Ադրբեջանի մարդու իրավունքներն անունդի եզրին են: Մեծ Բրիտանիան չպետք է հեռանա

Ադրբեջանի մարդու իրավունքներն անունդի եզրին են: Մեծ Բրիտանիան չպետք է հեռանա

Հոդվածի առանցքում

  • ՄԻԵԴ-ը կոչ է արել Բաքվին անհապաղ ազատ արձակել Իլգար Մամեդովին:
  • Ադրբեջանի գործող օրենսդրությունը խեղդում է ՀԿ-ների գործունեությունը:
  • ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը լուրջ մտահոգություն է հայտնել լրագրողների հետապնդումների և ձերբակալությունների վերաբերյալ:
  • Մեծ Բրիտանիան քննարկում է ՄԻԵԴ որոշումները դարձնել ոչ թե պարտադիր, այլ խորհրդատվական:
  • Այս քայլը կարող է թուլացնել ՄԻԵԴ-ը, որից կօգտվեն ԵԽ անդամ ոչ ժողովրդավար երկրները:

Ուշադրությանն արժանի

Նոյեմբերին Ադրբեջանն ավարտում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վեցամսյա նախագահությունն ու այն հանձնում Բելգիային: Ինչպես 2012 թ-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացված Եվրատեսիլ երգի մրցույթը, այնպես էլ նախագահությունը ՀԿ-ներին և ակտիվիստներին հնարավորություն տվեցին բարձրաձայնել երկրում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների մասին: Շատ քիչ է բարձրաձայնվում, թե ինչպես է Եվրոպայի խորհուրդը դիմակայում այդ խախտումներին:

Ավելի վաղ` այս ամիս, Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը, որը Եվրոպայի խորհրդի մաս է կազմում, հաստատեց իր որոշումը, որ հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ և մեկնաբան Իլգար Մամեդովի ձերբակալության ու կալանման մասին Ադրբեջանի իշխանության որոշումը  խախտում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:

Դատարանը քննադատեց վճիռը և եզրակացրեց` Մամեդովի կալանքի իրական նպատակն էր լռեցնել նրան կամ պատժել իշխանություններին քննադատելու և գաղտնի տեղեկատվությունը հրապարակելու համար:

Գործը դատարանի Մեծ պալատին փոխանցելու վերաբերյալ իշխանությունների հարցը մերժվել է:. Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետությունները, որոնք, ըստ կոնվենցիայի պարտավորվել են կատարել դատարանի որոշումները, կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին առանց հապաղման ազատ արձակել Մամեդովին: Այս շրջադարձային վճիռն ընդգծում է Ադրբեջանի դատական​​ ոլորտում առկա խորը համակարգային խնդիրները:

Մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանում իրավապաշտպանների մի քանի այլ դատավարություններին: Ես կոչ եմ արել Բաքվում Եվրոպայի խորհրդի անդամ խոշոր պետությունների դեսպանատներին հետևել ընթացիկ դատավարություններին: Մեծ Բրիտանիան արդեն դրական է արձագանքել:

Մի քանի ադրբեջանական և միջազգային հասարակական կազմակերպություններ, որոնց ներկայացուցիչների հետ պարբերաբար հանդիպում եմ, բողոքում են, որ գործող օրենսդրությունը խեղդում է իրենց գործունեությունը: Ես հանձնարարել եմ Եվրոպայի խորհրդի միջազգային սահմանադրական փորձագետների խմբին՝ Վենետիկի հանձնաժողովին, մանրամասն ուսումնասիրել ՀԿ-ի հետ կապված Ադրբեջանի օրենքները և դրանց համատեղելիությունը Կոնվենցիային: Հանձնաժողովի իրավաբանական եզրակացություններն ընդունում են ամբողջ աշխարհում, և անդամ պետությունները չեն կարող անտեսել նրանց խորհուրդները.

Մենք բազմիցս զգուշացրել ենք Ադրբեջանին երկրում մարդու իրավունքների վատ վիճակի մասին: Ավելի վաղ` այս տարի, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը հրապարակել է զեկույց Ադրբեջանում հավաքների և արտահայտվելու ազատության մասին ու իր լուրջ մտահոգությունն է հայտնել լրագրողների հետապնդումների և ձերբակալությունների մասին: Վերջերս Մույժնիեկսն այցելել է բանտում գտնվող հայտնի ակտիվիստներին, այդ թվում` Անար Մամեդլիին և Լեյլա Յունուսին ու կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել մարդու իրավունքների պաշտպանների դեմ ռեպռեսիաները:

Ինչևէ, աղոտ հույս կա: Երեք շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում շնորհեց 80 բանտարկյալների, այդ թվում` մարդու իրավունքների չորս պաշտպանի: Այդ քայլը ողջունել են ԱՄՆ-ն և ԵՄ-ն: Հետևելով անցյալ օգոստոսին Ալիևի հետ հանդիպմանը ձեռք բերված պայմանագրին՝ Մարդու իրավունքների հարցերով համատեղ աշխատանքային խումբը, որը կազմված է մարդու իրավունքների պաշտպաններից, խորհրդարանականներից, նախագահի վարչակազմի պաշտոնյաներից և Եվրոպայի խորհրդի փորձագետից, վերջերս հանդիպել է Բաքվում՝ առաջին անգամ 2008 թ-ից հետո: Խումբը պետք է աջակցի քաղաքացիական հասարակության և Ադրբեջանի իշխանությունների միջև բանակցություններին, որոնք, հուսով եմ, որ կհանգեցնեն ակտիվիստների ազատ արձակմանը:

Բացի այդ, Եվրոպայի խորհրդն ու Ադրբեջանը համաձայնության են եկել գործողությունների ծրագրի շուրջ: Դրանք պարունակում են ծրագրեր, որոնք պետք է նպաստեն խոսքի ազատությանն ու դատական ​​համակարգի անկախությանը:

Մեր անդամ երկրների և ԵՄ 28 պետությունների շնորհիվ Ադրբեջանը ԵԽ ընդունվեց 2001 թ, ինչպես նաև 6 ամսով նախագահեց կազմակերպությունների Նախարարների կոմիտեն: Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, որն անցյալ շաբաթ Բաքվում էր, հիշեցրել են Ադրբեջանին օգտագործել հնարավորությունը և ցույց տալ, որ պատրաստ է փոխել իրադրությունը:

Հրաժարվել մեր ջանքերից կնշանակի հրաժարվել երկրի պայքարող քաղաքացիական հասարակությունից: Վտարելով Ադրբեջանին` կնշանակի 9,4 միլիոն քաղաքացիների զրկել վերջին միջոցից, որը հնարավորություն կտա մուտք գործել Եվրոպայի օրենքի գերակայություն և անհատապես դիմել Եվրոպական Մարդու Իրավունքների Դատարան:

Ադրբեջանի դեպքը կարևոր է նաև մեկ այլ առումով: Երբ կայացած ժողովրդավարական պետությունների քաղաքական գործիչները, ինչպիսին Մեծ Բրիտանիան է, խիստ ներքին պատճառներով սպառնում են լքել ՄԻԵԴ-ը, դա էապես բացասական հետևանքներ կունենա եվրոպական երիտասարդ ժողովրդավարություններում հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքին. Պահպանողական կուսակցությունն առաջարկել է Ստրասբուրգի դատարանի պարտադիր որոշումները փոխել խորհրդատվականի: Եթե ընդունվի, ապա սա կողջունեն այն ռեժիմները, որոնք այնքան հավատարիմ չեն մարդու իրավունքներին, որքան Մեծ Բրիտանիան:

Եվրոպան արդեն ականատես է լինում փոքրամասնությունների իրավունքների, խոսքի ազատության և դատական ​​համակարգի անկախության լուրջ խախտումներին` նշված է մարդու իրավունքների, ժողովրդավարության վիճակի և օրենքի գերակայության վերաբերյալ խորհրդի 2014 թ. Միացյալ զեկույցում:

Շտապ գործողություն է պահանջվում այդ վտանգավոր զարգացումը կանխելու համար և առաջինը պետք է պարտավորեցնել անդամ պետություններին իրականացնելու մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Ի շահ խաղաղության և կայունության, Եվրոպայի առաջնորդները պետք է աջակցեն իրավունքի գերակայությանը եվրոպական մակարդակով, ոչ թե այն դատապարտեն:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment