Թուրքիան Արևմուտքի դեմ՝ Միջերկրական ծովում

Թուրքիան Արևմուտքի դեմ՝ Միջերկրական ծովում

Հոդվածի առանցքում

  • Անկարան օկուպացրել է Սիրիայի հյուսիս-արևմուտքի մի մասը: Թուրքական զորքը այժմ կուտակվում է Սիրիայի սահմանին ՝ դեպի արևելք: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է, որ իր զորքը կարող է Սիրիա մտնել «հանկարծակի՝ մի գիշերվա ընթացքում», եթե ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Սիրիայի դեմոկրատական ուժերը չենթարկվեն Սիրիայի տարածքում սահմանի երկայնքով 30 կմ հեռավորության վրա «անվտանգության գոտի» պահպանելու իր պահանջին:

Ուշադրությանն արժանի

 

Մերձավոր Արևելքում գերտերությոն ներկայանալու Թուրքիայի հավակնությունների ապացույցներն այժմ այդ  տարածաշրջանի արևմտյան մասում զարգացումներն են:

Անկարան օկուպացրել է Սիրիայի հյուսիս-արևմուտքի մի մասը: Թուրքական զորքը այժմ կուտակվում է Սիրիայի սահմանին ՝ դեպի արևելք: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է, որ իր զորքը կարող է Սիրիա մտնել «հանկարծակի՝ մի գիշերվա ընթացքում», եթե ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Սիրիայի դեմոկրատական ուժերը չենթարկվեն Սիրիայի տարածքում սահմանի երկայնքով 30 կմ հեռավորության վրա «անվտանգության գոտի» պահպանելու իր պահանջին:

Թուրքական ուժերը ներկա են նաև Հյուսիսային Իրաքում, որտեղ նրանք գործողություններ են իրականացնում քրդերի դեմ Քրդստանի կողմից վերահսկվող տարածքներում:

Բացի այդ, Թուրքիան առաջարկում է ակտիվ աջակցություն Լիբիայի «Մուսուլման եղբայրների» հետ կապ ունեցող կառավարությանը ՝ անօդաչու սարքեր մատակարարելով Տրիպոլիին՝ 2011-ից ի վեր խախտելով ՄԱԿ-ի էմբարգոն:

Եվ, իհարկե, Անկարան աջակցում է Գազայի հատվածում գտնվող Համասի ռեժիմին: Պաղեստինյան իսլամիստական շարժումը Ստամբուլում ակտիվ գրասենյակ է պահպանում, որը, ըստ Սոհաիբ Հասան Յուսիֆի, «Թուրքիայի տարածքում իրականացնում է անվտանգության և ռազմական գործողություններ քաղաքացիական հասարակության քողի տակ»:

Երուսաղեմում ազդեցություն ստեղծելու ուղղությամբ Թուրքիայի ջանքերը՝ կապված պետական աջակցության գործակալությունների գործունեության, ինչպես, օրինակ, Թուրքիայի համագործակցության և համակարգման գործակալության գործունեության միջոցով, նույնպես կարելի է արձանագրել:

Հարևանների վրա ազդելու Թուրքիայի ջանքերը  չեն սահմանափակվում ցամաքում: Այժմ իրադարձություններն արագ զարգանում են Արևելյան Միջերկրականում Թուրքիայի հավակնությունների ֆոնին:

Այս տարածքում վերջին տարիներին Իսրայելի, Կիպրոսի և Եգիպտոսի ջրերում հայտնաբերվել են գազի խոշոր պաշարներ: Լիբանանը նույնպես ձգտում է ուսումնասիրություններ սկսել իր տարածքային ջրերում: Հիմնական մարտահրավերը բնական գազի Եվրոպա արտահանման ենթակառուցվածքի ստեղծումն ու հետագա հեռանկարներն են:

Թուրքիան չի հայտնաբերել գազի հիմնական պաշարները: Այն չի հրավիրվել միանալու Արևելյան միջերկրածովյան գազի ֆորումին, որը նոր ձևավորված կառույց է՝ նպատակաուղղված համակարգելու գազը միջազգային շուկաներ արտահանելու մեխանիզմների մշակման ուղղությամբ ջանքերը: Եգիպտոսը, Կիպրոսը, Հունաստանը, Իսրայելը, Իտալիան, Պաղեստինի տարածքները և Հորդանանը անդամակցում են այս ֆորումին:

Քանի որ Թուրքիան ավելի է հեռանում Արևմուտքից և ավելի մոտենում Ռուսաստանին, դառնում է ավելի ագրեսիվ և խանգարող ուժ Արևելյան Միջերկրական ծովում գազի արտահանումների մասով: Հիմա գլխավոր մտահոգությունը Կիպրոսն է:  Իսրայելը, Եգիպտոսը և Լիբանանը Նիկոսիայի հետ կնքել են սահմանազատման պայմանագրեր: Թուրքիան հրաժարվում է դա անել:

Անկարան ընդունում է միջազգային իրավունքի իր մեկնաբանությունը` էներգետիկ ռեսուրսների սեփականության իրավունքը սահմանելու առումով: Ըստ թուրքական տեսակետի, Կիպրոսին հարող ջրերը կազմում են Թուրքիայի սեփական մայրցամաքային մասը, և որպես այդպիսին Անկարան իրավունք ունի ուսումնասիրել և հորատումներ իրականացնել այդ ջրերում:

Անկարան նաև պնդում է, որ կիպրացիներն իրավունք չունեն հորատումներ իրականացնել նախևառաջ պայմանավորվածություն չունենալով Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հետ, որը ստեղծվել է 1974-ին և որը ոչ մի երկիր չի ճանաչվում, բացի Թուրքիայից:

Էրդողանը ամփոփել է Թուրքիայի դիրքորոշումը Ստամբուլի ռազմածովային ուժերի հրամանատարական կենտրոնում վերջերս ունեցած ելույթում, որը մեջբերում է «Ալ-Մոնիտոր» լրատվական կայքը. «Մենք թույլ չենք տա քայլեր Արևելյան Միջերկրածովյանի բնական պաշարների մասով, որոնք կխախտեն Հյուսիսային Կիպրոսի Հանրապետություն և մեր երկրի իրավունքները: Ճիշտ այնպես, ինչպես մենք դաս տվեցինք Սիրիայի ահաբեկիչներին, մենք չենք զիջի ծովային ավազակներին»:

Անցած տարի Թուրքիան ռազմանավեր ուղարկեց՝  կասեցնելով իտալական էներգետիկ ընկերության հորատումները Կիպրոսի կառավարության հետ ձեռք բերված համաձայնությամբ: Հետագայում իտալական ENI ընկերությունը հրաժարվեց իր ծրագրերից:

Մայիսին Թուրքիան Միջերկրական ծովում անցկացրեց իր ամենամեծ ռազմածովային զորավարժությունը՝ Operation Seawolf-ը, ներգրավելով ավելի քան 130 ռազմանավ:

Ներկայում երկու թուրքական նավեր հորատումներ են իրականացնում Կիպրոսի ափերին մոտ: Ֆաթիհը հորատում է կղզու արևմտյան ափերից մոտ 50 մղոն հեռավորության վրա: Դրա անձնակազմը պնդում է, որ երկու շաբաթ առաջ Փաֆոսի մոտ գտնվող ջրերում գտել է մինչև 170 միլիարդ խորանարդ մետր գազի պաշար: Միևնույն ժամանակ, Յավուզը սկսել է հորատումներ Կիպրոսի հյուսիս-արևելքում գտնվող Կարպաս թերակղզու հարևանությամբ, որի թույլըվությունը տրվել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության կողմից: Նավերին ու դրանց օժանդակ նավերին ուղեկցում է թուրքական ռազմածովային ֆրեգատը:

Կիպրոսը նավատորմ չունի և ռազմական առումով Թուրքիայի առաջ անօգնական է և այս ամենին փորձում է պատասխանել դիվանագիտության միջոցով: Եվրամիությունը քննադատել է Թուրքիայի քայլերը և սպառնացել պատժամիջոցներով:

Եվրոպական խոստումների վրա հույս դնելու փոխարեն Կիպրոսը զարգացնում է իր հարաբերությունները տեղական իշխանությունների հետ, որոնք նույնքան մտահոգված են Թուրքիայի ագրեսիվ վերափոխմամբ: 2010 թվականից ի վեր Հունաստանը, Կիպրոսը և Իսրայելը վեց եռակողմ գագաթնաժողով են անցկացրել: Վերջինը տեղի ունեցավ մարտի 21-ին, երբ երեք երկրները ստորագրեցին հռչակագիր, որով համաձայնեցին բարձրացնել համագործակցության մակարդակը, աջակցել էներգետիկ անկախությանը և անվտանգությանը: Գազի հիմնախնդիրը ընդգծում է այս երեք երկրների միջև ամրացող կապերը:

Մնում է տեսնել, թե որքանով է Թուրքիան առաջ տանելու իր փորձերը ՝ խաթարելու արևելյան Միջերկրական ծովում գազի արդյունաբերման գործընթացը: Ներկայում Անկարայի ջանքերը սահմանափակվում են կիպրական ենթատեքստով: Թուրքիան չի փորձում միջամտել գործընթացին դեպի հարավ: Այսպիսով, իրադարձությունների հետագա ուղղությունը, ամենայն հավանականությամբ, կախված կլինի թուրքական ամբիցիաների չափից:

Թուրք լրագրող Ամբերին Զամանը իր հոդվածում նշել է այս խնդրի տարածաշրջանային ավելի լայն ենթատեքստը:

«Թուրքական մկանների ցուցադրությունը դուրս է գալիս Կիպրոսի սահմաններից և հարկավոր է հասկանալ, որ Թուրքիայի ջանքերն ուղղված են Արևմուտքի և հարևանների հետ հարաբերությունները վերաիմաստավորելուն, որպեսզի արտացոլվի այն ազդեցությունը, որը Թուրքիան կարծում է, ունի և որին արժանի է»:

Այս ամենը գալիս է շատ հեռվից՝ 1990-ականների վերջին, երբ Իսրայելը ողջունեց թուրքական նավատորմի նավերը Հայֆա նավահանգիստում: 1998 թվականին իսրայելա-թուրքական համատեղ առաջին ռազմածովային զորավարժություններին նրանց ժամանումը դիտվում էր որպես հնարավոր նոր ռազմավարական դաշինքի խթան: Էրդողանի և քաղաքական իսլամի վերելքը Թուրքիայում վերջ դրեցին բոլոր այդպիսի հույսերին:

Այսօր Թուրքիայի ղեկավարներն իրենց անկեղծորեն նկարագրում են որպես Իսրայելի թշնամիներ: Ակնհայտորեն, նրանք թշնամանքի ավելի լայն ուղղություն են վերցրել դեպի Արևմուտք: Արևելյան Միջերկրականը կարծես թե այն տարածաշրջանն է, որտեղ կդրսևորվի քաղաքական այդ նոր կուրսը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment