Ադրբեջանի նախագահը պաշտոնավարման 15 տարում առաջին հեռուստահարցազրույցն է տվել
Հոդվածի առանցքում
- 2003-ից ի վեր Ադրբեջանի նախագահ Ալիևն այս ամսվա սկզբին տվեց իր ամենաառաջին հարցազրույցը տեղական հեռուստատեսությանը: Փետրվարի 12-ին հեռարձակված մոտ մեկ ժամանոց հարցազրույցը վարում էր իշխանամետ լրագրող Միրշահին Աղաևը, որն ավելի վաղ հայտնի էր ավելի անկախ դիրքորոշումներով` մասնավոր, իշխանամետ REAL TV-ի եթերում
Ուշադրությանն արժանի
Ի՞նչ հաճախականությամբ պետք է երկրի առաջնորդը հարցազրույց տա տեղական մեդիային: Շաբաթը մեկ անգամ կամ ամիսը մեկ: Ավտորիտար երկրի կանոններով միայն պետական մեդիան և տարին մեկ անգամ կարող է խիստ վերահսկվող հարցազրույց ստանալ:
Ադրբեջանի դեպքում այս հարցի պատասխանը բավական էքստրաօրդինար է: 2003-ից ի վեր Ադրբեջանի նախագահ Ալիևն այս ամսվա սկզբին տվեց իր ամենաառաջին հարցազրույցը տեղական հեռուստատեսությանը:
Փետրվարի 12-ին հեռարձակված մոտ մեկ ժամանոց հարցազրույցը վարում էր իշխանամետ լրագրող Միրշահին Աղաևը, որն ավելի վաղ հայտնի էր ավելի անկախ դիրքորոշումներով` մասնավոր, իշխանամետ REAL TV-ի եթերում:
Հարցազրույցն Ադրնեջանում նկատելի հետաքրքրություն առաջացրեց, քանի որ քաղաքացիները սովոր էին լսել Ալիևի հայտարարությունները, բայց ոչ զրուցակցի հետ քննարկումը: Նույնիսկ Ալիևի twitter-ն ավելի շուտ տարօրինակ մոնոլոգի տեսք ունի, քան հանրության ուշադրությունը գրավելու գործիքի:
Եվ այնուամենայնիվ, հարցազրույցը տպավորիչ դեբյուտ չդարձավ: Սոցմեդիայում շատերը քննարկում էին նախագահի մարմնի լեզուն, ինչ-որ առումով զարմանալի արտաքինը և պետական մեդիայի ընտրած թեմաները:
Հաշվի առնելով, որ Ալիևը ոչ ոքի տպավորելու կարիք չունի, Ադրբեջանի անկախության 27 տարում այդ երկրում ոչ մի ազատ և արդար ընտրություն չի կայացել, նրա ինչին էր պետք այս հարցազրույցը:
Հարցազրույցի թեմաներն արտացոլում էին պետական մեդիայի քաղաքականությունը` Հայաստանի հետ շարունակվող հակամարտությունը ԼՂ շուրջ, պետական ծառայություններ, տնտեսական ռեֆորմներ և Ադրբեջանի հարաբերությունները ԵԱՏՄ և ԵՄ առևտրային բլոկերի հետ: Նոր հայտարարություններ չհնչեցին:
Առաջին իսկ օրը հարցազրույցի տեսանյութը մեծ թվով դիսլայքեր ստացավ, մեկնաբանություններում ադրբեջանցիները հրաժարական էին պահանջում և հայտարարում, որ չեն հավատում հեքիաթներին: Սրանից հետո REAL TV-ի YouTube ալիքում արգելափակվեց մեկնաբանություններ թողնելու հնարավորությունը:
Ընդդիմադիր առաջնորդ Ազեր Գասիմլին ասաց, որ հարցազրույցը ցույց տվեց, թե ինչքան է կառավարությունը վախեցած ավեացող հանրային դժգոհությունից և տնտեսական դժվարություններից:
«Անիմաստ է որևէ կերպ պատասխանել նախագահի ասածներին, որովհետև մենք նրան պատասխանում ենք տարիներ շարունակ: Հարցազրույցն անկեղծ չէր: Նախագահը և լրագրողը ինձ հիշեցրին «ստի վրա լողացող նավ»: Եզրակացնում եմ, որ կառավարությունը շատ վախեցած է», – ասաց նա:
Նախագահի հարցազրույցը դիտած քաղաքացիների մեծ մասը սոցիալական հարթակներում գրում է, որ հիասթափված է և փոփոխությունների կոչ է անում:
Մեկը գրել է. «Ես չկարողացա մինչև վերջ դիտել հարցազրույցը, անջատեցի հեռուստացույցը, քանի որ հարցազրույց վարողը և նախագահը կեղծ էն: Նրանց խոստումներն այլևս արժեք չունեն, որովհետև մարդիկ հոգնել են նման ստերից և խարդախություններից: Մարդիկ ուզում են նորարարություններ և իրական բարեփոխումներ»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ