G-բառը. Հայկական կոտորածները և Ցեղասպանության քաղաքականությունը

G-բառը. Հայկական կոտորածները և Ցեղասպանության քաղաքականությունը

Հոդվածի առանցքում

  • Ոչ մի այլ պատմական խնդիր Վաշինգտոնում չի առաջացնում նման անհանգստություն, որքան Ցեղասպանություն բառի կիրառմումը:
  • 1992թ-ին Ջորջ Բուշ Ավագի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բրենտ Սքուքրաֆտի աշխատասենյակում հավաքված պետական ամենաազդեցիկ գործիչները ամենաերկարն են քննարկել ցեղասպանության բանաձևը Կոնգրեսի հետ:
  • Ըստ դե Վալի՝ 1930-70թթ-ի միջակայքում Թուրքիայում միայն մեկ գիրք է հրապարակվել կոտորածների թեմայի վերաբերյալ և այդ տարիներին այլ անդրադարձեր չեն եղել:
  • Թոմաս դե Վալը գրում է, որ ներկայումս ԱՄՆ-ը դարձել է պնդումների ու մերժումների գլխավոր թատերաբեմ:
  • Շատ ամերիկացիների համար այժմ «Հայոց ցեղասպանություն» բառը հիշեցնում է ոչ թե մարդկային սոսկալի տառապանքների պատմություն, այլ լոբբինգի և կոնգրեսական սակարկումների զայրացնող պատմություն, նշում է հեղինակը:
  • Խոսելով փոխհատուցման մասին՝ Դե Վաալը նշում է, որ դժվար է պատկերացնել, թե Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության ճանաչումն ինչ կարող է տալ: ՄԱԿ-ի ցեղասպանության մասին կոնվենցիան հետադարձ ուժ չի պարունակում, հետևաբար, չի կարող վկայակոչվել սեփականությունների կորստի դիմաց պահանջներ ներկայացնելու համար:
  • Դե Վալի համոզմամբ՝ ԱՄՆ-ն պետք է վստահեցնի, որ չի գործում Թուրքիայի դեմ:
  • Ըստ հեղինակի՝ Միացյալ Նահանգները պետք է որդեգրեն այնպիսի քաղաքականություն, որը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և կհամոզի Թուրքիային հարգել հարյուր տարի առաջ հայերի և այլ ազգային փոքրամասնությունների կրած կորուստները:

Ուշադրությանն արժանի

100 տարի առաջ ապրիլին Օսմանյան կայսրությունն իր էթնիկ հայ համայնքի արտաքսման ու ոչնչացման դաժան արշավ սկսեց, ում մեղադրում էր իր Առաջին աշխարհամարտի թշնամի Ռուսաստանին աջակցելու մեջ: Ավելի քան 1 մլն հայ զոհվեց: Մինչև այժմ ԱՄՆ ղեկավարությունը չի կողմորոշվել` արդյոք տեղի ունեցածը անվանել Ցեղասպանությո՞ւն, թե՞ ականջալուր լինել իր դաշնակցին՝ Թուրքիային, որը խիստ ընդդիմանում է այդ եզրույթի գործածմանը՝ սպառնալով ետ կանչել դեսպանին կամ վերանայել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի տարածքում տեղակայված ռազմաբազայի վերաբերյալ պայմանագիրը: Առաջին դեպքում կիրականացվի 1 մլն ամերիկահայ համայնքի և շատ պատմաբանների ցանկությունները, ովքեր կարծում են, որ Վաշինգտոնը բարոյական հրամայական ունի այդ տերմինը կիրառելու: Երկրորդ տարբերակը կբավարարի այն պաշտոնյաներին, ովքեր պնդում են, թե այս պատմությունը շատ բարդ երևույթ է և խորհուրդ են տալիս չբարկացնել Թուրքիային:

Ոչ մի այլ պատմական խնդիր Վաշինգտոնում չի առաջացնում նման անհանգստություն, ասում է հեղինակը: Պետքարտուղարության նախկին ներկայացուցիչներից մեկը հեղինակին պատմել է, որ 1992թ-ին Ջորջ Բուշ Ավագի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բրենտ Սքուքրաֆտի աշխատասենյակում հավաքված պետական ամենաազդեցիկ գործիչները ի համեմատություն այլ հարցերի ամենաերկարն են քննարկել ցեղասպանության բանաձևը Կոնգրեսի հետ:

Այդ տարիներին «ցեղասպանություն» եզրույթը այնպիսի «իշխանություն» էր ստացել, որ շատ գործիչներ խուսափում էին այն բարձաձայն արտաբերել և կոչում էին «G-բառ»: Հայերի մեծամասնության համար թվում է չկա որևէ այլ բնութագրում, որը կարող է նկարագրել իրենց վերապրած տանջանքները: Թուրքիայի կառավարության համար գրեթե ցանկացած այլ եզրույթ ընդունելի է, բացառությամբ «ցեղասպանություն» եզրույթի:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փորձել է վերացնել այս փակուղին իր ապրիլի 24-ին արվող հայտարարություններում՝ այն օրը, երբ հայերն ավանդաբար նշում են ողբերգության տարելիցը, արտաբերելով հայերեն լեզվով «Մեծ Եղեռն» կամ «Մեծ Աղետ» արտահայտությունը: 2010 թ., օրինակ, նա հայտարարեց. «1,5 միլիոն հայեր կոտորվեցին կամ գնացին մահվան Օսմանյան կայսրության վերջին օրերին … Մեծ Եղեռնը հայոց պատմության կործանարար էջերից է, և մենք պետք է կենդանի պահենք իրենց հիշատակը՝ ի հիշատակ նրանց, ովքեր սպանվել են եւ որ չկրկնենք անցյալի ծանր սխալները»:

Սակայն դա հայկական լոբբիստական հիմնական կազմակերպության՝ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (Հայ Դատ հանձնախումբ) ընդունեց որպես «ևս մեկ ամոթալի պարտություն թուրքական սպառնալիքներին»:

Այս իրավիճակում Օբաման կարող է մեղադրել միմյան ինքն իրեն: Իր նախընտրական արշավի ժամանակ նա ամերիկահայ ընտրողներին խոստացավ օգտագործել Ցեղասպանություն բառը, սակայն ընտրվելուց հետո դրժեց խոստումը: 2010 թվականին իր ուղերձում նա իր նախորդներից հեռուն գնաց և բացահայտ ակնարկեց, որ մտքում ունի G տառով սկսվող բառը, երբ հայտարարեց. «Իմ տեսլականն այդ պատմության վերաբերյալ չի փոխվել»: Նա մոտեցավ գծին, սակայն չհատեց այն:

Հոդվածի «Պատմությունը՝ որպես մարտադաշտ» ենթավերնագրի ներքո վերլուծաբանը մանրամասնորեն անդրադարձել է 1915 թ-ին և դրան հաջորդող դեպքերին՝ մեջբերելով արտասահմանյան դիվանագետների վկայությունները հայերի կոտորածների վերաբերյալ: Ըստ դե Վալի՝ 1930-70թթ-ի միջակայքում Թուրքիայում միայն մեկ գիրք է հրապարակվել կոտորածների թեմայի վերաբերյալ և այդ տարիներին այլ անդրադարձեր չեն եղել:

Կարնեգի հիմնադրամի վերլուծաբանը հոդվածում նշում է, որ Թուրքիայում պատմաբանները անցյալի մութ էջերին սկսեցին անդրադառնալ 1970-ական թվականներից, սակայն նախորդ դարասկզբին տեղի ունեցածը ներկայացնում էին այլ լույսի ներքո՝ ժխտելով կոտորածները և հայերին ներկայացնելով որպես դավաճաններ, ովքեր փորձում էին փլուզել Օսմանյան կայսրությունը, իսկ մուսուլմաններին՝ որպես քրիստոնյա գերտերությունների զոհ:

Թոմաս դե Վալը գրում է, որ ներկայումս ԱՄՆ-ը դարձել է պնդումների ու մերժումների գլխավոր թատերաբեմ:

Հայկական սփյուռքը կարծում է, որ բառը կատարյալ է՝ նկարագրելու այն, ինչ տեղի է ունեցել իրենց նախնիների հետ: Հայեցակարգն օգնել է ակտիվացնելու նոր քաղաքական շարժում:

Շատ ամերիկացիների համար այժմ «Հայոց ցեղասպանություն» բառը հիշեցնում է ոչ թե մարդկային սոսկալի տառապանքների պատմություն, այլ լոբբինգի և կոնգրեսական սակարկումների զայրացնող պատմություն, նշում է հեղինակը:

Ցեղասպանության ճանաչման համար պայքարը դարձել է Ամերիկայում գտնվող երկու հայկական խոշոր կազմակերպությունների՝ Ամերիկայի հայկական համագումարի և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գոյության հիմնական պատճառը: Նրանք չեն թաքցնում, որ արշավն օգնում է պահպանել հավաքական ինքնությունը հայկական սփյուռքում, սակայն նրանք չեն սիրում ընդունել, որ արշավը նաև վնաս է հասցրել իրենց գործին՝ «ցեղասպանություն» բառն ավելի շատ կապելով լոբբինգի և կոնգրեսական բանակցությունների հետ, գրում է Դե Վաալը:

Հոդվածում ընդարձակ անդրադարձ կա «ցեղասպանության» եզրույթի ծագման և շրջանառության մեջ դրվելու պատմությանը: Ինչպես նաև խոսվում է այն մասին, որ հայկական լոբբիստական կազմակերպությունները կարողացան ապացուցել, որ Լեմկինի շրջանառության մեջ դրած «ցեղասպանություն» եզրույթը բնութագրում է այն կոտորածները, որոնք իրականցվել են Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ:

«2002թ-ին Արդարություն և Զարգացում կուսակցության իշխանության գալուց հետո թուրքական հասարակությունը սկսել է անդրադառնալ պատմության մութ էջերին՝ ներառյալ նաև ոչ թուրք ազգաբնակչությանը հալածանքների ենթարկելու թեմային: Հասարակության մեջ նման միտումների շնորհիվ վերաբացվեցին մի քանի հայկական դպրոցներ և եկեղեցիներ, թուրք պատմաբանները առանց վախի սկսեցին գրել Օսմանյան կայսրության պատմության վերջին շրջանի մասին»,-նշվում է հոդվածում՝ հիշատակելով նաև Հրանտ Դինքի գործունեությունը, ով, ըստ հոդվածագրի, հանդիսացավ այն կերպարը, ով օգնեց թուրքերին հասկանալ հայերի վերքերը, իսկ հայերին օգնեց հասկանալու թուրքերի ազգային շահերը և այդ առաքելության համար նա վճարեց սեփական կյանքով: Թոմաս դե Վաալը մեջբերում է Հրանտ Դինքին. «Խնդիրը, որին Թուրքիան բախվում է այսօր, ոչ ժխտումն է, ոչ էլ հասկանալու կարողությունը: Ըմբռնման գործընթացի համար Թուրքիան պատմության այլընտրանքային ուսումնասիրման լուրջ կարիք ունի, իսկ դրա համար՝ ժողովրդավարական մթնոլորտի»:

Խոսելով փոխհատուցման մասին՝ Դե Վաալը նշում է, որ դժվար է պատկերացնել, թե Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության ճանաչումն ինչ կարող է տալ: ՄԱԿ-ի ցեղասպանության մասին կոնվենցիան հետադարձ ուժ չի պարունակում, հետևաբար, չի կարող վկայակոչվել սեփականությունների կորստի դիմաց պահանջներ ներկայացնելու համար: Դա անգամ ավելի դժվար է պատկերացնել, որովհետև դա կնշանակի Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իրենց սեփականություններից զրկված տարբեր ժողովուրդների կողմից պահանջների ներկայացում:

Թոմաս դե Վալի կարծիքով՝ այս հարցում միակ լավ նորությունը գալիս է հենց Թուրքիայից, որտեղ թուրք հասարակությունը վերջին տարիներին սկսել է վերանայել իր անցյալի մութ էջերը: Դա թույլ է տվել իսլամացած հայերի ժառանգներին դուրս գալ ստվերից։ Թուրքիայում բացվել են մի քանի հայկական եկեղեցիներ ու դպրոցներ՝ չնայած հայերի տեսանկյունից այդ գործընթացը չափազանց դանդաղ է:

Թոմաս դե Վաալը գրում է, որ հնարավոր է՝ «ցեղասպանություն» բառը սպառել է իրեն և այն չափազանց շատ էմոցիոնալ ուժ է պարունակում, չնայած որ իրադարձությունները նկարագրելու համար ճիշտ եզրույթ է: Ոչ մեկ կամովին չի խոստովանում, որ ցեղասպանություն է իրականացրել: Այս մեղադրանքները ստանալով՝ շատ թուրքեր հավատում են, որ նրանք պետք է իրենց նախնիներին համեմատեն նացիստների հետ:

«Հայոց ցեղասպանություն» բառը սովորական է դարձել գիտական գրականության մեջ, բայց դա չի նշանակում, որ «Մեծ Եղեռնը» զիջում է դրան և ավելի պակաս տպավորիչ արտահայտություն է, գրում է հեղինակը: Եթե այն սկսի լայնորեն օգտագործվել, այն կարող է ստանալ նույն ռեզոնանսը, ինչ «Հոլոքոստ» և «Շոահ» բառերը: Կա նաև «մարդկության դեմ հանցագործություն» եզրույթը, որը չունի էմոցիոնալ ուժ և «ցեղասպանություն» բառի սահմանման հետ կապված խնդիրներ:

Դե Վալի համոզմամբ՝ ԱՄՆ-ն պետք է վստահեցնի, որ չի գործում Թուրքիայի դեմ: Վաշինգտոնը, հետևաբար, կարող է օգնել հայերի և թուրքերի մերձեցմանը, որի օգտին էր հանդես գալիս նաև լրագրող Հրանտ Դինքը: ԱՄՆ-ն կարող է կոչ անել Թուրքիային քայլեր ձեռնարկել, որպեսզի թույլ չտրվի թուրքահայ բնակչության հեռացումը երկրից, պահպանվի Թուրքիայում մնացած հայկական մշակութային ժառանգությունը և վերականգնվի հայերի և այլ փոքրամասնությունների տեղը Թուրքիայի պատմական գրքերում:

Ըստ հեղինակի՝ Միացյալ Նահանգները պետք է որդեգրեն այնպիսի քաղաքականություն, որը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և կհամոզի Թուրքիային հարգել հարյուր տարի առաջ հայերի և այլ ազգային փոքրամասնությունների կրած կորուստները:

Հայերը պետք է կարողանան վերջապես թաղել իրենց նախնիներին և Թուրքիայից ճանաչում ստանալ իրենց սարսափելի տառապանքների համար: Հաշտեցմանն ուղղված այս քայլերն ավելի հնարավոր կդառնան, քանի որ ավելի թափանցիկ Թուրքիան սկսում է առերեսել իր պատմությանը: Եթե դա տեղի ունենա, դրան կհաջորդի մնացած ամենը, եզրափակում է հեղինակը:

 

Թոմաս դե Վալը Կարնեգիի միջազգային խաղաղության հիմնադրամի ավագ փորձագետն է եւ առաջիկայում լույս տեսնող « Մեծ աղետ: Հայերը եւ թուրքերը Ցեղասպանության ստվերի ներքո» գրքի հեղինակը:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

 

Write a comment