Ադրբեջանում ավելի քան 50 քաղբանտարկյալ ազատ է արձակվել

Ադրբեջանում ավելի քան 50 քաղբանտարկյալ ազատ է արձակվել

Հոդվածի առանցքում

  • Նովրուզի առիթով Ալիևը համաներում է հայտարարել և ազատ է արձակվել ավելի քան 400 մարդ: Բայց ի տարբերություն նախորդ համաներումների, այս անգամ բանտից դուրս են եկել մեծ թվով մարդու իրավունքների պաշտպաններ և մարդիկ, որոնց միջազգային կազմակերպությունները հայտարարել են քաղբանտարկյալներ:  Մարտի 17-ին ազատ արձակվածների թվում են ընդդիմադիր Ժողճակատի երկու համանախագահները, Հեյդար Ալիևի արձանին գրաֆիտի նկարելուց հետո տասը տարով ազատազրկված երկու երիտասարդները, Նարդարանի դեպքերից հետո ձերբակալված կրոնական ակտիվիստներ, լրագրողներ և առողջապահության նախկին նախարարը, որը բանտում էր 12 տարի:

Ուշադրությանն արժանի

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհել ավելի քան 50 մարդու, որոնք հայտնի էին որպես քաղբանտարկյալներ: Նախագահի քայլն աննախադեպ էր և դիտորդները փորձում են հասկանալ` ինչու:

Նովրուզի առիթով Ալիևը համաներում է հայտարարել և ազատ է արձակվել ավելի քան 400 մարդ: Բայց ի տարբերություն նախորդ համաներումների, այս անգամ բանտից դուրս են եկել մեծ թվով մարդու իրավունքների պաշտպաններ և մարդիկ, որոնց միջազգային կազմակերպությունները հայտարարել են քաղբանտարկյալներ:

Մարտի 17-ին ազատ արձակվածների թվում են ընդդիմադիր Ժողճակատի երկու համանախագահները, Հեյդար Ալիևի արձանին գրաֆիտի նկարելուց հետո տասը տարով ազատազրկված երկու երիտասարդները, Նարդարանի դեպքերից հետո ձերբակալված կրոնական ակտիվիստներ, լրագրողներ և առողջապահության նախկին նախարարը, որը բանտում էր 12 տարի:

Այս համաներումը տարբեր կերպ մեկնաբանվեց: Որոշները նկատեցին ներքին և միջազգային ճնշումը, մյուսները` հիմնականում ռեսպրեսիվ իր կառավարությունը բարեփոխելու Ալիևի մտադրությունը:

«Կարծում եմ, Ադրբեջանի ժողովուրդը ցույց է տվել իր ամուր կամքը և այս պայքարի կազմակերպիչները հասել են իրենց նպատակին, քանի որ ցույց տվեցին հետևողական և սկզբունքային դիրքորոշում»,- ասում է բանտից դուրս եկած Գոզալ Բայրամլին:

Նա Ժողճակատի փոխնախագահն է և ձերբակալվել էր 2017-ի մայիսին, մեղադրվել սահմանը հատելիս 12.000 դոլարը չգրանցելու մեջ: Նա հերքում է մեղադրանքները և ասում է, որ թիրախավորվել է իր քաղաքական հայացքների պատճառով: «Քանի դեռ կառավարությունը շարունակում է չհանդուրժել մարդկանց քաղաքական հայացքները, հասարակության մեջ ուժեղ կոնֆլիկտ կլինի»,- ասում է նա:

Ադրբեջանում շարունակվող տնտեսական ճգնաժամը, միջազգային մեկուսացումը և աճող հասարակական դժգոհությունը  ստիպել են իշխանության քայլեր ձեռնարկել, ասում է հակահետախուզության նախկին սպա, այժմ քաղաքական  մեկնաբան Արաստուն Օրուջլուն: «Ադրբեջանում համակարգային ճգնաժամը և սոցիալ-տնտեսական լարվածությունը հասել են գագաթնակետին», – ասում է նա` հավելելով, որ կառավարությունը պատրաստ է «փոխզիջումների» գնալ:

«Սա ուղերձ է կառավարությունից: Բայց արդյոք կարելի է նրանց վստահել: Սա ժամանակի ընթացքում կպարզվի»:

Մի կողմից էլ շարունակվող ճնշում են Եվրամիության հետ բանակցությունները` նոր երկկողմ համաձայնագրի շուրջ: Բանակցությունների հերթական փուլը նախատեսվում է անցկացնել ապրիլի 4-ին: ԵՄ-ն հետևողականորեն պնդեց մարդու իրավունքների բարեփոխումների հարցում, այդ թվում, որպես համաձայնագրի մաս, քաղբանտարկյալների ազատ արձակումն է:

Եվրամիությունը համաներումը գնահատեց «ողջունելի քայլ», սակայն հայտարարության մեջ ավելացրեց, որ «ակնկալում է` հետագայում ևս նման քայլեր կձեռնարկվեն` Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համապատասխան»:

Amnesty International-ը ևս ողջունեց համաներումը, բայց զգուշացումներով: «Ադրբեջանում ռեպրեսիաների ընդհանուր մթնոլորտում քիչ բան է փոխել», – ասել է կազմակերպության Հարավային Կովկասի ավագ համակարգող Լևան Ասատիանին:

Տեղական իրավապաշտպան կազմակերպությունները նշում են, որ անարդարացի ձերբակալված առնվազն 74 ակտիվիստներ, լրագրողներ և ընդդիմադիր քաղաքական գործիչներ շարունակում են մնալ ճաղերի հետևում: Ադրբեջանը դեռ ունի ռեպրեսիվ օրենսդրություն, ինչը գրեթե անհնար է դարձնում քաղհասարակության գործունեությունը, բարդ է ՀԿ-ների գրանցումն ու ֆինանսավորումը: Ադրբեջանը շարունակում է փակ մնալ նաև մարդու իրավունքների հետաքննության մասով», – ասել է Ասատիանին:

Իշխանամետները համաներումը ներկայացնոմ են որպես կամքի նշան: «Երկրում  հեղափոխությունը կատարվում է վերևից: Մենք կարող ենք դա անվանել «սպիտակ հեղափոխություն» և դրա ճարտարապետը Իլհամ Ալիևն է», – գրում է «Ենի մուսավաթ» թերթի գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուն:

«Նախագահը չի ազատել քաղբանտարկյալներին, որովհետև նրա իշխանությունը թուլացել է: Հակառակը, նրա իշխանությունն այնքան ուժեղ է ավելի քան երբևէ», – գրել է Հաքին լրատվական կայքի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաևը: Ֆաթուլլաեւը համաներումը մեկնաբանում է որպես իշխանության ավելի պահպանողական ուժերի հաղթանակ և ասում է, որ 2019 թվականից Ալիևը «տնտեսության ազատականացման նոր ուղղություն» է վերցրել` ճնշելով կոռուպցիան, հովանավորչությունը և մենաշնորհները, ինչպես նաև հարկային, մաքսային և բանկային համակարգի բարեփոխումներով:

Արիֆօղլուն ասում է. «Վերջին 75 օրվա ընթացքում նախագահ Իլհամ Ալիևը կատարել է այնպիսի հեղափոխական փոփոխություններ, որոնք կարող էին տեղի ունենալ միայն նախագահության մի ամբողջ  ժամանակաշրջանում»:

Սակայն որոշ դիտորդներ կարծում են, որ բարեփոխումները, այդ թվում համաներումը, միայն կոսմետիկ են:

«Կառավարությունը գիտակցում է բարեփոխումների անհրաժեշտությունը, սակայն դրանցում առնվազն երկու սպառնալիքներ են տեսնում: Տնտեսական ազատությունների երկրում կառավարության իշխանությունը նվազում է: Սա երկարաժամկետ վտանգ է: Կա կարճաժամկետ վտանգ` ցանկացած իրական բարեփոխում կարող է առաջացնել ցնցում: Այս պայմաններում իրական բարեփոխումներն ինքնասպանություն կլինեին Ալիևի կառավարության համար», – ասում է Օրուջլուն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment