Ադրբեջանում ժողովրդավարության պաշտպաններն ու հկ-ները հետապնդումների են ենթարկվում

Ադրբեջանում ժողովրդավարության պաշտպաններն ու հկ-ները հետապնդումների են ենթարկվում

Հոդվածի առանցքում

  • Ադրբեջանի ղեկավարությունը անում է ամեն ինչ՝ գրեթե անհնար դարձնելով երկրում հկ-ների գործունեությունը:
  • 17 տարի Ադրբեջանում ակտիվ գործունեություն ծավալելուց հետո IREX–ի ապագան անորոշ է:
  • IREX-ի գրասենյակը սեպտեմբերին հարձակման է ենթարկվել, բոլոր համակարգիչներն ու փաստաթղթերը առգրավվել են, բանկային հաշիվները` սառեցվել:
  • Ադրբեջանի Մեջլիսը հավանություն է տվել արտասահմանյան ՀԿ-ների գործունեությունը դժվարացնող նախագծին:
  • Արտասահմանյան ՀԿ-ների գործունեությունը Ադրբեջանում կբարդանա:

Ուշադրությանն արժանի

Ադրբեջանի հանրապետությունը նավթային պաշարներով հարուստ նախկին խորհրդային հանրապետություն է, որն ընկած է Ռուսաստանի և Իրանի միջև՝ երկրագնդի կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող տարածքում: Մարդու իրավունքների պաշտպանները զգուշացնում են, որ ամռան ընթացքում կատարված ձերբակալումների և հայտնի ակտիվիստներին և անկախ լրագրողներին ծեծի ենթարկելու արդյունքում երկրում իրավիճակը գնալով վատանում է: Վերջերս ձերբակալվածներից մի քանիսը ազատ են արձակվել, սակայն շատերը շարունակում են մնալ բանտերում, որոնց թվին է պատկանում նաև դոկտոր Լեյլա Յունուսը, որն առաջադրվել է որպես 2015 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու:

Ադրբեջանի ղեկավարությունը անում է ամեն ինչ՝ գրեթե անհնար դարձնելով երկրում հասարակական կազմակերպությունների գործունեությունը,- Բաքվից հաղորդում է Էմ Ջի դել Վալյեն:

Ռուսական գազից իր կախվածությունը նվազեցնել ցանկացող Եվրոպան ուշադրությունը ուղղում է դեպի Ադրբեջան: Սակայն այս հանրապետությունը հակաժողովրդավարական երկրի ճանաչում ունի: Ընտրությունների դիտորդները նշում են, որ այս երկրում 1991 թ. անկախության ձեռքբերումից ի վեր ոչ մի թափանցիկ ընտրություն չի անցկացվել: Ելնելով դրանից՝ մի շարք հասարակական կազմակերպություններ (այսուհետ՝ ՀԿ) և վերլուծական կենտրոններ, որոնց մեծամասնությունը ֆինանսավորվում է արտասահմանյան կազմակերպությունների կողմից, փորձում են երկրում ժողովրդավարական արժեքներ տարածել: Սակայն վերջերս կառավարությունը փոփոխություններ է մտցրել մի օրենքի մեջ, որը վերաբերվում է նաև ՀԿ-ների՝ արտասահմանից ֆինասավորմանը, այստեղ բարդացվել է բյուրոկրատական ընթացակարգը, և շատ ՀԿ-ներ սկսել են չհամապատասխանել սահմանված չափանիշներին: Երկրում գործող ՀԿ-ները անակնկալի եկան, երբ նրանց նկատմամբ սկսեցին հետաքննություններ վարվել, իսկ մարդու իրավունքների պաշտպանները սկսեցին խոսել նոր իրավախախտումների մասին:

«Կառավարության շատ ներկայացուցիչներ չեն հասկանում քաղաքացիական հասարակության դերն ու նշանակությունը: Նրանում, թե ինչպիսի վերաբերմունք է ցուցաբերվում մեր երկրի նկատմամբ, մեծ դեր ունեն մեր պետական պաշտոնյաները, որոնց կողմից երբեմն ՀԿ-ները դիտարկվում են որպես հեղափոխական վտանգ ներկայացնող ընդդիմադիր գործոն: Երբեմն նրանք մեր երկրի իրադրությունը համեմատում են Ուկրաինայի կամ Մերձավոր Արևելքի հետ»,- նշում է «Դեմոկրատական ուսմունքի հասարակական միավորում» ՀԿ-ի նախագահ Միրելի Հուսեյնովը: Նա նշում է, որ ամեն վայրկյան սպասում է, որ իրեն էլ կձերբակալեն, ինչպես ժողովրդավարության տասնյակ այլ ակտիվիստների:

Վերջին մի քանի ամսվա ընթացքում մարդու իրավունքներով և ժողովրդավարական հարցերով զբաղվող կազմակերպությունները դարձել են քաղաքացիական հասարակության կայացման դեմ մղված պայքարի թիրախ, դրանց թվում է նաև ԱՄՆ-ի հիմնած IREX կազմակերպությունը: IREX-ի ծրագրերով ԱՄՆ-ում կրթություն ստացած Ուլվիյա Ասազադեի կարծիքով՝ «IREX-ը մեծ գործ է կատարել նախ և առաջ Ադրբեջանի կրթական համակարգի զարգացման գործում»: IREX–ի Կրթական ծրագրերի վարչությունը ասպիրանտների և բակալավրի աստիճան ունեցող հարյուրավոր ուսանողների է ուղարկել ԱՄՆ-ում ուսանելու, որպեսզի վերջիններս վերադառնան և իրենց նպաստը բերեն երկրի զարգացման գործում: Մինչև վերջին իրադարձությունները Ասազադեն IREX-ի զանգվածային լրատվության մասնագետ էր հանդիսանում: «Մենք կրթել ենք հարյուրավոր քաղաքացիական լրագրողների, մենք օժանդակել ենք… սովորեցրել ենք նրանց մուլտիմեդիա, ֆիլմերի պատրաստում, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում, մենք համացանցով ապահովել ենք հեռավոր գյուղերը, որտեղ մարդիկ համացանցին միանալու ոչ մի հնարավորություն չունեին»: 17 տարի Ադրբեջանում ակտիվ գործունեություն ծավալելուց հետո այսօր IREX–ի ապագան անորոշ է: Կազմակերպության գրասենյակը սեպտեմբերին հարձակման է ենթարկվել, բոլոր համակարգիչներն ու փաստաթղթերը առգրավվել են, իսկ կազմակերպության բանկային հաշիվները սառեցվել են դեռևս հուլիսին: Կազմակերպության աշխատակիցները նշում են, որ հետաքննվում են դատախա­զության կողմից, սակայն նույնիսկ չգիտեն, թե ինչում են մեղարդրվում: Ադրբեջանական պաշտոնյանները IREX-ի դեպքը առանձին չեն մեկնաբանում, սակայն նշում են, որ բազմաթիվ կազմակերպություններ գործել են օրենքի խախտումներով: Մինչև դատարանի վճռի կայացումը կազմակերպությունը չի կարող ստանալ ԱՄՆ-ից ստացված միջոցները՝ գրասենյակի վարձակալման վճարը տալու և իրենց աշխատանքները շարունակելու համար:

Չնայած այն հանգամանքին, որ այժմ Ադրբեջանն է ստանձնել Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը, մի շարք այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Human Rights Watch»-ը, «Amnesty International»-ը և «Freedom House»-ը, սուր քննադատության են ենթարկել երկրում մարդու իրավունքների վիճակը: Եվ այս քաղաքական իրավիճակը զարգացել է՝ չնայած կրթության և ԶԼՄ-ների զարգացմանն ուղղված՝ IREX-ի իրականացրած բազմաթիվ ծրագրերի:

Ասազադեն նշում է, որ «լրագրողական էթիկա» հասկացությունը նորություն է երկրում, «այնպիսի մասնագիտական արժեքներ, որոնք զարգացվում են արևմտյան լրագրության մեջ, ինչպիսիք են օբյեկտիվությունը, հավաստիությունը, մի խոսքով բոլոր մասնագիտական արժեքները: Գիտեք, որ Ադրբեջանը 70 տարի եղել է Խորհրդային Միության կազմում, որտեղ ԶԼՄ-ները օգտագործվում էին ոչ թե որպես մասնագիտական տեղեկատվության ստացման աղբյուր, այլ գաղափարախոսության քարոզման գործիք»:

Այս գործում IREX-ը միայնակ չէ: Վերջին ամիսների ընթացքում սառեցվել են նաև «Transparency International», «Oxfam» և «National Democratic Institute» կազմակերպությունների բանկային հաշիվները: Նույնը կատարվել է նաև Հարվարդի նախկին գիտաշխատող Լեյլա Ալիևայի հետ: Նրա վերլուծական կենտրոնը՝ «Ազգային և միջազգային հետազոտությունների կենտրոնը», զբաղվում էր այնպիսի գործունեությամբ, ինչպիսիք են ժողովրդավարության տարածումն ու եվրոպական ինտեգրացումը: «Մենք դադարեցրել ենք մեր գործունեությունը, իրավաբանական տեսանկյունից չենք կարող գործել, ուստի հարկադրված ենք փակել մեր հիմնարկությունը, քանի որ նաև չենք կարողանում վճարել վարձակալման գումարն ու ուսումնասիրողների հանդիպումներ անցկացնել, հրատարակել մեր գրքերը»,-ասում է Ալիևան՝ ավելացնելով, որ դրանից տուժում է ողջ աշխատակազմը: «Մարդիկ գործազուրկ կդառնան, վերջին անգամ ես աշխատավարձ ստացել եմ հունիսին, այժմ գոյության միջոցներ չունեմ»,-ավելացնում է նա:

ՀԿ-ների իրավական գործունեության հիմքերի մեջ խորացած անկախ խորհրդատու և ՀԿ-ների վրա վերջին օրենսդրական փոփոխությունների ազդեցության ուսումնասիրմամբ զբաղվող Պառլամենտական դիտորդների հանձնաժողովի անդամ Մոհամմեդ Գուլուզադեի համաձայն շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի: Վերջինս նշում է, որ նախագահը կառավարությանը հանձնարարել է ՀԿ-ների գործունեության նոր կանոններ մշակել: «Խնդիրը կայանում է նրանում, որ ՀԿ-ները չէին գրանցում իրենց ստացած դրամաշնորհները,-շարունակում է նա,- երբ կառավարությանը պարզ դարձավ, որ մեծանում է դրամաշնորհների վերաբերյալ կանխամտածված կերպով տեղեկություններ չհաղորդելու դեպքերի թիվը, Վարչական իրավախախտումների օրենսգրքում նոր կետ ավելացվեց, որով արգելվում է չհայտարարագրված դրամաշնորհներով գործունեություն իրականացնելը»:

Նոյեմբերի 1–ը հանդիսանում էր դրամաշնորհների գրանցման գործընթացը պարզեցնող իրավական փաստաթղթում նոր իրավական փոփոխությունների կատարման վերջնաժամկետը: Այդ օրն անցել է, և դեռ անորոշ է, թե երբ են լինելու այդ փոփոխությունները: Այս նույն ժամանակ Ադրբեջանի Մեջլիսը հավանություն է տվել արտասահմանյան ՀԿ-ների գործունեությունը դժվարացնող նախագծին: Ակնկալվում է, որ նախագահ Ալիևը կստորագրի այս օրենքը: Իսկ երբ դա տեղի ունենա, արտասահմանյան ՀԿ-ների գործունեությունը Ադրբեջանում կբարդանա:

Հոդվածի բնօրինակն` այստեղ: 

Write a comment