Ռուսաստանի ռուբլու դժբախտ եղբայրը Բելառուսում

Ռուսաստանի ռուբլու դժբախտ եղբայրը Բելառուսում

Հոդվածի առանցքում

  • Այս տարի աշխարհի բոլոր արժույթների շարքում ամենավատ ցուցանիշը դեռ ռուբլունն է, սակայն խոսքը ռուսական ռուբլու մասին չէ: Դա վերաբերում է Բելառուսի պետական արժույթին: Երկիր, որը մեծ անհարմարություններ է ունենում Ռուսաստանի հետ իր սերտ կապերի պատճառով:
  • Հունվարի 9-ին Բելառուսի Ազգային Բանկը փոփոխություններ է մտցրել փոխարժեքային կուրսի կարգավորման՝ իր կանոնների մեջ: Դրա արդյունքում բելառուսական ռուբլին կապվում է երեք արժույթների՝ 40 տոկոս ռուսական ռուբլու և 30 տոկոս եվրոյի և դոլարի հետ:
  • 1990-ականներին Բելառուսի արտահանման շուկայում Ռուսաստանի բաժինը գերազանցում էր 80 տոկոսը, սակայն Լուկաշենկոն արել է հնարավոր ամեն ինչ՝ Եվրոպական Միության հետ առևտրին զարկ տալու նպատակով (չնայած այն հանգամանքին, որ Բելառուսին մարդու իրավունքների խախտումների պատճառով արգելվել է միանալ Եվրոպական Միությանը): Ներկայումս բելառուսական արտահանման 30 տոկոսը բաժին է ընկնում Եվրոպական Միությանը:
  • Քանի որ Ռուսաստանը մարտին իրեն է միացրել Ղրիմը, Լուկաշենկոյին վախեցնում է այն միտքը, որ նախկին Խորհրդային Միության պետությունների նկատմամբ Պուտինի կողմից հարգանքի բացակայությունը կարող է հանգեցնել նրան, որ վերջինս կարող է Բելառուսը Ռուսաստանի մաս հռչակել:
  • Այս ամենը չի նշանակում, որ Բելառուսը կփորձի ազատվել Ռուսաստանից: Լուկաշենկոն բավականին խորամանկ է հասկանալու համար, որ Արևմուտքը երբեք չի ընդունի պետության կառավարման՝ իր մեթոդները: (Այս տարի նա, հավանաբար, հինգերորդ անգամ «կընտրվի» Բելառուսի նախագահ):
  • Հաշվի առնելով բելառուսական տնտեսության վիճակը՝ գների նկատմամբ խորհրդային ոճի իր վերահսկողությունը և ձեռնարկատիրության նվազագույն ազատությունները, Ռուսաստանից առևտրական հոսքերի վերակողմնորոշումը իրական հնարավորություն չէ: Սակայն Բելառուսի ծանր վիճակը մնացած նախկին խորհրդային պետությունների համար, որոնք կարող էին քննարկել Պուտինի՝ Եվրասիական տնտեսական համագործակցությանը միանալու խնդիրը, վտանգի ակնհայտ օրինակ է ծառայում:

Ուշադրությանն արժանի

Այս տարի աշխարհի բոլոր արժույթների շարքում ամենավատ  ցուցանիշը դեռ ռուբլունն է, սակայն խոսքը ռուսական ռուբլու մասին չէ: Դա վերաբերում է Բելառուսի պետական արժույթին: Երկիր, որը մեծ անհարմարություններ է ունենում  Ռուսաստանի հետ իր սերտ կապերի պատճառով:

Վերջերս փոքր պետություններում տեղի ունեցող շարունակական տնտեսական դժվարությունները ցույց տվեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայացքները Եվրասիական Տնտեսական Միության վերաբերյալ՝ որպես Խորհրդային Միության մասնակի վերականգնում, որը իրենից պետք է ներկայացնի Եվրոպական Միության տիպի տնտեսական միություն Ռուսաստան կենտրոնով: Որը, սակայն, միության մասնակիցների համար խելամիտ չէ:

Ռուսական ռուբլին այս տարի ԱՄՆ դոլարի համեմատությամբ արժեզրկվել է 10 տոկոսով, սակայն այդ ցուցանիշը աննշան է թվում բելառուսական ռուբլու հետ համեմատելիս, որի դեվալվացիան  նույն ժամանակահատվածի ընթացքում 27,9 տոկոս է կազմել: Հունվարի 9-ին Բելառուսի Ազգային Բանկը փոփոխություններ է մտցրել փոխարժեքային կուրսի կարգավորման՝ իր կանոնների մեջ: Դրա արդյունքում բելառուսական ռուբլին կապվում է երեք արժույթների՝ 40 տոկոս ռուսական ռուբլու և 30 տոկոս եվրոյի և դոլարի հետ:

Նշվում էր, որ այս միջոցառման արդյունքում արտարժույթի գնումների և վաճառքի դեպքում ռուբլին կպահպանի դրական միջնաժամկետ հավասարակշռությունը: Այն նաև 5 տոկոսով ավելացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 25 տոկոսի, սակայն այս միջոցառումները ռուբլու արժեզրկման վրա դրական ազդեցություն չեն ունեցել:

Ստորև ներկայացվում է, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի 29-ին կայացած մամուլի ասուլիսում  ինչպես է բացատրում այդ քաղաքականությունը:

«Ընկերներ, ամեն ինչ կախված է ձեզանից:  Եթե դուք սկսեք վազել արժույթի փոխանակման մի կետից մյուսը՝ ազատ փոխարժեքային արժույթով փոխանակելով բելառուսական դժբախտ ռուբլին,  մենք չենք սպասի, որ Ազգային Բանկը վերջացնի միջազգային պահուստները: Դուք՝ տնային տնտեսություններդ ու ձեռնարկություններդ, պետք է ստիպեք մեզ՝ ազգային արժույթը որոշակի չափով լողացող կուրսի վերածելու համար: Սա այն է, ինչ մենք պետք է անեինք:

«Այսպիսով, ի՞նչ եք ակնկալում ինձանից: Ես նույնիսկ չեմ խնդրում ժողովրդին չդիմել դրան՝ իմանալով, որ դուք՝ որպես իսկական բելառուսներ, չպետք է լսեք: Եվ մենք սկսեցինք…:  Վիճակագրության համաձայն անցյալ տարի դուք գնել եք 60 հազար մեքենա… Հիմնականում Ռուսաստանից, դուք գնել եք Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում եղած ամբողջ քանակությունը»:

Օտարերկրացու համար սա կարող է ոչինչ չնշանակել. հարևան երկրում ձեռք բերված  մեքենան ի՞նչ կապ ունի արժույթի արժեզրկման հետ: Սակայն քաղաքականության փոփոխությունը Բելառուսում, որը հունվարի 1-ի դրությամբ ընդամենը 5 միլիարդ դոլար արժողությամբ միջազգային պահուստներ ունի, պետք է հասկանալ նրա հսկայական հարևան Ռուսաստանի   հետ արժութային շարունակական  պատերազմի համատեքստում:

Բելառուսը Պուտինի սիրելի  ծրագրի՝ Եվրասիական Տնտեսական Միության, մաս է կազմում, որն իրենից ներկայացնում է  առանց սահմանների ազատ առևտրական միություն և  որի կազմի մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը: Այն նման է տան, որի դռներն ու  պատուհանները բաց են ռուսական տնտեսական քամու համար:

2014 թվականի վերջին հինգ շաբաթներին ռուսական ռուբլին դոլարի համեմատությամբ կորցրեց իր արժեքի գրեթե քառորդ մասը: Ավտոմեքենաների և շքեղության առարկաների գները չեն կարող ռուբլու արագ անկմանը համարժեք ընթանալ:

Ռուսները անվերջանալի հերթեր էին կանգնում էլեկտրական ապրանքներ գնելու համար, ինչպես նաև մաքրազարդել էին Porsche-ի և  Lexuse-ի վաճառասրահները: Լուկաշենկոյի պնդմամբ, եթե բելառուսներն էլ մասնակցեին այդ առևտրական իրարանցմանը, նրանք Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ գնալուց առաջ նախ պետք է ռուսական ռուբլի կամ դոլար գնեին: Բելառուսի հանրապետության՝ առանց այն էլ փոքր ռեսուրսներով Ազգային բանկի համար բավական էին մի քանի հազար նման գործարքներ, որպեսզի վերջինս ահազանգեր:

Սակայն, անշուշտ, սա դեռ ողջ պատմությունը չէ: Բելառուսական արտահանման մոտ 40 տոկոսը գնում է Ռուսաստան, և ազգային արժույթը ռուսական ռուբլու համեմատությամբ թույլ պահելը այս արտահանումը մրցունակ է դարձնում: Երբ ռուսական ռուբլին կործանվեց, Բելառուսն հարկադրված էր հասնել նրան՝ ռուսական շուկայից իր ապրանքների դուրս մղումը կանխելու համար: Բելառուսն աստիճանաբար վերացնում է այդ կախվածությունը:

1990-ականներին Բելառուսի արտահանման շուկայում Ռուսաստանի բաժինը գերազանցում էր 80 տոկոսը, սակայն Լուկաշենկոն արել է հնարավոր ամեն ինչ՝ Եվրոպական Միության հետ առևտրին զարկ տալու նպատակով (չնայած այն հանգամանքին, որ Բելառուսին մարդու իրավունքների խախտումների պատճառով արգելվել է միանալ Եվրոպական Միությանը): Ներկայումս բելառուսական արտահանման 30 տոկոսը բաժին է ընկնում Եվրոպական Միությանը:

Սակայն Ռուսաստանը դեռ շարունակում է մնալ խոշորագույն առևտրական գործընկերը, և վերջինիս տնտեսական ճգնաժամը հանգեցրել է նրան, որ անցյալ տարվա ընթացքում բելառուսական  ­բեռնատար և գյուղատնտեսական ապրանքների արտա­հանման ծավալները 20 տոկոսով կրճատվել են:

Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի կանխատեսման համաձայն, այս տարի երկրի տնտեսական աճը կկրճատվի 1,5 տոկոսով: Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը շարունակում է իր ուղեծրում պահել Բելառուսին՝ այս տարի բնական գազը վերջինիս  վաճառելով 1000 խորանարդ մետրը 134 դոլարով, մինչդեռ Ուկրաինային վաճառում է 329 դոլարով, Բելառուսի արժույթի դեվալվացիան հանգեցնում է բարձր ինֆլյացիայի, որը զրոյացնում է գազի սուբսիդավորումից ստացված եկամուտը:

Բելառուսում անցյալ տարի սպառողական գները աճել են 16 տոկոսով, և այս տարվա համար կառավարության կանխատեսած 12 տոկոսը դեռ խիստ անիրական է մնում: Քանի դեռ ռուսական տնտեսությունը զարգանում էր՝ սնվելով հումքի վաճառքից, դա կարող էր բավականին լավ հնարավորություն լինել Բելառուսի համար՝ իր հաջողությունը կապելով Ռուսաստանի աստղային ժամի հետ: Սակայն այսօր՝ ոչ այդքան:

Բացի այդ, քանի որ Ռուսաստանը մարտին իրեն է միացրել Ղրիմը, Լուկաշենկոյին վախեցնում է այն միտքը, որ նախկին Խորհրդային Միության պետությունների նկատմամբ Պուտինի կողմից հարգանքի բացակայությունը կարող է հանգեցնել նրան, որ վերջինս կարող է Բելառուսը Ռուսաստանի մաս հռչակել:

Նա արդեն հայտարարել է, որ Ուկրաինան պետք է պայքարի հանուն Ղրիմի, կտրուկ հայտարարություն, որը զարմացրել է Մոսկվային: Եվրոպական սննդամթերքի նկատմամբ Ռուսաստանի էմբարգոյին միանալուց նա հրաժարվել է, մի միջոցառում, որը կարող էր ոչնչացնել Եվրոպայի հետ գործընկերային հարաբերություններ կառուցելու՝ Լուկաշենկոյի ջանքերը:

Չնայած Բելառուսի առաջնորդը նշում է, որ չի հավատում, թե Ռուսաստանը կներխուժի, գոնե միայն այն պատճառով, որ վերջինս զբաղված է Ուկրաինայում, նա դեռ միանշանակորեն անհանգստանում է:Հունվարի վերջին Բելառուսը փոփոխություններ է մտցրել պատերազմի մասին իր օրենքում՝ հաշվի առնելով Ուկրաինայում Ռուսաստանի կիրառած՝ ներխուժման  հիբրիդային մեթոդները: Դրանցից է օրինակ, «Օտարերկրյա պետություն կամ պետություններ, որոնք Բելառուս են ուղարկում զինված խմբերի կամ անկազմակերպ խմբերի» արտահայտությունը:

Այս ամենը չի նշանակում, որ Բելառուսը  կփորձի ազատվել Ռուսաստանից: Լուկաշենկոն բավականին խորամանկ է հասկանալու համար, որ Արևմուտքը երբեք չի ընդունի պետության կառավարման՝ իր մեթոդները: (Այս տարի նա, հավանաբար, հինգերորդ անգամ «կընտրվի» Բելառուսի նախագահ):

Հաշվի առնելով բելառուսական տնտեսության վիճակը՝ գների նկատմամբ խորհրդային ոճի իր վերահսկողությունը և ձեռնարկատիրության նվազագույն ազատությունները,  Ռուսաստանից առևտրական հոսքերի վերակողմնորոշումը իրական հնարավորություն չէ:

Սակայն Բելառուսի ծանր վիճակը մնացած նախկին խորհրդային պետությունների համար, որոնք կարող էին քննարկել Պուտինի՝ Եվրասիական տնտեսական համագործակցությանը միանալու խնդիրը,  վտանգի  ակնհայտ օրինակ է ծառայում: Նույնիսկ եթե Ուկրաինան երբեք  չկարողանա դառնալ Եվրոպական Միության անդամ, նա ճիշտ է վարվել, երբ հրաժարվել է այդ միությանը միանալուց: Ռուսաստանի հետ տնտեսական և քաղաքական սերտ կապեր ունենալը բավականին վտանգավոր է, առնվազն գոնե այն ժամանակահատվածում, երբ Պուտինը Կրեմլում է, իսկ Ռուսաստանի տնտեսությունը կախված է էներգետիկ ռեսուրսների անկանոն գներից:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment