Իսլամիստները ոչնչացրել են 1.5 միլիոն քրիստոնյաների հիշատակը հավերժացնող եկեղեցին

Հոդվածի առանցքում

  • Դեյր էզ-Զորի եկեղեցում ծառայող հոգևորականին իսլամիստները առաջարկել են ճանաչել իրենց իշխանության օրինականությունը Սիրիայի հյուսիսում:
  • Ահաբեկիչները այրել են ձեռագրերի խոշոր գրադարանը, որտեղ պահվել են փաստաթղթեր` սկսած 1841 թվականից:
  • Հայոց ցեղասպանության զոհերի ոսկորները իսլամիստները դուրս են բերել եկեղեցու նկուղից և նետել ճանապարհի վրա:
  • Քրիստոնեական գրքեր այրելը հազվագյուտ երևույթ չէ իսլամիստների հսկողության տակ գտնվող տարածքներում: Հոգևորականը պատմել է 1915 թ-ի կատարված վայրագությունները:
  • Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հուշահամալիրի ամբողջական ոչնչացումը կարող է հաշվարկված քայլ լինել:

Ուշադրությանն արժանի

Իսլամիստները պայթեցրել են 1915 թվականին  Իսլամական խալիֆայության իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված եկեղեցին , այրել ձեռագրերի խոշոր գրադարանը, պղծել եկեղեցում պահվող հարյուրավոր զոհերի ոսկորները:

Համակենտրոնացման ճամբարի և հարյուր հազարավոր զոհերի գերեզմանի վերածված Դեյր էզ-Զորի եկեղեցում ծառայող հոգևորականին իսլամիստները առաջարկել են ճանաչել իրենց իշխանության օրինականությունը Սիրիայի հյուսիսում, հակառակ դեպքում սպառնացել են ոչնչացնել եկեղեցին:

Այդպես էլ եղել է հոգևորականի սկզբունքային դիրքորոշման և պահանջը մերժելու պատճառով: Սկզբում հայտարարվել էր, որ եկեղեցին պայթեցրել են Իսլամական պետության զինյալները, բայց այժմ պարզվել է, որ եկեղեցու ոչնչացումը Սիրիայում գործող ալ-Կաիդայի մասնաճյուղի` ան-Նուսրայի ձեռքի գործն է:

Որպեսզի եկեղեցու ոչնչացումն ամբողջական լինի, նրանք այրել են ձեռագրերի խոշոր գրադարանը, որտեղ պահվել են փաստաթղթեր` սկսած 1841 թվականից: Հայոց ցեղասպանության զոհերի ոսկորները իսլամիստները դուրս են բերել եկեղեցու նկուղից և նետել ճանապարհի վրա: Եկեղեցին ռմբակոծվել և վնասվել էր 2012-ին, բայց վերականգնելու հնարավորություն դեռ կար: Հայաստանի արտաքին գործերի նախարարը եկեղեցու ոչնչացումը այս տարվա սեպտեմբերին անվանել է «սարսափելի բարբարոսություն»:

The Independent –ը հաղորդել է եկեղեցու սպասավորի տեղեկությունները, որը խոսել է 1915-ի ցեղասպանության մասին. «Հայոց ցեղասպանության ժամանակ թուրքերը մտել են եկեղեցի և հավատացյալների աչքի առաջ սպանել հոգևորականին` Հայր Պետրոս Թերզիբաշյանին…Այնուհետև նրա մարմինը նետել են Եփրատ գետը: Այս անգամ երբ իսլամիստները եկան, հոգևորականը կյանքը փրկելու համար հեռացավ այդտեղից»:

Քրիստոնեական գրքեր այրելը հազվագյուտ երևույթ չէ իսլամիստների հսկողության տակ գտնվող տարածքներում: Հոգևորականը ընդգծում է` իսլամիստները ավելի վաղ թալանել են իր եկեղեցին և տունը: Եկեղեցու պղծված խորանի վրա արվել է հետևյալ գրառումը. «Շնորհակալություն Աստծուն ալ-Կաիդայի, Նուսրայի ճակատի և Բիլալ աշ-Շամի համար»: Իսլամիստները չեն խնայել նաև նրա գրադարանը: Հոգևորականն ասել է. «Նրանք այրել են իմ բոլոր գրքերը և փաստաթղթերը, որոշները շատ հին էին, իմ գրադարանից ոչինչ չի մնացել, բացի 60 սանտիմետրանոց մոխրից»:

1915-ի Հայոց ցեղասպանությունը իսլամական խալիֆայության ճնշումների մի մասն էր, որն ավարտվել է 1.5 միլիոն քրիստոնյա հայերի մահվամբ: Ցեղասպանության մեկնարկը ամեն տարի Դեյր էզ-Զորի եկեղեցում հիշատակվում էր ապրիլի 25-ին, որը համարվում է Ստամբուլում հայ մտավորականների ձերբակալության առաջին օրը: Կոտորածները սաստկացել էին տարածքներում, որտեղ այսօր էլ Իսլամական պետությունն է իրականացնում սարսափելի սպանություններ` գլխատում, խաչում և կախաղան բարձրացնում:

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հուշահամալիրի ամբողջական ոչնչացումը կարող է հաշվարկված քայլ լինել: Մյուս տարի միջոցառումներ են լինելու ժամանակակից Հայաստանում, բայց այս եկեղեցին, որն Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության զոհերի հանդեպ խոնարհության և հիշատակի կենտրոնն էր, այդպիսին այլևս չի լինելու:

Հոդվածի բնօրրինակն՝ այստեղ:

Write a comment