Գյանջայի դեպքերից հետո ձերբակալվածը մահացել է բանտում

Գյանջայի դեպքերից հետո ձերբակալվածը մահացել է բանտում

Հոդվածի առանցքում

  • 2018-ի հուլիսին Գյանջայում բողոքի ակցիաներից հետո 80 ձերբակալվածներից Այդին Գուրբանովը մահացել է քաղցկեղից: Բաքվի իշխանությունները հրաժարվել են նրան ազատ արձակել, չնայած իր հարազատների և իրավապաշտպանների բողոքներին: Գուրբանովը ձերբակալվել է 2018-ի հուլիսին Ադրբեջանի երկրորդ խոշոր քաղաք Գյանջայում զանգվածային բողոքի ակցիաներից հետո:

Ուշադրությանն արժանի

 

2018-ի հուլիսին Գյանջայում բողոքի ակցիաներից հետո 80 ձերբակալվածներից Այդին Գուրբանովը մահացել է քաղցկեղից: Բաքվի իշխանությունները հրաժարվել են նրան ազատ արձակել, չնայած իր հարազատների և իրավապաշտպանների բողոքներին:

Գուրբանովը ձերբակալվել է 2018-ի հուլիսին Ադրբեջանի երկրորդ խոշոր քաղաք Գյանջայում զանգվածային բողոքի ակցիաներից հետո: Նա մեկ տարի անցկացրել է նախնական կալանքի տակ, ինչից հետո մահացել է:

Մարտին Գուրբանովը տեղափոխվել էր Բաքվի Քրեակատարողական ծառայության բժշկական բաժին, քանի որ նրա առողջական վիճակը վատթարանում էր:

Նրա կինը` Մահբուդա Մամմադովան, «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Գուրբանովը մահացել է հուլիսի 10-ին:

Մամմադովային թույլատրել են ամուսնուն տեսնել 15 րոպե, ինչից հետո Գուբանովն ընկել է կոմայի մեջ և մահացել կարճ ժամանակ անց:

«Խնդրեցի պաշտոնյաներին, որ թույլ տան ինձ հետ տանել նրան, որ գոնե վերջին շնչին տանը լինի, երեխաները բռնեն նրա ձեռքը: Մերժեցին: Ասացին, որ դատարանը պետք է որոշի», – ասել է Մամմադովան «Ազատություն» ռադիոկայանին:

2018-ի հուլիսի 3-ին Գյանջայի բնակիչ Յունիս Սաֆարովը կրակ է բացել Գյանջայի քաղաքապետ Էլմար Վալիևի վրա՝ վիրավորելով նրան և թիկնապահին:

Մեկ շաբաթ անց Գյանջայում հակակառավարական բողոքի ակցիա սկսվեց ընդդեմ Վալիևի, որի ժամանակ ոստիկանության երկու աշխատակիցներ սպանվեցին:

Կառավարությունը մեղադրեց իսլամական ծայրահեղականներին բռնություն գործադրելու մեջ և հայտարարեց, որ Սաֆարովը ցանկանում էր սպանել Վալիևին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, որպեսզի ապակայունացնի երկիրը և ստեղծի Իսլամական պետություն Ադրբեջանում:

Ոստիկանական գործողությունների արդյունքում 80 մարդ է ձերբակալվել, ևս 10-ը սպանվել են:

Իրավապաշտպան Օքտայ Գուլալիևը համակարգում է Ընդդեմ բռնության և կոռուպցիայի կոմիտեն, որը Գուրբանովի և Գյանջայի բողոքի ակցիաներից հետո կալանավորված այլ անձանց հանրային պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն է: Նրա խոսքով, Գուրբանովին առաջադրվել է մեղադրանքների անհավատալի ցանկ, այդ թվում` ահաբեկչության ֆինանսավորման, իշխանությունը տապալելու փորձի, իսլամական պետության ստեղծմանը մասնակցելու, ապօրինի զենք պահելու և անօրինական զինամթերքի պահեստի սեփականության մասին:

Գուլալիևը նշել է, որ Գուրբանովը նույնիսկ սեփական տուն չի ունեցել, նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել քրոջ տանը:

Գուլալիևը OC Media-ին ասել է, որ Գուրբանովի ընտանիքի անդամների կարծիքով, ձերբակալությունից հետո նա բերվել է ՆԳՆ-ի Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը, որտեղ խիստ խոշտանգվել է:

Գլխավոր դատախազությունը և Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարեցին, որ «որոշ լրատվամիջոցների հաղորդումները, թե Գուրբանովը, իբր, մահացել է  խոշտանգումների հետևանքով, չեն համապատասխանում իրականությանը: Նախաքննական կալանքի և բուժման վայրում գտնվելու ընթացքում նրանից և նրա հարազատներից խոշտանգման մասին ոչ մի բողոք չի ստացվել, և նրա մարմնի վրա չեն գտնվել վնասվածքների հետաքննության ընթացքում, բուժման ժամանակ, և երբ նրա մարմինը հետազոտվել է մահից հետո»:

Գուլալիևն ասել է, որ այս հայտարարությունը հեռու է ճշմարտությունից: «Գուրբանովի առողջական վիճակի վատթարացումից հետո, ինչպես իր ընտանիքի անդամները, այնպես էլ մեր կազմակերպությունը բազմիցս դիմել ենք գլխավոր դատախազությանը, ինչպես նաև այլ համապատասխան հաստատություններին և հայտնել խոշտանգումների մասին: Միայն կինը  մոտ 1000 նամակ է ուղարկել », – ասում է Գուլալիևը:

Խոշտանգումների և կոռուպցիայի դեմ կոմիտեն Գուրբանովի հարազատների հետ հունիսի 9-ին դիմել է նախագահ Իլհամ Ալիևին` Այդին Գուրբանովի և Աբուլֆազ Բունիաթովի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ: Վերջինը դատապարտվել է 2015-ին Նարդարանյան բախումներից հետո:

Գուլալիևի խոսքով, Բունիաթովն ազատ է արձակվել հուլիսի 10-ին: «Ցավոք, միայն Գուրբանովի մահից հետո և երբ նրա առողջական վիճակը ևս վատթարանում էր»:

Նա նաև նշել է, որ Գուրբանովի կալանքի ժամանակ նրա գործի պատշաճ քննություն չի իրականացվել:

«Ընդհանրապես դա վերաբերում է Գյանջայի բողոքներից հետո բոլոր գործերին, քանի որ դրանք բոլորը լիովին կեղծվել են քաղաքական վերնախավի կողմից», – ավելացրել է Գուլալիևը:

Հոդվածի բնօրինակն ՝այստեղ

 

 

 

Write a comment