Գիտնականները բացահայտել են արյան քաղցկեղը  կանխատեսելու նոր միջոց

Հոդվածի առանցքում

  • Արյան քաղցկեղի վտանգը կարող է հայտնաբերվել շատ ավելի վաղ:
  • Սոմատիկ մուտացիաները կարող են արյան քաղցկեղի ցուցանիշներ լինել,որոնք զարգանում են տարիքի հետ։
  • Սոմատիկ մուտացիաներ ունեցող մարդկանց քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 10 անգամ ավելի մեծ է։
  • Գիտնականները հայտնաբերել են, որ մուտացիաները կենտրոնացված են հատուկ գեներում՝ քաղցկեղի գեներում:

Ուշադրությանն արժանի

Գիտնականները կարող են քաղցկեղի վտանգը արյան մեջ հայտնաբերել  շատ ավելի վաղ:

Հետազոտողների երկու տարբեր խմբեր, միմյանցից անկախ, հանգել են միեւնույն եզրակացության. որոշ մարդիկ իրենց արյան մեջ ցուցիչ ունեն, որը ցույց է տալիս արյան քաղցկեղի՝ լեյկոմիայի կամ լիմֆոմայի զարգացման հավանականությունը:

Երկու նոր ուսումնասիրությունները, որոնք հրապարակվել են չորեքշաբթի  New England Journal of Medicine-ում, բացահայտել են, որ որոշ մուտացիաներ  ծնվելու ժամանակ չեն լինում, փոխարենը  զարգանում են մարդու տարիքի հետ: Դրանք կոչվում են սոմատիկ մուտացիաներ և կարող են  արյան քաղցկեղի ցուցանիշներ լինել:

Առողջ մարդկանցից վերցված  արյան ԴՆԹ  նմուշների հիման վրա հետազոտողները ցույց են տալիս, որ արյան մեջ սոմատիկ մուտացիաներ ունեցող մարդկանց քաղցկեղով հիվանդանալու հանավականությունը 10 անգամ ավելի մեծ է մուտացիաներ չունեցողների համեմատ: ԴՆԹ-ի նմուշների ստուգումից հետո պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր կրում են մուտացիաներ, 5 տոկոս հավանականությամբ քաղցկեղը զարգանում է 5 տարվա ընթացքում:

Արդյունքները հայտնաբերել են Մասաչուսեթսի և Հարվարդի համալսարանների ու դրանց առընթեր հիվանդանոցների հետազոտողները: Մի ուսումնասիրության համաձայն՝ նրանք հնարավոր են համարում մուտացիաների հայտնաբերումը արյան մեջ, հաշվի առնելով, որ արյան քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը մարդու տարիքի հետ մեծանում է:

Նրանք նաեւ պարզել են, որ մուտացիաների ցուցանիշներ կարելի է հայտնաբերել այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են շաքարախտի 2 տեսակը, սրտի իշեմիկ հիվանդությունը և իշեմիկ ինսուլտը: Այս տվյալները, սակայն, հաստատման կարիք ունեն:

Երկրորդ ուսումնասիրության հետազոտողներն ի սկզբանե խնդրին լրիվ առանձին մոտեցում են ցուցաբերել:

Երբ նրանք սկսել են իրենց ուսումնասիրությունը, նպատակ են ունեցել պարզել արդյոք սոմատիկ մուտացիաները կապ ունեն  շիզոֆրենիայի զարգացման հետ: Սակայն հետազոտության ընթացքում գիտնականները հայտնաբերել են, որ մուտացիաները կենտրոնացված են հատուկ գեներում՝ քաղցկեղի գեներում:

Հետեւելով ուսումնասիրվող հիվանդներին՝  նրանք բացահայտել են մուտացիաների եւ արյան քաղցկեղով հիվանդանալու հավանականության միջև կապը:

Հայտարարության մեջ ուսումնասիրության հեղինակները  հաստատել են երկու մոտեցումների նմանատիպ արդյունքները:

Երկրորդ ուսումնասիրության հեղինակ եւ Հարվարդի բժշկական քոլեջի գենետիկայի դոցենտ Սթիվեն ՄքՔարոլը նշել է, որ դեռ վաղ է ենթադրել, թե հետազոտությունը կօգնի հիվանդներին:

«Ես հասկանում եմ, որ շատ մարդիկ են ցանկանում տեղեկություններ ստանալ, բայց այսօր նրանք չեն կարող այդ տեղեկությունից բժշկական օգնություն ստանալ, քանի որ այստեղ չեն գործում ոչ վիրահատական, ոչ էլ կանխարգելիչ միջոցները,- ասել է ՄքՔարոլնը Թայմսին,- բայց, հուսով եմ, առաջիկա երկու տարիների ընթացքում շատ մարդիկ կսկեն աշխատել այս խնդրի վրա, ու դուռ կբացվի վաղ հայտնաբերման եւ կանխարգելման ռազմավարության առաջ»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment