Եկեք Թուրքիայում նշենք Հայոց Ցեղասպանության տարելիցը

Եկեք Թուրքիայում նշենք Հայոց Ցեղասպանության տարելիցը

Հոդվածի առանցքում

  • Լրանում է Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության 100 տարին, Ցեղասպանություն, որը խլեց միլիոն ու կես հայի կյանք: 100 տարի շարունակ այս ոճրագործության ժխտումը եղել է Թուրքական պետության դիվանագիտության և քաղաքականության առանցքը, պետություն, որը կառուցվել է մասամբ հայերի ունեզրկման և արտաքսման ու նրանց մշակույթի ոչնչացման հիման վրա:
  • Այս տարի թուրքական պետությունը անպատկառ կերպով ծրագրում է ապրիլի 24-ին տոնել Գալլիպոլիի ճակատամարտի տարելիցը՝ դրանով նոր փորձ անելով ստվերել Հայոց Ցեղասպանությունը: Ավելացնենք նաև այն հանգամանքը, որ թուրքական պաշտոնյաները հարձակողական արշավ են վարում՝ ձգտելով կանխել Հայոց Ցեղասպանության ոգեկոչման արարողություններին միջազգային հանրության ներգրավումը:
  • Կոչ ենք անում ճշմարտության բոլոր կողմնակիցներին՝ ապրիլի 24-ին խաղաղ կերպով միասին նշել հայերի դեմ իրականացված Ցեղասպանության տարելիցը: Այս Ցեղասպանության ոգեկոչումը վերաբերվում է ոչ միայն թուրքերին և հայերին, այլ նաև ամբողջ մարդկությանը:

Ուշադրությանն արժանի

Լրանում է Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության 100 տարին, Ցեղասպանություն, որը խլեց միլիոն ու կես հայի կյանք: 100 տարի շարունակ այս ոճրագործության ժխտումը եղել է Թուրքական պետության դիվանագիտության և քաղաքականության առանցքը, պետություն, որը կառուցվել է մասամբ հայերի ունեզրկման և արտաքսման ու նրանց մշակույթի  ոչնչացման հիման վրա:

100 տարի է անցել, սակայն ցեղասպանության ժխտումն ու թողտվությունը մինչև օրս ծնում են նոր զոհեր, բռնություններով հարստացնում ազգայնականությունն ու ռասիզմը, հակամարտություններ բորբոքում և ճնշում Թուրքիայում խոսքի ազատությունն ու դեմոկրատիան:

Մի քանի տարվա ընթացքում Թուրքիայի քաղաքացիական հասարակության մեջ լսելի դարձան այն ձայները, որոնք, եվրոպական քաղաքացիական հասարակության աճող օժանդակությամբ, կոչ են անում ճանաչել Ցեղասպանության իրողությունը և այս ոճիրը նշել Թուրքիայում: Սա  2010 թվականից սկսած Թուրքիայում Հայոց Ցեղասպանության ոգեկոչմանն ուղղված միջոցառումների համատեքստում է:

Այս տարի թուրքական պետությունը անպատկառ կերպով ծրագրում է ապրիլի 24-ին տոնել Գալլիպոլիի ճակատամարտի տարելիցը՝ դրանով նոր փորձ անելով ստվերել Հայոց Ցեղասպանությունը: Ավելացնենք նաև այն հանգամանքը, որ թուրքական պաշտոնյաները հարձակողական արշավ են վարում՝ ձգտելով կանխել Հայոց Ցեղասպանության ոգեկոչման արարողություններին միջազգային հանրության ներգրավումը:

Մենք՝ եվրոպացիներ, հայերս, թուրքերս ու քրդերս, ովքեր նախաձեռնել, կազմակերպել, օժանդակել կամ մասնակցել են այս արարողություններին, կոչ ենք անում ճշմարտության բոլոր կողմնակիցներին՝ ապրիլի 24-ին խաղաղ կերպով  միասին նշել հայերի դեմ իրականացված Ցեղասպանության տարելիցը:

Այս Ցեղասպանության ոգեկոչումը վերաբերվում է ոչ միայն թուրքերին և հայերին, այլ նաև ամբողջ մարդկությանը: Այսօր թուրքական հասարակության շրջանում առանցքային հարց է  Ցեղասպանության ժխտման դեմ պայքարը: Մեր արշավը համընդհանուր բնույթ ունի: Սա համերաշխության, արդարության և դեմոկրատական արժեքների  զարգացմանն ուղղված ապագայամետ կողմնորոշում է:

Սա համերաշխության արշավ է բոլոր նրանց միջև, ովքեր պայքարում են պատմական ճշմարտության համար: Այստեղ բաժանարարն անցնում է ոչ թե հայերի և թուրքերի միջև, այլ նրանց միջև, ովքեր, անկախ ազգային պատկանելությունից և ծագումից, ժխտում են Ցեղասպանությունը կամ ընդունում այն:

Սա արդարության արշավ է: Ցեղասպանությունը ամենավայրագ քաղաքական գործողությունն է,  որին կարող է հանգեցնել ռասիզմը, և ժխտումը այդ գործողության մի մասն է: ժխտման դեմ պայքարը ռասիզմի դեմ պայքար է, հետևաբար՝ նաև պայքար հանուն ավելի հավասար և արդար հասարակության:

Սա դեմոկրատական արժեքների զարգացման արշավ է: Անվերադարձ կորածներին  հիշելը հումանիզմի և խորհրդանշական փոխհատուցման գործողություն է, որը ներառում է մեզ՝ բոլորիս: Թուրքիայում դա նշելը կնպաստի կարծիքի ազատ արտահայտմանը և կասկածի տակ կդնի այս պետության ոչ դեմոկրատական իշխանության բնույթի հիմքերը: Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր  կիսում են այս արժեքներն ու տեսլականը,  միանալ մեզ և ապրիլի 24-ին Ստամբուլում նշել Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը:

Բենջամին Աբթան, Եվրոպական զանգվածային հակառասիստական շարժման նախագահ (EGAM),

Ալեքսիս Գովչիյան և Նիկոլաս Թավիթյան, Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU), ՝ նախագահ և տնօրեն, Եվրոպա,

Լեվենթ Սենսեվեր մամուլի խոսնակ Դուրդեում (Թուրքիա):

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment