Ռուս-ադրբեջանական էսկալացիա. պատճառն Ադրբեջան հայերի մուտքի արգելքն է

Ռուս-ադրբեջանական էսկալացիա. պատճառն Ադրբեջան հայերի մուտքի արգելքն է

Հոդվածի առանցքում

  • Ադրբեջանը և Ռուսաստանը դիվանագիտական պատերազմն են սկսել: Պատճառն այն է, որ Ադրբեջանն արգելում է հայկական ծագում ունեցող, բայց այլ երկրների քաղաքացիներին մտնել Ադրբեջան: Արգելքը պաշտոնական չէ, բայց գործում է վաղուց: Ադրբեջանի սահմանապահները մերժում են հայկական անունով բոլոր այցելուներին՝ նաև Ռուսաստանի քաղաքացիներին: Մոսկվան այս հանգամանքն օգտագործում է, երբ հարկ է լինում ճնշում գործադրել Բաքվի վրա:

Ուշադրությանն արժանի

Ադրբեջանը և Ռուսաստանը դիվանագիտական պատերազմն են սկսել: Պատճառն այն է, որ Ադրբեջանն արգելում է հայկական ծագում ունեցող, բայց այլ երկրների քաղաքացիներին մտնել Ադրբեջան:

Արգելքը պաշտոնական չէ, բայց գործում է վաղուց: Ադրբեջանի սահմանապահները մերժում են հայկական անունով բոլոր այցելուներին՝ նաև Ռուսաստանի քաղաքացիներին: Մոսկվան այս հանգամանքն օգտագործում է, երբ հարկ է լինում ճնշում գործադրել Բաքվի վրա:

Վերջին աղմկոտ միջադեպը 2017-ին էր, երբ երկու երկրների միջև իսկական թշնամանք էր, քանի որ Ադրբեջանը դատական հետապնդում էր սկսել Լեռնային Ղարաբաղ այցելած բլոգեր, ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Լապշինի դեմ:

Բայց այս օրերին ծավալվող վեճը, կարծես թե, սկսել է ոչ մի տեղից և այն շրջանում, երբ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները բավական ջերմ են: Այնուամենայնիվ այն շարունակվեց ավելի քան մեկ շաբաթ և կողմերը փոխանակում էին ավելի ու ավելի տարօրինակ հայտարարություններ:

Ամեն ինչ, կարծես թե, սկսվել է դեկտեմբերի 29-ին հայկական ծագումով ռուս կնոջ ֆեյսբուքյան գրառումից, որը մանրամասներով պատմում է Նոր տարին Ադրբեջանում անցկացնելու փորձի մասին: Ստիպված է եղել ժամերով մնալ Բաքվի օդակայանում, մի քանի այլ հայերի հետ, որոնք ևս ՌԴ քաղաքացիներ են, հետո նրանց նստեցրել են օդանավ և հետ ուղարկել Մոսկվա:

Ֆեյսբուքի գրառումը շատ տարածվեց և հունվարի 11-ին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային բրիֆինգի ժամանակ հարցրեցին դրա մասին: Զախարովան ասաց, որ Մոսկվան պարբերաբար այդ հարցը բարձրացնում է Ադրբեջանի հետ քննարկումների ժամանակ և, որ նման միջադեպերը դառնում են սխալ և վատ ավանդույթ: Նա հավելեց, որ միայն 2018-ին ՌԴ ԱԳՆ-ն հաշվել է նման 16 դեպք:

«Ադրբեջանական կողմի հետ բանակցություններում ՌԴ ԱԳՆ-ն մի քանի անգամ ընդգծել է, որ ներկա իրավիճակն անընդունելի է, պահանջել է դադարեցնել օդանավում ուղևորներին պահելու, ապա արտաքսելու պրակտիկան, քանի որ դա համատեղելի չէ երկու երկրների ընկերական հարաբերությունների հետ», – հավելել է նա:

Նույն օրն Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանեց հռետորիկայի ամբողջ արսենալով՝ հայտարարությամբ, որում Ադրբեջանի ամենատարբեր պահանջներն էին Հայաստանից: Կենտրոնում Ղարաբաղի հակամարտությունն էր: ԼՂ տարածքը միջազգայինորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, բայց 1994-ի այն վերահսկում են հայկական ուժերը: Ադրբեջանական նոտան նաև ընդգծում էր, որ ՌԴ քաղաքացի որոշ հայեր, օրինակ, մարզիկներ, պարբերաբար այցելում են Ադրբեջան: 2018-ին Ադրբեջան են այցելել մոտ 880,000 և նրանց գերակշռող մեծամասնությունը վայելել է ադրբեջանական հյուրընկալությունը:

 

Հայտարարությունը շարունակվում է մեղադրանքով, որ ՌԴ ԱԳՆ որոշ մարդիկ փորձում են սաբոտաժի ենթարկել ջերմացող Մոսկվա-Բաքու հարաբերությունները, քանի որ Կրեմլում Հայաստանի նոր կառավարությունից դժգոհությունը խորանում է:

«Ռուս-ադրբեջանական ջերմացող հարաբերությունների ֆոնին այս հայտարարությունը և փորձերը լրջացնելու առանձին միջադեպը, այն ենթատեքստից դուրս բերելով, այդ տենդենցի ևս մեկ դրսևորում է, որը մենք նկատել ենք: Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում վերջին լրջագույն խնդիրները և դրան հակառակ ջերմացող ռուս-ադրբեջանական հարաբերությունները (միայն վերջին տարում երկու երկրների նախագահները հանդիպել են վեց անգամ) լուրջ անհանգստացնում են որոշ մարդկանց ՌԴ ԱԳՆ-ում», – նշված է հայտարարության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն, կարծես թե, նկատի ունի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, որի հայրը հայ էր, ինչի պատճառով Բաքվում շատերը մտածում են, թե նա միշտ Հայաստանի կողմից է:

Եվ իսկապես ռուս-ադրբեջանական կոնֆլիկտը զարգանում է հայ-ռուսական հարաբերություններում սառը շրջանի ֆոնին: Մոսկվան ավելի ու ավելի հաճախ է ցույց տալիս իր դժգոհությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր ռեժիմից, և շատերը Բաքվում հավատում են, որ Մոսկվան ունի շատ ճանապարհներ կոնֆլիկտը երկարաձգելու և այն իր շահերի համար օգտագործելու մասով: Բայց դա Բաքվի արձագանքն ավելի անհասկանալի է դարձնում:

Թեև Ադրբեջանի հայտարարության մեջ անդրադարձ չկա հայերի մուտքի ոչ պաշտոնական արգելքին, հետնաբեմում Բաքուն պարբերաբար համաձայնել է Մոսկվայի հետ, որ այդ քաղաքականության հետ պետք է ինչ-որ բան անել:

Ռուսական Ռիա Նովոստին անանուն աղբյուրին հղումով հունվարի 15-ին գրեց, որ ՌԴ ԱԳՆ-ն նամակ է ուղարկել Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատուն Ադրբեջանի օդակայաններում էթնիկ ծագման պատճառով ՌԴ քաղաքացիների դիսկրիմինացիայի քաղաքականության դեմ:

Ադրբեջանական կողմն իր ռուս գործընկերներին նորից վստահեցրել է, որ խնդրի կարգավորման ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն:

Բայց Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Պոլադ Բյուլբյուլօղլուն հեքել է, թե նման բան է եղել: Նա հավելել է, որ հայերին արգելում են Ադրբեջան մտնել ԼՂ պատճառով և առաջին հերթին նրանց իսկ անվտանգության համար:

Մեկ շաբաթ անց, բայց Ռուսաստանը վերջապես հրապարակայնորեն պատասխանեց, այսպես ասած, սառցե ուղերձով, որ Ադրբեջանի հայտարարության տոնը դուրս էր դիվանագիտական պատշաճութունից: Ուշադրություն է դարձվել ադրբեջանական հայտարարության այն հատվածին, որում նշված է, թո Մոսկվան ուռճացնում է առանձին միջադեպերը. «Ադրբեջանի ԱԳՆ նշած առանձին միջադեպերի թվում նաև 2018-ի մայիսին Երկրորդ համաշխարհային պատերազմի վերերան և Լենինգրադի ճակատամարտը վերապրած 81-ամյա ծերունուն մերժելն է կամ 2017-ին պատահածը, երբ կնոջն իր չորսամյա երեխայի հետ մի քանի ժամ պահել էին օդակայանի հատուկ տարածքում»:

Եվ նորից Ադրբեջանը պատասխանեց նույն օրը՝ հայտարարելով, թե իր հայտարարության տոնը լիովին համապատասխանում էր այն հայտարարությանը, որին պատասխանում էին: Ավելին՝ ՌԴ ԱԳՆ-ին Բաքուն մեղադրեց վերջնագրերի անթույլատրելի տոն գործածելու մեջ: Եվ նորից փորձեցին սեպ խրել ՌԴ ԱԳՆ և Վլադիմիր Պուտինի միջև. «Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայության անհասկանալի կամակորությունն այս հարցի վերաբերյալ դժվար է բացատրել: Դա դեմ է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև առկա ռազմավարական հարաբերություններին: Միաժամանակ նման մոտեցումը ոչ մի կերպ չի համընկնում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ երկու երկրների հարաբերությունները զարգացնելու ուղղված ջանքերին»:

Հայտարարությունն ավարտվում է վեճը շարունակելու պատրաստակամությամբ. «Մենք կուզեինք ևս մեկ անգամ ընդգծել, որ ադրբեջանական կողմը կձեռնարկի քայլեր ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ապագա քայլերի մասով»: Սրանից հետո Ռուսաստանը չպատասխանեց:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment