Սամուել Սևյան. Ամերիկահայ պատանի գրոսմայստերի հաղթարշավը

Հոդվածի առանցքում

  • Սամուել Սևյանը մինչև 12 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոնն է։
  • Ամերիկահայ շախմատիստը վաստակել է ՖԻԴԵ-ի 2500 վարկանշային միավորը, որը գրոսմայստեր դառնալու նորմն է:
  • Սևյանը 6-րդ ամենաերիտասարդ գրոսմայստերն է ամբողջ աշխարհում:
  • Սևյանն աշխարհում առաջինն է մինչև 14 տարեկանների մեջ, 35-րդն է ԱՄՆ բոլոր շախմատիստների թվում:

Ուշադրությանն արժանի

Չնայած Բոբի Ֆիշերի գոյությանը, Միացյալ Նահանգներում շախմատը երբեք սպորտային մեծ ֆենոմեն չի եղել: Փոքր Հայաստանում շախմատը կրոն է: Այս երկիրը, որն ունի երեք միլիոնից էլ քիչ բնակչություն, տվել է աշխարհի երկու չեմպիոն: Տիգրան Պետրոսյան և Գարի Կասպարով, չնայած Կասպարովը կիսով չափ հրեա է և ծնվել է Ադրբեջանում: Սկսած միջնադարյան Անի քաղաքի անկումից` 1045 թվականին, հայերը ցրվել են ամբողջ աշխարհում` ստեղծելով տաղանդավոր գործարարների, մշակութային գործիչների և գիտնականների գլոբալ սփյուռք: Թվում է` շախմատիստները այդ սփյուռքը համալրող ամենաթարմ խավն են:

Շուտով Հայաստանը կարող է ևս մեկ անգամ հայտնվել Շախմատի աշխարհի առաջնության եզրափակչում և մրցել Միացյալ Նահանգների հետ, որը նույնպես սպորտում ունի լավ ավանդույթներ: Դրա օրինակներից մեկը չափազանց ինքնատիպ է, հնարավոր է նաև` անհաղթահարելի. խոսքը Սամուել Սևյանի մասին է:

Սևյանը այժմ 14 տարեկան է, նա ամերիկահայ է, նրա հայրը ներգաղթյալ է` Արմեն Սևյանը: Որդին սկսել է շախմատ խաղալ, երբ դեռ ընդամենը հինգ տարեկան էր և ստացել է գրոսմայստերի որակավորում 13 տարեկանում: Իր շախմատային կարիերայի ընթացքում նա գերազանցել է բոլոր ժամանակների ամերիկյան մի քանի ռեկորդներ: Սևյանը դարձել է ԱՄՆ շախմատի ֆեդերացիայի ամենաերիտասարդ մասնագետը, երբ դեռ ընդամենը 8 տարեկան էր, 9 տարեկանում դարձել է ամենաերիտասարդ Ազգային Վարպետը, նաև ԱՄՆ շախմատի առաջնության պատմության ամենաերիտասարդ մասնակիցը, երբ ընդամենը 12 տարեկան էր: Սամուելը նաև հաղթել է Սլովենիայում անցկացված Աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությունը: Անցած նոյեմբերին Սևյանը հատել է ՖԻԴԵ-ի 2500 վարկանշային միավորը, որը գրոսմայստեր դառնալու նորմն է: Սրանով Սամուելը դարձել է Հայաստանի պատմության ամենաերիտասարդ գրոսմայստերը` մետ մեկ տարով գերազանցելով տարիքային նախորդ ռեկորդը, որի հեղինակն էր գրոսմայստեր Ռեյ Ռոբսոնը: Նա ստացել էր այդ տիտղոսը 2009-ին, որից մի քանի շաբաթ անց լրացել էր նրա 15-ամյակը:

Դա նշանակում է, որ Սևյանը 6-րդ ամենաերիտասարդ գրոսմայստերն է ամբողջ աշխարհում:

2014-ին, հաղթահարելով գրոսմայստեր դառնալու համար անհրաժեշտ բոլոր երեք աստիճանները Foxwoods Open-ում, Saint Louis GM Invitational-ում և Washington International-ում, Սևյանը դարձավ ամենաերիտասարդ ամերիկացին, որ երբևէ բավարարել է գրոսմայստերի բոլոր անհրաժեշտ պահանջները 13 տարեկանում:

Նյու Յորք Թայմսը այս տարի նրա մասին գրել է. «Եթե նա ստանա միավորներ, որն իրեն պետք են մինչև իր ծննդյան օրը` դեկտեմբերի 26-ը, Սևյանը կդառնա աշխարհում 7-րդ  շախմատիստը, որը դառնում է գրոսմայստեր մինչև 14 տարեկանը»:

Սևյանը ծնվել է Քորնինգում` Նյու Յորքում և այժմ բնակվում է Հարավային Բրիջում` Մասաչուսեթսում: Նրա հայրը` Արմեն Սևյանը, լազերային ֆիզիկայի մասնագետ է, որը 1996 թվականին ԱՄՆ է եկել Հայաստանից դոկտորական կրթություն ստանալու համար: Շախմատային առաջին քայլերը որդուն հայրն է սովորեցրել և տարիների ընթացքում մարզել է նրան: Շախմատի երկրպագու լինելով` Արմենը իր որդու առաջին մարզչի գործը վստահել է շախմատի մեկ այլ մասնագետ Հենրիխ Գասպարյանին` դեռ վաղ տարիքից երեխային ներշնչելով սեր այդ խաղի նկատմամբ:

Հայաստանը Իրանից հյուսիս` Կովկասում գտնվող, դեպի ծով ելք չունեցող փոքր երկիր է, մոտավորապես Մերիլենդ նահանգի չափ: Չնայած իր փոքր չափերին, Հայաստանը 2006-ից սկսած հաղթել է շախմատային հինգ Օլիմպիադաներից երեքում և 2011-ի  Աշխարհի առաջնությունում:Պատմաբաններն ասում են, որ շախմատը Հայաստան է եկել Հնդկաստանից 9-րդ դարում: 20-րդ դարի կեսերին հայաստանյան գյուղական համայնքներում դեռ խաղում էին շախմատի սկզբնական տարբերակը, որը հայտնի է Ճատրակ անունով: Պատմական ավանդույթ, որը գործել է ավելի քան 11 դար:

Ըստ Կալիֆոռնիայում բնակվող ամերիկահայ գրոսմայստեր և ԱՄՆ շախմատի կանանց ազգային հավաքականի մարզիչ Մելիքսեթ Խաչիյանի՝ հայերը, սովորաբար, ուժեղ են ինտելեկտուալ խաղերում: Տիգրան Պետրոսյանի հաղթանակը 1960-ականներին` Սովետական իշխանության ժամանակ հոգեբանական հսկայական ազդեցություն ունեցավ մեր ազգի վրա: 2011-ին Հայաստանը շախմատը դարձրեց դպրոցական պարտադիր առարկա, որից հետո այդ որոշումը կրկնօրինակեցին Հունգարիան և Ուկրաինան:

Սևյանն այժմ առաջինն է մինչև 14 տարեկանների մեջ, ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ աշխարհում, և 35-րդն է ԱՄՆ բոլոր ակտիվ շախմատիստների թվում: Կարճ հեռախոսազրույցում երիտասարդ Սամուելը ասաց, որ  ինքը երջանիկ է իր ձեռքբերումներով, բայց ավելի մեծ ծրագրեր ունի ապագայի համար: Ամերիկայի ամենաերիտասարդ գրոսմայստերը հունվարին ծրագրում է միջազգային մեծ շրջագայություն դեպի Վեյկ-ան-Զեե` Նիդեռլանդներ: Սամուելի առաջնահերթ նպատակներից է իր խաղը նոր մակարդակի բարձրացնելը, հնարավոր է` մյուս տարի մինչև 2600 վարկանշային միավորի հասնելը: Թվում է` Սևյանի համար վերջնակետ կարող է լինել միայն երկինքը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment