ԱՄՆ աջակցությամբ գործող ռադիոկայանը Ադրբեջանում հարձակման է ենթարկվել

ԱՄՆ աջակցությամբ գործող ռադիոկայանը Ադրբեջանում հարձակման է ենթարկվել

Հոդվածի առանցքում

  • Ալիևը խստացրել է բռնությունները լրագրողների և հասարակական կազմակերպությունների նկատմամբ, ինչի հետևանքով Արևմուտքը կտրուկ դատապարտել է Ադրբեջանին:
  • Այս ամիս կառավարությունը բանտարկել է հետաքննող հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովային, որն աշխատում էր Ազատություն ռադիոկայանում և լրատվական այլ գործակալություններում:Իսմայիլովան, որն առ այսօր կալանքի տակ է, զայրացրել էր բարձաստիճան պաշտոնյաներին` բացահայտելով նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի բիզնես-գործարքները:
  • Կառավարությունը ռադիոկայանին և դրա աշխատակիցներին մեղադրել է լրտեսության և արտասահմանից ֆինանսավորում ստանալու մեջ: Ազատություն ռադիոկայանը ֆինանսավորում է ամերիկյան կառավարությունը` սկսած 1953 թվականից:

Ուշադրությանն արժանի

Անցած շաբաթ Ադրբեջանում Ազատություն ռադիոկայանի տասնյակ աշխատակիցներ ձերբակալվել և 12 ժամ հարցաքննության են ենթարկվել: Երկրի իրավապահները խստացրել են բռնությունները լրագրողների և հասարակական կազմակերպությունների նկատմամբ, ինչի հետևանքով Արևմուտքը կտրուկ դատապարտել է Ադրբեջանին:

Անցած ուրբաթ դատախազները և ոստիկանները ներխուժել են ռադիոկայանի Բաքվի գրասենյակ: Իրավապահները առգրավել են համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, փաստաթղթեր և այլ նյութեր, որից հետո կնքել են գրասենյակի տարածքը:

Ռադիոկայանը Ադրբեջանում անվանում են Radio Azadliq, ինչը ադրբեջաներենով  նշանակում է ռադիո Ազատություն: Այն երկար տարիներ եղել է պաշտոնյաների թիրախում: Ռադիոկայանի FM հաճախականությամբ հեռարձակումը BBC-ի ռադիոյի և Ամերիկայի ձայնի հետ արգելափակվել է 2009-ին (հեռարձակումների արբանյակային և համացանցային տարբերակին դեռ հնարավոր է հետևել):

Այս ամիս կառավարությունը բանտարկել է հետաքննող հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովային, որն աշխատում էր Ազատություն ռադիոկայանում և լրատվական այլ գործակալություններում:Իսմայիլովան, որն առ այսօր կալանքի տակ է, զայրացրել էր բարձաստիճան պաշտոնյաներին` բացահայտելով նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի բիզնես-գործարքները:

Շաբաթ երեկոյան իշխանությունները սկսել են ռադիոկայանի աշխատակիցների ձերբակալությունները` որոշ դեպքերում նրանց բերման ենթարկելով բնակության վայրից: Այս մասին հաղորդել է Պրահայում գտնվող Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայության տնօրեն Քենան Ալիևը:

Նա հայտնել է, որ «Աշխատանքից հետո» լրատվական ամենօրյա հաղորդաշարի հաղորդավար Քամրան Մահմուդովը բերման է ենթարկվել գիշերանոցով: Կիրակի առավոտյան իշխանություններն անգամ ձերբակալել են ռադիոկայանի հավաքարարին:

Բոլոր աշխատակիցները ազատ են արձակվել, չնայած շատերին հարցաքննել են հաջորդ օրը` երկուշաբթի: Ոչ մեկին մեղադրանք չեն առաջադրել: Ալիևի խոսքով, «իրավապահները ահաբեկել են ամբողջ աշխատակազմին, Ազադլիքը Ադրբեջանում ազատ խոսքի վերջին կղզին է, հիմա այն հայտնվել է հարձակման թիրախում»:

Կառավարությունը ռադիոկայանին և դրա աշխատակիցներին մեղադրել է լրտեսության և արտասահմանից ֆինանսավորում ստանալու մեջ: Ազատություն ռադիոկայանը ֆինանսավորում է ամերիկյան կառավարությունը` սկսած 1953 թվականից` հիմնադրվելու պահից` Սառը պատերազմի ժամանակ: Բաքվում ռադիոկայանի գրասենյակը բացվել է 1990-ականներին:

Նախագահ Ալիևի աջակիցները զգուշացրել են, որ արտասահմանից աջակցություն ստացող կազմակերպությունները դավադրաբար կարող են հեղափոխություն կազմակերպել Բաքվում` Արաբական գարնան սցենարով, կամ բողոքի զանգվածային ցույցերով, ինչպես Ուկրաինայի դեպքում, որի հետևանքը եղավ փետրվարին նախագահ Վիկտոր Յանուկովիչի տապալումը:

Ադրբեջանի կառավարությունը հասարակական որոշ կազմակերպությունների և ակտիվիստների մեղադրել է նաև Հայաստանի հետ գործակցելու համար: Այս երկրի հետ Ադրբեջանը ավելի քան 20 տարի գտնվում է պատերազմական իրադրության մեջ  Լեռնային Ղարաբաղի պատճառով:

Իշխող Յենի Ազերբայջան կուսակցությունը ներկայացնող Սիյավուշ Նովրուզովը լրատվական տեղական Media Forum կայքին ասել է. «Արտաքին հետախուզության և հայկական լոբբիի համար աշխատող ցանկացած վայր պետք է ստուգվի»:

Ադրբեջանը մի կողմից փորձում է լռեցնել այլախոհներին, մյուս կողմից այդ փոքր և  նավթով հարուստ երկիրը վերջին տարիներին ամեն կերպ հայացքը ուղղում է դեպի Եվրոպա:  Օրինակ, Ադրբեջանը միլիարդներ է ծախսում Եվրոպական խաղերի կազմակերպման վրա, որոնք նախատեսված են Բաքվում մյուս տարվա հունիսին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment