Ադրբեջանի կառավարության երկերեսանիությունը

Ադրբեջանի կառավարության երկերեսանիությունը

Հոդվածի առանցքում

  • Ադրբեջանի կառավարությունը վարձում է արևմտյան լոբբիստների, որ ներկայանա որպես ժողովրդավար և վստահելի գործընկեր, բայց երկրի ներսում ոչնչացնում է մեդիայի, կուսակցությունների և ՀԿ-ների անկախ ինստիտուտները:
  • Կառավարամետ մեդիան IREX կազմակերպությանը մեղադրել է «Ադրբեջանի թշնամիների շահերը ներկայացնելու համար»:
  • Պաշտոնյաները միջամտել են նաև Խաղաղության Կորպուսի գործունեությանը` նպատակ ունենալով դադարեցնել կազմակերպության ծրագրերը:
  • իշխանությունը նոր օրենքով սառեցրել է միջազգային և տեղական հկ-ների բանկային հաշիվները:
  • Արևմուտքը, Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ պահպանելով, ելնում է իր շահերից:
  • Մի միջավայրում, որտեղ մարդու հիմնարար իրավունքները մերժվում են, հակաարևմտյան քարոզչություն է ծավալվում, և ժողովրդավարական ձայները լռեցվում են, տեղական ծայրահեղական խմբերը կարող են պարարտ հող գտնել արմատ գցելու համար:
  • Արևմուտքը անհանգստանալու պատճառ ունի:

Ուշադրությանն արժանի

Ադրբեջանի ամենահայտնի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան վերջինն էր ակտիվիստների երկար ցուցակում, որ դարձավ քաղբանտարկյալ: Ազատություն ռադիոկայանի լրագրող Իսմայիլովան երկու ամսով կալանավորվել է` պաշտոնապես լրագրող գործընկերոջը ինքնասպանության հասցնելու մեղադրանքով, ինչը դիտորդները անվանել են «անհեթեթություն»: Իսմայիլովան երկար ժամանակ կառավարության քննադատներից է, նա հրապարակել է բազմաթիվ նյութեր պաշտոնյաների կոռումպացվածության մասին: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևը` կալանքից մեկ օր շուտ հայտնված հակաամերիկյան ծավալուն հոդվածում նրան անվանել է «դավաճան»:

Հոդվածը դատապարտել է ժողովրդավարությանն աջակցող ԱՄՆ ջանքերը, այն ներկայացնելով օտար երկրների զարգացումը խափանող գործունեություն, տեղական քաղաքացիական հասարակություններին էլ`«հինգերորդ շարասյուն»: Մեհդիևը Իսմայիլովային և նրա գործընկերներին մեղադրել է «հակաադրբեջանական» ծրագրեր մշակելու համար, ինչը «հավասարազոր է արտասահմանյան հատուկ ծառայությունների համար աշխատելուն»: Նոյեմբերին կոռուպցիայի վերաբերյալ Հելսինկիի հանձնաժողովում լսումներին Իսմայիլովայի մասնակցությունը իշխանությունը կանխեց, ենթադրվում էր, որ այդտեղ նա ելույթ կունենար: Ավելի վաղ նրան մեղադրել են ԱՄՆ հետաքննիչ պաշտոնյաներին տեղեկություններ հաղորդելու համար, երբ Իսմայիլովան հանդիպել էր ԱՄՆ Սենատի աշխատակիցների հետ:

Իրավիճակը, որում հայտնվել է Իսմայիլովան, կատարելապես ցույց է տալիս Ադրբեջանի երկերեսանի քաղաքականությունը ԱՄՆ նկատմամբ: Ադրբեջանի կառավարությունը վարձում է արևմտյան լոբբիստների և ուղեղային կենտրոնների, որ նրանք ամերիկացի և եվրոպացի քաղաքական գործիչներին համոզեն, որ այդ երկիրը ժողովրդավար և վստահելի գործընկեր է: Բայց երկրի ներսում կառավարության գործողությունները բոլորովին այլ են: Անցած մի քանի տարիներին Բաքվի ռեժիմը հետևողականերոն ոչնչացրել է մեդիայի, քաղաքական կուսակցությունների և, ամենաշատը, հասարակական կազմակերպությունների անկախ ինստիտուտները` այդ քայլերը թաքցնելով Արևմտյան ազդեցության դեմ գործողությունների դիմակի տակ:

Հեգնական է անգամ մտածելը, որ այս զարգացումները տեղի են ունենում մի երկրում, որն իրեն հպարտորեն անվանում էր մուսուլմակնական աշխարհի առաջին աշխարհիկ պետությունը: 1918 թվականին, Ռուսաստանում բոլշևիկների իշխանության գալուց մի քանի ամիս անց, Ադրբեջանը հռչակեց իր անկախությունը: Տեղական լիբերալ-դեմոկրատ առաջնորդները կազմեցին խորհրդարանի մեծամասնության հավանությունը վայելող կառավարություն: Նախագահ Վուդրո Վիլսոնը նկարագրել է «արժանի և հետաքրքիր ջենթլմենների խմբի հետ հանդիպումը, որոնք Ադրբեջանից էին: Նրանք խոսում էին նույն լեզվով, հարգեցի նրանց գաղափարները, ազատության, իրավունքի և արդարության կոնցեպտները»: Մարդը, ում մասին այսպես էր խոսել Վիլսոնը, Ադրբեջանի հիմնադիրներից մեկն էր:

Չնայած երկու տարի անց` 1920-ին, բոլշևիկները վերջ դրեցին անկախությանը, ԽՍՀՄ փլուզումը 1991-ին թույլ տվեց Ադրբեջանին վերագտնել այն: Ադրբեջանցիները կրկին ցույց տվեցին աշխարհիկ ժողովրդավարական համակարգ կառուցելու, ազատ աշխարհի մասը դառնալու մեծ ցանկություն: 1992 թվականին ժողովրդական հուզումների արդյունքում Ադրբեջանի խորհրդային ղեկավարը հեռացավ Մոսկվա: Նախկին քաղբանտարկյալ և այլախոհ Աբուլֆազ Էլչիբեյը ընտրվեց ժողովրդի նոր առաջնորդ:

Դժբախտաբար ժողովրդավարության վերականգնման այս մոտեցումը Ադրբեջանում երկար չտևեց: Ազատ քվեարկությամբ ընտրված Ադրբեջանի նախագահը Ռուսաստանի աջակցությամբ տեղի ունեցած զինվորական հեղաշրջման հետևանքով մեկ տարի անց տապալվեց: Նախկին ՊԱԿ գեներալ և խորհրդային պոլիտբյուրոյի անդամ Հեյդար Ալիևը օգտվեց խառը իրադրությունից իշխանության գալու համար: Չնայած նախագահ Ալիևը շարունակեց գործակցությունը Արևմուտքի հետ էներգետիկ, անվտանգության և հակաահաբեկչական պայքարի ոլորտներում, նրա իշխանությունը սկսեց աճել ամեն տարի` վերածվելով բռնապետության:

Երբ նախագահ Ալիևի երիտասարդ և լավ կրթված որդի Իլհամը փոխարինեց նրան 2003-ին կայացած խնդրահարույց ընտրություններից հետո, շատերը հավատացին, որ Ադրբեջանը հնարավորություն ստացավ վերածնել իր ժողովրդավարական ժառանգությունը: Այդ հույսերը, սակայն, անհետացան, և անցած երկու տարիներին իրավիճակը կտրուկ վատթարացավ:

Իշխող էլիտան ակնհայտորեն որդեգրեց ազատ մեդիայի, քաղաքացիական հասարակության և քաղաքական ընդդիմության մնացորդները ոչնչացնելու քաղաքականություն:

Այս կտրուկ քայլերը ուղեկցվեցին Արևմտյան մայրաքաղաքներում լոբբիստական արշավի հետ, որին ներգրավվեցին քաղաքական գործիչներ, կառավարության ներկայացուցիչներ, մեդիայի և ուղեղային կենտրոնների աշխատակիցներ: Այս ջանքերի ագրեսիվությունը հայտնվեց Արևմտյան և միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: 2014-ի հուլիսին, օրինակ, Houston Chronicle-ը պարզեց, որ Բաքու այցելած ամերիկացի իրավաբանները ֆինանսավորվել են Ադրբեջանից, երբ մասնակցել են մասամբ SOCAR-ի` Ադրբեջանի նավթային պետական ընկերության հովանավորությամբ անցկացված կոնֆերանսին: Անցած սեպտեմբերին New York Times-ը հրապարակեց մանրակրկիտ ապացույցներ այն մասին, որ Ադրբեջանի կառավարությունը չափազանց մտերիմ հարաբերություններ ունի ԱՄՆ-ում տեղակայված լոբբիստական ընկերության և ուղեղային մի քանի կենտրոնների հետ: Մի քանի տարի անց, Ազատություն ռադիոկայանը լույս սփռեց Բրենդա Շաֆերի գործունեության վրա, որը հետազոտող էր Ջորջթաունի համալսարանում և օգտագործում էր լրատվամիջոցները Ադրբեջանի կառավարությանն Արևմուտքի գործընկեր ներկայացնելու համար, միաժամանակ չէր բացահայտում, որ նախկինում աշխատել է Ադրբեջանի նավթային պետական ընկերության խորհրդատու:

Ամերիկյան և եվրոպական լսարանների համար Ադրբեջանցի պաշտոնյաները աջակցություն են խնդրում հարևան Ռուսաստանի և Իրանի դեմ, օգնություն են խնդրում խորհրդային ժառանգության մնացորդները հաղթահարելու համար: Այս կերպարով Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է հայտարարել, որ եվրոպամետ է: Ադրբեջանցի պաշտոնյաները և իշխող կուսակցության անդամները, սակայն, ներքին լսարանին ներկայացնում են բոլորովին այլ պատմություններ: «Վերջերս ԱՄՆ ահաբեկչության դեմ պայքարող երկրից վերածվեց ահաբեկչությանն աջակցող պետության», այս միտքն արտահայտել է Ալի Գուսեյնլին` Ադրբեջանի խորհրդարանի իրավական հարցերի և պետական բարեփոխումների հանձնաժողովի նախագահը:

Իշխող կուսակցության պաշտոնյաները արդարացնում են բռնությունները երկրի ներսում, քանի որ հայտարարում են, որ Ադրբեջանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված Արևմտյան աջակցությունը նեոիմպերիալիստական թակարդ է, որի նպատակն է կազմաքանդել զարգացող երկրների պետականությունները, ինչի հետևանքով պետք է պաշտպանվել «Արևմուտքի լրտեսներից»: Պետական հսկողության տակ գտնվող մեդիա դաշտը, խորհրդարանի անդամները և կառավարության պաշտոնյաները Արևմտյան ուժերին դիտարկում են տարածաշրջանում անկայունության իրական պատճառ, որոնց քայլերի հետևանքով ի հայտ են եկել Արաբական գարունը, գունավոր հեղափոխությունները, ուկրաինական ճգնաժամը և Իսլամական պետությունը:

 Կառավարամետ մեդիան բարձր հեղինակություն վայելող IREX կազմակերպությանը, որն աջակցում է լրատվամիջոցների զարգացմանը և փոխադարձ շփումներին, մեղադրել է «Ադրբեջանի թշնամիների շահերը ներկայացնելու համար»: Այդ կառույցի նկատմամբ ճնշում է գործադրվել` ստիպելով լքել երկիրը: Պաշտոնյաները միջամտել են նաև Խաղաղության Կորպուսի գործունեությանը` նպատակ ունենալով դադարեցնել կազմակերպության ծրագրերը: Ճնշումներից չի խուսափել նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները նրան նույնպես քննադատել են: Ըստ անկախ ակտիվիստների, այժմ Ադրբեջանում կա ավելի քան 90 քաղբանտարկյալ:

Այս դեպքերը բռնությունների ավելի լայն արշավի մի մասն են, իշխանությունը դրանք նախաձեռնել է նոր օրենքի շրջանակում, որով խեղդում է քաղաքացիական հասարակությունը, անկախ հետաքննությունը և որի միջոցով սառեցնում է ինչպես միջազգային, այնպես էլ տեղական հկ-ների բանկային հաշիվները: Երիտասարդական կազմակերպությունների առաջնորդները բանտարկվել են, ժողովրդավարամետ ակտիվիստների նկատմամբ տեղաշարժի արգելք է դրվել:

Կառավարական այս դաժան բռնությունները նոր թափ ստացան, երբ ժողովրդավարամետ երիտասարդ ակտիվիստների միավորման վտանգ զգացվեց: Տեղական լիբերալ նախաձեռնությունները, ինչպես Ազատ մտքի համալսարանը և երիտասարդական այլ միություններ, փակվեցին, քանի որ ժողովրդականություն էին վայելում: Այս նախաձեռնությունները դարձան ռեժիմի առաջնահերթ թիրախներ, իշխանությունն ավելացրեց բռնաճնշումը, քանի դեռ աշխարհի ուշադրությունը գտնվում էր ուկրաինական ճգնաժամի վրա:

Տեղական ժողովրդավարական շարժումների կազմաքանդումը խթանում է իշխանության միջամտության ավելացումը, քանի որ այդ գործողությունները կրոնական ծայրահեղական խմբերի համար` ի հայտ եկած վակուումը լցնելու ճանապարհ են բացում: Ադրբեջանի բռնապետ ղեկավարները, որոնց փխրուն լեգիտիմությունը ամրապնդվում է ազատ ձայները պառակտելով, ամենայն հավանականությամբ, հետաքրքրված են նրանում, որ իրենց այլընտրանքը լինեն իսլամական ծայրահեղական ընդդիմախոսները: Նման ընդդիմությունը թույլ կտա ռեժիմին ստեղծել անփոխարինելիության թվացյալ կերպար Արևմտյան կառավարությունների համար: Ամեն դեպքում, ժողովրդավարամետ ակտիվիստներին ներկայացնելով պառակտիչներ և դավաճաններ, որոնք ծառայում են Արևմտյան իմպերիալիստների շահերին` բռնապետական ռեժիմները, փաստացի, կրկնում են Իսլամական պետության և ծայրահեղական այլ խմբերի մտքերը` ամրապնդելով նրանց դիրքերը:

Կասկած չկա, որ Արևմուտքը, Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ պահպանելով, ելնում է իր շահերից: Այն մուսուլմանական աշխարհիկ երկիր է, որը գործակցում է էներգետիկ երթուղիները դիվերսիֆիկացնելու և անվտանգության ոլորտին առնչվող բազմաթիվ հարցերում: Բայց մի միջավայրում, որտեղ մարդու հիմնարար իրավունքները մերժվում են, հակաարևմտյան քարոզչություն է ծավալվում, և ժողովրդավարական ձայները լռեցվում են, տեղական ծայրահեղական խմբերը կարող են պարարտ հող գտնել արմատ գցելու համար: Այնպես որ Արևմուտքը անհանգստանալու պատճառ ունի:

Բաքվի ռեժիմը խաղաղ ակտիվիստներին և բարեփոխիչներին ճնշելը բացատրում է կայունության ամրապնդմամբ: Բայց նրանք ճիշտ հակառակ արդյունքն են ունենալու: Չեզոքացնելով հասարակության չափավոր ձայները` Ադրբեջանի առաջնորդները տեղ են բացում հակաարևմտյան մթնոլորտի համար: Սա կծառայի որպես բաժանարար գիծ ծայրահեղ իսլամիստների համար, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի և ամբողջ Արևմուտքի անվտանգությանը: Այս պատճառներից ելնելով` անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ը ընդգծեն, որ Արևմուտքի ամբողջական գործակցությունը Ադրբեջանի հետ կախված է ժողովրդավարությանը և մարդու իրավունքների չափանիշներին այդ երկրի հավատարմությունից:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment