 2015 թ. կկրճատվի 3.5-4 տոկոսով:

Որոշ տնտեսագետներ անհանգստանում են այն հանգամանքով, որ Հայաստանի դրամավարկային քաղաքականության իրականացնողները ձախողել են ազգային արժույթին օգնելու միջոցառումները:

«Հայկական ժամանակի» («Armenian Times») տնտեսական թեմաների սյունագիր Հայկ Գևորգյանն ընդգծում է, որ նոյեմբերի առաջին երեք շաբաթվա ընթացքում դրամի անկումը կանխելու նպատակով Կենտրոնական բանկը իր արտարժութային պահուստային ֆոնդից (որի ընդհանուր գումարը կամզում է 1.6 միլիարդ դոլար) 92 միլիոն դոլար է ծախսել: Այնուամենայնիվ, ինչպես տեսնում ենք, դա չի օգնել, և ազգային արժույթը կտրուկ անկում է ապրել»,- ասում է Գևորգյանը:

Նոյեմբերի 24-ի՝ «Սև երկուշաբթիի» երեկոյան Կենտրոնական բանկի տարածած հայտարարության մեջ բանկը ժխտում էր այն միտքը, որ ինքն անկարող է կայունացնել իրավիճակը:

«Արժութային կուրսի փոփոխությունները պայմանավորված են տարածաշրջանային և միջազգային ֆինասնական շուկաներում ընթացող վերջին զարգացումներով և ուղղված են տնտեսական աճին և արտահանման մրցունակությանը օժանդակելուն: Հայաստանի Կենտրոնական բանկը բավարար քանակությամբ արտասահմանյան ռեզերվներ ունի, որպեսզի կանխի արհեստական փոխանակային կուրսի հնարավոր տատանումները և ապահովի ֆինանսական կայունությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment