Շառլ Ազնավուրը` ֆրանսիացի երգող աստղը մահացավ 94 տարեկանում
Հոդվածի առանցքում
- Ֆրանսիացի երգիչ, երգերի հեղինակ Շառլ Ազնավուրը մահացավ 94 տարեկանում` հետևում թողնելով երգչի ավելի քան 80 տարվա կարիերա: Ազնավուրն ամուսնացած է եղել երեք անգամ, ունի 6 զավակ:
Ուշադրությանն արժանի
Աստղը մահացավ Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող իր տներից մեկում:
Հայ ներգաղթյալների ընտանիքում ծնված արտիստը վաճառել է ավելի քան 180 միլիոն ձայնագրություն, նկարահանվել ավելի քան 60 ֆիլմերում: Նրան մեծ ճանաչում բերեց «She» երգը:
2017-ին Հոլիվուդյան փառքի ճեմուղիում բացվեց նրա անվան աստղը: Դեռևս 1998-ին CNN-ը նրան անվանեց դարի արտիստ:
Երգիչը ծնվել է 1924թ-ին Փարիզում, հայի ընտանիքում, նրա ծնողները ցեղասպանությունից փախել էին Ֆրանսիայի մայրաքաղաք` նոր կյանք սկսելու ակնկալիքով:
Ազնավուրի հեղինակած երգերի հիմքում գաղթական ընտանիքի զրկանքներն են ու սեփական փորձը:
Երգիչը պատրաստվում էր համերգային շրջագայության Ֆրանսիայում և Շվեյցարիայում: Շրջագայության մեկնարկը տրվելու էր այս տարվա նոյեմբերին, բաղկացած էր 7 համերգից:
Նա վերջերս էր վերադարձել Ճապոնիայից: Ձեռքի կոտրվածքի պատճառով ստիպված էր չեղարկել ամառը նախատեսված համերգները:
Ազնավուրը ձայնագրել է ավելի քան 1200 երգ՝ 7 լեզուներով: Դրանք ներկայացվել են աշխարհի 94 երկրներում:
Համասեռամոլություն, ամուսնություն ու տղամարդու զգացմունքների բացահայտում. Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա անունը ստացած Ազնավուրի երգերը նաև տաբու համարվող թեմաներով էին: 1973 –ին գրած «What Makes a Man» հիթը տրանսվեստիտ համասեռամոլի մասին էր:
90-ամյա երգչի համերգները շարունակում էին մարդաշատ լինել, նա շարունակում էր երգել իր կյանքի մասին, ծագումով շվեդ իր կնոջ մասին, որի հետ նշում էր ամուսնության 50-ամյա հոբելյանը:
Նա հաջողակ էր և’ որպես երգիչ, և’ որպես դերասան: 1960թ.-ին էկրան բարձրացավ «Shoot the Piano Player» («Սպանել դաշնակահարին») ֆիլմը, որտեղ Շառլը գլխավոր դերում էր:
Օսկարակիր «The Tin Drum» («Թիթեղյա թմբուկը») ֆիլմում Շառլը խաղալիք վաճառող հրեայի դերում էր:
Նախագահ Էմանուել Մակրոնն Ազնավուրի մեծ երկրպագուն է: Նրա դասընկերները պատմում են, որ կարաոկե-երեկույթների ընթացքում նախագահը հաճախ էր երգում Ազնավուրի երգերը:
Ազնավուրը ակտիվ բարեգործական գործունեություն էր ծավալում. 1988-ին Հայաստանում ավերիչ երկրաշարժից հետո, իր ընկերոջ` Լևոն Սայանի հետ հիմնեց բարեգործական հիմնադրամ:
2009-ին նշանակվել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, Ժնևում Միավորված Ազգերի Կազմակերպության պատվիրակն էր:
Երգչուհի Պետուլա Կլարկը BBC-ի հետ զրույցում խոստովանել է . «Նա հիասքանչ մարդ էր, շատ զվարճալի: Նա վարպետ էր, բեմի վրա նրան տեսնելը յուրահատուկ բան էր»:
«Ազնավուրը կհիշվի իր երգերով: Նա հիպնոսացնում էր: Կհիշեմ նրան որպես լավագույն ընկեր ու լավագույն արտիստ»:
Աշխարհի հազարավոր երկրպագուներ հարգանքի տուրք են մատուցում թվիթերյան իրենց էջերում:
«Good Morning Britain»-ի հաղորդավար Պիրս Մորգանը գրում է.«Կհիշեմ նրան որպես խելացի, պերճախոս և հմայիչ մարդու»:
Երաժիշտ Ռիչարդ Քոուլը գրել է. « Ազնավուրը Սինատրայից ավելի լավ երգիչ է»:
BBC 6 Music-ի Ժիլ Պետերսոնն էլ կիսվել է Ազնավուրի կատարմամբ իր ամենասիրելի երգով` «Hier Encore…»
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: