Տեղեկատվություն-հարուստ ժողովրդավարություն կապը լավ կառավարման բանալին է

Հոդվածի առանցքում

  • Սոցիալական ընտրությունը, որպես պաշտոնական կարգ, սկսեցին ուսումնասիրել 18-րդ դարի վերջին, երբ թեմային առաջինն անդրադարձան ֆրանսիացի մաթեմատիկոսները:
  • Իշխող մեծամասնությունը կարող է հայտնվել փակուղում, երբ քվեարկության ժամանակ որևէ այլընտրանք պարտվում է մեկ այլ այլընտրանքից։
  • Ժողովրդավարության տեղեկատվական բազայի հարստացումը կարող է նպաստել, որպեսզի այն դառնա ավելի իրագործելի, նաեւ թույլ տա հիմնավորել սոցիալական բարեկեցության գնահատումը:

Ուշադրությանն արժանի

Քեմբրիջ

Մարդկային էակները միշտ ապրել են խմբերով, եւ նրանց անհատական կյանքը մշտապես կախված է եղել խմբի որոշումներից: Բայց խմբային ընտրության խնդիրները կարող են բարդ լինել, հաշվի առնելով խմբի անդամների տարամետ շահերն ու մտահոգությունները: Եվ այսպես, ինչպե՞ս պետք է իրականացնել կոլեկտիվ որոշումները:

Բռնապետը, ով ցանկանում է վերահսկել մարդկանց կյանքի բոլոր ոլորտները, ձգտում է անտեսել նրանց նախասիրությունները: Բայց իշխանության այդ մակարդակին հասնելը դժվար է: Սակայն, ավելի կարեւոր է, որ դիկտատուրայի ցանկացած տեսակն ընդունվում է, որպես հասարակության կառավարման սարսափելի ձեւ:

Այսպիսով, բարոյական եւ գործնական պատճառներով սոցիոլոգները երկար ժամանակ ուսումնասիրում են, թե ինչպես են հասարակության անդամների մտահոգությունները տարբեր ձեւերով անդրադառնում իրենց կոլեկտիվ որոշումների վրա, նույնիսկ եթե հասարակությունը լիովին ժողովրդավարական չէ: Օրինակ, մեր թվարկությունից առաջ չորրորդ դարում Արիստոտելը Հունաստանում եւ Կաուտիլյան Հնդկաստանում իրենց դասական գրքերում` Քաղաքականություն եւ տնտեսագիտություն (Politics and Economics), Կաուտիլյայի Արթաշաստրան (Arthashastra), որը  բառացի թարգմանվում է «նյութական բարօրության կարգ», ուսումնասիրել են սոցիալական ընտրության տարբեր հնարավորությունները:

Սոցիալական ընտրությունը, որպես պաշտոնական կարգ, սկսեցին ուսումնասիրել տասնութերորդ դարի վերջին, երբ թեմային առաջինն անդրադարձան ֆրանսիացի մաթեմատիկոսները, մասնավորապես Ջ.Ս. Բորդան եւ մարկիզ դե Կոնդորսեն:

Այդ ժամանակրջանի մտավորականությունը գտնվում էր Եվրոպական լուսավորչականության ազդեցության տակ, որը շահագրգռված էր սոցիալական կարգի հիմնավորված կառուցվածքով և պարտավորվել էր ստեղծել մարդկանց նախասիրություններին արձագանքող հասարակություն:

Բայց Բորդայի, Կոնդորսեի և մյուսների տեսական ուսումնասիրությունները հաճախ հանգեցնում էին բավական հոռետեսական արդյունքների: Օրինակ, Կոնդորսեի ներկայացրած, այսպես կոչված, «քվեարկության պարադոքս»-ը ցույց տվեց, որ իշխող մեծամասնությունը կարող է հայտնվել փակուղում, երբ քվեարկության ժամանակ որևէ այլընտրանք պարտվում է մեկ այլ այլընտրանքից, այնպես որ, ոչ մի այլընտրանք ի վիճակի չէ դիմակայել ցանկացած այլ այլընտրանքի մարտահրավերին:

Սոցիալական ընտրության տեսությունն իր ժամանակակից եւ համակարգված ձեւով ճշգրիտ հիմնավորման համար պարտական է Քենեթ Ջ Արոուի աշխատանքին, գրված 1950 թ.-ին Կոլումբիայի համալսարանի թեկնածուական ատենախոսության մեջ: Արոուի թեզը պարունակում է իր հայտնի «անհնարինության թեորեմը»` ապշեցուցիչ շքեղության եւ հասանելիության վերլուծական արդյունքը:

Արոուի թեորեմը ցույց է տալիս, որ չափավոր ողջամտությունը` անհատների արտոնյալ վարկանիշի վրա հիմված սոցիալական որոշումներ կայացնելու հարցում, չի կարող բավարարվել որեւէ ընթացակարգով: Նրա ատենախոսության վրա հիմնված «Սոցիալական ընտրություն եւ անհատական արժեքներ» գիրքը, որը լույս է տեսել 1951 թվականին, մեկ ակնթարթում դարձավ դասական:

Տնտեսագետները, քաղաքական տեսաբանները, բարոյագիտության եւ քաղաքագիտության փիլիսոփաները, սոցիոլոգները, եւ նույնիսկ լայն հասարակությունը շատ արագ ուշադրություն դարձրեցին ավերիչ արդյունքի վրա, որը ոչ միայն թվում էր, այլեւ այդպիսին էր: Երկու դար հետո, երբ  սոցիալական բանականության տեսլականները զարգացան Լուսավորչական մտածողության մեջ, թվաց, գոնե արտաքուստ, որ ծրագիրը անխուսափելիորեն դատապարտված է:

Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս է առաջանում Արոուի անհնարինության արդյունքը: Դատողությունը, որ սահմանում է թեորեմը, ցույց է տալիս, որ միայն անհատների արտոնյալ վարկանիշի վրա հիմնվելը դժվարացնում է տարբերակել սոցիալական ընտրության շատ տարբեր խնդիրները: Մատչելի տեղեկատվության կիրառումը կրճատվում է արտաքուստ անվնաս թվացող սկզբունքների համատեղման հետեւանքով, որոնք ընդունված են ոչ պաշտոնական քննարկումների ժամանակ:

Դա կարեւոր է, հատկապես սոցիալական բարեկեցության վերաբերյալ դատողություններ անելու դեպքում, երբ համեմատվում են տարբեր անհատների ձեռքբերումներն ու կորուստները, հաշվի են առնում նրանց հարաբերական հարստությունը, որը հնարավոր չէ անմիջապես հեռացնել մարդկանց սոցիալական այլընտրանքների վարկանիշային աղյուսակից: Կարեւոր է նաեւ ուսումնասիրել, թե արտոնյալ վարկանիշային աղյուսակում կլաստերների ո՞ր տեսակներն են խնդրահարույց տարբեր տեսակի քվեարկությունների համար:

Արոուի անհնարինության թեորեմը ի վերջո չափազանց կառուցողական դեր է խաղում ժողովրդավարության պահանջն ուսումնասիրելու հարցում:

Ժողովրդավարության տեղեկատվական բազայի հարստացումը եւ ինտերակտիվ հանրային դատողության օգտագործման ընդլայնումը կարող է զգալիորեն նպաստել, որպեսզի ժողովրդավարությունը դառնա ավելի իրագործելի, նաեւ թույլ տա հիմնավորել սոցիալական բարեկեցության գնահատումը:

Սոցիալական ընտրության տեսությունն, այդպիսով, դարձել է գիտության ճյուղ` ներգրավելով մի շարք տարբեր հարցեր: Ինչ հանգամանքներում է իշխող մեծամասնությունը կայացնում միանշանակ եւ հետեւողական որոշումներ: Որքան հիմնավոր են քվեարկության տարբեր ընթացակարգերը համոզիչ արդյունքներ ստանալու համար: Ինչպե՞ս կարող ենք դատել, թե հասարակությունը, որպես ամբողջություն, ինչպե՞ս է հաշվի առնում իր անդամների տարբեր շահերը:

Ինչպե՞ս կարող ենք համաձայնեցնել անհատների իրավունքները եւ ազատությունները, երբ համապատասխանաբար ճանաչում ենք նրանց ընդհանուր նախասիրությունները: Ինչպե՞ս ենք չափելու ընդհանուր աղքատությունը` հաշվի առնելով տարբեր դժվարություններ եւ տառապանքներ ունեցող մարդկանց, որոնք մեր հասարակության մի մասն են: Ինչպե՞ս ենք գնահատելու սոցիալական արժեքները, ինչպիսին շրջակա միջավայրն է:

Այս հարցերից բացի, արդարադատության տեսությունը կարող է էապես հիմնվել սոցիալական ընտրության տեսությունից բխող դատողությունների եւ վերլուծական արդյունքների վրա (ինչպես քննարկել եմ իմ 2009 թ. «Արդարադատության գաղափարը» The Idea of Justice գրքում): Բացի այդ, ըմբռնումը, որն առաջացել է սոցիալական ընտրությամբ զբաղվող տեսաբանների ընդունած որոշումներից, օգնել է մի շարք հետազոտությունների, որոնք ուղղակիորեն սոցիալական ընտրության տեսության մասը չեն և վերաբերում են օրինակ, գենդերային անհավասարության ձեւերին եւ հետեւանքներին, կամ սովի պատճառահետեւանքային կապին ու դրա կանխարգելմանը:

Հոդվածի բնօրինակը՝ այստեղ։

 

Write a comment