Ջաբհաթ ան-Նուսրան պայթեցնում է Դեյր Էլ-Զորի հայկական եկեղեցին

Հոդվածի առանցքում

  • Սիրիահայերը կարծում են, որ իսլամիստները զենք են ստանում Թուրքիայից:
  • Եկեղեցու ոչնչացումը հայերը ընդունել են իրենց կոտորածի շարունակություն:
  • Դեյր Էլ-Զորի շրջանի պատասխանատուն պատմել է, թե ինչպես է փորձել կանխել իսլամիստ վարձկաններին` ոչնչացնել հիվանդանոցը:
  • Թուրքերն ամեն ինչ անելու են նվազեցնելու համար հայկական հոլոքոստի հանդեպ հետաքրքրությունը` կազմակերպելով հիշատակման իրենց միջոցառումները:

Ուշադրությանն արժանի

Սիրիայի քրիստոնյաների նկատմամբ իսլամիստների ամենավայրենի հարձակման օրինակը եղավ հայկական հրաշալի եկեղեցու պայթեցումը Դեյր էլ-Զորում, որը կառուցվել էր 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ` թուրքերի կողմից սպանված մեկուկես միլիոն հայերի հիշատակին:

Եկեղեցու ամբողջ արխիվը` սկսած 1841  թվականից պահվող նմուշներից, որոնք ներառել են հայկական հոլոքոստի հազարավոր փաստաթղթեր, այրվել են` վերածվելով մոխրի: 99 տարի առաջ զանգվածային կոտորածների զոհերի ոսկորներն էլ, որոնք պահվել են եկեղեցում, դուրս են շպրտվել` հայտնվելով ավերակների կողքին:

Սրբապղծության այս քայլը մեծ ցավ է պատճառել աշխարհով մեկ սփռված հայերին և Հայաստանին, որն անկախացավ 1914-1918 թվականներից` Առաջին աշխարհամարտից հետո: Դա տեղի ունեցավ նաև այն պատճառով, որ հարյուր հազարավոր մարդիկ զոհվեցին Դեյր էլ-Զորի մոտ գտնվող մահվան ճամբարներում:

Այս անգամ մեղավորները Ջաբհաթ ան-Նուսրայի ապստամբներն էին: Շատ սիրիացիներ հավատում են, որ նրանք զենք են ստանում Թուրքիայից: Այդ պատճառով եկեղեցու ոչնչացումը հայերը ընդունել են իրենց կոտորածի շարունակություն, որն այս անգամ նախաձեռնել են 99  տարի առաջ ցեղասպանություն իրագործածների ժառանգները:

Թուրքիան, իհարկե, հայտարարում է, որ ոչ մի ցեղասպանություն չի եղել, ինչը նման է նրան, որ Գերմանիան այսօր հերքի հրեական Հոլոքոստի փաստը:

Բայց հարյուրավոր պատմաբաններ` այդ թվում նաև մեկ թուրք հայտնի գիտնական, ապացուցել  և կասկածից վեր են դասել, որ հայերը ժամանակակից Թուրքիայի և Իսլամական պետության ու դրա գաղափարախոսություն ընդունող զինված խմբերի կողմից վերահսկվող հյուսիսային Սիրիայի անապատներում դիտավորյալ սպանվել են հենց Օսմանյան Թուրքիայի կառավարության հրամաններով:

Անգամ իսրայելցիները նույնացնում են Հայոց ցեղասպանությունը հրեական համարժեք բառին, որը նրանք օգտագործում են նացիստական Գերմանիայի կողմից իրենց ոչնչացումը նկարագրելու համար. «Շոահ», որը նշանակում է «հոլոքոստ»:

Հայ հոգևորական Անդրանիկ Այվազյանը, որը պատասխանատու է Դեյր Էլ-Զորի շրջանի համար, նշել է, որ սեպտեմբերի վերջին` եկեղեցին պայթեցնելուց առաջ, նա նախապայման է ստացել իսլամիստներից: Նրանք խոստացել էին խնայել եկեղեցու արխիվները, եթե նա ընդունի իրենց որպես Սիրիայի այդ տարածքի օրինական իշխանություն: Նա նշել է. «Ես մերժեցի, և իմ մերժումից հետո նրանք ոչնչացրին մեր բոլոր փաստաթղթերն ու նվիրատվությունները: Ցեղասպանության զոհերի ոսկորներն էլ հայտնվել են Մուրղադայում, ես հողին եմ հանձնել դրանք նախքան այդտեղից հեռանալը: Եթե հիմա ես կարողանամ վերադառնալ, անգամ չգիտեմ կկարողանամ գտնել այն վայրը, որտեղ  թաղել եմ  ոսկորները»:

Այվազյանը հետագայում լուսանկար է ստացել, որը գաղտնի ուղղարկվել է իրեն Իսլամական պետության հսկողության տակ գտնվող տարածքից: Այն ցույց է տալիս, որ Դեյր Էլ-Զորի եկեղեցու միայն կենտրոնական զանգակատունն է մնացել, որը կառուցվել է 1846 թվականին:

Ամեն հայ, որ վերադարձել է մահվան այս տարածքները, աղոթել է այդ եկեղեցում: 1915-ից հենց այս հողերում դեռ մնացել են կոտրված գանգեր և ոսկորներ:Երբ 22  տարի առաջ մի ֆրանսիացի լուսանկարչի հետ ես հետաքննում էի այս նույն տարածքում տեղի ունեցած մահվան քայլերթը, մենք բլրի սառցե տարածքում, որտեղ այդքան հայ է մահացել, հայտաբերել ենք տասնյակ կմախքներ, որոնց թուրքերը նետել են Խաբուր գետը, ինչի հետևանքով այն հավերժ փոխել է իր հունը: Մեր գտած որոշ գանգեր և ոսկորներ ես փոխանցել էի իմ հայ ընկերոջը, որը տեղադրել էր դրանք Դեյր Էզ-Զորի եկեղեցու նկուղում` մի կառույցում, որն այսօր ավերակ է:

Այվազյանն ասել է, որ «Հայոց ցեղասպանության ընթացքում թուրքերը մտել են եկեղեցի և հավատացյալների աչքի առաջ սպանել հոգևոր սպասավորին` Տեր Պետրոս Թերզիբաշյանին: Այնուհետև նրա մարմինը նետել են Եփրատի մեջ: Այս անգամ, երբ իսլամիստները եկան, մեր հոգևորականը փախել էր` փրկելով իր կյանքը»: Այվազյանը սիրիական պատերազմում անձնական կորուստներ է կրել, երբ այս տարվա ապրիլի 22-ին իսլամիստ զինյալները ներխուժել են միջերկրածովյան Քեսաբ բնակավայր: «Նրանք այրել են իմ բոլոր գրքերը և փաստաթղթերը, որոշները շատ հին էին, իմ գրադարանից ոչինչ չի մնացել, բացի 60  սանտիմետրանոց մոխրից»: Պարոն Այվազյանը ցույց է տվել ինձ Քեսաբի եկեղեցու խորանի լուսանկարը, որի վրա իսլամիստներից մեկը արաբերեն գրել էր. «Շնորհակալ ենք Ալլահին ալ-Կաիդայի, Նուսրայի ճակատի և Բիլալ աշ-Շամի (իսլամիստական մեկ այլ խումբ) համար»: Սիրիական կառավարական ուժերը քաղաքը վերագրավել են հունիսի 22-ին:

Պարոն Այվազյանը պատմել է իր անձնական արտասովոր պատմությունն այն մասին, թե ինչպես է փորձել կանխել իսլամիստ վարձկանների կողմից հայերի կառուցած  հիվանդանոցի ոչնչացումը, ինչպես է նա մեկնել իսլամիստ զինյալների հետ հանդիպման և հիվանդանոցը չվնասելու խոստման դիմաց համաձայնել վերադարձից հետո բերել  ահաբեկիչների սպանված համախոհների մարմինները: Այվազյանն ասել է. «Երբ ես մոտեցա հիվանդանոցին, սիրիական ռազմական օդանավ թռավ իմ գլխավերևում և շենքից 40 մետր հեռավորության վրա ռումբ նետեց: Ես ճանաչում եմ այն սպային, որն ուղարկել էր այդ կործանիչը: Նա ասել էր, որ կանի դա, որպեսզի ապստամբները չվնասեն ինձ: Նրանք դուրս թռան հիվանդանոցից առնետների պես, բայց ինձ չվնասեցին»: Ավելի ուշ ես խոսեցի սիրիական բանակի ռազմաօդային ուժերի այդ շրջանի պատասխանատուի հետ և նա հաստատեց, որ մտադիր էր ուղարկել ՄԻԳ կործանիչ` հիվանդանոցի մոտակա տարածքը ռմբակոծելու համար: Պարոն Այվազյանը հետագայում Սիրիայի կառավարության թույլտվությամբ գնացել է ճակատամարտի վայր և հավաքել զինյալների մարմինները, որոնք մի քանի կտորի էին բաժանված. մեկի ոտքն էլ շներն էին կերել: Բայց նա խիզախաբար հավաքել է նրանց, տեղավորել բեռնատարի մեջ և հանձնել իսլամիստներին: «Նրանք իրենց խոսքի տերը եղան և հետ կանչեցին իրենց բոլոր վարձկաններին Հասսակեի շրջանից: Ավելի ուշ ես ստացա նամակ նրանց էմիրներից մեկից, որը շատ քաղաքավարի ինձ գրում էր (այստեղ հոգևորականը ինձ ցույց տվեց հետևյալ նշումը). «Մենք երդվում ենք պահպանել ձեր ունեցվածքը և թանկարժեք իրերը, որոնք մենք նույնպես բարձր ենք գնահատում»: Պարոն Այվազյանը զզվանքով նայեց նամակին. «Տեսեք, այստեղ` ամենասկզբում, նրանք տառասխալ են թույլ տվել անգամ Ղուրանի առաջին տողում: Եվ տեսեք, թե հետո ինչ եղավ Դեյր Էլ-Զորում: Այդ ամենը անիմաստ էր»:

Ամեն տարի հազարավոր հայեր հավաքվում են Դեյր Էլ-Զորի եկեղեցում, դա տեղի է ունենում ապրիլի 25-ին` ցեղասպանության մեկնարկի հիշատակման օրը, երբ թուրքերը ձերբակալեցին հայ իրավաբանների, ուսուցիչների և բժիշկների ու Ստամբուլից դուրս սպանեցին:

Ամեն տարի այստեղ հիշում են մեկուկես միլիոն նահատակներին: Ու չնայած սիրիացի զինվորներն առայժմ հսկում են քաղաքի մի մասը և Սիրիայի իշխանությունը խոստացել է վերականգնել հայկական եկեղեցիները, երբ այդ հողերը հետ գրավեն իսլամիստներից, քիչ հույս կա, որ որևէ հայ հինգ ամիս հետո կկարողանա այցելել իրենց եկեղեցիների ավերակները:

Թուրքերն էլ ամեն ինչ անելու են նվազեցնելու համար հայկական հոլոքոստի հանդեպ հետաքրքրությունը` կազմակերպելով հիշատակման իրենց միջոցառումները մյուս տարի` նշելու համար իրենց հաղթանակը դաշնակիցների զորքերի նկատմամբ 1915-ի Գալիպոլի ճակատամարտում:

 

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment