Հայաստանի հեղափոխական ռեֆորմիստների կառավարությունը կանգնած է ճգնաժամի առջև

Հայաստանի հեղափոխական ռեֆորմիստների կառավարությունը կանգնած է ճգնաժամի առջև

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանքները և նրա ձերբակալությունը կանխատեսելիորեն մեծացրեցին քաղաքական լարվածությունը ՝ խթանելով Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանի գործող իշխանությունների դեմ քարոզչությունը: Ավելին, Վերաքննիչ դատարանը  Քոչարյանի նախկին մերձավորներից մեկի նախագահությամբ կայացրեց որոշում բավարարելու Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը նրան ազատ արձակելու մասին` հիմք ընդունելով նրա անձեռնմխելիությունը պաշտոնավարման ընթացքում կատարված գործողությունների համար: Վճռաբեկ դատարանն այժմ պետք է վերանայի գործը երեք ամսվա ընթացքում: Քոչարյանը հայտարարել է իր հավակնությունների մասին՝ այժմ ընդդիմադիր նախկին ուժերին առաջնորդելու ընդդեմ Փաշինյանի վարչակազմի: Արդյունքում, ՀՅԴ-ն էլ հայտարարել էր, որ Քոչարյանի հետ հետագա համագործակցությունը հավանական է: ՀՅԴ-ն հանդիսանում էր 1998-2008 և 2008-2018 թթ. համապատասխանաբար Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ռեժիմների հիմնասյուններից մեկը, ինչպես նաև միացել էր Փաշինյանի փոքրամասնության կառավարությանը 2018-ի մայիսին:

Սեպտեմբերի 11-ին YouTube-ում է հայտնվել Հատուկ քննչական ծառայության և Ազգային անվտանգության ծառայության ղեկավարների հեռախոսազրույցը: Օգոստոսի կեսերին ձայնագրված հեռախոսազրույցում երկու իրավապահ մարմինների աշխատակիցները նախքան ձերբակալությունները քննարկում էին նախկին նախագահ Քոչարյանի, ինչպես նաև 2008 թ. Պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի, ով այժմ Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է, ձերբակալելու մանրամասները: Գործի հեռանկարների, Ռուսաստանի հնարավոր արձագանքի և այլ հարցերի վերաբերյալ քննարկումները համապատասխանաբար մեկնաբանվել են որպես ապացույցներ, որ Քոչարյանի և Խաչատուրովի դեմ գործերն ունեն քաղաքական դրդապատճառներ: Հատկանշական է, որ YouTube-ի տեսանյութի անգլերեն սուբտիտրերում բոլոր անունները գրվել են այնպես, կարծես թարգմանությունն արվել է ոչ թե Հայաստանում, այլ Ռուսաստանում: Թվում է, որ հեռախոսազանգի ապօրինի ձայնագրությունը միանգամից չի հրապարակվել՝ այն ավելի հարմար քաղաքական պահին օգտագործելու համար: Սեպտեմբերի 13-ին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, ով ներկայացնում էր նախկինում իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), պնդում էր, որ պաշտոնատար անձանց դեմ գործերը ունեն քաղաքական դրդապատճառներ: Նա դիմել է խնդրանքով՝ նշանակելու դիտորդական առաքելություն` մեղադրվողների իրավունքների և այլ հիմնախնդիրների վերաբերյալ խախտումները Հայաստանում հետաքննելու համար: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարություններում էլ ընդգծում էր, որ վերջիններս շարունակում են մնալ Սերժ Սարգսյանի դաշնակիցներ, ինչպես նաև այն, որ ՀՀԿ-ն կողմնակից է Քոչարյանի առաջնորդությանը իշխանության դեմ պայքարում: Սարգսյանը, որը շարունակում է խուսափել հրապարակային հայտարարություններից, կարող է մնալ ստվերում այս պահին:

Չնայած Քոչարյանի, ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և նրանց կողմնակիցների վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների ակտիվ քարոզչությանը, Փաշինյանի ժողովրդականությունը շարունակում է մնալ բարձր: Սեպտեմբերի 23-ին «Իմ Քայլը» դաշինքը, որին աջակցում էր Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հաղթել է Երևանի ավագանու ընտրություններում՝ ստանալով 65 տեղից 57-ը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը կապված է Քոչարյանի հետ, ստացել է ընդամենը 5 տեղ, իսկ «Լույս» դաշինքը, որը բաղկացած է նախորդ խորհրդարանական ընտրություններին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ դաշինք կազմող երկու կուսակցություններից, ստացել է 3 մանդատ: Ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ ոչ մի լուրջ խախտումներ չեն գրանցվել: ՀՀԿ-ն չէր մասնակցել ընտրություններին:

Երևանի ավագանու ընտրություններից հետո Փաշինյանը վերահաստատեց հնարավորինս արագ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իր մտադրությունը: Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերին: Նույն օրը ՀՀԿ, Բարգավաճ Հայաստան և ՀՅԴ խմբակցությունները փոփոխություններ են կատարել խորհրդարանի ընթացակարգային կանոններում `արտահերթ ընտրություններից խուսափելու նպատակով: Փաշինյանի արտահերթ ընտրությունների ծրագիրը կարծես թե հենվում էր սահմանադրական այն դրույթի վրա, ըստ որի՝ խորհրդարանը կարող է լուծարվել, եթե վարչապետը հրաժարական տա և խորհրդարանը չառաջադրի նոր վարչապետ երկու նիստերի ընթացքում: Քանի որ Փաշինյանը շարունակում է հիմնվել ժողովրդական աջակցության վրա, ապա զանգվածային ցույցերը կարող են կանխել խորհրդարանականների մուտքը դահլիճ և քվորումի ապահովումը: Սակայն, նոր ընդունված փոփոխության համաձայն, քվորում հասնելու անկարողության դեպքում խորհրդարանական նիստը չեղյալ չի համարվում, այլ համարվում է ակտիվ և շարունակական, ուստի խորհրդարանը չի կարող լուծարվել: Այժմ նախագահն ունի 21 օր փոփոխությունները ստորագրելու կամ Սահմանադրական դատարան ուղարկելու համար:

Ընդունված փոփոխություններն է՛լ ավելի սրեցին Հայաստանի քաղաքական իրավիճակը: Հազարավոր Փաշինյանի կողմնակիցներ Երևանում և այլ քաղաքներում դուրս եկան փողոցներ `պահանջելով արտահերթ ընտրություններ: Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին արդեն ակնհայտ էր, որ Բարգավաճ Հայաստանն ու ՀՅԴ-ն դեմ են լինելու Փաշինյանի ուղեգծին հետագայում: Իրենց վարքագծի արդյունքում հոկտեմբերի 2-ին Փաշինյանը պաշտոնանկ արեց նրանց նախարարներին: ՀՀԿ-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ նախընտրում են ընտրությունները տեղի ունենան 2019 թվականի մայիսին: Երկու օր անց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ակնարկեց, որ եթե դա է ցանկանում ժողովուրդը ինքը պատրաստ է հետ կանգնել և աջակցել դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացման մոտեցումը: Հոկտեմբերի 8-ին Ծառուկյանը հանդիպել է Փաշինյանի հետ և ստորագրել հուշագիր`արտահայտելով իր կուսակցության աջակցությունը դեկտեմբերյան արտահերթ ընտրությունների վերաբերյալ: Իր հերթին, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ՀՀԿ ներկայացուցիչների հետ, և նրանցից 18-ը իրենց աջակցություն են հայտնել ավելի վաղ ընտրությունների անցկացմանը: Հոկտեմբերի 10-ին Փաշինյանը «France24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը մի քանի օրից հրաժարական կտա, որպեսզի արտահերթ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերի 9-10-ը: «Լույս» դաշինքը և արտախորհրդարանական կուսակցությունները նույնպես աջակցում են ավելի վաղ ընտրությունների անցկացմանը:

Քանի որ վերջին ԱԺ կանոնակարգի փոփոխությունները դեռևս ուժի մեջ չեն, Փաշինյանի հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացումը, հավանաբար, միտված են ներկայիս ժողովրդական աջակցության ներուժի առավելագույն օգտագործմանը `տնտեսական և սոցիալական բարեփոխումներ իրականացնելու համար: Հաջորդ շաբաթները կարող են որոշել Հայաստանի ապագա քաղաքական ուղին, որն այժմ կախված է ներկա ճգնաժամը կարգավորելու ունակությունից, ինչպես նաև թավշյա հեղափոխության որդեգրած ուղեգիծը պահպանելուց:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment