Ղրիմի թաթարներն ասում են, որ ռուսական բռնակցումը կրկին առաջացրել է վախ ու ճնշումներ
Հոդվածի առանցքում
- Ռուսական անվտանգության ուժերը խուզարկում են մահմեդական փոքրամասնության ղեկավարների տները՝ արգելված գրքեր գտնելու պատրվակով:
- Ըստ մարդու իրավունքների դիտորդների տվյալի՝ մարտից 5 թաթար են առեւանգել, եւս 2-ն անհետ կորած են, 2-ն էլ մահացել են խորհրդավոր հանգամանքներում:
- Այժմ Ղրիմում ապրում է 240. 000 թաթար` բնակչության մոտ 10 տոկոսը:
- Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը հերքել է թաթարների հետապնդումների մասին լուրերը։
Ուշադրությանն արժանի
Բոլոգորսկ,Ղրիմ
Ղրիմի թաթարները դառը հիշողություններ ունեն 1944 թվականի բռնագաղթի վերաբերյալ, որի ժամանակ նրանց կտրեցին իրենց հայրենի թերակղզուց: Կրկին Ռուսաստանի վերահսկողության տակ են, ոմանք էլ ասում են, ճնշումը վերականգնվում է եւս մեկ անգամ:
Ռուսական անվտանգության ուժերը խուզարկում են մահմեդական փոքրամասնության ղեկավարների տները՝ արգելված գրքեր գտնելու պատրվակով: Երիտասարդ թաթար տղամարդկանց առևանգում են Ղրիմի փողոցներում: Թաթար ակտիվիստները բանտարկված են: Մի քանիսը սպանվել են: Թաթարների մի մասն էլ ասում է, որ այժմ վախենում են դուրս գալ իրենց տներից:
Սեւծովյան առողջարանային Ղրիմի շրջանը Ռուսաստանին բռնակցելուց ութ ամիս է անցել: Թերակղզին մեկ դար իշխած խմբի ժառանգներն ասում են, որ վախենում են իրենց նորից բաժանելու ջանքերից: Նրանց լավագույն առաջնորդներն աքսորվել են Կիեւ: Նրանք, ովքեր մնում են, ասում են, որ Ղրիմի ռուսական նոր իշխանություններն ավելի շատ ժամանակ են վատնում իրենց հետաքննելու, քան առեւանգումները բացահայտելու վրա:
Վերլուծաբաններն էլ ասում են, որ ռուսական անվտանգության ծառայություններն օգտագործում են նույն մարտավարությունը, ինչը կիրառում են երկրի ներսում գործող իսլամիստ ապստամբների դեմ: Ըստ Ղրիմի թաթարների ղեկավարների՝ տարբերությունն այն է, որ թերակղզում ապստամբներ չկան: Բայց նրանք մտավախություն ունեն, որ կոշտ մոտեցումը կարող է ծայրահեղացնել համայնքի առավել դժգոհ անդամներին:
Խորհրդային ժամանակաշրջանի ճնշումների հիշողությունները խորն են, քանի որ թաթարներին թույլ են տվել Ղրիմ վերադառնալ միայն Խորհրդային Միության վերջին տարիներին: Որպես անկախ Ուկրաինայի մի մաս, նրանք զարգացրել են ինքնակառավարման նոր կառույցներ, որոնք այժմ փակվել են:
Ըստ մարդու իրավունքների դիտորդների տվյալի՝ մարտից հինգ թաթար են առեւանգել, եւս երկուսն անհետ կորած են: Երկու թաթար էլ մահացել է խորհրդավոր հանգամանքներում:
Ղրիմի տափաստանում գտնվող Բելագորսկ քաղաքում, որը հիմնականում թաթարներով է բնակեցված, սպիտակեցված մինարեթը կանչում է աղոթքի: Շուրջը մեքենայի մասեր վաճառող խանութներ են, ավտոկայանատեղեր՝ լցված խորհրդային ժամանակաշրջանի lada մակնիշի մեքենաներով, որոնք կրում են թաթարական կապույտ փոքր դրոշակներ: Այստեղ` շինարարական նյութերի մատակարարման խանութի հետնամասում, սեպտեմբերի վերջին սև հագած մի խումբ տղամարդիկ Volkswagen մեքենա նստեցրին Աբդուրեշիդ Ջեպարովի 17-ամյա որդուն եւ 24-ամյա զարմիկին: Այդ օրվանից նրանց մասին լուր չկա:
«Նրանք ուզում են մեզ վախեցնել: Ուզում են, որ ապրենք վախի պայմաններում: Հավանաբար, նրանք մեզնից արմատական գործողություններ են սպասում: Իսկ եթե նրանց հաջողվի կոտրել որեւէ մեկին, դա կլինի աղետ», – ասաց 55-ամյա Ջեպարովը, թաթար ակտիվիստ:
«Ուկրաինայում, մենք մոռացել էինք, թե ինչ են հնչում ազդանշանները: Հիմա դրանք լսում ենք ամբողջ ժամանակ, ամբողջ ճանապարհին»,- ասում է նա, քանի որ անվտանգության ծառայությունները այցելում են թաթարների առաջնորդներին, մզկիթներ եւ դպրոցներ:
Ջեպարովը կարծում է, որ իր որդուն եւ եղբորորդուն առեւանգել են Ռուսաստանի անվտանգության ուժերը, քանի որ ոստիկանությունը ոչինչ չի անում այդ գործով, թեեւ նրանց զանգահարել է դեպքից հինգ րոպե անց:
Մյուս ոտնձգությունն ավելի բացահայտ էր: Սեպտեմբերին ռուսական անվտանգության ուժերը փակեցին թաթարների ներկայացուցչական մարմնի շտաբը՝ Մեջլիսը, քանի որ նրա ղեկավարներն այն չէին գրանցել Ռուսաստանում: Խորհրդի անդամները վախենում են, որ իրենց կարող են օրենքից դուրս համարել:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Ստալինը թաթարներին՝ սուննի մահմեդական էթնիկ խմբին, որի լեզուն կապված է թուրքերենին, մեղադրում է նացիստական Գերմանիայի հետ համագործակցելու համար: 1944 թվականին Ստալինն ամբողջ բնակչությանը գնացքներով ուղարկում է Խորհրդային Միության հեռավոր շրջանները: Դաժան ճամփորդության ժամանակ նրանց գրեթե կեսը մահանում է: Վերակառուցման (perestroika) ընթացքում `1980- ականների վերջին, թաթարներին թույլ են տալիս վերադառնալ:
Այժմ Ղրիմում ապրում է 240. 000 թաթար` բնակչության մոտ 10 տոկոսը:
Միջազգային դիտորդները դատապարտել են Ռուսաստանի իշխանություններին` թաթարների հետ իրենց հարաբերությունները կարգավորելու ձևի համար:
«Սա ողբերգական պատմություն ունեցող բնակչություն է, որն անցել է դժոխքի միջով իր պատմական հայրենիքը վերադառնալու համար: Սակայն հիմա այն չունի լիարժեք իրավունքները, որոնք ընդունում էին ուկրաինացիները: Այժմ նրանց ռուսները մեծ ճնշման են ենթարկում», – ասել Նիլս Մույժնիեկսը, որը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն է և հոկտեմբերին հրապարակել է Ղրիմի իրավիճակի վերաբերյալ իր հաշվետվությունը: Նա ասել է, որ Ռուսաստանի անվտանգության գլխավոր գործակալությունը մեկ մարտավարություն ունի՝ հիմնված Հյուսիսային Կովկասի վրա և թաթարներին նրանք վերաբերվում են, որպես պոտենցիալ ջիհադիստների:
Մույժնիեկսն ասել է, որ միակ անհանգստությունն այն է, որ Ռուսաստանը թաթարներից վտանգ է սպասում, և այդ մտավախությունը կարող է իրականանալ: «Դա խիստ ռիսկային է բնակչությանը գլխատել իր ղեկավարությունից», – ասել է նա:
Թաթարների ղեկավարն իր կյանքում երկրորդ անգամ է ստիպված հեռանում Ղրիմի իր տանից և այժմ Կիեւում է:
«Ռուսաստանի Դաշնությունը լրիվ խորթ երկիր է: Մենք միշտ հայտարարել ենք, որ մեր երկրի ապագան տեսնում ենք Ուկրաինայի տարածքում»,- ասել է 71-ամյա Մուստաֆա Ջեմիլեւը` երկար տարիներ Ղրիմի թաթարների առաջնորդը` Կիեւի իր փոքր բնակարանում տված հարցազրույցի ժամանակ:
Նա այստեղ է ապրում, երբ մայիսին ստիպված եղավ վերադառնալ Ուկրաինայի ու Ղրիմի միջև նոր սահմանից: Մյուս թաթար առաջնորդները, ովքեր փորձել են հանդիպել նրան անվտանգության անցակետի մոտ, 220 դոլարով տուգանվել են, գումար, որը մոտ է Ղրիմում միջին ամսական եկամտուտին:
«Բռնակցումից հետո նրանք ինձ Մոսկվա հրավիրեցին»,- ասաց Ջեմիլեւը,- «Ես կես ժամ խոսել եմ Պուտինի հետ: Նա խոստացավ, որ կօգնեն Ղրիմի թաթարներին: Ես նրան ասացի, որ կարող է օգնել մեզ` զորքը հեռացնելով»:
Ռուսաստանի ներկայացուցիչները Ղրիմում ասում են, որ հարգանքով են վերաբերվում թաթարներին:
«Հետապնդման մասին հայտարարությունները պարզապես խոսքեր են»,- հայտարարել է Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը՝ գրավոր պատասխանելով հարցերին,- «Այս հայտարարություններն արվում են Ռուսաստանին անհարմար դրության մեջ գցելու համար, ցույց տալու, որ Ղրիմում ամեն ինչ վատ է»: Նա ասաց, որ թաթարների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին որեւէ բողոք չի ստացել: Բայց շատ թաթարներ էլ ասում են, որ իշխանությունները քաջատեղյակ են խնդիրներին:
Սեպտեմբերի վաղ առավոտյան անվտանգության աշխատակիցները եկել էին Բելոգորսկի մոտ Մուստաֆա Ասաբայի տուն ,այն ժամանակ, երբ նա սուրճ էր խմում ու դիտում լուրերը: Նա պատմել է, որ մի քանի տասնյակ աշխատակիցներից շատերը լավ զինված էին: Ասաբան բացել է դուռը, քանի որ աղմուկ է լսել իր բակում: Նրանք զննել են ամբողջ գրադարանը, փնտրել են նյութեր, որոնք Ռուսաստանում արգելված են որպես «ծայրահեղական», սակայն թույլատրվում էին Ուկրաինայում:
«Ես նրանց ասացի, որ պատկերացում չունեմ, թե ինչ արգելված գրականության մասին է խոսքը», – ասել է Ասաբան, որը ղեկավարում է թաթար առաջնորդների տեղական խորհրդը,- «Ես շատ գրքեր ունեմ: Շատ եմ կարդում, դրանց մի մասը կրոնական են: Զինված գործակալները խուզարկել են տունը եւ ստուգել յուրաքանչյուր անկյունը»,- ասել է նա: Այն տեւել է 3 ու կես ժամ, նրանք տարել են հինգ գրքույկ:
«Ուկրաինայում չկար արգելված գրականություն հասկացությունը»,-ասաց Ասաբան:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։