Բիլ Զաչարկիվ. Հայկական գինեգործության ապագայի սկիզբը

Բիլ Զաչարկիվ. Հայկական գինեգործության ապագայի սկիզբը

Անցյալ շաբաթ ես գրել էի Հայաստանի գինեգործության պատմության մասին, որը սկիզբ է առնում մ.թ.ա. 4000-ականներին: Սակայն ժամանակակից հայկական գինեգործությունը «6000 տարեկան չէ, այն մոտ 6 տարվա պատմություն ունի»՝ ասում է իմ սիրած հայկական գինեգործական ձեռնարկություններից մեկի՝ Zorah համասեփականատեր Երազ Ղարիբյանը:

«Մեր մշակույթը, մեր գիրը, մեր երգերը լի են գինեգործության մասին հիշատակումներով», – բացատրում է Ղարիբյանը, –«սակայն մինչեւ վերջերս այն զարգացած չի եղել»:

Երկիրն իր տեղն է փնտրում միջազգային գինեգործության ոլորտում: Այն գուցե ամենաերիտասարդ գինու արդյունաբերությունն է, որը հանդիպել եմ իմ լրագրողական գործունեության ընթացքում: Այսօր Հայաստանում գործում են ավելի քան 40 գինեգործական ձեռնարկություններ, իսկ մինչև 2010 թ. դրանց թիվը 20 էր: Համեմատության կարգով՝ Քվեբեկը 80-ական թվականներից ի վեր արտադրում է գինի եւ ունի մոտ 100 գինեգործարաններ:

Հայաստանում առկա է խոշոր ու լավ ֆինանսավորմամբ գինեգործական եւ փոքր բուտիկային ձեռնարկությունների համադրություն: Այն ունի մի շարք առավելություններ այլ երիտասարդ գինի արտադրող երկրների նկատմամբ՝ սկսած իր բնական միջավայրից: Նրա հողերը հիմնականում հրաբխային եւ կրաքարային են, կլիման՝ տաք: Հայաստանը լեռնային երկիր է, համապատասխան բարձրադիր խաղողի այգիներով: Մի խոսքով, այն իդեալական տեղ է բարձրորակ խաղող աճեցնելու համար:

Ինչ վերաբերում է խաղողներին, ապա, ըստ գինեգործ Վահե Քեուշգիրյանի, ով վերադարձել է Հայաստան 90-ականներին խաղողի մշակմամբ զբաղվելու համար, այստեղ կան 200-ից 300 տեղական խաղողի տեսակներ:

Թեեւ սա անհավանական ներուժ է, կան մի քանի խնդիրներ: Նախեւառաջ այդ տեսակների շատ փոքր քանակն է փաստաթղթավորված եւ փորձարկված: Դրանցից որքա՞ն են կարող արտադրել համաշխարհային կարգի գինի: Դա դեռևս պարզ չէ, եւ հանդիսանում է ինձ հրավիրած Հայաստանի գինու և խաղողի հիմնադրամի կարեւորագույն աշխատանքը:

Մյուս խնդիրն այն է, որ ռուսական գերիշխանության տարիներին հայկական շատ խաղողի այգիներում աճեցվում էր խորհրդային հիբրիդային խաղողի տեսակներ, հատկապես սպիտակ խաղողի Կանգուն տեսակը, որոնք օգտագործվում էին հատկապես Հայաստանի հայտնի կոնյակի արդյունաբերության համար: Կանգունը կարող է լավ լինել կոնյակի համար, սակայն սպիտակ գինիի համար այն այդքան էլ պիտանի չէ: Ավելի հետաքրքիր են սպիտակ գինու սորտերը՝ Ոսկեհատի ու Գառան դմակի համադրությունը:

Կարմիր գինու՝ Արենիի տեսակը համարվում է հայկական խաղողի արքան: Այն լայնորեն աճեցվում է եւ կախված նրանից, թե ինչպես է այն մշակվում, համի տեսանկյունից մոտ է Valpolicella corvina-ին և Pinot noir- ին: Կան նաեւ այլ շատ կարմիր խաղողի տեսակներ. Սիրենի և Հաղթանակ, որոնք խառնում են Արենիի հետ ավելի ուժեղ գինի ստանալու համար:

Ես այցելեցի մի շարք նշանավոր գինեգործական ձեռնարկություններ: Ոմանք, ինչպես օրինակ՝ Կարասը, փորձարկումներ են անում միջազգային տեսակների հետ, բայց շատերը աշխատում են միայն տեղական խաղողի հետ, ինչը Հայաստանի ապագան է, եթե այն պատրաստվում է հաջորդ քայլի:

Կորի, Հին կամուրջը, Հայկական գինեգործական ընկերությունը եւ ArmAs-ը ևս շատ լավ գինիներ ունեն: Վահագն Գեւորգյանի ամարոնային ոճի գինիները բացառիկ են: Ինձ չափազանց դուր եկավ նաեւ Ոսկենիի Արենին:

Մինչ Հայաստանը աշխատանքներ է տանում գինու աշխարհում իր տեղը զբաղեցնելու ուղղությամբ, ամենամեծ մարտահրավերը կարող է լինել իր սահմանների ներսում: Հայերի մեծամասնությունը խմում է օղի եւ կոնյակ: Զարմանալի չէ, քանի որ գինին համեմատաբար նոր ոլորտ է, իսկ օղին ու կոնյակը շատ լավն են:

Հայաստանի գինու մշակույթը զարգանում է, մեծանում է գինետների քանակը: Նրանք կարիք ունեն ավելի շատ տեղական փորձագետների, սոմելյերների, գրողների, մարդկանց, ովքեր կքննարկեն երկրի գինեգործարանների հետ կապված հարցերը եւ կստիպեն ջանասիրաբար աշխատել: Ես չեմ զարմանա, երբ դա տեղի ունենա, քանի որ Հայաստանում առկա են հումքն ու հաջողության ցանկությունը՝ համաշխարհային գինու քարտեզի վրա իր պատվավոր տեղը զբաղեցնեու համար:

Գոյություն ունեն SAQ- ում ընդգրկված ընդամենը երեք հայկական գինիներ, եւ միայն մեկն ունի բավարար գրանցում՝ Կարասի սպիտակ գինին (SAQ # 13504558, $ 20.45): Եթե ցանկանում եք լրացուցիչ տեղեկություն ստանալ հայկական գինու վաճառքի և մասնավոր ներմուծման վերաբերյալ, ապա «Գինետուն» գործակալությունը մասնագիտացած է այս հարցում (kinedoun.com):

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment