Ադրբեջանի Իլհամ Ալիևի արքունիքում

Ադրբեջանի Իլհամ Ալիևի արքունիքում

Հոդվածի առանցքում

  • Արևմտյան կառավարությունները դատապարտել են ադրբեջանական բռնապետությունը` մարդու իրավունքների սարսափելի ցուցանիշների համար:
  • Անցած ամառ ադրբեջանական ընդդիմության դեմ գործողությունների ուժգնացումը հանգեցրեց նրան, որ այդ երկրին քննադատեցին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Եվրախորհրդարանը:
  • Ընդունած բանաձևը պահանջում է, որ Ադրբեջանի կառավարությունը «անմիջապես ու առանց որևէ պայմանի» ազատ արձակի քաղբանտարկյալներին:
  • Արևմտյան երկրների համար Ալիևին քննադատելը դժվար է, քանի որ նա կարող է քաղաքական դաշնակից ընտրել Ռուսաստանին` օգտագործելով իր գազատարները որպես արևմտյան երկրների էներգետիկ քաղցը բավարարող լծակ:
  • Արևմուտքի հետ ամուր կապերի բացակայությունը այդ երկրին կարող է անպաշտպան թողնել, «եթե Ռուսաստանը Հարավային Կովկասում կրկին դառնա ավելի ագրեսիվ»:

Ուշադրությանն արժանի

Արևմտյան կառավարությունները դատապարտել են ադրբեջանական բռնապետությունը` մարդու իրավունքների սարսափելի ցուցանիշների համար: Ջեյմս Դեբոնոն գրում է` արդյոք Մալթայի վարչապետ Ջոսեֆ Մուսկատը ընտրել է Իլհամ Ալիևի հետ հանդիպելու ամենավատ պահը, երբ Բաքվում ընթանում է դաժան հաշվեհարդար այլախոհների նկատմամաբ, ինչն անհանգստացնում է արևմտյան երկրներին:

Ռուսաստանի կողմից Ղրիմը գրավելուց հետո նավթով և գազով հարուստ Կովկասյան երկիրը դիտարկվեց որպես Պուտինի Ռուսաստանի էներգետիկ այլընտրանքը:

Վերջին շրջանում Ադրբեջանը նաև փորձում է գովազդել իրեն որպես առաջընթաց ապահովող զարգացած երկիր, չնայած կոռուպցիայի մակարդակով իր վատ համբավին: Ինչի համար նախագահ Իլհամ Ալիևին 2012-ին շնորհվել է “տարվա կոռումպացված մարդ” տիտղոսը (այն շնորհել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի բացահայտման նախաձեռնությունը):

Մուսկատը ապրիլին համաձայն էր ԵՄ երկրների դիրքորոշման հետ, երբ ակնարկում էր, որ Ռուսաստանում քաղաքական վերջին զարգացումները Եվրոպային դրդում են լուծել էներգետիկ աղբյուրները դիվերսիֆիկացնելու հարցը` գնալով նոր հարաբերությունների կառուցման ճանապարհով:

Նա ասել է, որ ԵՄ դրական դիրքորոշումը Ադրբեջանի նկատմամբ օգտակար է Մալթայի շահերի համար` նկատի ունենալով, որ Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը բաժնեմասեր ունի Electrogas-ում, որը բնական հեղուկ գազ է մատակարարում նոր էլեկտրակայանին:

Բայց վարչապետի այցը Ադրբեջան համընկնում է մարդու իրավունքների պաշտպանների հանդեպ բռնությունների հետ, որը ճնշում է արևմտյան երկրներին` ստիպելով հեռու մնալ Ալիևի ռեժիմից:

Գործարքներ Բաքվում

Ակնհայտ է, որ Մալթայի կացությունն այժմ կապված է Ադրբեջանի նավթային պետական ընկերության հետ (Socar), որը ոչ միայն Մալթային առաջիկա 18 տարիներին գազով ապահովող Electrogas-ի 20%-ի սեփականատերն է, այլև նույն ժամանակահատվածում լինելու է այդ ընկերության էներգետիկ միակ մատակարարը:

Հոկտեմբերին Կոնրադ Միցցին հայտարարեց, որ Socar-ը, որը գազի արտահանողից բացի նաև առևտրային ընկերություն է, գազ կգնի Shell-ից` նավթագազային միջազգային ընկերությունից:

Բայց, ըստ վարչապետի, Ադրբեջան այցելելու իր նպատակը եղել է «նոր էլեկտրակայանի համար գազի երկարաժամկետ մատակարարման ապահովումը»:

Ամեն դեպքում, այցը ընդգծում է էներգետիկ մատակարարումների ոլորտում Ադրբեջանի առանցքային դերը Մալթայի համար: Մինչև հիմա տպավորությունն այնպիսին էր, որ Electrogas-ի հետ համաձայնությունը Մալթայի կառավարության և մի մասնավոր ընկերության միջև հերթական գործարքներից է, բայց այս համաձայնությունները ստորագրվել են Բաքվում, ինչը ցույց է տալիս, որ իրականում սա երկու կառավարությունների միջև պայմանավորվածություն է:

Փակելով աչքե՞րը

Չնայած Մալթային կմատակարարեն գազ տանկերներով, որոնք կգան Դելիմարայի  նավահանգիստ, 2019-ին ադրբեջանական գազը կարող է հասնել Իտալիայի ափերին նաև գազատարի միջոցով:

Սա հնարավոր է, քանի որ Ադրբեջանը սկսել է TANAP նախագծի իրականացումը, որը նախատեսում է գազատարի կառուցում Ադրբեջանի Շահ Դենիզից` Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի և Ալբանիայի տարածքներով դեպի Իտալիայի հարավ: Նախատեսվում է, որ այն կմատակարարի վեց միլիարդ խորանարդ մետր Թուրքիայի և տասը միլիարդ խորանարդ մետր գազ Եվրոպայի համար: Ապագայում գազատարը կկարողանա մինչև 31 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել:

Այսպես կոչված հարավային միջանցքը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անվանել է Եվրոպայի նոր «մետաքսե էներգետիկ ճանապարհ», որի միջոցով խիստ բռնապետական կառավարությունը պատրաստվում է տարանցիկ դեր ստանձնել ադրբեջանական գազը Եվրոպա տեղափոխելու հարցում:

Ադրբեջանի ռազմավարական կարևորությունը արևմտյան կառավարություններին ստիպում է երկակի մոտեցում ցուցաբերել այդ երկրում տիրող մարդու իրավունքների խայտառակ տվյալների և համատարած կոռուպցիայի նկատմամբ:  2013-ի դեկտեմբերին Գլոբալ Վկա հասարակական կազմակերպությունը բացահայտել է կոռուպցիոն գործարքներ Ադրբեջանի նավթային պետական ընկերությունում, որին մեղադրել են «առևտրային ոչ թափանցիկ գործունեության» համար: Չնայած Socar-ը պետական է, զեկույցում նշվել է կասկածելի գործարարների մասին, որոնք ներգրավված են ընկերության համակարգում:

Transparency International-ի կոռուպցիայի ինդեքսում Ադրբեջանը 175 երկրների շարքում 126-րդն է, այդ երկիրը հավաքել է հակակոռուպցիոն ընդամենը 29 միավոր հնարավոր 100-ից:

Ասե՞լ ճշմարտությունը իշխանությանը

Վստահաբար Մալթայի վարչապետ Մուսկատը ԵՄ միակ առաջնորդը չէ, որ փորձում է դուր գալ Ալիևի բռնապետությանը, բայց արևմտյան մյուս առաջնորդները համանման հանդիպումները գոնե օգտագործում են այդ երկրում մարդու իրավունքների դեմ բռնությունների վերաբերյալ իրենց մտահոգությունը հրապարակավ արտահայտելու համար:

2013-ին Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Մանուել Բարոզուն հանդիպել է Ալիևի հետ, բայց Բարոզուն նաև օգտագործել է իր այցը և հանդիպել է ադրբեջանական քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանների հետ` արտահայտելով իր մտահոգությունը երկրում տիրող բռնությունների նկատմամբ:

Ալիևի հետ հանդիպումները ռիսկային են նաև այն պատճառով, որ դրանք կարող են օգտագործվել ներքին քարոզչական նպատակների համար: 2014-ի հուլիսին Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին անհարմար վիճակում էր  հայտնվել, երբ Ալիևը Twitter-ում գրել էր, թե պատրաստ է պատերազմ հայտարարել Հայաստանին, և Իտալիան իրեն այդ հարցում աջակցելու է:

Իսրայելը ևս մեկ երկրի օրինակ է, որը կառուցել է ռազմավարական դաշինք մուսուլմանական Ադրբեջանի հետ: Իսրայելական Haaretz պարբերականը հայտնել է, որ Թել-Ավիվը կազմակերպել է հետախուզական գործողություններ Իրանի դեմ հարևան Ադրբեջանից, որին վաճառել է ռազմական համակարգեր, այդ թվում անօդաչու թռչող սարքեր և ռադարներ: TANAP նախագծին Իսրայելի միանալու վերաբերյալ խոսակցությունները փակուղում են հայտնվել Իսրայելի և Անկարայի միջև դիվանագիտական երկարատև ճգնաժամի պատճառով:

Ադրբեջանը ծախսում է միլիոններ միջազգային հարթակում հարգանք ձեռք բերելու համար, մեծ աշխատանք է կատարում լոբբիստական և հանրային հարաբերությունների ոլորտում, ֆինանսավորում է անգամ իսպանական ֆուտբոլային Atletico Madrid թիմը (այս թիմը Չեմպիոնների լիգայի վերջին մրցաշրջանում հասել է մինչև եզրափակիչ):

Խնդրահարույց էր, երբ անցած մայիսին Ադրբեջանին թույլ տվեցին վեց ամսով ղեկավարել Եվրախորհրդի նախարարների կոմիտեն, չնայած փաստ էր, որ այդ երկրում տարիներով ճնշել են քննադատներին, Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս ստանձնած պարտավորություններն էլ Ադրբեջանը ձախողել է:

Շրջադարձային պահը

Անցած ամառ ադրբեջանական ընդդիմության դեմ գործողությունների ուժգնացումը հանգեցրեց նրան, որ այդ երկրին քննադատեցին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Եվրախորհրդարանը: Սա կարող է լինել շրջադարձային պահ Ալիևի ռեժիմի և Արևմուտքի հարաբերություններում: ԱՄՆ և ԵՄ-ը այժմ ավելի խիստ դիրքորոշում են որդեգրել Ադրբեջանի նկատմամբ:

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում նախագահ Օբաման Ադրբեջանին առաջին անգամ ներկայացրեց մարդու իրավունքների հանդեպ բռնացող երկրների շարքում` ընդգծելով, որ «օրենքները անհավանական դժվարություններ են ստեղծում հասարակական կազմակերպությունների գործունեության համար»:

Օբաման իր քննադատությամբ առաջին անգամ հրապարակային հիշատակեց Ադրբեջանը, այս հայտարարությունը համընկավ Եվրախորհրդարանի հայտարարությանը, որով կոչ էր արվում Եվրահանձնաժողովին «սահմանել պատժամիջոցներ Ադրբեջանում մարդու իրավունքների նկատմամբ բռնությունների պատասխանատուների դեմ», եթե այդ խախտումները շարունակվեն:

Սեպտեմբերի 18-ին ընդունած բանաձևը պահանջում էր, որ Ադրբեջանի կառավարությունը շտկի իր քայլերը և «անմիջապես ու առանց որևէ պայմանի» ազատ արձակի քաղբանտարկյալներին: Նրանց քանակը, ըստ մարդու իրավունքների տեղական պաշտպանների, կազմում է 81 մարդ:

Ադրբեջանցի քաղաքագետ Էլդար Մամեդովի խոսքով «փոխադարձ սաստկացող հռետորաբանությունը» ԵՄ և Ադրբեջանի միջև պայմանավորված է նրանով, որ Բրյուսելն ու Բաքուն տարբեր պատկերացումներ ունեն իրենց հարաբերությունների բնույթի մասին:

Տասը տարի առաջ, երբ ԵՄ նախաձեռնեց իր Արևելյան Գործընկերության ծրագիրը, Բրյուսելն սպասում էր, որ մասնակիցները, այդ թվում Ադրբեջանը, ի վերջո կընդունեն Եվրամիության չափանիշները մարդու հիմնարար իրավունքների ոլորտում: Մյուս կողմից,  Ադրբեջանը հավատում էր, որ կարող է արտահանել էներգետիկ հարստություններ Եվրամիության երկրներ առանց ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտներում արևմտյան չափանիշներ սահմանելու:

Լեյլա Յունուսի մտահոգիչ վիճակը

Վարչապետ Մուսկատի այցը համընկել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Լեյլա Յունուսի և հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի ճակատագրի հանդեպ աճող անհանգստության հետ:

Դեկտեմբերի 9-ին փաստաբան Ռամիզ Մամմադովը ասել է, որ հուլիսին ձերբակալված Լեյլա Յունուսի առողջությունը կտրուկ վատթարացել է: Յունուսը, որը շաքարախտ և հեպատիտ C  ունի, չի ստանում բժշկական որևէ օգնություն, ինչի հետևանքով խնդիրներ ունի շնչառության հետ և հազիվ է քայլում:
Լեյլա Յունուսն ու իր ամուսինը` Արիֆը, ձերբակալվել են 2014-ի հուլիսի 30-ին: Դրանից մեկ օր առաջ Լեյլան բաց նամակ էր գրել նախագահ Ալիևին, քննադատելով  նրա ռեժիմը, որը բռնություններ է կիրառում մարդու իրավունքների պաշտպանների և բլոգերների դեմ: Յունուսը Ալիևին խնդրել էր «պատմության մեջ չմնալ որպես բռնապետ»:

Այս պահին նրանց գործը գտնվում է մինչդատական վարույթում: Լեյլային մեղադրում են դավաճանության և հարկերից խուսափելու, նրա ամուսնուն` դավաճանության և մեքենայությունների համար: Ամուսինները իրենց դեմ ներկայացված մեղադրանքները անհիմն են համարել, Amnesty International-ը նրանց որակել է «խղճի բանտարկյալներ»:

Նոյեմբերի 26-ին Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն ասել է. «Լեյլա Յունուսի` բանտում պահելու պայմանները լրջորեն վտանգում են նրա կյանքը: Եվրախորհրդարանը կոչ է անում նրան անմիջապես ազատ արձակել, մենք ճանաչում ենք ժողովրդավարական արժեքների հանդեպ նրա խիզախությունը և նվիրվածությունը և հայտնում ենք նրան մեր աջակցությունը»:

Ադրբեջանի պետական լրատվամիջոցները պատասխանել են Շուլցին` վարկաբեկելով Եվրոպական Սոցիալիստների առաջնորդին: Նրան անվանել են «անուղղելի հարբեցող, որը երբեք չի կառավարում իր զգացմունքները»:

ԵՄ և Եվրոպական Խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես մտահոգություն են հայտնել դեկտեմբերի 9-ին Ադրբեջանում հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության առիթով:

Իսմայիլովան աշխատում էր Ազատություն ռադիոկայանում, որին ֆինանսավորում է ԱՄՆ պետքարտուղարությունը: Սա տվել է նրան  որոշակի անձեռնմխելիություն, որից զրկված են Ադրբեջանի մյուս լրագրողները: Նրա ձերբակալությունը բեկումնային է ԱՄՆ-ի և Ալիևի ռեժիմի հարաբերություններում:

Ավելի վաղ ռեժիմը փորձել է վախեցնել նրան` ստիպելով լռել: 2012-ին Ալիևի ոստիկանությունը տեղադրել էր թաքնված տեսախցիկներ նրա բնակարանում և նկարահանել էր Իսմայիլովայի և իր ընկերոջ միջև սեռական հարաբերեւթյունները:

Այժմ նրան մեղադրում են իր նախկին ընկերոջը ճնշելու և նրան ինքնասպանության հասցնելու համար, Իսմայիլովային սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում:

Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի մամուլի խոսնակը Իսմայիլովայի ձերբակալությունը որակել է «ազատ արտահայտման դեմ կիրառված քայլ, որը ժողովրդավարական ցանկացած  հասարակության համար առանցքային է»: Մուսկատի այցը տեղի է ունեցել ձերբակալությունից մեկ շաբաթ անց: ԵՄ անդամ երկրի վարչապետը մարդու իրավունքների նկատմամբ նման բռնությունների առիթով պետք է առնվազն իր մտահոգությունն արտահայտեր:

Լեռնային Ղարաբաղի ուրվականը

Մինչև վերջերս Ադրբեջանը նախագահ Վլադիմիր Պուտինի Ռուսաստանի մեջ տեսել է թշնամական ուժ, որը փորձում է պառակտել իրենց արևմտամետ քաղաքականությունը և աջակցել հարևան Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում: Լեռնային Ղարաբաղը, որը ժամանակին կազմել է Ադրբեջանի մասը, տեղի մեծամասնությունը կազմող հայերի միջոցով դարձել էր անկախ, որից հետո սկսվել էր արյունահեղ պատերազմ` Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած առաջին տարիներին: Հրադադարից հետո այս տարի տեղի ունեցան ամենալուրջ բախումները երկու երկրների միջև, որին միջամտեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` այս տարվա օգոստոսին Սոչիում ընդունելով թշնամացած երկու նախագահներին: Հանդիպումը ընդգծեց Ռուսաստանի դերը տարածաշրջանում կայունության ապահովման գործում:

Ալիևն այժմ գովերգում է Մոսկվային և ասում. «Ադրբեջանն ու Ռուսաստանը երկու հարևան և բարեկամ երկրներ են, որոնք զարգանում են միասին և պատրաստ են դիմակայել աշխարհի  մարտահրավերներին»: Ալիևը վերջերս մեղադրել է Արևմուտքին Իսլամական պետության ի հայտ գալու համար` նշելով, թե այդ կազմակերպությանը ուղղորդում են Սիրիայում Ասադի ռեժիմի դեմ:

Ղրիմը գրավելուց և Ուկրաինան ապակայունացնելուց հետո Պուտինը կարող էր օգտագործել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Ադրբեջանին հիշեցնելու համար այն ռիսկերը, որոնց այդ երկիրը կարող էր բախվել, եթե շարունակեր հեռանալ ռուսական գերիշխանությունից:

Արևմտյան երկրների համար Ալիևին քննադատելը դժվար է, քանի որ նա կարող է քաղաքական դաշնակից ընտրել Ռուսաստանին` օգտագործելով իր գազատարները որպես արևմտյան երկրների էներգետիկ քաղցը բավարարող լծակ:  Ըստ վերլուծաբան Մամեդովի, ԵՄ-ը կարող է բավարարվել զուտ գործնական  հարաբերություններով Ադրբեջանի հետ` գործակցելով փոխադարձ հետաքրքություն ներկայացնող որոշ ոլորտներում` հատկապես էներգետիկ բնագավառում, բայց ԵՄ-ը պետք է խուսափի ընդհանուր արժեքներ տարածելու հավակնություններից:

«Դրանք կլինեն այնպիսի հարաբերություններ, ինչպիսին ԵՄ և Սաուդյան Արաբիայի միջև են»: Բայց Արևմուտքի հետ ամուր կապերի բացակայությունը այդ երկրին կարող է անպաշտպան թողնել, «եթե Ռուսաստանը Հարավային Կովկասում կրկին դառնա ավելի ագրեսիվ»:

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է ամրապնդել Վլադիմիր Պուտինի դիրքերը Կովկասում` դրանով իսկ խաթարելով կարծիքը, թե Ադրբեջանի գազը կարող է դառնալ ռուսականի այլընտրանքը: Ի վերջո, Պուտինը էներգետիկ երկու աղբյուրներն էլ կարող է վերահսկել (իր սեփականը և, անուղղակիորեն, նաև Ադրբեջանինը), քանի որ Ալիևի ռեժիմը իր գոյությունն ապահովելու համար քաղաքական կախվածություն է ձեռք բերում Մոսկվայից:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment