Վրաց-ադրբեջանական հարաբերությունները նորից լարվում են վանական համալիրի պատճառով

Վրաց-ադրբեջանական հարաբերությունները նորից լարվում են վանական համալիրի պատճառով

Հոդվածի առանցքում

  • Վրաստանի տարածած լուրերի համաձայն, ադրբեջանական սահմանապահները Ադրբեջանի հսկողության տարածքում գտնվող վանքից հանել են սրբապատկերները: Ադրբեջանցիներին մեղադրելով եկեղեցին անարգելու համար, վրացի վանականներն ու ակտիվիստները հուլիսի 14-ին հարձակվել են ադրբեջանցի սահմանապահների վրա: Միջադեպի տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես են ակտիվիստները հետապնդում ադրբեջանցի սահմանապահին ու նրանից խլում զենքը:

Ուշադրությանն արժանի

Փոխադարձ մեղադրանքները, որոնք ներառում են սրբապատկերներ և հրազեն, սրում են ընդհանուր առմամբ երկու բարեկամական հարևանների միջև սահմանի վերաբերյալ վեճը:

Վրաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նորից բռնկվել է երկու երկրների սահմանում գտնվող Դավիթ Գարեջիի հսկայական չափերի հասնող վանական համալիրի պատճառով:

Վրաստանի տարածած լուրերի համաձայն, ադրբեջանական սահմանապահները Ադրբեջանի հսկողության տարածքում գտնվող վանքից հանել են սրբապատկերները: Ադրբեջանցիներին մեղադրելով եկեղեցին անարգելու համար, վրացի վանականներն ու ակտիվիստները հուլիսի 14-ին հարձակվել են ադրբեջանցի սահմանապահների վրա: Միջադեպի տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես են ակտիվիստները հետապնդում  ադրբեջանցի սահմանապահին ու նրանից խլում զենքը:

Ադրբեջանցիները զայրույթով են արձագանքել հարձակմանը: Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրություն է պահանջել Վրաստանի դեսպանից, սովորական վրացիներն ու ադրբեջանցիներն էլ առցանց մեղադրել են միմյանց: «Մենք ափսոսում ենք, որ այս միջադեպը չի համապատասխանում Ադրբեջանի և Վրաստանի ռազմավարական գործընկերության ոգուն», – հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Լեյլա Աբդուլլաևան, միջադեպը որակելով որպես «սադրանք»:

Վրաստանի իշխանություններն էլ են նման ձևակերպումներով դատապարտել միջադեպը: «Կարևոր է, որ հասարակությունը պահպանի զսպվածություն և խուսափի սադրանքներից», – ասել է Վրաստանի ԱԳՆ-ն՝ կոչ անելով ակտիվիստներին մի կողմ քաշվել ու թույլ տալ, որ կառավարությունը զբաղվի սահմանային վեճով:

Վրաստանի սահմանային ոստիկանության պետի տեղակալ Թեյմուրազ Կուպատաձեն նշում է, որ սրբապատկերները հանել ու հանձնել են վրացական կողմին, որպեսզի դրանք պաշտպանեն վնասվելուց:

Երկու երկրների իշխանությունների նկարագրություններում միջադեպի վայրը տարբեր է: Ադրբեջանի իշխանությունը հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել Ադրբեջանի տարածքում, իսկ ըստ վրացական իշխանության, տեղանքը վիճելի գոտում է:

Ադրբեջանական տեսանկյունից, այս սահմանային տարածքի հարցում վիճարկելու բան չկա: «Կեշիկչիդագ քարանձավների տարածքը (Դավիթ Գարեջի համալիրի ադրբեջանական անվանումը) հիմնավորված է ադրբեջանական իրավական փաստաթղթերով», – «Ազերթակ» լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:

Խալաֆովը վկայակոչել է Վրաստանի խորհրդային ղեկավարության հաստատած 1963 քարտեզները, իսկ այդ ժամանակ Վրաստանն ու Ադրբեջանը Խորհրդային Միության մաս էին կազմում, որտեղ Դավիթ Գարեջիի մի մասը ներկայացվում է որպես Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածք: Երբ երկու երկրները հեռացան Խորհրդային Միությունից, նրանք արագ ճանաչեցին միմյանց անկախությունը: Ըստ Բաքվի, դա նշանակում է, որ Թբիլիսին ճանաչել է Ադրբեջանի խորհրդային սահմանները:

Այնուամենայնիվ, երկու երկրները դեռ պետք է համաձայնության գան իրենց ընդհանուր սահմանների մեծ մասի հարցում և վանքի համալիրը սահմանազատման վերաբերյալ երկարաժամկետ բանակցությունների ամենազգայուն կետն է: Սահմանային հակասության վերջին բռնկումը սկսվեց Դավիթ Գարեջի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ապրիլյան այցից և սահմանազատման շուրջ բանակցություններն ավարտելու կոչից հետո:

Վրացիները Դավիթ Գարեջին համարում են Վրաստանի քրիստոնեական մշակույթի օրրան, սուրբ վայր, մշակութային ժառանգության օբյեկտ և վստահ են, որ այն օրենքով իրենց է պատկանում: Սակայն Խալաֆովը պնդում է, որ «մշակութային, կրոնական և ոչ իրավաբանական այլ փաստաթղթերը չեն կարող հիմք հանդիսանալ սահմանագծման համար»:

Բաքուն ասում է, որ որպես բարի կամքի դրսևորում, վրացի վանականներին, հավատացյալներին և զբոսաշրջիկներին հնարավորություն է տրվել այցելել ադրբեջանական կողմում գտնվող վանքը: Սակայն Վրաստանում շատերը, հատկապես տեղական հոգևորականներն ու զբոսաշրջային գործակալները, համաձայն չեն այս տեսակետին: Լարվածությունը սրվել է իբր ադրբեջանցի սահմանապահների և տեղացիների կողմից վանքի նկատմամբ սրբապիղծ վերաբերմունքի վերաբերյալ անհիմն պնդումների պատճառով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment