Յորքի դուքսը ազերի դեսպոտ Ալիևի հետ հանդիպում է 12-րդ անգամ

Յորքի դուքսը ազերի դեսպոտ Ալիևի հետ հանդիպում է 12-րդ անգամ

Հոդվածի առանցքում

  • Յորքի արքայազնը Բաքու քառօրյա այցի ընթացքում մասնավոր հանդիպում կունենա նախագահ Իլհամ Ալիևի հետ:
  • Բուքինգհեմյան պալատը չի մեկնաբանել թագավորական ընտանիքի անդամի «մասնավոր այցը»:
  • Միայն պաշտոնական տեղեկություններով վերջին 10 տարում արքայազն Էնդրյուն ազերի նախագահի հետ հանդիպել է առնվազն 11 անգամ:
  • Դուքսը ժամանակին հեռացվել է Թագավորության Առևտրային ներկայացուցչի պաշտոնից` կասկածելի կապերի համար:

Ուշադրությանն արժանի

Արքայազն Էնդրյուն մեկնում է Ադրբեջանի միլիարդատեր առաջնորդի հետ դեմ առ դեմ բանակցելու: Independent-ը բարձրաձայնում է նոր մտահոգության մասին բռնապետական ռեժիմի հետ թագավորական ընտանիքի անդամի գործակցելու պատրաստակամության առիթով: Յորքի արքայազնը Բաքու քառօրյա այցի ընթացքում  մասնավոր հանդիպում կունենա նախագահ Իլհամ Ալիևի հետ` չնայած նավթով և գազով հարուստ Խորհրդային նախկին երկրում մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ բռնությանը և միջազգային աճող քննադատությանը:

Պարզ չէ, թե ի՞նչ նպատակով է արքայազնը այցելում Ադրբեջան, նա լքել էր Մեծ Բրիտանիայի առևտրային ներկայացուցչի իր պաշտոնը 2011-ին` Ալիևի և խնդրահարույց այլ առաջնորդների հետ իր ընկերական կապերի համար արժանացած քննադատության պատճառով:

Բուքինգհեմյան պալատը չի մեկնաբանել թագավորական ընտանիքի անդամի «մասնավոր այցը»: Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի անդամների մասնավոր այցերի ծախսերը հարկատուները չեն վճարում, բայց անհայտ է, թե ո՞վ է հոգացել Էնդրյուի այցի ծախսը: Թագուհու երկրորդ որդին նախկինում ստացել է «Օդային մղոնների Էնդի» մականունը շքեղ ճամփորդությունների հանդեպ իր հակումների համար:

Այցելության մասին տեղեկությունները քննադատության առիթ են դարձել, քանի որ այդ երկրի ռեժիմը բռնություններ է կիրառում ընդդիմախոսների նկատմամբ: Ալիևը ժառանգել է նախագահությունը իր հորից` Հեյդար Ալիևից, 2003 թվականին: Նրա ռեժիմը մեղադրվել է քաղաքական այլախոհների նկատմամբ կտտանքների և կեղծված ընտրությունների համար:

Միայն պաշտոնական տեղեկություններով վերջին 10 տարում արքայազն Էնդրյուն ազերի նախագահի հետ հանդիպել է առնվազն 11 անգամ` այդ թվում մասնավոր 7 այցելություն Ադրբեջան, 4 հանդիպում շվեյցարական Դավոսի տարեկան ֆորումներին, բացի այդ, ևս մեկ պաշտոնական ճաշ Բուքինգհեմյան պալատում:

Էնդրյուն նաև բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանների հետ: Նախկին վարչապետ Թոնի Բլեերը նույնպես քննադատվել է Ադրբեջանից Իտալիայի հարավ ձգվող խնդրահարույց գազատարի հարցում խորհրդատու աշխատելու համար:

Պլատֆորմ ընկերության աշխատակից Էմմա Հյուզը, որը պայքարում է էներգետիկ արդյունաբերության ոլորտում սոցիալական և շրջակա միջավայրի պաշտպանության համար, նշել է.

«Ամոթ է, որ արքայազն Էնդրյուն և Թոնի Բլեերը այդքան ընկերական են Ադրբեջանի բռնապետի հետ: Այնտեղ կան հարյուրավոր խիզախ մարդիկ, որոնք պայքարում են ժողովրդավարության համար, բայց մեր ներկայացուցիչները ավելի մտահոգված են խավիարային և գազային գործարքներով»:

Նա մատնանշել է ներկա իրավիճակը, երբ բանտարկված են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստներ Լեյլա և Արիֆ Յունուսները, Ռասուլ Ջաֆարովը և Ինթիգամ Ալիևը, որոնց ազատազրկումը բոլորը որակել են քաղաքական հետապնդում:

Միայն այս շաբաթ Amnesty International-ը անդրադարձել է Յունուսին ներկայացնող երկու հիմնական փաստաբանների դեպքին, որոնց հեռացրել են այդ գործից, երրորդի նկատմամբ էլ քրեական հետապնդում են սկսել` մեղադրելով զրպարտության համար: Սա «ամենայն հավանականությամբ նրան (Յունուսին) ներկայացնելու պատճառով է»:

ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների անցած տարվա զեկույցը Ադրբեջանի մասին նշում էր, որ այնտեղ «սաստկացել են ազատ արտահայտվելու, հավաքների սահմանափակումները, համացանցում և իրական կյանքում աճել են ահաբեկելու դեպքերը, նաև ձերբակալությունները և ուժի կիրառումը լրագրողների ու մարդու իրավունքների և ժողովրդավարություն պահանջող ակտիվիստների նկատմամբ»:

Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի և համագործակցության նախարարությունը հարցեր է հղել Բուքինգհեմյան պալատ:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment