Ադրբեջանում hիջաբ տարածվում է, բայց հիջաբով կանայք չեն կարողանում աշխատանք գտնել

Ադրբեջանում hիջաբ տարածվում է, բայց հիջաբով կանայք չեն կարողանում աշխատանք գտնել

Հոդվածի առանցքում

  • Ադրբեջանցիների 97 տոկոսը մուսուլման է, բայց կրոնական ավանդույթներին մշտապես հետևողների թիվը շատ ավելի փոքր է,  երկիրն էլ հպարտանում է իր աշխարհիկ ավանդույթներով: Սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո կրոնական զանգվածն աճել է: Թեև հստակ վիճակագրություն չկա, ադրբեջանցիների շրջանում թեժ քննարկման թեմա է դարձել հիջաբ կրող կանանց թվի զգալի աճը:

Ուշադրությանն արժանի

 

Սևդա Կամիլովան ավարտել է համալսարանը և ունի լեզվաբանի մասնագիտություն: Ակնկալում է, որ անգլերենի իմացությունն իրեն հնարավորություն կտա լավ աշխատանք գտնել Ադրբեջանի հյուրանոցային ոլորտում: Նա հարցազրույցի է գնացել մի քանի միջազգային ընկերություններ, սակայն ամեն անգամ նրան հարցրել են, թե արդյոք պատրաստ է աշխատանքի ժամանակ հանել իր գլխաշորը: Նա հրաժարվել է և աշխատանքի չի հրավիրվել:

«Այդ ընկերությունները չեն ցանկանում աշխատանքի ընդունել հիջաբով կնոջ», – ասում է նա: Այժմ աշխատում է իր ընտանիքին պատկանող ընկերությունում և շարունակում է կրել իսլամական գլխաշորը: «Իմ հավատը շատ կարևոր է ինձ համար, և ես չեմ ուզում հրաժարվել դրանից հանուն աշխատանքի», – ասում է Կամիլովան:

Ադրբեջանցիների 97 տոկոսը մուսուլման է, բայց կրոնական ավանդույթներին մշտապես հետևողների թիվը շատ ավելի փոքր է,  երկիրն էլ հպարտանում է իր աշխարհիկ ավանդույթներով: Սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո կրոնական զանգվածն աճել է: Թեև հստակ վիճակագրություն չկա, ադրբեջանցիների շրջանում թեժ քննարկման թեմա է դարձել հիջաբ կրող կանանց թվի զգալի աճը:

«Հիմա մարդիկ կարող են ազատորեն հետևել իրենց կրոնին և նրանք, ովքեր ցանկանում են ծածկել իրենց գլուխը, հնարավորություն ունեն դա անել», – ասում է Սումգայիթում իսլամական հագուստի խանութի սեփականատեր Սադագաթը: Բայց նա ասում է, որ պահպանվում է սոցիալական ճնշումը, կապված հիջաբը ծայրահեղության հետ կապող ընդհանուր ընկալման հետ: «Որոշ կանայք վերջում  հանում են հիջաբը՝ ազատվելու համար հասարակության լրացուցիչ ուշադրությունից», – ասում է նա:

Բաքվում իսլամական հագուստի մեկ այլ ընկերության սեփականատեր հայտարարել է, որ հիջաբ կրող շատ կանայք եկել են իր խանութ՝  աշխատանք խնդրելով, քանի որ նրանք այլ տեղերում խտրականության են ենթարկվել: «Նրանք չեն կարողանում աշխատանք գտնել, այնպես որ նրանք աշխատանքի համար դիմում են այն խանութներ, որտեղ վաճառում են հիջաբներ», – ասում է նա:

Ադրբեջանի սահմանադրությունը ապահովում է կրոնի կիրարկման ազատությունը, թեև բազմաթիվ նախազգուշացումներով: «Կրոնական ծեսերը կարող են ազատորեն իրականացվել, եթե չեն խանգարում հասարակական կարգին և չեն հակասում հասարակական բարքերի», – նշված է հոդված 48-ում:

Օրենքն աշխատավայրում հիջաբ կրելու հարցը չի կարգավորում, բայց կա ոչ պաշտոնապես արգելք՝ պետական պաշտոնյաների համար, ասում է Ընտանիքի, կանանց ևերեխաների հարցերով պետական կոմիտեի ավագ խորհրդատու Աննա Վեյսելովան: «Ադրբեջանը աշխարհիկ երկիր է, և մեր Սահմանադրությունը հիմնված է աշխարհիկ արժեքների վրա: Օրինակ, Թուրքիայում կան օրենքներ, որ հիջաբ կրող կանայք նույնիսկ կարող են աշխատել պետական հաստատություններում, սակայն մենք այստեղ նման օրենք չունենք», – հավելել է նա:

Աղջիկներին ոչ պաշտոնապես, բայց արգելված է դպրոցներում հիջաբ կրել: 2011-ին կրոնական ակտիվիստները մի շարք բողոքներ էին կազմակերպել՝ պահանջելով, որ կառավարությունը արգելքը վերացնի, բայց ամեն ինչ մնացել է անփոփոխ:

Միաժամանակ, ադրբեջանական հասարակության մեծ մասն աշխարհիկ է և վերապահումներով է մոտենում հիջաբին: Մտավախություններն ավելացել են վերջին տարիներին Իրանից և արաբական երկրներից ժամանող զբոսաշրջիկների թվի աճով:

«Բաքուն միակ մուսուլմանական քաղաքն է աշխարհում, որտեղ կինը կարող է հանել իր հիջաբը: Յուրաքանչյուր ոք պետք է հասկանա այս կարևոր հանգամանքը: Ինձ համար դա մեր երկրի առանցքային խորհրդանիշներից մեկն է: Մենք չպետք է դա փոխենք», – ասում է ադրբեջանցի բանաստեղծ Ռասիմ Գարաջանը:

Միաժամանակ, որոշ հավատացյալներ բողոքում են խտրական վերաբերմունքից: Վերջերս լրատվամիջոցներն են սկսել լուսաբանել հարցը:

Սաիդան Բաքվում գտնվող մթերային խանութում աշխատող երիտասարդ կին է և նրան թույլատրվում է աշխատել հիջաբով: Բայց նա պատմեց իր ընկերուհուպատմությունը, որը ստիպված էր իր հիջաբը հանել, որպեսզի վաճառողուհու աշխատանք ստանա: Իրեն էլ երբեմն որոշ հաճախորդներ տարօրինակ են նայում, «որոշ հաճախորդներ չգիտեն, թե ինչպես վարվել նրա հետ, հատկապես երբ ալկոհոլ են գնում»:

«Կանանց իրավունքների պաշտպանության ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Նովելա Ջաֆարովան ասում է, որ հիջաբ կրող կանայք ունեն նույն իրավունքները, ինչ մյուսները: Աշխատավայրում խտրականության մասին հարցին պատասխանել է, որ «մենք նման խնդրի մաիսն որևէ հաղորդում չեն ստացել»:

Ընտանիքի հարցերով պետական կոմիտեի ներկայացուցիչ Վեյսելովան նաև ասել է, որ երբեք չեն ստացել գանգատ խտրականության մասին: Լեզվաբան Կամիլովան ասում է, որ ոչ մի տեղ չի բողոքել, քանի որ չի հավատում, թե փոփոխություն կլինի: «Հիջաբ կրող կանայք հասարակության մեջ փոքրամասնություն են, ուստի ոչ ոք մեզ չի լսելու», – ասում է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment