«Լեվյաթան»-ի դեմ քարոզարշավը Ռուսաստանում

«Լեվյաթան»-ի  դեմ քարոզարշավը Ռուսաստանում

Հոդվածի առանցքում

  • Անդրեյ Զվյագինցևը հայտնի է որպես Ռուսաստանի առաջատար ռեժիսորներից մեկը, իսկ նրա վերջին ֆիլմը՝ «Լեվյաթան»-ը մեծ հաջողություն է ունեցել: Փոխարենը, Ռուսաստանի խոշորագույն հեռուստաընկերությունները, ըստ հանդիսատեսի, հազիվ նշեցին «Լեվյաթան»-ի Ոսկե Գլոբուս մրցանակին արժանանալու փաստը:
  • Զվյագինցևի ֆիլմի դեպքերը տեղի են ունենում հյուսիսային Ռուսաստանի մի փոքր քաղաքում: Այն ներկայացնում է մի հասարակ մարդու ողբերգական պատմությունը, ում ունեցվածքը կողոպտել է անխիղճ պաշտոնյան: Իր իրավունքների համար պայքարի ժամանակ մարդը ենթարկվում է ավելի ու ավելի ծանր հարվածների:
  • Ռուսաստանում Զվյագինցևին հալածողները վրդովված են, քանի որ տեսնում են ռուսական կյանքի մռայլ պատկերը, ինչպես նաև ֆիլմի ռեժիսորի անհարգալից վերաբերմունքը ռուսական ուղղափառ եկեղեցու նկատմամբ (ֆիլմի անազնիվ պաշտոնյան ստանում է ցինիկ քահանայի աջակցությունը) և համատարած հարբեցողության նրա պատկերումը:
  • Զուլֆիկարովը գրել է. «Զվյագինցևը պատասխանատու է Ռուսաստանը «ուրիշների կողմից օգտագործվող, կապիկների գաղութ» դարձնելու համար: Կրոնական և քաղաքական գործիչները նույնպես միացել են այդ երգչախմբին: Պահպանողական խմբի առաջնորդը, որը ներկայացնում է «Քրիստոնյա ուղղափառ փորձագետների ասոցիացիան», ասել է, որ «Լեվյաթան» ռուսական եկեղեցու և ռուսական պետության գարշելի զրպարտություն է:
  • Երկրի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին էլ արդեն հասկացրել է, որ չի հավանել «Լեվյաթան»-ը անպարկեշտ բառապաշարի համար: Դեվիդ Ռեմնիկն անցյալ տարի իր կայքում գրել էր, որ նոր ընդունված ռուսական օրենքով արգելվում է հայհոյանքը ֆիլմերում և լրատվամիջոցներում:
  • Անարգել շարունակվում են «Լեվյաթան»-ի կեղծ օրինակների առցանց մուտքը, ֆիլմն էլ արդեն գնահատվել է երկրի ներսում: Հունվարին Զվյագինցևն արժանացել է Ռուսաստանի Ոսկե արծիվ մրցանակին լավագույն ռեժիսուրայի համար (ֆիլմի երկու դերասանները նույնպես մրցանակակիր են):

Ուշադրությանն արժանի

Անդրեյ Զվյագինցևը  հայտնի է որպես Ռուսաստանի առաջատար ռեժիսորներից մեկը, իսկ նրա վերջին ֆիլմը՝  «Լեվյաթան»-ը մեծ հաջողություն է ունեցել: Նախքան Օսկար մրցանակին առաջադրվելը, անցյալ տարի Կաննի կինոփառատոնում այն արժանացել է լավագույն սցենարի մրցանակին, լավագույն ֆիլմին՝ Լոնդոնի  կինոփառատոնում, Ոսկե Գլոբուսում՝ լավագույն օտարալեզու ֆիլմին (առաջին ռուսական ֆիլմն է, որ հաղթել  1969-ից հետո) և մի  քանի այլ մրցանակների:

Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը դատապարտում է ռուսական կառավարությունը, երկիրը գտնվում է արևմտյան պատժամիջոցների տակ, ֆիլմի հաջողությունը կարող էր ազգային հպարտության և տոնի պատճառ դառնալ: Փոխարենը, Ռուսաստանի խոշորագույն հեռուստաընկերությունները, ըստ հանդիսատեսի, հազիվ նշեցին «Լեվյաթան»-ի Ոսկե Գլոբուս մրցանակին արժանանալու փաստը:

Իսկ անցյալ շաբաթ, երբ ֆիլմի կեղծ օրինակները հայտնվեցին համացանցում, փետրվարին ֆիլմի պաշտոնական թողարկումից առաջ, Զվյագինցևը ենթարկվեց պաշտոնյաների, հոգևորականների, պահպանողական քրիստոնեական խմբերի և այլ արվեստագետների հարձակմանը:Անարգող քարոզարշավը վկայում է 2012-ին Վլադիմիր Պուտինի Կրեմլ վերադարձից հետո Ռուսաստանում հակաարևմտյան պահպանողականության աճ մասին:

Այդ միտումն ակտիվացավ անցյալ տարի Ուկրաինայի համար Արևմուտքի հետ առճակատման պատճառով: Այն նաև ցույց է տալիս, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խիստ հակաարևմտյան հռետորաբանությունը հանգեցրել է անհանդուրժողականության մթնոլորտի և այլատյացության:

Նրա կառավարությունը ներկայացրել է բազմաթիվ իրավական նորմեր, որպեսզի սահմանափակի արևմուտքի, ընդհանուր առմամբ արդիականացման ազդեցությունը, իսկ հեռուստատեսությամբ ամեն օր հայտնվում է բիրտ քարոզչությունը: Այս մթնոլորտում, ագրեսիվ պահպանողական խմբերը հայտնվեցին առաջին գծում: Արևմուտքում «Լեվյաթան»-ի հաղթանակը, որտեղ ռուսները ներկայացվում են առերևույթ անբարենպաստ լույսի ներքո, առիթ էր, որ այդ ուժերն անցնեն հարձակման:

Զվյագինցևի ֆիլմի դեպքերը տեղի են ունենում հյուսիսային Ռուսաստանի մի փոքր քաղաքում: Այն ներկայացնում է մի հասարակ մարդու ողբերգական պատմությունը, ում ունեցվածքը կողոպտել է անխիղճ պաշտոնյան: Իր իրավունքների համար պայքարի ժամանակ մարդը ենթարկվում է ավելի ու ավելի ծանր հարվածների:

Զվյագինցևը բազմիցս հայտարարել է, որ ֆիլմը ստեղծել է ոգեշնչված Մարվին Ջոն Հիմեյերի Կոլորադոյի եռակցողի պատմությունից, որը տեղական իշխանության հետ վեճում պարտվելուց հետո, 2004 -ին բուլդոզերով քանդում է իր քաղաքի մի քանի շենքեր, ապա ինքնասպան լինում:«Այս պատմությունը կարող էր տեղի ունենալ ցանկացած վայրում», Զվյագինցևն ասել է մի հարցազրույցի ժամանակ:

«Իմ կարծիքով դրա համար չկա ավելի հարմար վայր, քան Ռուսաստանն է, այդ պատճառով էլ այն ներկայացրեցինք ռուսական իրականության մեջ»:

Զվյագինցևը բացատրել է, որ աստիճանաբար ֆիլմն ընդունել է  որպես Հոբի բիբլիական պատմության տարբերակ, հետևաբար այն կոչել է «Լեվյաթան»: Արևմուտքը ողջունեց ֆիլմի վարպետությունն ու միաժամանակ կարևորեց նրա հակապուտինյան մոտեցումները: Քննադատներից մեկը Guardian-ում գրել էր, որը այն «սթափ և ազդեցիկ ողբերգական դրամա է… և կրում է Հին Կտակարանի ու Էլիա Կազանի ազդեցությունը»:

Մեկ այլ թերթի քննադատներ նշելեն, որ ֆիլմի կոռումպացված պաշտոնյաներն աշխատում են Պուտինի նկարների տակ: Այն կոչվում է «Լեվյաթան», որպես ժամանակակից Ռուսաստանում իշխանությունը շարունակ չարաշահողի կերպար:

Ռուսաստանում  Զվյագինցևին հալածողները վրդովված են, քանի որ տեսնում են ռուսական կյանքի մռայլ պատկերը, ինչպես նաև ֆիլմի ռեժիսորի անհարգալից վերաբերմունքը ռուսական ուղղափառ եկեղեցու նկատմամբ (ֆիլմի անազնիվ պաշտոնյան ստանում է ցինիկ քահանայի աջակցությունը) և համատարած հարբեցողության նրա պատկերումը:

Ֆիլմը դատապարտել են տարբեր կողմերից: Քաղաքի իշխանությունը, որտեղ նկարահանվել է «Լեվյաթան»-ը, ֆիլմը համարել է «անիմաստ և հավաստիությունից զուրկ» ու պնդել է, որ, հակառակ Զվյագինցևի նկարագրածի, որտեղ հյուսիսային շրջանի գյուղացիները հարբեցողներ են առանց կյանքի հեռանկարների, իր քաղաքում ծնելիության մակարդակը գնալով աճում է, ունեն դպրոց, երկու մանկապարտեզ, «գրադարանը համալրված է համակարգիչներով և արբանյակային հեռուստատեսությամբ»:

Վսեվոլոդ Չապլինը՝ ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական խոսնակն ասել է, որ ֆիլմը (որը նա չի տեսել), «ակնհայտորեն ստեղծվել է արևմտյան լսարանի, իսկ ավելի ճիշտ, արևմտյան վերնախավի համար»: Վիպասան և թատերագիր Թիմուր Զուլֆիկարովն էլ գրել է մի երկար սուր քննադատություն, որտեղ Զվյագինցևին  դատապարտել է «Լեվյաթան»-ում սոցիալական այլանդակությունը ներկայացնելու,  «պսևդոերաժշտության», ինչպես նաև սցենարն ամերիկացիներից փոխառելու համար:

Զուլֆիկարովը գրել է. «Զվյագինցևը պատասխանատու է Ռուսաստանը «ուրիշների կողմից օգտագործվող, կապիկների գաղութ» դարձնելու համար: Կրոնական և քաղաքական գործիչները նույնպես  միացել են այդ երգչախմբին: Պահպանողական խմբի  առաջնորդը, որը ներկայացնում է «Քրիստոնյա ուղղափառ փորձագետների ասոցիացիան», ասել է, որ «Լեվյաթան» ռուսական եկեղեցու և ռուսական պետության գարշելի զրպարտություն է:

« Սերգեյ Մարկովը՝ քաղաքական վերլուծաբանն ու Կրեմլին սատարողը, որը մի քանի պաշտոնական դիրքորոշումներ է ներկայացրել, այն անվանել է «ռուս մարդկանց գաղափարական ցեղասպանություն»  և ասել, որ Զվյագինցևն ինքը պետք է արգելի իր ֆիլմի ցուցադրումը Ռուսաստանում և Կարմիր հրապարակում ծնկի գալով ներողություն խնդրի իր հայրենակիցներից:

Երկրի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին էլ արդեն հասկացրել է, որ չի հավանել «Լեվյաթան»-ը անպարկեշտ բառապաշարի համար: Դեվիդ Ռեմնիկն անցյալ տարի իր կայքում գրել էր, որ նոր ընդունված ռուսական օրենքով արգելվում է հայհոյանքը ֆիլմերում և լրատվամիջոցներում:  Չնայած Զվյագինցևի ֆիլմը նկարահանվել է նախքան այդ մասին օրենքի ընդունումը, նա համաձայնել է ֆիլմից հեռացնել հայհոյանքները:

Մեդինսկին ցանկանում է աջակցել Կրեմլի նոր պահպանողականությանը և հունվարի կեսին նրա նախարարությունը հայտարարել է, որ պատրաստել է մի բանաձև, ( չի նշվում «Լեվյաթան»-ի մասին) որը կարող է արգելել այն ֆիլմերի հասարակական ցուցադրությունը, որոնք «ապականում են ազգային մշակույթը՝ սպառնալով ազգային միասնությանը և խափանում սահմանադրական կարգի հիմքերը»:

Բանաձևը, որը լիազորում է պետական պաշտոնյաներին նախնական գրաքննության ենթարկել արվեստի գործերը, պետք է գործեր հունվարի 1-ից, սակայն հետաձգվել է բյուրոկրատական քաշքշուկների պատճառով:

Գեղարվեստական և մշակութային գործերին գաղափարական սահմանափակումներ պարտադրելու կառավարության փորձերը, ինչպես նաև  հարձակումներն անցանկալի արվեստագետների վրա, հիշեցնում են խորհրդային ժամանակները:

Նախնական գրաքննությունը տարածված պրակտիկա էր Խորհրդային Միությունում: Այն իրականացնում էին բանակի գրաքննիչները  հատուկ ուղեցույցների օգնությամբ, որոնք հաստատել էր կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գաղափարական բաժինը:

Գաղափարական անմաքրության դեմ չարության արշավը  սովորական էր. Ստալինի օրոք, դա հաճախ հանգեցրել է ձերբակալության, տանջանքի և մահապատժի, թեև այն մեծապես թեթևացել է նրա մահից հետո: Առավել հայտնի է Բորիս Պաստերնակի հետ կապված դեպքը: Նա ենթարկվեց թշնամաբար տրամադրված հասարակության քամահրանքին և պաշտոնյաների ոտնձգությանը, երբ նրա «Դոկտոր Ժիվագո» վեպը մաքսանենգ ճանապարհով դուրս բերվեց երկրից և հրապարակվեց արտասահմանում: 1958-ին Պաստերնակն արժանացավ Նոբելյան մրցանակի, բայց ստիպված եղավ հրաժարվել այդ պարգևից:

Անշուշտ, Զվյագինցևը Օսկարին արժանանալու համար նման սահմանափակումների չի ենթարվի: Չնայած Ռուսաստանում ուժեղ նեոխորհրդային ոգու առկայությանը, երկրի ներկա ղեկավարությունն իր քաղաքացիներին չի պահում երկաթե վարագույրի ետևում, ոչ էլ պահանջում է իր ժողովրդի միասնականությունը:

Անարգել շարունակվում են «Լեվյաթան»-ի կեղծ օրինակների առցանց մուտքը, ֆիլմն էլ արդեն գնահատվել է երկրի ներսում: Հունվարին  Զվյագինցևն արժանացել է Ռուսաստանի Ոսկե արծիվ մրցանակին լավագույն ռեժիսուրայի համար (ֆիլմի երկու դերասանները նույնպես մրցանակակիր են): Իսկ ուրբաթ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը նշել է, թե չի կարծում (քարտուղարը, ոչ թե Պուտինը), որ «Լեվյաթան»-ը հակառուսական է և ինքը շահագրգռված է, որ այն արժանանա Օսկարին:

Աջակցության այս չափավոր արտահայտությունը ցույց է տալ, որ ֆիլմը Ռուսաստանում կցուցադրվի նախատեսված  ժամկետում, բայց չի փոխի ընդհանուր հակաարևմտյան և հակաազատական մթնոլորտը: Կրեմլը չի կարող նախաձեռնել վարկաբեկող արշավ ընդդեմ Զվյագինցևի, բայց լիովին կրում է իր հարձակվողներին աջակցելու պատասխանատվությունը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment