Կիպրոսը, Հունաստանը և Հայաստանը զարգացնում են եռակողմ գործակցությունը
Հոդվածի առանցքում
- Կիպրոսի, Հունաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համաձայնել են, որ հունվարին իրենց երկրների ղեկավարները կհանդիպեն եռակողմ գագաթնաժողովում` հավելելով, որ համագործակցության նպատակը խաղաղության, կայունության և բարգավաճման խթանումն է՝ քաղաքական երկխոսության խորացման միջոցով:
Ուշադրությանն արժանի
Կիպրոսի, Հունաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համաձայնել են, որ հունվարին իրենց երկրների ղեկավարները կհանդիպեն եռակողմ գագաթնաժողովում` հավելելով, որ համագործակցության նպատակը խաղաղության, կայունության և բարգավաճման խթանումն է՝ քաղաքական երկխոսության խորացման միջոցով:
Նրանք նաև պայմանավորվել են համագործակցել տարբեր ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը և ներդրումները, գյուղատնտեսությունը, կրթությունը և գիտութունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և նորարարությունը, առողջապահությունը, ճգնաժամային կառավարումը, մշակույթը և զբոսաշրջությունը:
«Այսօրվա հանդիպումը ակնհայտորեն արտացոլում է մեր միասնական վճռականությունը` հետագայում մեր համագործակցությունը ընդլայնելու և խորացնելու հարցում, զարգացնելու այնպիսի ներուժ, որը կօգտագործվի մեր երկրների և ժողովուրդների համար», – ասել է ԱԳ նախարար Նիկոս Քրիսթոդուլիդեսը:
Այս ամենի համար ԱԳ նախարարները համաձայնեցին փոխանակել տեղեկատվություն, լավագույն փորձը, ինչպես նաև առաջիկա ամիսներին առաջարկություններ կներկայացվեն վերը նշված ոլորտներում հնարավոր համագործակցության վերաբերյալ: Դրանք կքննարկվեն հաջորդ եռակողմ հանդիպմանը:
Քրիսթոդուլիդեսը նաև ասել է, որ հնարավորություն է ունեցել տեղեկացնել իր գործընկերներին Կիպրոսի խնդրի հետ կապված վերջին զարգացումների մասին, ինչպես նաև Թուրքիայի կողմից «Բացառիկ տնտեսական գոտում» (EEZ) էսկալացիոն քայլերի մասին, որոնք խախտում են Կիպրոսի ինքնիշխանությունը և միջազգային իրավունքները:
Երեք նախարարները, ըստ Քրիսթոդուլիդեսի, կարծիքներ են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության և ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման, Եվրամիության և Հայաստանի միջևհարաբերությունների վերաբերյալ:
«Մենք հավաստիացրել ենք ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, որ կաջակցենք ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը», – ասել է նա:
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավարացման մասով նախարարն ասել է, որ առաջիկա շաբաթներին սպասվում է Ներկայացուցիչների պալատի որոշումը: «Համաձայնագրի ուժի մեջ մտնելը Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում նոր նշանակություն կունենա», – ասել է նախարարը:
Իր հերթին Մնացականյանը նշել է, որ այս հարթակի մեկնարկը շատ կարևոր է և խոստումնալից, կնպաստի երեք ժողովուրդների միջև գոյություն ունեցող ավանդական բարեկամության ամրապնդմանը:
Մնացականյանը նաև ընդգծել է, որ համագործակցության նպատակներն են երեք երկրներում և տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը:
Անդրադառնալով եռակողմ համագործակցության ընդլայնմանը` Մնացականյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է ընդունել առաջիկայում սպասվող եռակողմ գագաթնաժողովը:
Հունաստանի ԱԳ նախարար Գիորգոս Կատրավալոսը նշեց, որ Հունաստանը, Հայաստանը և Կիպրոսը շատ նման են, խաղաղասեր երկրներ են, որոնք հավատում են, որ միջազգային իրավունքը ևմուլտիլատերալիզմը հարգելով հնարավոր է ձևավորել միջազգային հարաբերությունների հիմքը և այս երեք երկրները նաև ունեն համատեղ երկար պատմություն:
«Մենք նախատեսում էինք տնտեսական և քաղաքական հարաբերությունների բարելավում, հաջորդ քայլը լինելու է մեր երկրների ղեկավարների եռակողմ գագաթաժողովը», – ասել է նա:
Նախարարը ավելացրեց, որ Հունաստանը մտադիր է օգնել Հայաստանին եվրոպական հեռանկարի մասով:
Նախարարները քննարկել են նաև միջազգային հարցեր և ընդհանուր հետաքրքրությունների ու մտահոգությունների թեմաներ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ