Սահմանային գյուղը՝ հայ-ադրբեջանական հակամարտության լճացման փուլում
Հոդվածի առանցքում
- 2016-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև քառօրյա պատերազմի ժամանակ Սոնիա Մատինյանի հղի հարսը հիվանդացել էր: Որդին կնոջը նստեցրել է մեքենան և գյուղի ճանապարհով շարժվել դեպի հիվանդանոց: Սակայն գյուղը՝ Բերքաբերը, անմիջապես Ադրբեջանի հետ սահմանին է և ադրբեջանական դիրքերից սկսել են կրակել նրանց վրա: Նրանք չեն տուժել, բայց այդքան մոտ հնչող կրակոցների պատճառով հարսը կորցրել է երեխային
Ուշադրությանն արժանի
- Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին խորհրդավոր կարճատև այց կատարեց Ռուսաստան, Հայաստան և Ուկրաինա
- Հայ-թուրքական խաղաղության արձանի գործը. Էրդողանը վերաքննիչ դատարանում բողոքարկելու է արձանը «հրեշավոր» անվանելու համար նշանակված տուգանքը
- Խորտակված հարստություն: Ապշեցուցիչ երաժշտություն արխիվներից. Այս շաբաթ Ջիվան Գասպարյանն է
2016-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև քառօրյա պատերազմի ժամանակ Սոնիա Մատինյանի հղի հարսը հիվանդացել էր: Որդին կնոջը նստեցրել է մեքենան և գյուղի ճանապարհով շարժվել դեպի հիվանդանոց: Սակայն գյուղը՝ Բերքաբերը, անմիջապես Ադրբեջանի հետ սահմանին է և ադրբեջանական դիրքերից սկսել են կրակել նրանց վրա: Նրանք չեն տուժել, բայց այդքան մոտ հնչող կրակոցների պատճառով հարսը կորցրել է երեխային:
«Դրանից հետո որդիս տեղափոխվեց Երևան», – ասում է նա:
Բերքաբերի նման սահմանային գյուղերի բնակիչների համար պարբերական կրակոցները սովորական բան են դարձել: Մատինյանների տունը բլրի վրա է և այնտեղից ադրբեջանական տարածքները հստակ երևում են: Տունը մի քանի տեղից ադրբեջանական կրակոցները խոցել են:
Սակայն վերջին շրջանում նա և Բերքաբերի մյուս բնակիչները ասում են, որ կրակոցները դադարել են: «Հիմա խաղաղ է, չեն կրակում: Երբ այդ նոր վարչապետը եկավ, նրանք դադարեցին կրակել», – ասում է նա:
Մատինյանը խոսում է նախորդ գարնանը իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին: Բերքաբերում լուրջ կրակոց չի եղել ավելի քան մեկ տարի և գյուղում շատերը խաղաղության այս շրջանը կապում են նոր վարչապետի իշխանության գալու հետ:
«Ոչ ոք չգիտի, թե ինչու է կրակը դադարել, բայց դա հեղափոխությունից հետո էր: Միգուցե Ադրբեջանում ինչ-որ բան փոխվեց, գուցե դա կապված է քաղաքականության հետ, գուցե մարդիկ պարզապես հոգնել են պատերազմից», – ասում է Բերքաբերի քաղաքապետ Արգամ Արզումանյանը Eurasianet-ին:
Ամեն դեպքում, նրա խոսքով, անցյալ տարվա ընթացքում ամեն ինչ ավելի լավ էր: Նման խաղաղ ժամանակներ չեն հիշում 1994-ին հրադադարից հետո:
Խորհրդային Միության փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղի տարածքում սկսված արյունալի պատերազմից քառորդ դար անց հայկական և ադրբեջանական ուժերը շարունակում են միմյանց դեմ կանգնել մի քանի ճակատային գծերում: Այստեղ՝ Տավուշում Ադրբեջանի հետ միջազգայինորեն ճանաչված սահման է: Հայաստանի հարավ-արևմտյան հատվածում կա մեկ այլ միջազգայնորեն ճանաչված սահման՝ ադրբեջանական անկլավ Նախիջևանի հետ: Լեռնային Ղարաբաղի տարածքը, որը վերահսկվում է հայկական ուժերի կողմից, երկու կողմերի միջև ամենաշատը ռազմականացված ճակատային գիծն է, որտեղ 2016-ին թեժ մարտեր էին:
Հրադադարի խախտումները տարբեր ճակատային գծերի երկայնքով դժվար է չափել, քանի որ չկա անկախ մոնիտորինգ: Սակայն երկու կողմերի միջև անցած տարի բռնությունը զգալի նվազել է: Մասնավորապես, սեպտեմբերին Փաշինյանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և նրանք համաձայնել են ստեղծել օպերատիվ թեժ գիծ, որով կողմերը կարող էին խոսել ռազմական թեմաներով:
«Երկու առաջնորդները խոսել են այդ մասին, և կարծում եմ, որ նրանք պայմանավորվել են պահպանել հրադադարը», – ասում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանը, որը Բերքաբերի նման սահմանամերձ գյուղերում իրականացրել է բազմաթիվ սոցիալական ծրագրեր: «Հավանաբար այդպես պետք է լինի, քանի որ նրանք խոսում և բանակցում են, առաջարկում են որոշ գաղափարներ: Մենք չենք կարող հաստատ ասել, բայց անցյալ տարվա ընթացքում, թավշյա հեղափոխությունից հետո դա խորացել է: Ակնհայտ է, որ դա փաստ է », – ասել է նա Eurasianet-ին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը պարբերաբար հրապարակում են հրադադարի խախտման վիճակագրությունը, ու թեև այդ թվերը երկու կողմում էլ լայնորեն դիտարկվում են որպես կեղծիք, սեպտեմբերյան հանդիպումից հետո խախտումները կտրուկ նվազել են:
Վերջին շաբաթների ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կրկին ավելացել են Լեռնային Ղարաբաղում և ավելի փոքր չափով` Նախիջևանում: Սակայն սահմանի Տավուշի հատվածը հանգիստ է մնացել:
Սահմանի մյուս կողմում գտնվող ադրբեջանական գյուղերը խիստ վերահսկվում են, իսկ արտասահմանցիները, ովքեր ցանկանում են այցելել, պետք է դիմեն հատուկ թույլտվության համար: Դա ստանալն ամիսներ է տևում, եթե նույնիսկ չեն մերժում: Սրան հակառակ Հայաստանում սահմանամերձ գյուղերը վերածվում են զբոսաշրջային կենտրոնների:
Բերքաբերի բլրի վրա Extreme Café-ն է, որի պատերը ծածկված են գունագեղ մանրանկարներով և այցելուները կարող են վայելել խմիչքներ ու նախուտեստներ՝ նայելով Ադրբեջանի տարածքին: Սրճարանը բացվել է ապրիլին՝ մի խումբ տեղացիների՝ «Բերքաբեր» ՀԿ-ի կողմից: Թիրախային հյուրերը զբոսաշրջիկներն են, հիմնականում սփյուռքահայերը, որոնք գալիս են գյուղ:
«Սրճարանի այցելուները գալիս են տեսնելու սահմանը և սահմանամերձ գյուղի բնակիչների կյանքը: Ամեն ինչ անում ենք` ցույց տալու, որ ոչ ոք այս հողից չի հեռանում», – ասում է «Բերքաբեր» ՀԿ-ի աշխատակից լիբանանահայ հայրենադարձ Ջորջ Տաբակյանը:
Մեկ այլ՝ Սահման ՀԿ-ն որոշ փոքր ձեռնարկություններ է ստեղծել գյուղացիների համար: Դրանցից մեկում աշխատում է Մատինյանը: Փոքր տեքստիլ ձեռնարկություն է՝ վերնաշապիկներ են կարում: Սահման ՀԿ-ն նաև ջերմոցներ է հիմնում: «Եթե այդ ամենը չարվի, երիտասարդներն այստեղ անելու ոչինչ չեն ունենա: Հայրենիքը սկսվում է սահմանից, և եթե մարդիկ չունեն աշխատանք, ինչպես կարող են ապրել սահմանին», – ասում է Մատինյանը:
Այնուամենայնիվ, Մատինյանը հուսով է, որ իրավիճակը կարող է ինչ-որ կերպ վերադառնալ այն կետին, երբ հակամարտությունը դեռ չէր սկսվել: Նա հիշում է, որ Բերքաբերում իր հարսանիքին ներկա է եղել 20 ադրբեջանցի ընտանիք. «Մենք շատ, շատ մոտ էինք: Շատ լավ ապրում էինք միասին: Միայն ես չէ, ամբողջ գյուղն է ցանկանում, որ ամեն ինչ առաջվա նման լինի: Նրանք մեզ նման պարզ մարդիկ են»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ