Ադրբեջանում կին լրագրողները ճնշումների են ենթարկվում

Ադրբեջանում կին լրագրողները ճնշումների են ենթարկվում

Հոդվածի առանցքում

  • Այս տարի ադրբեջանցի լրագրող Սևինչ Օսմանքըզը պարզեց, որ իրեն թիրախավորել են և իր դեմ արշավ են սկսել՝ մեղադրելով Ռուսաստանի հետախուզության համար կրկնակի գործակալ լինելու, ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների գործակալի հետ հարաբերություններ ունենալու և պետական գաղտնիք վաճառող լրտես լինելու մեջ:

Ուշադրությանն արժանի

 

Այս տարի ադրբեջանցի լրագրող Սևինչ Օսմանքըզը պարզեց, որ իրեն թիրախավորել են և իր դեմ արշավ են սկսել՝ մեղադրելով Ռուսաստանի հետախուզության համար կրկնակի գործակալ լինելու, ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների գործակալի հետ հարաբերություններ ունենալու և պետական գաղտնիք վաճառող լրտես լինելու մեջ:

ԱՄՆ-ում ապրող և YouTube-ի ալիք վարող Օսմանքըզի դեմ արշավը գագաթնակետին հասավ ապրիլին, երբ Գերմանիայում հաստատված ադրբեջանցի գործընկերոջ հետ մեսինջերի գրագրությունը հայտնվեց Real TV առցանց լրատվական հարթակում:

Զրույցի ընթացքում Օսմանքըզը գործընկերոջը խորհուրդ էր տալիս, թե ինչպես վարի YouTube-ի իր ալիքը և հայտ ներկայացնի դրամաշնորհների համար, և  այս բովանդակությունն օգտագործվում էր նրան Արևմուտքի հետ կապեր ունենալու և լրտեսության մեջ մեղադրելու համար:

Օսմանքըզը IWPR-ին ասել է, որ սա առաջին անգամը չէ, որ իրեն թիրախավորում են:  Նա մահվան սպառնալիքներ էր ստացել 2012-ին և 2016-ին:

«Սկզբում ինձ հիմնականում վիրավորում էին: Իշխանամետ լրատվամիջոցներն օգտագործում էին այն փաստը, որ կին եմ, և ինձ թիրախավորել էին այդ տեսակետից: Թե վատ մայր էի, կամ թե  վատ կին էի ամուսնուս թողնելու և երկու երեխաներիս երկրից դուրս բերելու համար: Երբ դա չստացվեց, իշխող ռեժիմի «Ենի Մուսավաթ» թերթը հրապարակեց «հետաքննական պատմություն» Ֆլորիդայում իմ ձեռք բերած ենթադրյալ գույքի մասին: Եվ երբ պարզվեց, որ դա էլ սուտ է, Real TV-ն թողարկեց ձայնագրությունը, և անձնական նկարներ՝ ինձ մեղադրելով գաղտնի ծառայությունների գործակալի հետ հարաբերություններ ունենալու մեջ»:

«Սա հստակ ուղղորդումներով սկսված թիրախավորում է: Իշխանությունները միլիոններ են ծախսել ինձ հետևելու համար, բայց գլխավոր հարցն այն է, թե ինչու են հենց ինձ հետևում», – ասում է Օսմանքըզը:

Նրա դեպքը միակը չէ: Ադրբեջանում կին լրագրողներն ասում են, որ պարբերաբար ահաբեկվում են՝ շանտաժից մինչև սեռական ոտնձգություններ, ինչպես նաև տեղական ոստիկանության և քաղաքային պաշտոնյաների կողմից վատ վերաբերմունք:

Ադրբեջանում լրատվամիջոցների դեմ բռնաճնշումների ավելացումն ուղեկցվեց մի շարք անկախ և կարևոր կայքերի արգելափակմամբ: «Ազադլիք» ռադիոկայանը՝ «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, արգելափակված է 2017 թվականից:

Հսկողության տարատեսակ ձևեր են կիրառվում քաղհասարակության ներկայացուցիչների նկատմամբ՝ սկսած ընդդիմադիր կուսակցությունների անդամների բջջայիններին հետևելուց մինչև հարձակումներ և հաշվեհարդար:

Առավել հայտնի դեպքերից մեկը Խադիջա Իսմայիլովայինն է, որը հետաքննող լրագրող է և 2012-ին շանտաժի է ենթարկվել իր բնակարանի ներսում թաքցված տեսախցիկով նկարահանված սեռական բովանդակությամբ կադրերով:

Իսմայիլովան ձերբակալվել էր 2014-ին և դատապարտվել յոթ ու կես տարվա ազատազրկման՝ կեղծ մեղադրանքներով: Գրեթե երկու տարի անցկացրել է բանտում: Չնայած հիմա ազատ է արձակվել, նրան արգելված է հեռանալ Ադրբեջանից և դեռ շարունակում է պայքարել դատարաններում իր նկատմամբ այլ մեղադրանքների դեմ:

2019-ի հունվարի 11-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում կայացրեց, ըստ որի Ադրբեջանը ապօրինի տեսագրության համար Իսմայիլովային պետք է վճարի 16,750 եվրո փոխհատուցում:

Իսմայիլովայի դեմ շանտաժը սկսվեց, երբ նա հրապարակեց իր հետաքննության որոշ մասեր, որոնք բացահայտում էին իշխող ընտանիքի և կառավարության կոռուպցիոն գործարքները: Նա հրաժարվեց դադրեցնել իր հետաքննությունը, և 2013-ին համացանցում հայտնվեցին շանտաժային ևս երկու տեսանյութեր, ինչից հետո վերահսկվող պետական թերթերը մեղադրում էին Իսմայլովային ոչ պրոֆեսիոնալիզմի, կողմնակալության և անպատշաճ պահվածքի համար:

Ի պատասխան մի խումբ կին լրագրողներ հավաք անցկացրին՝ կոչ անելով դադարեցնել լրագրողի դեմ ահաբեկման արշավը: Ոստիկանությունը 20 մարդու ձերբակալեց:

Չնայած առնվազն երկու տղամարդ լրագրողների դեմ ևս սեռական բնույթի տեսագրություններ են հրապարակվել, այս մարտավարությունը հիմնականում կիրառվում է կին լրագրողների դեմ:

«Օբյեկտիվ» առցանց հեռուստաալիքի 19-ամյա լրագրող Ֆաթիմա Մովլամլին թիրախավորվեց 2019-ի ապրիլին, երբ նրա անունով ստեղծվեց կեղծ ֆեյսբուքյան էջ՝  անկողնում ինտիմ լուսանկարներով և տեսանյութերով: Նա ասաց, որ նման մի բանի սպասում էր:

«Զարմացած չեմ: Նախկինում նման էջ կար, բայց փակվեց», – ասում է նա: Ֆեյսբուքին դիմելուց հետո այս մեկը ևս ջնջվեց:

Կանայք ասում են, որ նրանք հատկապես խոցելի են ահաբեկման և ոտնձգությունների այլ ձևերի նկատմամբ: Անկախ լրագրող Այնուր Էլգունեշը նկարագրել է, թե ինչպես է նա բազմաթիվ սպառնալիքներ ստացել 2016-ի հոկտեմբերին, երբ գրում էր մի տղամարդու մասին, որը  փողի համար շանտաժի էր ենթարկել մեկ այլ կնոջ:

«Ես քեզ այնպես կխայտառակեմ, որ այլևս չկարողանաս դեմքդ մարդկանց ցույց տալ», – ասել են նրան հեռախոսով: Էլգունեշը պաշտոնական բողոք է ներկայացրել ոստիկանություն, որտեղ նրան ասել են, որ կուսումնասիրեն սպառնալիքները: Սպառնացող տղամարդը հետագայում ներողություն է խնդրել:

Թեև այլ երկրներում ևս լրագրողները կարող են ահաբեկվել, ադրբեջանցի կին լրագրողներն ասում են, որ քիչ են դիմում պետությանը պաշտպանություն ստանալու համար:

Բեռլինում հաստատված անկախ լրագրող Լամիա Ադիլքըզն ասում է, որ ոտնձգություններն ու սպառնալիքներն իր առօրյա աշխատանքի մասն են եղել:

«Ես զգացի, որ ստիպված եմ համակերպվել հետապնդումների հետ, քանի որ դա գործիս մի մասն էր: Որոշեցի, որ ինքս ինձ կպաշտպանեմ, քանի որ չէի հավատում, թե ուրիշն ինձ կպաշտպանի»,- ասում է նա:

ՄԱԿ-ի 2014-ի զեկույցի համաձայն, ադրբեջանական հասարակության շրջանում կանանց նկատմամբ բռնությունը լայնորեն հանդուրժվում է:

Մեկ այլ անկախ լրագրող Այթան Ֆարհադովան ասում է, որ աշխատանքի գնալիս միջոցներ է ձեռնարկում իրեն պաշտպանելու համար:

«Ստիպված եմ լինում երևակայական ամուսնու հետ վերադառնալ ամեն անգամ, երբ գնում եմ սյուժե պատրաստելու, քանի որ միայնակ լրագրողը լուսնից ընկած մեկի նման մի բան է», – բացատրում է նա:

Ֆարհադովան ասում է, որ պաշտպանության միակ տարբերակը մյուս կին լրագրողներն են:

«Մենք կապի մեջ ենք: Նշում ենք այն վայրերը, որոնք վտանգավոր են և իրար տեղեկացնում են: Մենակ չենք գնում աշխատելու, զույգերով ենք գնում, քանի որ գիտենք՝ ոստիկանությունը մեզ չի պաշտպանի,և դատարանն էլ անարդար կլինի», – ասում է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment