Ադրբեջանը ուշադիր հետևում է այլակարծությանը, քանի որ տնտեսությունը դանդաղում է
Հոդվածի առանցքում
- Ադրբեջանը ուշադիր հետևում է այլակարծության ցանկացած դրսևորմանը, քանի որ նավթարդյունաբերող նախկին խորհրդային հանրապետությունում այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ տնտեսական խնդիրներ են առաջացել:
- Շաբաթ օրը միայն 30 հոգի էր հավաքվել Բաքվի կենտրոնում, բողոքելու գների աճի դեմ: Ոստիկանությունը, որը հաճախ ցրում է նույնիսկ ամենափոքր բողոքի ակցիան, արագ ձերբակալել է մասնակիցներից յոթին ու կարճ ժամանակ անց ազատ արձակել:
- Ոստիկանության արձագանքը իշխանությունների նյարդայնացման դրսևորումն է, քանի որ նրանք մեղադրվում են մարդու իրավունքների չարաշահումների և ընդդիմախոսներին լռեցնելու ու բանտարկելու համար: Բայց, գրեթե հույս չկա, որ հասարակական դժգոհությունը կարող է կանխել Ալիևի ղեկավարած Ենի Ադրբեջան կուսակցության հաղթանակը:
- Ալիևը, որը պահպանել է ճկուն հավասարակշռությունը Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, փետրվարի 21-ին հեռուստատեսությամբ իր մտահոգությունն արտահայտեց տնտեսական վիճակի վերաբերյալ և բացատրեց, թե ինչու է Կենտրոնական բանկը մանաթը դոլարի նկատմամբ արժեզրկել 33,5% -ով, եվրոյի նկատմամբ՝ 30 տոկոսով:
- «Հարևան երկրներում արժույթների արժեզրկումը սկսել է ազդել մեզ վրա: Միևնույն ժամանակ, մեր եկամուտների վրա բացասաբար է ազդել նավթի գնի անկումը», - ասել է Ալիևը: Նա նշել է, որ Կենտրոնական բանկը նույնիսկ ստիպված է եղել օրական մոտ 500 միլիոն դոլար վաճառել:
- Ադրբեջանի 2015 թվականի բյուջեն ակնկալում է 19,4 միլիարդ մանաթի եկամուտներ: Վերլուծաբաններն ասում են, երկիրը տարեկան նավթային եկամուտներից կկորցնի 9 միլիարդ մանաթ, եթե նավթի միջին գինը մեկ բարելի դիմաց կազմի 40 դոլար:
- Կառավարությունը կանխատեսում է 2015 թվականի տարեկան 2.3% -ի գնաճ, որը 1,4 տոկոսով ավել է 2014 թվականի համեմատ:
Ուշադրությանն արժանի
ԲԱՔՈՒ, Մարտի 3 (Reuters) – Ադրբեջանը ուշադիր հետևում է այլակարծության ցանկացած դրսևորմանը, քանի որ նավթարդյունաբերող նախկին խորհրդային հանրապետությունում այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ տնտեսական խնդիրներ են առաջացել:
Տուժելով աշնանը նավթի համաշխարհային գների նվազումից, դոլարի նկատմամբ հարևան Ռուսաստանի ռուբլու անկումից և արևելյան Ուկրաինայում ընթացող անջատողական պատերազմից, Հարավային Կովկասի այս երկրի արժույթը՝ մանաթը, անցյալ ամիս արժեզրկվեց:
Մինչև նոյեմբերի խորհրդարանական ընտրությունները, խնդիրների աճի հետ կարող է զգալի լինել նաև դժգոհությունը հիմնականում մահմեդականներով բնակեցված մոտ 9 միլիոն բնակիչ ունեցող երկրում, որը ղեկավարում է նախագահ Իլհամ Ալիևը: Նա հաջորդել է հորը 2003 թվականի նախագահի ընտրությունից հետո:
«Բոլոր գները բարձրացել են, ամեն ինչ շատ թանկ է … Ինչու՞ չեն բարձրացնում մեր աշխատավարձերն ու թոշակները»,-հարցնում է Լալա Շարիֆովան, Բաքվի մաթեմատիկայի ուսուցչուհին:
Շաբաթ օրը միայն 30 հոգի էր հավաքվել Բաքվի կենտրոնում, բողոքելու գների աճի դեմ: Ոստիկանությունը, որը հաճախ ցրում է նույնիսկ ամենափոքր բողոքի ակցիան, արագ ձերբակալել է մասնակիցներից յոթին ու կարճ ժամանակ անց ազատ արձակել:
Ոստիկանության արձագանքը իշխանությունների նյարդայնացման դրսևորումն է, քանի որ նրանք մեղադրվում են մարդու իրավունքների չարաշահումների և ընդդիմախոսներին լռեցնելու ու բանտարկելու համար: Բայց, գրեթե հույս չկա, որ հասարակական դժգոհությունը կարող է կանխել Ալիևի ղեկավարած Ենի Ադրբեջան կուսակցության հաղթանակը նոյեմբերին կայանալիք ընտրություններում:
«Ղեկավարության համար որևէ սպառնալիք չկա, քանի որ ընդդիմությունը Ադրբեջանում այնքան ուժեղ չէ», – ասաց Ֆազիլ Մուստաֆան, անկախ վերլուծաբանը: Նա նշեց, որ շատ մարդիկ են կառավարությանը տեսնում որպես կայունության պահպանման երաշխիք:
Սակայն, ֆրանսիական վարկային ապահովագրող Coface-ն ասել է, որ սոցիալական լարվածությունը կարող է աճել: Այն նշել է. «Տնտեսության աճի դանդաղումը կարող է մեծացնել լարվածությունը հատկապես 2015-ի նոյեմբերին Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ»:
«Ինչևէ, քվեարկությունը քիչ հավանական է, որ կխափանի նախագահի կուսակցության շարունակական գերակայությունը»: Իր կայքում այն նաև վտանգավոր է համարել Հայաստանի հետ տարածքային երկարատև վեճի պատճառով ստեղծված տարածաշրջանային անկայունությունը:
Հեյդար Ալիևը պաշտպանվում է արժեզրկումից
Ադրբեջանին, որը սահմանակից է Հայաստանին, Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային, արդեն սիրաշահել է Արևմուտքը որպես ամերիկյան զորքերը Աֆղանստան հասցնելու տարանցիկ ուղի և Ռուսաստանի նավթն ու գազը Եվրոպա առաքելու այլընտրանք:
Արևմտյան խոշոր նավթային ընկերությունները՝ BP- ը, Exxon Mobil-ը և Նորվեգիայի Statoil-ը Խորհրդային Միության փլուզումից հետո գերիշխում են Ադրբեջանի նավթային արդյունաբերությունում, իսկ Մոսկվայի ու Բաքվի հարաբերությունները հիմնականում սառն են եղել:
Ալիևը, որը պահպանել է ճկուն հավասարակշռությունը Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, փետրվարի 21-ին հեռուստատեսությամբ իր մտահոգությունն արտահայտեց տնտեսական վիճակի վերաբերյալ և բացատրեց, թե ինչու է Կենտրոնական բանկը մանաթը դոլարի նկատմամբ արժեզրկել 33,5% -ով, եվրոյի նկատմամբ՝ 30 տոկոսով:
Հինգ օր առաջ այն սկսեց օգտագործել դոլար-եվրո զամբյուղը, որպեսզի կառավարի փոխարժեքը, դառնալով Ռուսաստանի տարածաշրջանային առևտրային գործընկերներից վերջինը, որը զգաց ռուբլու անկման ազդեցությունը:
«Հարևան երկրներում արժույթների արժեզրկումը սկսել է ազդել մեզ վրա: Միևնույն ժամանակ, մեր եկամուտների վրա բացասաբար է ազդել նավթի գնի անկումը», – ասել է Ալիևը: Նա նշել է, որ Կենտրոնական բանկը նույնիսկ ստիպված է եղել օրական մոտ 500 միլիոն դոլար վաճառել, որպեսզի պաշտպանի մանաթը: «Եթե այս վիճակը շարունակվի, պահուստները կարող են կրճատվել»:
Կենտրոնական բանկի պահուստները դեկտեմբերին նվազել են մոտ 1.13 միլիարդ դոլարով, իսկ հունվարին՝ 1 միլիարդ դոլարով՝ անցյալ տարվա ընթացքում նվազելով ավելի քան 10 տոկոսով:
Փետրվարի տվյալները դեռ անհասանելի են: Տնտեսական վերլուծաբաններն ասում են, որ այս տարի 4.4 տոկոս աճ ապահովելու կառավարության ծրագիրը վտանգի տակ է, քանի որ այն նախատեսված էր մեկ բարել նավթի դիմաց 90 դոլարի պայմաններում: Մինչդեռ հումքն այսօր վաճառվում է 60 դոլարով:
Նավթը և գազը կազմում են երկրի արտահանման 95 և պետական եկամուտների 75 տոկոսը: «Ես չեմ սպասում, որ այս տարի մեկ բարել նավթի գինը կգերազանցի 60- 65 դոլարը: Ահա թե ինչու է բյուջեի վերանայումն անխուսափելի»,-Reuters-ին ասաց Վախիդ Ախմեդովը, խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի պետի տեղակալը, գուշակելով, որ դա կարող է պատահել մայիսին:
Ադրբեջանի 2015 թվականի բյուջեն ակնկալում է 19,4 միլիարդ մանաթի եկամուտներ: Վերլուծաբաններն ասում են, երկիրը տարեկան նավթային եկամուտներից կկորցնի 9 միլիարդ մանաթ, եթե նավթի միջին գինը մեկ բարելի դիմաց կազմի 40 դոլար:
Մինչդեռ գնաճը սրընթաց վերելք է ապրում: Նախագահն ասել է, «շատ լուրջ միջոցներ» կձեռնարկվեն այն ձեռնարկությունների նկատմամբ, որոնք արհեստականորեն կբարձրացնեն գները: «Այս տարի տարեկան գնաճը կարող է հասնել մինչև 30 տոկոսի», – ասել է Սամիր Ալիևը, Բաքվի տնտեսական հետազոտությունների կենտրոնի անկախ վերլուծաբանը:
Կառավարությունը կանխատեսում է 2015 թվականի տարեկան 2.3% -ի գնաճ, որը 1,4 տոկոսով ավել է 2014 թվականի համեմատ: Կենտրոնական բանկի նախագահ Էլման Ռուստամովն էլ անցյալ ամիս հայտարարեց, որ այս տարի գները կարող են բարձրանալ 5-6% -ով:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ